Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-5462-31.03.2023-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» 2005 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-204-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 15-րդ հոդվածը լրացնել նոր 8.1.-րդ, 8.2.-րդ, 8.3.-րդ եւ 8.4.-րդ մասերով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«8.1.Կարգադրագրի՝ դրանով սահմանված ժամկետում չկատարման դեպքում այն ստուգվող սուբյեկտի կողմից, որի սնանկ ճանաչվելու մասին վճիռն օրինական ուժի մեջ է մտել կամ սկսվել է լուծարման գործընթաց եւ միաժամանակ տրված կարգադրագրի չկատարման արդյունքում առկա է քաղաքացիների կյանքին, առողջությանը, սպառնացող անմիջական վտանգ, ինչպես նաեւ բնական կամ տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակի առաջացման վտանգ՝ Տեսչական մարմինը՝ կարգադրագրի չկատարման փաստը արձանագրելու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում դիմում է լիազոր մարմին՝ վերջինիս ներկայացնելով առաջարկություն Տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողական գործողությունների արդյունքում արձանագրված եւ կարգադրագրով սահմանված ժամկետում չվերացված խախտումները վերացնելու վերաբերյալ:

8.2. Լիազոր մարմինը սույն հոդվածի 8.1.-րդ մասով սահմանված առաջարկությունը ստանալու պահից՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում Տեսչական մարմնին ներկայացնում է տեղեկություն՝ Տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողական գործողությունների արդյունքում արձանագրված եւ կարգադրագրով սահմանված ժամկետում չվերացված խախտումները իր կողմից վերացնելու նպատակով համապատասխան գործողությունների, դրանց կատարման համար անհրաժեշտ ժամկետների, ինչպես նաեւ դրանց կատարման նախնական ծախսերի հաշվարկի վերաբերյալ:

8.3. Լիազոր մարմինը սույն հոդվածի 8.2.-րդ մասով սահմանված՝ գործողությունների կատարման ավարտից հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում Տեսչական մարմնին ներկայացնում է տեղեկություն՝ կատարված գործողությունների արդյունքների վերաբերյալ, իսկ ստուգվող սուբյեկտին ներկայացնում է արձանագրված խախտումների վերացման արդյունքում կատարված ֆինանսական ծախսերի փոխհատուցման պահանջ:

8.4. Սույն հոդվածի 8.3.-րդ մասով նախատեսված՝ փոխհատուցման պահանջը ստուգվող սուբյեկտի կողմից մեկամսյա ժամկետում չկատարվելու դեպքում գանձումն իրականացվում է դատական կարգով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1.Առկա իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կանոնադրությունը հաստատելու մասին» N 730-Լ որոշմամբ եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի «Վերահսկողություն իրականացնող լիազոր մարմիններ ճանաչելու մասին» N 1071-Ա որոշման 6-րդ կետով իրականացված փոփոխություններով Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմինը (այսուհետ՝ Տեսչական մարմին) սահմանվել է որպես Հայաստանի Հանրապետութունում հրդեհային եւ տեխնիկական անվտանգության բնագավառներում վերահսկողություն իրականացնող պետական լիազոր մարմին: Տեսչական մարմնի կողմից, օրենքով սահմանված գործառույթներով պայմանավորված, վերահսկողություն է իրականացվում այնպիսի անձանց նկատմամբ, որոնք առնչություն ունեն հրդեհային եւ տեխնիկական անվտանգության ոլորտում ընդունված իրավական ակտերի պահանջների պահպանման հետ: Տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողության արդյունքներով ներկայումս սահմանված իրավակարգավորումների շրջանակներում հնարավորություն է ընձեռնված ընդունելու կարգադրագրեր եւ որոշումներ՝ որոնցով պետք է արգելվեն հրդեհային կամ տեխնիկական անվտանգության բնագավառում իրավական ակտերի պահանջների խախտումներով գործունեություն իրականացնող անձանց գործողությունները, սակայն ոլորտները կարգավորող իրավական ակտերով սահմանված չեն նշված օրենքների հիման վրա ընդունվող վարչական ակտերի կատարումն ապահովելու ընթացակարգեր այն պարագայում, երբ ստուգվող սուբյեկտի՝ սնանկ ճանաչվելու մասին վճիռն օրինական ուժի մեջ է մտել կամ սկսվել է լուծարման գործընթաց: Նշված պարագայում, ըստ էության, համաձայն գործող կարգավորման անհրաժեշտ է ստանալ դատարանի որոշում, իսկ նշված պարագայում նույնիսկ՝ ստուգման արդյունքում հայտնաբերված խախտումների վերացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների բացակայությունը դարձնում է վերահսկողության իրականացումը ոչ արդյունավետ: Արդյունքում, օրենսդրությամբ սահմանված չեն գործուն մեխանիզմներ հայտնաբերված խախտումների պարագայում տնտեսավարողներին հարկադրելու դրանց վերացման մասով գործողություններ կատարելու, ինչպես նաեւ մինչեւ այդ գործողությունների կատարումը ոչ իրավաչափ գործողությունները դադարեցնելու համար:

Ներկայումս համաձայն «Սնանկության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի՝ պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից պարտապանի մոտ ստուգում կամ ուսումնասիրություն կարող է իրականացվել միայն դատարանի որոշմամբ, իսկ պարտապանի լուծարման գործընթացը սկսվելուց հետո ստուգում կամ ուսումնասիրություն իրականացնելն արգելվում է: Վերոգրյալ դրույթները տարածվում է նաեւ տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսակետից վտանգավոր/խոցելի գործունեությամբ զբաղվող օրինակ, պայթյունավտանգ (սելիտրա եւ այլն) արտադրանքներ արտադրող կամ իրացնող ընկերությունների վրա: Վերոնշյալ դրույթը խոչընդոտում է տնտեսվարողների մոտ տեխնիկական եւ հրդեհային անվտանգության ապահովման ոլորտում վերահսկողություն իրականացնելուն, ինչը կարող է բացասական հետեւանքներ ունենալ նաեւ հանրային առողջության եւ անվտանգության տեսանկյունից:

Ելնելով վերոգրյալից՝ ներկայացվող օրենքների նախագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է առկա իրավական բացը լրացնելու եւ մարդկանց անվտանգությանը սպառնացող խախտումների պարագայում վերահսկողության գործուն իրավական մեխանիզմներ ներդնելու անհրաժեշտությամբ:

2.Առաջարկվող կարգավորման բնույթը

Օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է՝

1) լրացում կատարել «Սնանկության մասին» օրենքի 19-րդ հոդվածում, ինչը հնարավորություն կընձեռի սնանկության գործընթացում գտնվող կազմակերպություններում, պատշաճ կերպով իրականացնել տեխնիկական եւ հրդեհային անվտանգության, ինչպես նաեւ բնապահպանության ոլորտներում վերահսկողություն, ինչպես նաեւ ամրագրել, որ մորատորիումը չի տարածվում «Հրդեհային անվտանգության մասին» եւ «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքներով սահմանված՝ արձանագրված խախտումների վերացման արդյունքում լիազոր մարմնի կողմից կատարված ֆինանսական ծախսերի փոխհատուցման պահանջի վրա:

2) սահմանել, որ Տեսչական մարմնի տված կարգադրագրերի, եզրակացությունների եւ կայացվող որոշումների՝ դրանցով սահմանված ժամկետում չկատարման դեպքում այն ստուգվող սուբյեկտի կողմից, որի սնանկ ճանաչվելու մասին վճիռն օրինական ուժի մեջ է մտել կամ սկսվել է լուծարման գործընթաց եւ այն պարագայում, երբ դրա արդյունքում առկա է քաղաքացիների կյանքին, առողջությանը սպառնացող անմիջական վտանգ, ինչպես նաեւ բնական կամ տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակի առաջացման վտանգ՝ Տեսչական մարմինը՝ կարգադրագրերի, եզրակացությունների եւ կայացվող որոշումների՝ չկատարման փաստը արձանագրելու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում դիմում է լիազորված մարմին՝ վերջինիս ներկայացնելով առաջարկություն Տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողական գործողությունների արդյունքում արձանագրված եւ սահմանված ժամկետում չվերացված խախտումները վերացնելու վերաբերյալ:

3) ամրագրել, որ Լիազորված մարմինը սահմանված առաջարկությունը ստանալու պահից՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում Տեսչական մարմնին ներկայացնում է տեղեկություն՝ Տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողական գործողությունների արդյունքում արձանագրված եւ սահմանված ժամկետում չվերացված խախտումները իր կողմից վերացնելու հնարավորության կամ անհնարինության վերաբերյալ՝ խախտումները իր կողմից վերացնելու հնարավորության պարագայում ներկայացնելով համապատասխան գործողությունների, դրանց կատարման համար անհրաժեշտ ժամկետների, ինչպես նաեւ դրանց կատարման նախնական ծախսերի հաշվարկի, իսկ անհնարինության պարագայում՝ անհնարինությունը հիմնավորող փաստերի վերաբերյալ:

4) սահմանել, որ Լիազորված մարմինը սահմանված՝ գործողությունների կատարման ավարտից հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում Տեսչական մարմնին ներկայացնում է տեղեկություն՝ կատարված գործողությունների արդյունքների վերաբերյալ, իսկ ստուգվող սուբյեկտին ներկայացնում է արձանագրված խախտումների վերացման արդյունքում կատարված ֆինանսական ծախսերի փոխհատուցման պահանջ:

5) ամրագրել, որ փոխհատուցման պահանջը ստուգվող սուբյեկտի կողմից մեկամսյա ժամկետում չկատարվելու դեպքում գանձումն իրականացվում է դատական կարգով:

Ընդ որում, հարկ է նշել, որ վերոգրյալ կարգավորումները վերաբերելու են միայն այն դեպքերին, երբ ստուգվող սուբյեկտի՝ սնանկ ճանաչվելու մասին վճիռն օրինական ուժի մեջ է մտել կամ սկսվել է վերջինիս լուծարման գործընթաց եւ առկա են րա արդյունքում քաղաքացիների կյանքին, առողջությանը սպառնացող անմիջական վտանգ, ինչպես նաեւ բնական կամ տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակի առաջացման վտանգ:

3.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Նախագիծը մշակվել է Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի կողմից:

4.Ակնկալվող արդյունքը

Օրենքների նախագծերի փաթեթի ընդունմամբ ակնկալվում է լրացնել առկա իրավական բացերը ու թերությունները եւ Տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողական գործառույթները դարձնել առավել արդյունավետ՝ բացահայտված ու չվերացված իրավախախտումներից խուսափելու եւ դրանով իսկ մարդկանց անվտանգության՝ կյանքի եւ առողջությանը սպառնացող վտանգները բացառելու նպատակով:

5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ.

Օրենքների նախագծերի փաթեթը չի բխում «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050» ռազմավարական փաստաթղթից, Կառավարության 2021-2026 թթ. ծրագրից, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններից:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հրդեհային անվտանգության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն