Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-740-14.11.2005-ՊԻ,ԳԿ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ I
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Oրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքը կարգավորում է՝

1) գրականության, գիտության, արվեստի բնագավառների ստեղծագործությունների հեղինակների իրավունքներն իրենց ստեղծագործությունների նկատմամբ (հեղինակային իրավունք).

2) կատարողների իրավունքներն իրենց կատարումների, հնչյունագրեր արտադրողների իրավունքներն իրենց պատրաստած հնչյունագրերի, ֆիլմ արտադրողների իրավունքներն իրենց ամրագրած ֆիլմերի, հեռարձակող կազմակերպությունների իրավունքներն իրենց հաղորդումների, հրատարակիչների իրավունքներն իրենց հրատարակությունների տպագրական ձեւավորումների,տվյալների բազաներ պատրաստողների իրավունքներն իրենց պատրաստած տվյալների բազաների նկատմամբ (հարակից իրավունքներ).

3) գույքային իրավունքների կոլեկտիվ հիմունքներով կառավարումը.

Հոդված 2. Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների հետ կապված հարաբերությունների կարգավորումը

1. Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով եւ իրավական ակտերով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով։

2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

ԳԼՈՒԽ II

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

Հոդված 3. Հեղինակային իրավունքի օբյեկտները

1. Հեղինակային իրավունքի օբյեկտ է համարվում գրականության, գիտության եւ արվեստի բնագավառներում հեղինակի ինքնուրույն կամ այլ հեղինակների հետ իրականացրած ստեղծագործական աշխատանքի յուրօրինակ արդյունքը (այսուհետ` ստեղծագործություն), որն արտահայտված է բանավոր, գրավոր կամ այլ օբյեկտիվ ձեւով, ներառյալ մշտապես կամ ժամանակավոր պահպանվող էլեկտրոնային ձեւը, անկախ ստեղծագործության ծավալից, նշանակությունից, արժանիքներից ու ստեղծման նպատակից:

2. Նյութական կրիչի վրա չամրագրված բանավոր ստեղծագործությունը համարվում է օբյեկտիվ ձեւ ունեցող, եթե այն մատչելի է դարձել հանրությանը հրապարակային կատարման կամ այլ ձեւով։

3. Հեղինակային իրավունքը տարածվում է ինչպես հրապարակված, այնպես էլ չհրապարակված ստեղծագործությունների վրա:

4. Հեղինակային իրավունքի օբյեկտներ են՝

1) գրական, գիտական ստեղծագործությունները, ինչպես նաեւ համակարգչային ծրագրերը.

2) գեղանկարչության, քանդակագործության, գրաֆիկային արվեստի եւ կերպարվեստի այլ ստեղծագործությունները.

3) դրամատիկական եւ երաժշտադրամատիկական ստեղծագործությունները, սցենարները, սցենարային պլանները, լիբրետոները, եւ բեմական ցուցադրման այլ ստեղծագործությունները.

4) պարարվեստի եւ մնջախաղի ստեղծագործությունները.

5) տեքստով կամ առանց տեքստի երաժշտական ստեղծագործությունները.

6) տեսալսողական ստեղծագործությունները.

7) դեկորատիվ-կիրառական արվեստի եւ բեմական գրաֆիկայի ստեղծագործությունները.

8) դիզայնի ստեղծագործությունները, տառատեսակները.

9) լուսանկարչական եւ նման եղանակով ստեղծված ստեղծագործությունները, որոնք համապատասխանում են սույն հոդվածի առաջին մասի դրույթներին.

10) քաղաքաշինական, ճարտարապետական, այգեպուրակային արվեստի ստեղծագործությունները եւ դրանց լուծումները ինչպես ամբողջությամբ, այնպես էլ առանձին մասերը.

11) աշխարհագրությանը, տոպոգրաֆիային, երկրաբանությանը, քաղաքաշինությանը, ճարտարպետությանը եւ այլ գիտություններին վերաբերող քարտեզները, նախագծերը, էսքիզները եւ պլաստիկ ստեղծագործությունները.

12) ածանցյալ ստեղծագործությունները, մասնավորապես՝

ա) այլ ստեղծագործությունների թարգմանությունները, ադապտացիաները,փոխադրումները, դաշնավորումներն ու վերադաշնավորումները, մշակումներն ուվերամշակումները, բեմականացումները, կինեմատոգրաֆիական վերափոխումները, որոնք համապատասխանում են սույն հոդվածի առաջին մասի դրույթներին.

բ) ստեղծագործությունների ժողովածուները (հանրագիտարանները, անթո-լոգիաները), տվյալների բազաները եւ այլ կազմածո ստեղծագործությունները, որոնք ըստ իրենց պարունակության ընտրության եւ (կամ) տեղաբաշխման ստեղծագործական աշխատանքի արդյունք են.

13) ստեղծագործության մասերը /անվանումը, կերպարները եւ այլն/, որոնք համապատասխանում են սույն հոդվածի առաջին մասի դրույթներին եւ կարող են օգտագործվել ինքնուրույն.

14) սույն հոդվածի առաջին մասի դրույթներին համապատասխանող այլ ստեղծագործություններ։

Հոդված 4. Հեղինակային իրավունքի օբյեկտ չհամարվող ստեղծագործությունները

1. Հեղինակային իրավունքի օբյեկտներ չեն՝

1) ժողովրդական բանահյուսության եւ արվեստի արտահայտումները.

2) օրվա նորությունների կամ ընթացիկ իրադարձությունների եւ փաստերի մասին տեղեկատվությունը.

3) պաշտոնական փաստաթղթերը՝ օրենքները, որոշումները, վճիռները, պայմանագրերը եւ դրանց պաշտոնական թարգմանությունները.

4) պաշտոնական խորհրդանիշերն ու նշանները (դրոշներ, զինանշաններ, շքանշաններ, դրամանիշներ եւ այլն).

5) քաղաքական ելույթները, դատավարության ընթացքում արտասանված ճառերը։

6) առանց մարդու ստեղծագործական գործունեության՝ տեխնիկական միջոցների օգնությամբ ստացված արդյունքները։

2. Հեղինակային իրավունքը չի տարածվում գիտական հայտնագործությունների, գաղափարների, սկզբունքների, մեթոդների, ընթացակարգերի, տեսակետների, համակարգերի, գիտական տեսությունների, մաթեմատիկական բանաձեւերի, վիճակագրական դիագրամների, խաղի կանոնների վրա:

Հոդված 5. Ստեղծագործության հրապարակումը եւ լույսընծայումը

1. Ստեղծագործությունը համարվում է հրապարակված, եթե այն հեղինակի կողմից կամ նրա համաձայնությամբ առաջին անգամ մատչելի է դարձել հանրությանը հրապարակային արտասանության, հրապարակային կատարման, հրապարակային ցուցադրման, հեռարձակման կամ հանրությանը մատչելի դարձնելու այլ միջոցներով:

2. Ստեղծագործությունը համարվում է լույս ընծայված, եթե հեղինակի համաձայնությամբ ցանկացած միջոցներով, այդ թվում նաեւ էլեկտրոնային համակարգերի միջոցով, արտադրված ստեղծագործության օրինակները շրջանառության մեջ են դրվել բավարար քանակով՝ հանրության ողջամիտ պահանջները բավարարելու համար։

3. Լույսընծայում չի համարվում դրամատիկական, երաժշտադրամատիկական, տեսալսողական կամ երաժշտական ստեղծագործության կատարումը, գրական ստեղծագործության ասմունքը, գրական կամ արվեստի ստեղծագործության հեռարձակումը, արվեստի ստեղծագործության ցուցադրումը եւ ճարտարապետական ստեղծագործություն հանդիսացող շինության կառուցումը։

Հոդված 6. Հեղինակը

Հեղինակ է ճանաչվում այն ֆիզիկական անձը, ով ստեղծել է ստեղծագործությունը:

Հոդված 7. Համահեղինակություն

1. Երկու կամ ավելի անձանց համատեղ ստեղծագործական աշխատանքով ստեղծված ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքը պատկանում է համահեղինակներին համատեղ՝ անկախ ստեղծագործության կառուցվածքից:

Համահեղինակությամբ ստեղծված ստեղծագործության առանձին մասը համարվում է ինքնուրույն նշանակություն ունեցող, եթե դա կարող է օգտագործվել ստեղծագործության մյուս մասերից անկախ:

Համահեղինակներից յուրաքանչյուրն իրավունք ունի ստեղծագործության իր ստեղծած ինքնուրույն նշանակություն ունեցող մասն օգտագործել իր հայեցողությամբ, եթե այլ բան նախատեսված չէ նրանց համաձայնությամբ:

2. Ստեղծագործությունն ամբողջությամբ օգտագործելու իրավունքը պատկանում է համահեղինակներին համատեղ: Համահեղինակների փոխհարաբերությունները սահմանվում են նրանց համաձայնությամբ: Համաձայնության բացակայության դեպքում ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքը պատկանում է բոլոր հեղինակներին համատեղ, իսկ ստացվող վարձատրությունը նրանց միջեւ բաշխվում է հավասար:

Համահեղինակությամբ ստեղծված եւ անբաժանելի ամբողջականություն համարվող ստեղծագործության համահեղինակներից ոչ մեկն իրավունք չունի առանց հիմնավորված պատճառաբանությունների արգելել մյուս համահեղինակներին ստեղծագործության օգտագործումը:

Հոդված 8. Հեղինակության կանխավարկածը

1. Հեղինակ է ճանաչվում այն անձը, ում անունը որպես հեղինակ, ընդունված ձեւով, նշված է ստեղծագործության վրա, կամ ում անունը որպես հեղինակ նշված է ստեղծագործությունը հրապարակելիս, կամ ում անունը որպես հեղինակ նշված է գույքային իրավունքները կոլեկտիվ հիմունքներով կառավարող համապատասխան կազմակերպությունում, ինչպես նաեւ նոտարի մոտ եւ օրենքով համապատասխան լիազորություն ունեցող այլ կազմակերպություններում ի պահ հանձնված ստեղծագործության օրինակի վրա, քանի դեռ հակառակն ապացուցված չէ։ Սույն դրույթը կիրառվում է նաեւ այն դեպքերում, երբ այդ անունը կեղծանուն է եւ կեղծանունով հանդես եկող հեղինակի անձը կասկած չի հարուցում:

2. Ստեղծագործությունը անանուն կամ կեղծանունով լույսընծայման դեպքումլույս ընծայող անձը, ում անունը կամ անվանումը նշված է ստեղծագործության վրա, համարվում է հեղինակի ներկայացուցիչ եւ իրավունք ունի իրականացնելու հեղինակի իրավունքները, քանի դեռ այլ բան ապացուցված չէ:

Սույն դրույթը գործում է այնքան ժամանակ, քանի դեռ այդպիսի ստեղծագործության հեղինակը չի բացահայտել իր անձը եւ չի հայտարարել իր հեղինակության մասին:

Հոդված 9. Հեղինակային իրավունքի ծագումը եւ դրա մասին ծանուցումը

1. Ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքը ծագում է ստեղծագործության ստեղծման փաստով: Ստեղծագործությունը համարվում է ստեղծված, եթե այն արտահայտված է ընկալելու հնարավորություն թույլատրող որեւէ օբյեկտիվ ձեւով եւ կախված չէ այդ իրավունքի պաշտոնական հաստատագրումից, ստեղծագործության գրանցումից եւ որեւէ այլ ձեւականության պահպանումից:

2 Հեղինակը կամ սույն օրենքով նախատեսված բացառիկ գույքային իրավունքները տիրապետող այլ անձը հեղինակային իրավունքի մասին ծանուցելու նպատակով կարող է օգտագործել հեղինակային իրավունքի պահպանության նշանը, որը զետեղվում է ստեղծագործության բնօրինակի կամ յուրաքանչյուր օրինակի վրա եւ կազմված է ՝

1) շրջանագծի մեջ վերցված լատինական «C» տառից.

2) հեղինակի կամ այլ իրավատիրոջ անունից կամ անվանումից.

3) ստեղծագործության առաջին լույսընծայման տարեթվից:

Հոդված 10. Հեղինակային իրավունքի եւ նյութական կրիչի նկատմամբ սեփականության իրավունքի հարաբերակցությունը

1. Ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքը գործում է անկախ այն նյութական օբյեկտի նկատմամբ սեփականության իրավունքից, որում արտահայտված է ստեղծագործությունը:

2. Հեղինակի կողմից ստեղծագործության օտարումը որպես նյութական օբյեկտ ինքնին չի նշանակում հեղինակային իրավունքի օտարում:

Հոդված 11. Հեղինակային իրավունքի բովանդակությունը

Հեղինակային իրավունքը հեղինակի բացառիկ անձնական ոչ գույքային եւ բացառիկ գույքային իրավունքներն են իր ստեղծագործության նկատմամբ։

Հոդված 12. Հեղինակի անձնական ոչ գույքային իրավունքները

1. Հեղինակի անձնական ոչ գույքային իրավունքները ապահովում են ստեղծագործության նկատմամբ նրա մտավոր եւ անձնական կապերը:

2. Հեղինակին են պատկանում ստեղծագործության նկատմամբ հետեւյալ անձնական ոչ գույքային իրավունքները`

1) ստեղծագործության հեղինակ ճանաչվելու իրավունքը (հեղինակության իրավունք).

2) ստեղծագործությունն իր անվամբ, կեղծանվամբ կամ անանուն օգտագործելու կամ օգտագործումը թույլատրելու իրավունքը (հեղինակի անվան իրավունք).

3) ստեղծագործությունը հնարավոր աղավաղումներից, փոփոխություններից կամ հեղինակի համբավին կամ արժանապատվությանը վնաս հասցնող այլ ոտնձգություններից պաշտպանելու իրավունքը (հեղինակի համբավի եւ արժանապատվության իրավունք).

4) ստեղծագործությունը ցանկացած ձեւով առաջին անգամ հրապարակելու իրավունքը (հրապարակման իրավունք).

5) ստեղծագործությունը լույս ընծայելու մասին նախկինում ընդունած որոշումից հրաժարվելու իրավունքը (հետկանչի իրավունք)՝ դրա հետեւանքով ստեղծագործությունն օգտագործելու իրավունք ունեցող անձանց պատճառած վնասները (ներառյալ բաց թողնված օգուտը) հատուցելու պայմանով։ Եթե ստեղծագործությունն արդեն իսկ լույս է ընծայվել, հեղինակը պարտավոր է հրապարակայնորեն ծանուցել դրա հետկանչի մասին: Ընդ որում, նա իրավունք ունի ստեղծագործության նախկինում պատրաստված օրինակները շրջանառությունից հանել` հոգալով անհրաժեշտ ծախսերը:

Սույն կետի դրույթները չեն տարածվում ծառայողական ստեղծագործությունների վրա, եթե հեղինակի եւ գործատուի միջեւ կնքված պայմանագրով այլ բան նախատեսված չէ:

3. Հեղինակը կարող է սույն հոդվածի երկրորդ մասի 2-րդ կետով նախատեսված իրավունքներից հրաժարվել ամբողջությամբ կամ մասնակիորեն` գրավոր հայտարարությամբ կամ պայմանագրով։

4. Անձնական ոչ գույքային իրավունքներն անօտարելի եւ անփոխանցելի են եւ պահպանվում են անժամկետ, բացառությամբ հեղինակի հրապարակման եւ հետկանչի իրավունքներից, որոնք գործում են միայն հեղինակի կյանքի ընթացքում։

Հոդված 13. Հեղինակի գույքային իրավունքները

Գույքային իրավունքները ապահովում են հեղինակի նյութական շահերը տալով հեղինակին բացառիկ իրավունք` թույլատրելու կամ արգելելու իր ստեղծագործության կամ դրա օրինակների օգտագործումը։

1. Հեղինակը բացառիկ իրավունք ունի օգտագործել իր ստեղծագործությունը ցանկացած ձեւով եւ եղանակով, ինչպես նաեւ թույլատրել կամ արգելել երրորդ անձանց դրա օգտագործումը, մասնավորապես`

1) ստեղծագործության ուղղակի կամ անուղղակի, ժամանակավոր կամ մշտական վերարտադրությունը ցանկացած միջոցներով եւ ձեւով, ամբողջությամբ կամ մասնակի (վերարտադրման իրավունք).

2) ստեղծագործության բնօրինակը կամ օրինակները հանրության շրջանում վաճառքի կամ սեփականության իրավունքի փոխանցման այլ եղանակով տարածումը, ներառյալ ներմուծումը (տարածման իրավունք).

3) ստեղծագործության բնօրինակը կամ օրինակները վարձույթով տալը (վարձույթով տալու իրավունք).

4) ստեղծագործության բնօրինակի կամ օրինակների փոխատվությունը (փոխատվության իրավունք).

5) ստեղծագործության թարգմանումը (թարգմանության իրավունք).

6) ստեղծագործության վերամշակումը, ադապտացումը եւ այլ ձեւերով վերափոխումը (վերամշակման իրավունք).

7) ստեղծագործության հաղորդումը հանրությանը (հանրությանը հաղորդման իրավունք).

8) ստեղծագործության հրապարակային կատարումը ( հրապարակային կատարման իրավունք).

9) ստեղծագործության հրապարակային ցուցադրումը (հրապարակային ցուցադրման իրավունք).

10) ստեղծագործության հեռարձակումը (հեռարձակման իրավունք).

11) ստեղծագործության հեռարձակման միաժամանակյա կամ հետագա վերահեռարձակումը (վերահեռարձակման իրավունք).

12) ստեղծագործության հաղորդումը մալուխով կամ համանման միջոցներով (մալուխով հաղորդման իրավունք)։

2. Հեղինակն իրավունք ունի նաեւ արգելելու ստեղծագործության՝ առանց իր թույլտվության պատրաստված օրինակների ներմուծումը:

3. Բացառությամբ սույն օրենքի 23-27 եւ 38-րդ հոդվածների հեղինակն իրավունք ունի ստեղծագործության օգտագործման յուրաքանչյուր ձեւի դիմաց ստանալ հեղինակային վարձատրություն, որից նա չի կարող հրաժարվել։

4. Հեղինակային վարձատրության չափը եւ վճարման կարգը սահմանվում են հեղինակային պայմանագրով, որը կնքվում է՝

1) հեղինակի եւ ստեղծագործությունն օգտագործողի միջեւ.

2) գույքային իրավունքները կոլեկտիվ հիմունքներով կառավարող կազմակերպության եւ ստեղծագործությունն օգտագործող անձանց միջեւ։

6. Ստեղծագործությունների հրապարակային կատարման, հեռարձակման, ձայնագրությունների միջոցով վերարտադրության, վարձույթով տալու, դեկորատիվ-կիրառական արվեստի ստեղծագործությունները արդյունաբերության մեջ վերարտադրելու համար հեղինակային վարձատրության նվազագույն դրույքաչափերը սահմանում է Հայաստանի Հանրապետության Կառավարությունը։

7. Ստեղծագործության բնօրինակը կամ օրինակները վարձույթով տալու կամ փոխատվության իրավունքը պատկանում է հեղինակին, անկախ այդ օրինակների նկատմամբ սեփականության իրավունքից։ Նշված իրավունքը չի տարածվում այն համակարգչային ծրագրերի վրա, որոնք ինքնին վարձույթի հիմնական օբյեկտ չեն կամ ընդգրկված են որեւէ մեքենայի կամ արտադրանքի մեջ եւ բնականոն օգտագործման ընթացքում չեն կարող վերարտադրվել կամ պատճենահանվել:

8. Օրինական ճանապարհով լույս ընծայված ստեղծագործության բնօրինակը կամ օրինակները վաճառքի կամ սեփականության իրավունքի այլ փոխանցման միջոցով քաղաքացիական շրջանառության մեջ դրվելու դեպքում դրանց հետագա տարածումը իրականացվում է առանց հեղինակի թույլտվության եւ հեղինակային վարձատրության, բացառությամբ սույն օրենքի 28-րդ հոդվածով նախատեսված դեպքերի։

Հոդված 14. Վերարտադրումը

Սույն օրենքի իմաստով վերարտադրում է համարվում ստեղծագործության ուղղակի կամ անուղղակի, ժամանակավոր կամ մշտական ամրագրումը ցանկացած կրիչների վրա, ցանկացած միջոցներով եւ ձեւով, ամբողջությամբ կամ մասնակի:

Հոդված 15. Տարածումը

Սույն օրենքի իմաստով տարածում է համարվում ստեղծագործության բնօրինակը կամ օրինակները շրջանառության մեջ դնելը վաճառքի կամ սեփականության իրավունքի փոխանցման այլ միջոցներով, ինչպես նաեւ դրանց ներմուծումը:

Հոդված 16. Վարձույթով տալը

Սույն օրենքի իմաստով վարձույթով տալ է համարվում ստեղծագործության բնօրինակի կամ օրինակների սահմանափակ ժամանակահատվածով օգտագործման տրամադրումը` ուղղակի կամ անուղղակի տնտեսական կամ առեւտրային օգուտ ստանալու նպատակով։

Հոդված 17. Փոխատվությունը

Սույն օրենքի իմաստով փոխատվություն է համարվում ստեղծագործության բնօրինակի կամ օրինակների սահմանափակ ժամանակահատվածով օգտագործման տրամադրումը հանրության ազատ այցելության հաստատությունների միջոցով՝ առանց ուղղակի կամ անուղղակի տնտեսական կամ առեւտրային օգուտ ստանալու:

Հոդված 18. Հրապարակային ցուցադրումը

Սույն օրենքի իմաստով հրապարակային ցուցադրում է համարվում ստեղծագործության ցուցադրումը անմիջականորեն կամ տեխնիկական սարքերի օգնությամբ այն վայրերում, որտեղ կարող են ներկա գտնվել մտերիմների սովորական շրջանակին չպատկանող անձինք, անկախ նրանց գտնվելու վայրից եւ ժամանակից։

Հոդված 19. Հաղորդումը հանրությանը

1. Սույն օրենքի իմաստով հաղորդումը հանրությանը ստեղծագործության մատչելի դարձնելն է հանրության անդամներին ոչ նյութականացված ձեւով, անմիջական կատարման միջոցով կամ դրա տեսաձայնագրության հաղորդման միջոցով՝ հաղորդալարով կամ առանց հաղորդալարի:

2. Հաղորդումը հանրությանը նաեւ ստեղծագործության մատչելի դարձնելն է հանրության անդամներին այնպիսի ձեւով, որ այն հասանելի լինի հանրության անդամներին նրանց կողմից անհատապես ընտրված ցանկացած վայրից եւ պահին, մասնավորապես համակարգչային կամ նմանատիպ ցանցերի միջոցով:

Հոդված 20. Հրապարակային կատարումը

Սույն օրենքի իմաստով հրապարակային կատարումը ստեղծագործության ոչ նյութական ձեւով մատուցումն է ասմունքի, խաղի, երգի, պարի կամ այլ միջոցներով, ինչպես անմիջական կատարման, այնպես էլ տեխնիկական սարքերի օգնությամբ այն վայրերում, որտեղ ներկա են կամ կարող են ներկա գտնվել անձինք, ովքեր չեն պատկանում ընտանիքի կամ մտերիմների սովորական շրջանակին, անկախ այն բանից` նրանք միաժամանակ ներկա են նույն տեղում, թե տարբեր ժամանակ` տարբեր տեղերում:

Հոդված 21 .Հեռարձակումը եւ վերահեռարձակումը

1. Սույն օրենքի իմաստով հեռարձակումը էլեկտրամագնիսական ալիքների միջոցով պատկերների եւ (կամ) հնչյունների կամ դրանց ազդանշանների տարածումն է հաղորդալարով (ներառյալ՝ մալուխային կապը) կամ առանց հաղորդալարի (ներառյալ՝ ռադիո, հեռուստատեսային կամ արբանյակային կապը)՝ այդ պատկերները կամ հնչյունները հասարակության անդամներին մատչելի դարձնելու նպատակով: Հեռարձակում է համարվում նաեւ կոդավորված ազդանշանների տարածումը, եթե դրանց ապակոդավորման միջոցները հասարակությանը տրամադրվել են հեռարձակող կազմակերպության կողմից կամ նրա համաձայնությամբ։

2. Վերահեռարձակում է համարվում հեռարձակող կազմակերպության հաղորդման միաժամանակյա կամ արդեն հեռարձակված եւ գրառված հաղորդման հետագա հեռարձակումը մեկ այլ հեռարձակող կազմակերպության կողմից։

3. Սույն հոդվածի առաջին մասի իմաստով, արբանյակային կապով հաղորդումը հեռարձակող կազմակերպության հսկողությամբ եւ պատասխանատվությամբ հանրության համար նախատեսված ծրագիր կրող ազդանշանների հաղորդումն է արբանյակ եւ հետ երկիր` հաղորդակցության չընդհատվող շղթայով:

Հոդված 22. Ստեղծագործության ազատ օգտագործումը

Թույլատրվում է ստեղծագործության ազատ օգտագործումը առանց հեղինակի թույլտվության եւ վարձատրության, սակայն հեղինակի անվան եւ ստեղծագործության սկզբնաղբյուրիպարտադիր նշումով, սույն օրենքի 23-27 եւ 38 հոդվածներով նախատեսված դեպքերում պայմանով, որ դրանք չեն հակասում ստեղծագործության բնականոն շահագործման պահանջներին եւ չեն վնասում ստեղծագործության նկատմամբ հեղինակի օրինական շահերը:

Հոդված 23. Հեղինակի իրավունքների սահմանափակումները

1. Առանց հեղինակի համաձայնության եւ առանց հեղինակային վարձատրության թույլատրվում է՝

1) գիտական, հետազոտական, բանավիճական, քննադատական եւ տեղեկատվության նպատակով օրինական ճանապարհով հրապարակված ստեղծագործության քաղվածքների մեջբերումը (ցիտումը) բնագրով կամ թարգմանաբար, այդ թվում նաեւ թերթերի եւ ամսագրերի հոդվածներից քաղվածքների վերարտադրումը մամուլի տեսության ձեւով՝ մեջբերման նպատակն արդարացնող ծավալով.

2) օրինական ճանապարհով հրապարակված գրական եւ արվեստի ստեղծագործությունների ու դրանցից քաղվածքների օգտագործումը լուսաբանման նպատակով՝ ուսուցողական բնույթի հրատարակություններում, հեռարձակող կազմակերպության հաղորդումներում, ձայնագրություններում եւ տեսագրություններում՝ ուսուցումը լուսաբանելու նպատակն արդարացնող ծավալով, իսկ տվյալների բազաների օգտագործման դեպքում՝ ուսուցումը լուսաբանելու համար՝ ոչ առեւտրային նպատակն արդարացնող ծավալով.

3) տնտեսական, քաղաքական, սոցիալական ու կրոնական ընթացիկ հարցերին վերաբերող եւ օրինական ճանապարհով մամուլում հրապարակված հոդվածների կամ նմանօրինակ հեռարձակված ստեղծագործությունների վերարտադրումը մամուլում եւ հեռարձակումը, եթե հեղինակը նման օգտագործումը նախապես չի արգելել.

4) հրապարակավ արտասանված ելույթների, զեկույցների, հայտարարությունների եւ նմանօրինակ այլ ստեղծագործությունների վերարտադրումը մամուլում ու հեռարձակումը՝ տեղեկատվության նպատակն արդարացնող ծավալով.

5) լուսանկարչության, կինոարվեստի, հեռարձակման միջոցներով ընթացիկ իրադարձությունների մասին հաղորդման նպատակով դրանց ընթացքում տեսած կամ լսած գրական եւ արվեստի ստեղծագործությունների վերարտադրումը եւ հրապարակային հաղորդումը՝ տեղեկատվության նպատակն արդարացնող ծավալով.

6) դատական եւ վարչական վարույթի նպատակների համար ստեղծագործության օգտագործումը նպատակն արդարացնող ծավալով, բացառությամբ համակարգչային ծրագրերի: Այդպիսի դեպքերում հեղինակի անվան եւ ստեղծագործության սկզբնաղբյուրի նշումը պարտադիր չէ:

7) օրինական ճանապարհով հրապարակված երաժշտական ստեղծագործության հրապարակային կատարումը՝

ա) պաշտոնական, կրոնական, ինչպես նաեւ ծիսական արարողությունների ժամանակ՝ արարողության բնույթն արդարացնող ծավալով.

բ) կրթական հաստատություններում կրթական գործունեություն իրականացնելիս ուսուցիչների եւ ուսանողների մասնակցությամբ, եթե ունկնդիրներն ուսուցիչներ եւ ուսանողներ են, ինչպես նաեւ կրթական հաստատության հետ անմիջական կապ ունեցող անձինք են (ծնողներ, խնամակալներ, հոգաբարձուներ, դաստիարակներ): Այդպիսի դեպքերում հեղինակի անվան եւ ստեղծագործության սկզբնաղբյուրի նշումը պարտադիր չէ.

8) oրինական ճանապարհով հրապարակված ստեղծագործության ուռուցիկ կետային տպատառերով կամ կույրերի համար նախատեսված այլ հատուկ եղանակներով վերարտադրումը առանց շահույթ ստանալու, բացառությամբ հատուկ այդպիսի եղանակով ստեղծված ստեղծագործությունների վերարտադրման.

9) հասարակության ազատ այցելության ցուցահանդեսներում, աճուրդներում, տոնավաճառներում կամ հավաքածուներում ցուցադրվող ստեղծագործությունների վերարտադրումը եւ տարածումը ցուցադրումը կազմակերպող անձի կողմից՝ այդ նպատակով հրատարակված կատալոգներում, նշելով յուրաքանչյուր ստեղծագործության անվանումն ու հեղինակի անունը, եթե դրանք նշված են օգտագործվող ստեղծագործության վրա,

10) հրապարակված ստեղծագործության վերափոխումը, եթե՝

ա) այն անձնական կամ այլ ներքին նպատակների համար վերափոխություն է եւ նախատեսված կամ մատչելի չէ հանրությանը.

բ) այն վերափոխվում է պարոդիայի /ծաղրագրություն/ կամ ծաղրանկարի պայմանով, որ շփոթություն չի առաջացնի ստեղծագործության բնագրի (սկզբնաղբյուրի) նկատմամբ:

2. Առանց հեղինակի համաձայնության եւ առանց հեղինակային վարձատրության թույլատրվում են ստեղծագործության վերարտադրման կարճատեւ կամ հազվադեպ՝ ժամանակավոր գործողությունները, որոնք ինքնուրույն տնտեսական նշանակություն չունեն, տեխնոլոգիական գործընթացի անքակտելի եւ էական մասն են հանդիսանում եւ որոնց նպատակն է՝

1) միջնորդի միջոցով երրորդ կողմերի միջեւ ցանցում ստեղծագործության տարածման հնարավորության ընձեռումը.

2) ստեղծագործության օրինական օգտագործման հնարավորության ընձեռումը:

Հոդված 24. Ստեղծագործության վերարտադրումը անձնական նպատակով

Առանց հեղինակի համաձայնության թույլատրվում է օրինական ճանապարհով հրապարակված ստեղծագործության վերարտադրումը բացառապես անձնական, ոչ առեւտրային նպատակներով օգտագործելու համար ։

Սույն դրույթը չի տարածվում շինությունների եւ համանման կառույցների տեսքով ճարտարապետական ստեղծագործությունների, մեքենայաընթեռնելի տվյալների բազաների, համակարգչային ծրագրերի վերարտադրման վրա։

Հոդված 25. Ստեղծագործության վերարտադրումն արտատպման միջոցով (ռեպրոգրաֆիական վերարտադրություն)

1. Արտատպման միջոցով վերարտադրում է համարվում գրավոր կամ այլ գրաֆիկային ստեղծագործության բնօրինակի կամ պատճենի մեկ կամ ավելի օրինակների ցանկացած չափի (մեծացված կամ փոքրացված) եւ ձեւի ճշգրիտ վերարտադրումը լուսապատճենահանման կամ տեխնիկական այլ միջոցներով, բացառությամբ տպագրական տպաձեւերի միջոցների կիրառման:

2.Արտատպման միջոցով վերարտադրումը չի ընդգրկում նշված պատճենի էլեկտրոնային (ներառյալ` թվային) , օպտիկական կամ այլ մեքենայաընթեռնելի տեսքով պահպանումը կամ վերարտադրումը:

3. Առանց հեղինակի համաձայնության եւ հեղինակային վարձատրության, սակայն հեղինակի անվան եւ սկզբնաղբյուրի պարտադիր նշումով ու առանց շահույթ ստանալու թույլատրվում է՝

1) օրինական ճանապարհով լույս ընծայված ստեղծագործության արտատպման միջոցով մեկ օրինակի վերարտադրումը գրադարանների եւ արխիվների, կրթական եւ մշակութային հաստատությւնների կողմից՝ կորած կամ վնասված օրինակների վերականգնման կամ փոխարինման նպատակով, ինչպես նաեւ այլ գրադարաններում ստեղծագործության օրինակի կորստյան դեպքում դրանց օրինակ տրամադրելու համար, եթե սովորական պայմաններում այդպիսի օրինակի ձեռքբերումն այլ ճանապարհով անհնարին է.

2) ժողովածուներում, թերթերում եւ այլ պարբերական հրատարակություններում օրինական ճանապարհով լույս ընծայված առանձին հոդվածների, փոքրածավալ ստեղծագործությունների եւ լույս ընծայված այլ գրավոր ստեղծագործությունների կարճ հատվածների արտատպման միջոցով մեկ օրինակի վերարտադրումը գրադարանների ու արխիվների կողմից՝ ուսումնական եւ գիտահետազոտական նպատակներով (ֆիզիկական անձանց պահանջով), ինչպես նաեւ կրթական հաստատությունների կողմից՝ լսարանային պարապմունքների համար, բացառությամբ համակարգչային ծրագրերի:

Հոդված 26. Այցելության համար բաց վայրերում տեղադրված ստեղծագործության օգտագործումը

Առանց հեղինակի համաձայնության եւ հեղինակային վարձատրության վճարման թույլատրվում է ոչ առեւտրային նպատակով վերարտադրել, հեռարձակել այցելության համար բաց վայրերում տեղադրված ճարտարապետական, լուսանկարչական կամ կերպարվեստի ստեղծագործությունը։

Հոդված 27. Կարճատեւ օգտագործման համար ձայնագրության կամ տեսագրության պատրաստումը եւ ազատ օգտագործումը հեռարձակող կազմակերպության կողմից

1. Հեռարձակող կազմակերպությունն իրավունք ունի առանց հեղինակի համաձայնության եւ լրացուցիչ վարձատրության կարճատեւ օգտագործման համար կատարել ձայնագրություն կամ տեսագրություն այն ստեղծագործությունից, որի համար ստացել է հեռարձակման իրավունք, եթե տվյալ հեռարձակող կազմակերպությունն այդ ձայնագրությունը կամ տեսագրությունը կատարում է իր տեխնիկական միջոցներով եւ իր հաղորդումների համար:

2. Հեռարձակող կազմակերպությունը պարտավոր է նման ձայնագրության կամ տեսագրության ստեղծումից 6 ամիս հետո ոչնչացնել դա, եթե կարճատեւ օգտագործման ձայնագրության կամ տեսագրության հետագա օգտագործումը համաձայնեցված չէ ստեղծագործության հեղինակի հետ:

3. Կարճատեւ օգտագործման ձայնագրությունը կամ տեսագրությունն առանց ստեղծագործության հեղինակի համաձայնության կարող է պահպանվել պաշտոնական արխիվներում, եթե դա բացառապես վավերագրական բնույթի է:

Հոդված 28. Կերպարվեստի ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքը

1. Կերպարվեստի ստեղծագործության հեղինակն իրավունք ունի ստեղծագործության բնօրինակի կամ օրինակի սեփականատիրոջից պահանջելու վերարտադրման կամ վերամշակման իր իրավունքն իրագործելու հնարավորություն ընձեռել իրեն, եթե դրանով չեն վնասվում սեփականատիրոջ օրինական շահերը: Ընդ որում, սեփականատերը պարտավոր չէ ստեղծագործությունը հասցնել հեղինակի գտնվելու վայրը: Նշված հնարավորությունն ընձեռելիս սեփականատերը կարող է հեղինակից պահանջել ստեղծագործության բնօրինակի կամ օրինակի շուկայական գնի չափով գրավի կամ այլ միջոցի ապահովում:

Նշված իրավունքից օգտվելու համար անհրաժեշտ ծախսերը հոգում է հեղինակը, որը պատասխանատվություն է կրում նաեւ ստեղծագործության բնօրինակին կամ օրինակին պատճառած որեւէ վնասի համար:

2. Հեղինակի կողմից կերպարվեստի ստեղծագործության նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումը (հատուցելի կամ անհատույց) այլ անձի համարվում է ստեղծագործության նկատմամբ սեփականության իրավունքի առաջին օտարում:

3. Կերպարվեստի ստեղծագործության հեղինակն օգտվում է իր կողմից օտարված կերպարվեստի ստեղծագործության բնօրինակը աճուրդի, պատկերասրահների, գեղարվեստական սրահների, խանութների եւ այլ միջոցներով կատարված յուրաքանչյուր հաջորդ վերավաճառքի գնի հինգ տոկոսը վաճառողից ստանալու անօտարելի իրավունքից (հետեւելու (վերավաճառքի) իրավունք), որը փոխանցվում է ժառանգաբար եւ գործում է մինչեւ հեղինակի գույքային իրավունքների գործողության ժամկետի ավարտը։

Վերավաճառքի իրավունքի կիրարկման համար վաճառքի նվազագույն գին սահմանվում է 100.000 դրամը:

4. Սույն օրենքի նպատակներով կերպարվեստի բնօրինակ ստեղծագործություններ են համարվում գրաֆիկային կամ պլաստիկ արվեստի ստեղծագործությունները, ինչպիսիք են՝ նկարները, գծանկարները, գեղանկարները, կոլաժները, փորագրությունները, նկարահյուս գորգերը, քանդակները, լիտոգրաֆիական, կերամիկական, լուսանկարչական, ոսկերչական արվեստի ստեղծագործությունները, պայմանով որ դրանք պատրաստված են հեղինակի կողմից։

Օրինակները, որոնք պատրաստված են հեղինակի կողմից կամ նրա թույլտվությամբ` սահմանափակ թվով, համարվում են կերպարվեստի բնօրինակ ստեղծագործություններ եւ համարակալված են, ստորագրված կամ թույլատրված հեղինակի կողմից:

5. Հեղինակին կամ նրա իրավահաջորդին հասանելիք գումարի գանձումն ու վճարումը կարող են իրականացնել հեղինակների գույքային իրավունքները կոլեկտիվ հիմունքներով կառավարող կազմակերպությունները:

6. Կերպարվեստի բնօրինակ ստեղծագործության սեփականատերը, աճուրդասրահը կամ այլ գործակալը վաճառքից հետո 30 օրվա ընթացքում համապատասխան կոլեկտիվ կառավարող կազմակերպությանը տեղեկություններ է ներկայացնում վաճառված բնօրինակների, վաճառքի գնի եւ գնորդի մասին ։

7. Սույն հոդվածի 3-րդ մասում նշված իրավունքից կարող են օգտվել օտարերկրյա պետությունների քաղաքացիները՝ փոխադարձության սկզբունքով։

Հոդված 29. ճարտարապետական ստեղծագործությունների նկատմամբ իրավունքների առանձնահատկությունները

1. Հեղինակային իրավունքի օբյեկտ հանդիսացող կամ այդպիսի օբյեկտ պարունակող շենքի կամ շինության սեփականատերն առանց հեղինակի թույլտվության կարող է օրենքով սահմանված կարգով փոփոխություն կատարել շենքի կամ շինության մեջ, վերակառուցել կամ քանդել դա, եթե տվյալ շենքի կամ շինության կառուցման կամ ձեռքբերման պայմանագրով (փաստաթղթերով) այլ բան նախատեսված չէ (բացառություն են կազմում որպես պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձան, պետության կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից սահմանված կարգով պահպանվող համալիրները, շենքերը, շինությունները, քանդակները, զարդաքանդակները, նախշերը եւ որմնանկարները)։

2. Ճարտարապետության, քաղաքաշինության, այգեպուրակային արվեստի ստեղծագործության հեղինակներն առաջնահերթ իրավունք ունեն մասնակցելու դրանց գործնական իրականացմանը, ինչպես նաեւ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված փոփոխությունների կատարմանը, եթե հեղինակային պայմանագրով այլ բան նախատեսված չէ։

Հոդված 30. Ժողովածու ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքը

1. Ժողովածու կամ այլ կազմածո ստեղծագործության կազմողին, տվյալների բազա ստեղծողին է պատկանում դրանց պարունակության ստեղծագործական աշխատանքի արդյունք հանդիսացող ընտրության ու տեղաբաշխման նկատմամբ հեղինակային իրավունքը։

2. Կազմողը օգտվում է հեղինակային իրավունքից, եթե պահպանել է ժողովածուում ընդգրկված յուրաքանչյուր ստեղծագործության հեղինակի իրավունքները։

3. Ժողովածուում ընդգրկված ստեղծագործությունների հեղինակները իրավասու են օգտագործել իրենց ստեղծագործությունները անկախ ժողովածու ստեղծագործությունից։

4. Կազմողի հեղինակային իրավունքը արգելք չի հանդիսանում այլ անձանց իրականացնելու նույն ստեղծագործությունների ընտրությունն ու տեղաբաշխումը իրենց ժողովածու ստեղծագործություններում, եթե պահպանված են սույն հոդվածի 2-րդ մասի պահանջները։

Հոդված 31. Թարգմանության կամ այլ ածանցյալ ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքը

1. Թարգմանությունները եւ այլ ածանցյալ ստեղծագործությունները ինքնուրույն ստեղծագործություններ են եւ պահպանվում են որպես բնօրինակներ:

2. Թարգմանիչներին կամ այլ ածանցյալ ստեղծագործությունների հեղինակներին է պատկանում իրենց կատարած թարգմանությունների, վերափոխումների, ադապտացիաների կամ այլ վերամշակումների նկատմամբ հեղինակային իրավունքը, անկախ թարգմանվող կամ վերամշակվող ստեղծագործության հեղինակային իրավունքի օբյեկտ համարվելու հանգամանքից։

3. Թարգմանիչը կամ այլ ածանցյալ ստեղծագործության հեղինակը օգտվում է հեղինակային իրավունքից պայմանով, որ պահպանված են թարգմանության կամ այլ վերափոխման ենթարկված ստեղծագործության նկատմամբ հեղինակի իրավունքները։

4. Թարգմանչի կամ այլ ածանցյալ ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքը արգելք չի հանդիսանում այլ անձանց իրականացնելու նույն ստեղծագործությունների իրենց թարգմանությունները կամ այլ վերափոխումները, եթե պահպանված են սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված պահանջները:

Հոդված 32. Կոլեկտիվ ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքը

1. Կոլեկտիվ ստեղծագործություն է համարվում որեւէ անձի (այսուհետ՝ կազմակերպող անձ) նախաձեռնությամբ եւ պատասխանատվությամբ երկու կամ ավելի ֆիզիկական անձանց ստեղծած ստեղծագործությունը։

2. Կոլեկտիվ ստեղծագործության ստեղծումը կազմակերպող անձինք, ովքեր լույս են ընծայում հանրագիտարաններ, հանրագիտարանային բառարաններ, գիտական աշխատությունների պարբերական եւ շարունակական ժողովածուներ, թերթեր, ամսագրեր եւ այլ պարբերական հրատարակություններ, բացառիկ իրավունք ունեն ամբողջությամբ օգտագործելու այդպիսի ստեղծագործությունը ։ Այդ անձինք իրավասու են նշել իրենց անունը (պարբերականի անվանումը) կամ պահանջել նման նշում՝ տվյալ կոլեկտիվ ստեղծագործության ցանկացած օգտագործման դեպքում:

3. Կոլեկտիվ ստեղծագործության մեջ ընդգրկված ստեղծագործությունների հեղինակները պահպանում են իրենց ստեղծագործություններն այլ ձեւով եւ եղանակով օգտագործելու բացառիկ իրավունքը, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ:

4. Կազմակերպող անձը ստեղծագործության հեղինակ չէ:

Հոդված 33. Հարցազրույցի նկատմամբ հեղինակային իրավունքը

1. Հարցազրույցի նկատմամբ հեղինակային իրավունքը պատկանում է հարցազրույց տվող եւ հարցազրույց անցկացնող անձանց՝ որպես համահեղինակների, եթե նրանց միջեւ չկա այլ պայմանավորվածություն:

2. Հարցազրույցի հրապարակումը թույլատրվում է հարցազրույց տվող եւ հարցազրույց անցկացնող անձանց գրավոր համաձայնությամբ:

Հոդված 34. Անձնական օգտագործման նպատակով ստեղծագործության վերարտադրման համար վարձատրության իրավունքը

1. Առանց հեղինակի, կատարողի, ձայնագրություն եւ ձայնատեսագրություն արտադրողի, հրատարակչի համաձայնության, սակայն նրանց վարձատրություն վճարելու պայմանով թույլատրվում է սարքերի օգնությամբ դատարկ կրիչների վրա վերարտադրել հրապարակված ստեղծագործություններն անձնական օգտագործման նպատակով:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված վարձատրության վճարողներ են հանդիսանում`

ա) ձայնագրության կամ ձայնատեսագրության ամրագրումների վերարտադրության համար նախատեսված տեխնիկական սարքավորումներ արտադրողը կամ ներմուծողը,

բ) տպագիր արտադրանքի վերարտադրության համար նախատեսված տեխնիկական սարքավորումներ արտադրողը կամ ներմուծողը,

գ) ձայնագրության կամ ձայնատեսագրության ամրագրումների վերարտադրության համար նախատեսված դատարկ կրիչներ արտադրողը կամ ներմուծողը,

դ) տեխնիկական սարքավորումներ տեղափոխողը կամ ուղարկողը սույն մասի «ա», «բ», «գ», կետերում նշված պատասխանատու անձանց փոխարեն, եթե տվյալ անձը չի տեղեկացրել կոլեկտիվ հիմունքներով կառավարող կազմակերպությանը արտադրող կամ ներմուծող անձի մասին անհրաժեշտ տեղեկությունները,

ե) տպագիր արտադրանքի վերարտադրության վճարովի ծառայություն մատուցողը։ Տպագիր արտադրանքի վերարտադրության վճարովի ծառայություն մատուցող Է համարվում նաեւ այն անձը, ով վճարի դիմաց տրամադրում է տպագիր արտադրանքի վերարտադրության համար նախատեսված սարքավորումներ։

3. Սույն հոդվածի 2-րդ մասի «ա», «բ», «գ», «դ», «ե» կետերում նշված անձինք վարձատրությունը վճարում են՝

ա) ձայնագրության կամ ձայնատեսագրության վերարտադրության համար նախատեսված տեխնիկական սարքավորումների ներմուծման կամ առաջին վաճառքի ժամանակ, համապատասխանաբար՝ մաքսային արժեքի կամ վաճառքի գնի 3 տոկոսի չափով.

բ) տպագիր արտադրանքի վերարտադրության համար նախատեսված տեխնիկական սարքավորումների ներմուծման կամ առաջին վաճառքի ժամանակ՝

րոպեում 4-ից 12 օրինակ բազմացնող սարքի համար 20000 դրամ,

րոպեում 13-ից 35 օրինակ բազմացնող սարքի համար 30000 դրամ,

րոպեում 36-ից 70 օրինակ բազմացնող սարքի համար 40000 դրամ,

րոպեում 70-ից ավել օրինակ բազմացնող սարքի համար 50000 դրամ.

գ) ձայնագրության կամ ձայնատեսագրության վերարտադրության համար նախատեսված դատարկ կրիչների վաճառքի գնի 4 տոկոսի չափով.

դ) տպագիր արտադրանքի վերարտադրության վճարովի ծառայություն իրականացնողը` ըստ վերարտադրված օրինակների քանակի`

վերարտադրված սեւ-սպիտակ մեկ էջի համար՝ 1 դրամ,

վերարտադրված գունավոր մեկ էջի համար 3 դրամ:

4. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված անձինք վարձատրության հաշվարկման եւ վճարման նպատակով գույքային իրավունքները կոլեկտիվ հիմունքներով կառավարող համապատասխան կազմակերպության պահանջով պարտավոր են ներկայացնել հետեւյալ տեղեկությունները ՝

ա) ձայնագրության կամ ձայնատեսագրության վերարտադրության համար նախատեսված տեխնիկական սարքավորումների ներկրման կամ վաճառքի մասին.

բ) տպագիր արտադրանքի վերարտադրության համար նախատեսված սարքավորումների ներկրման կամ վաճառքի մասին.

գ) ձայնագրության կամ ձայնատեսագրության վերարտադրության համար նախատեսված դատարկ կրիչների ներկրված կամ վաճառված տեսակի եւ քանակի, ինչպես նաեւ տպագիր արտադրանքի վերարտադրության վճարովի ծառայություն մատուցելու համար տրամադրված սարքավորումների միջոցով վերարտադրված օրինակների քանակի մասին։

5. Վարձատրության բաշխման կարգը սահմանվում է գույքային իրավունքները կոլեկտիվ հիմունքներով կառավարող կազմակերպությունների միջեւ կնքված պայմանագրով։ Եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ, ապա՝

ա) սույն հոդվածի 3-րդ մասի «ա» եւ «գ» կետերի համաձայն գանձված գումարները բաշխվում են՝ 40%՝ հեղինակներին, 30%՝ կատարողներին, 30%՝ հնչյունագիր կամ տեսալսողական ստեղծագործության առաջին ամրագրման արտադրողներին.

բ) սույն հոդվածի 3-րդ մասի «բ» եւ «դ» կետերի համաձայն գանձված գումարները բաշխվում են՝ 50%՝ հեղինակներին, 50%՝ հրատարակիչներին։

6. Վարձատրություն չի վճարվում արտահանման ենթակա սարքավորումների եւ դատարկ կրիչների, ինչպես նաեւ մասնագիտական այն սարքավորումների համար, որոնք նախատեսված չեն տնային պայմաններում օգտագործելու համար։

Հոդված 35. Ծառայողական ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքը

1. Գործատուի ծառայողական հանձնարարությունների կամ ծառայողական պարտականությունների կատարման կարգով աշխատողի կողմից ստեղծված ստեղծագործության նկատմամբ գույքային իրավունքները պատկանում են գործատուին, եթե հեղինակի եւ գործատուի միջեւ կնքված պայմանագրով այլ բան նախատեսված չէ։

2. Հեղինակի եւ գործատուի միջեւ կնքված պայմանագիրը հեղինակի համար կարող է նախատեսել վարձատրություն եւ ծառայողական ստեղծագործության յուրաքանչյուր օգտագործման ցանկացած ձեւի համար, ինչպես նաեւ վճարման կարգը եւ կարող է պարունակել ստեղծագործության օգտագործման այլ պայմաններ:

3. Սույն հոդվածի դրույթները չեն տարածվում ծառայողական հանձնարարությունների կամ պարտականությունների կարգով ստեղծված հանրագիտարանների, հանրագիտարանային բառարանների, գիտական աշխատությունների, պարբերական ու շարունակական ժողովածուների, թերթերի, ամսագրերի եւ այլ պարբերական հրատարակությունների վրա:

Հոդված 36. Կինեմատոգրաֆիական կամ տեսալսողական ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքը

1. Կինեմատոգրաֆիական կամ տեսալսողական ստեղծագործությունը ձայնի ուղեկցությամբ կամ առանց դրա միմյանց հետ կապակցված պատկերների ամրագրված շարք է, որը համապատասխան տեխնիկական սարքերի միջոցով հնարավոր է դիտել, իսկ ձայնի ուղեկցությամբ՝ նաեւ լսել, եւ հանդիսանում է ստեղծագործական աշխատանքի յուրօրինակ արդյունք:

2. Կինեմատոգրաֆիական կամ տեսալսողական ամբողջական ստեղծագործության հեղինակներն են՝ բեմադրող ռեժիսորը, սցենարի հեղինակը, հատկապես տվյալ ստեղծագործության համար ստեղծված երաժշտական ստեղծագործության հեղինակը, երկխոսության հեղինակը, բեմադրող օպերատորը:

3. Կինեմատոգրաֆիական կամ տեսալսողական ստեղծագործության ստեղծման մասին արտադրողի հետ կնքված պայմանագրով հեղինակների գույքային իրավունքները, այդ թվում՝ ենթագրության եւ կրկնօրինակման ենթարկելու բացառիկ իրավունքը, անցնում են կինեմատոգրաֆիական կամ տեսալսողական ստեղծագործության առաջին ամրագրման արտադրողին, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ։

Կինեմատոգրաֆիական կամ տեսալսողական ստեղծագործության առաջին ամրագրման արտադրողի եւ հեղինակների փոխհարաբերությունները, այդ թվում` հեղինակին պարտադիր վարձատրություն վճարելու հարցը, կարգավորվում են պայմանագրով։ Պայմանագրի բացակայության դեպքում հեղինակները պահպանում են ստեղծագործության օգտագործման յուրաքանչյուր եղանակի համար արդարացի վարձատրություն ստանալու իրենց իրավունքը, որից իրենք չեն կարող հրաժարվել։

4. Կինեմատոգրաֆիական կամ տեսալսողական ստեղծագործության առաջին ամրագրման արտադրողը տվյալ ստեղծագործության հեղինակ կարող է համարվել, եթե նա միաժամանակ սույն հոդվածի երկրորդ մասում նշված հեղինակներից մեկն է:

5. Տեսալսողական ստեղծագործության մեջ որպես բաղադրիչ մաս ընդգրկված ինչպես նախկինում գոյություն ունեցող (սցենարի համար հիմք հանդիսացող վեպ եւ այլն), այնպես էլ դրա վրա աշխատելու ընթացքում ստեղծված (բեմադրող նկարչի, զգեստները ձեւավորող նկարչի եւ այլոց կողմից) ստեղծագործությունների հեղինակներից յուրաքանչյուրն օգտվում է իր ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքից:

Այդպիսի ստեղծագործությունների հեղինակները, ովքեր համաձայնություն են տվել իրենց ստեղծագործությունները տեսալսողական ստեղծագործության մեջ ընդգրկելու մասին, իրավասու չեն արգելելու կամ որեւէ ձեւով սահմանափակելու տեսալսողական ստեղծագործության օգտագործումը:

6. Կինեմատոգրաֆիական կամ տեսալսողական ստեղծագործության հեղինակները կինեմատոգրաֆիական կամ տեսալսողական ստեղծագործության բնօրինակը կամ դրա օրինակները վարձույթով տալու ժամանակ պահպանում են հեղինակային վարձատրություն ստանալու իրենց իրավունքները: Վարձատրության գանձումը, բաշխումը եւ վճարումը կարող է իրականացվել հեղինակների գույքային իրավունքները կոլեկտիվ հիմունքներով կառավարող կազմակերպությունների միջոցով:

7. Կինեմատոգրաֆիական կամ տեսալսողական ստեղծագործության առաջին ամրագրման արտադրողն իրավասու է այդ ստեղծագործության ցանկացած օգտագործման դեպքում նշել իր անունը կամ անվանումը կամ պահանջել այդպիսի նշում:

Հոդված 37. Համակարգչային ծրագիրը եւ դրա նկատմամբ հեղինակային իրավունքը

1. Սույն օրենքի իմաստով համակարգչային ծրագիր է համարվում ցանկացած ձեւով արտահայտված ծրագիրը, ներառյալ դրա ստեղծման համար անհրաժեշտ նախապատրաստական նյութերը։

Գաղափարները եւ սկզբունքները, որոնք ընկած են համակարգչային ծրագրի ցանկացած տարրի հիմքում, ներառյալ դրանց ինտերֆեյսի հիմքում ընկածները, պահպանության ենթակա չեն։

Համակարգչային ծրագիրը պահպանվում է, եթե դա յուրօրինակ է եւ հեղինակի մտավոր ստեղծագործական աշխատանքի արդյունք է:

2. Եթե սույն օրենքի 38-րդ հոդվածով այլ բան նախատեսված չէ, համակարգչային ծրագրի հեղինակը բացառիկ իրավունք ունի կատարելու կամ թույլատրելու հետեւյալ գործողությունները՝

1) համակարգչային ծրագրի մշտական կամ ժամանակավոր վերարտադրությունը ցանկացած միջոցներով եւ ձեւով, մասամբ կամ ամբողջությամբ։ Եթե համակարգչային ծրագրի լիաբեռնման, ցուցադրման, գործարկման, տարածման կամ պահեստավորման համար անհրաժեշտ է դրա վերարտադրումը, ապա անհրաժեշտ է հեղինակի թույլտվությունը.

2) համակարգչային ծրագրի թարգմանությունները, մշակումները, հարմարեցումները կամ ցանկացած այլ փոփոխությունները եւ դրանց արդյունքների վերարտադրումը՝ առանց վնասելու իր թույլտվությամբ այդ փոփոխությունները կատարող անձի իրավունքները.

3) ցանկացած ձեւով համակարգչային ծրագրի բնօրինակի կամ օրինակների տարածումը, ներառյալ վարձույթով տալը։

Հոդված 38. Համակարգչային ծրագրերի ազատ վերարտադրումը:

Համակարգչային ծրագրերի ապաբանաքաղումը (դեկոմպիլիացիա)

1. Համակարգչային ծրագրի օրինակն օրինական տնօրինող անձը (այսուհետ՝ օգտագործող) առանց հեղինակի համաձայնության եւ հավելյալ վարձատրության իրավունք ունի եզակի օրինակով այն վերարտադրելու կամ վերափոխելու, եթե այդ օրինակը կամ վերափոխումն անհրաժեշտ է՝

1) համակարգչային ծրագիրը օրինական օգտագործողի տեխնիկական միջոցների զուգակցությամբ օգտագործելու համար, բացառապես այն նպատակով եւ ծավալով, որի համար նախատեսված է ծրագիրը, ներառյալ՝ դրանում առկա ակնհայտ սխալներն ուղղելու համար,

2) օրինական ճանապարհով ձեռք բերված համակարգչային ծրագիրը կամ օրինակը փոխարինելու համար՝ դրա կորստյան, ոչնչացման կամ ոչ պիտանի լինելու դեպքում:

2. Համակարգչային ծրագիրն օրինական օգտագործողը ծրագիրը լիաբեռնելու, ցուցադրելու, գործադրելու, հաղորդելու կամ հիշողության մեջ պահելու՝ իրեն լիազորված գործողություններից որեւէ մեկը կատարելիս, առանց հեղինակի համաձայնության եւ հավելյալ վարձատրության իրավունք ունի ծրագրի ցանկացած տարրի հիմքում ընկած գաղափարներն ու սկզբունքները որոշելու նպատակով զննել, ուսումնասիրել կամ փորձարկել ծրագրի գրառումը:

3. Համակարգչային ծրագիրն օրինական օգտագործողը առանց հեղինակի համաձայնության եւ հավելյալ վարձատրության իրավունք ունի վերարտադրելու եւ վերափոխելու ծրագրի օբյեկտային կոդը ելքային տեքստի (ապաբանաքաղել համակարգչային ծրագիրը) կամ այլ անձանց հանձնարարելու այդ գործողությունների իրականացումը, եթե դրանք անհրաժեշտ են ինքնուրույն ստեղծված համակարգչային ծրագիրն այլ ծրագրերի հետ փոխգործողության ունակության հասնելու նպատակով անհրաժեշտ տեղեկատվություն ձեռք բերելու համար, եթե առկա են հետեւյալ պայմանները`

1) օրինական օգտագործողի կամ նրա հանձնարարությամբ գործող անձանց համար փոխգործողության ունակության հասնելու համար անհրաժեշտ տեղեկատվությունը նախօրոք մատչելի չէր այլ աղբյուրներից.

2) նշված գործողությունները սահմանափակված են ապաբանաքաղվող ծրագրի մասերով, որոնք անհրաժեշտ են փոխգործողության ունակության հասնելու համար: Վերոհիշյալ ապաբանաքաղման արդյունքում ստացված տեղեկատվությունը կարող է օգտագործվել միայն ինքնուրույն ստեղծված համակարգչային ծրագրի փոխգործողության ունակության հասնելու նպատակով եւ չի կարող փոխանցվել այլ անձանց, բացառությամբ այն դեպքերի, եթե դա անհրաժեշտ է ինքնուրույն ստեղծած համակարգչային ծրագրի փոխգործողության ունակության համար, կամ օգտագործվել իր տեսքով ապաբանաքաղողին նման համակարգչային ծրագրի մշակման, արտադրման կամ շուկայի հետազոտման համար կամ հեղինակային իրավունքը խախտող որեւէ այլ գործողություն իրականացնելու համար:

Հոդված 39. Գույքային բացառիկ իրավունքների գործողության ժամկետը

1. Հեղինակի գույքային բացառիկ իրավունքները գործում են հեղինակի կյանքի ընթացքում եւ շարունակում են գործել նրա մահից հետո 70 տարի:

2. Համահեղինակությամբ ստեղծված ստեղծագործության նկատմամբ գույքային իրավունքները գործում են համահեղինակների կյանքի ընթացքում եւ շարունակում են գործել համահեղինակներից վերջինի մահից հետո 70 տարի:

3. Կեղծանվամբ կամ անանուն ստեղծագործությունների դեպքում հեղինակի գույքային իրավունքները ծագում են ստեղծագործությունը օրինական ճանապարհով հանրությանը մատչելի դառնալու պահից եւ գործում են 70 տարի: Եթե նշված ժամկետում կեղծանվամբ կամ անանուն ստեղծագործության հեղինակի անձը բացահայտվում է, ապա կիրառվում են սույն հոդվածի առաջին մասում նշված ժամկետները:

4. Հեղինակի մահից հետո, սույն հոդվածի առաջին, երկրորդ, երրորդ մասերում նշված ժամկետների ընթացքում, ստեղծագործության նկատմամբ գույքային իրավունքներն անցնում են ժառանգաբար։ Նշված իրավունքները կարող են պատկանել այլ անձանց, եթե այդ իրավունքները նրանք ստացել են հեղինակի, նրա ժառանգների եւ հետագա իրավահաջորդների հետ կնքած պայմանագրով:

5. Կոլեկտիվ ստեղծագործությունների նկատմամբ գույքային իրավունքների գործողության ժամկետը հաշվարկվում է սույն հոդվածի երրորդ մասում նշված կարգով։

6. Եթե ստեղծագործությունը հրապարակվում է մասերով (հատորներով, պրակներով, շարքերով, սերիաներով, միջարկներով եւ այլն) եւ եթե դրա նկատմամբ գույքային իրավունքների գործողության ժամկետը հաշվարկվում է ստեղծագործությունն օրինական ճանապարհով հանրությանը մատչելի դարձնելու պահից, ապա գույքային իրավունքների գործողության ժամկետը յուրաքանչյուր մասի համար հաշվարկվում է առանձին:

7. Կինեմատոգրաֆիական կամ տեսալսողական ստեղծագործությունների նկատմամբ գույքային իրավունքները գործում են դրա հեղինակներից (ռեժիսոր, սցենարի հեղինակ, երկխոսության հեղինակ, տվյալ ստեղծագործության համար հատուկ գրված երաժշտության հեղինակ) վերջինի մահից հետո 70 տարի:

8. Գույքային բացառիկ իրավունքների գործողության ժամկետը լրանալուց հետո ստեղծագործությունը դառնում է հանրային սեփականության: Հանրային սեփականություն դարձած ստեղծագործությունը կարող է ազատ օգտագործել յուրաքանչյուր անձ՝ առանց հեղինակային վարձատրություն վճարելու:

Հոդված 40. Գույքային բացառիկ իրավունքների փոխանցումը

1. Հեղինակն իր ստեղծագործության նկատմամբ գույքային բացառիկ իրավունքները ամբողջությամբ կամ մասնակիորեն կարող է փոխանցել (զիջել) այլ անձի գրավոր պայմանագրի (այսուհետ՝ հեղինակային պայմանագիր) հիման վրա կամ սույն օրենքով նախատեսված այլ հիմքերով։

2. Հեղինակային փոխանցման պայմանագիրը կարող է կնքվել ինչպես գոյություն ունեցող ստեղծագործության, այնպես էլ այն ստեղծագործության համար, որը հեղինակը պայմանագրով պարտավորվում է ստեղծել (պատվերի պայմանագիր):

3. Հեղինակային փոխանցման պայմանագիրը ենթադրվում է հատուցելի։

4. Գույքային բացառիկ իրավունքները կարող են ժառանգաբար համապարփակ իրավահաջորդության կարգով կամ իրավատեր իրավաբանական անձի վերակազմակերպման հետեւանքով փոխանցվել այլ անձի։

Հոդված 41. Ստեղծագործության օգտագործման թույլտվությունը

1. Այլ անձինք ստեղծագործությունը կարող են օգտագործել միայն ստեղծագործության նկատմամբ գույքային իրավունքների իրավատիրոջ (ստեղծագործության հեղինակ կամ այլ անձ, որին այդ իրավունքները փոխանցվել են սույն օրենքի 40-րդ հոդվածով նախատեսված կարգով, այսուհետ նաեւ՝ իրավատեր) թույլտվությամբ՝ գրավոր պայմանագրի հիման վրա (այսուհետ՝ հեղինակային լիցենզային պայմանագիր), եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:

2. Հեղինակային լիցենզային պայմանագիրը, որը կարգավորում է իրավատիրոջ (լիցենզատու) եւ ստեղծագործության օգտագործման թույլտվություն ստացած անձի (լիցենզառու) փոխհարաբերությունները, ենթադրվում է հատուցելի եւ կարող է լինել բացառիկ եւ ոչ բացառիկ:

3. Հեղինակային ոչ բացառիկ լիցենզային պայմանագրով իրավատերը լիցենզառուին տրամադրում է ստեղծագործությունը որոշակի ժամկետում ու պայմանագրում նշված սահմաններում օգտագործելու իրավունք, պահպանելով ստեղծագործության նկատմամբ բացառիկ իրավունքները, այդ թվում՝ այլ անձանց ստեղծագործության օգտագործման թույլտվություն տալու իրավունքը:

4. Հեղինակային բացառիկ լիցենզային պայմանագրով իրավատերը լիցենզառուին է փոխանցում ստեղծագործությունը որոշակի ժամկետում ու սահմաններում օգտագործելու բացառիկ իրավունքը, պահպանելով ստեղծագործության օգտագործման իրավունքն այն մասով, որը նախատեսված է պայմանագրով: Այս դեպքում այլ անձանց կողմից ստեղծագործության օգտագործումն արգելելու իրավունքը կարող է իրականացնել իրավատերը, եթե դա չի կատարում լիցենզառուն:

5. Հեղինակային պայմանագրով փոխանցված իրավունքները համարվում են ոչ բացառիկ, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ:

6. Ապագայում ստեղծագործություն ստեղծելու հեղինակի իրավունքները սահմանափակող պայմանագրի պայմաններն առոչինչ են:

7. Հեղինակային պայմանագրի առարկա չեն կարող լինել պայմանագիրը կնքելու պահին անհայտ ստեղծագործության օգտագործման իրավունքները:

Հոդված 42. Հեղինակային պայմանագրի պայմանները եւ ձեւերը

1. Հեղինակային պայմանագրում նշվում են ստեղծագործությունն օգտագործելու եղանակները, օգտագործման իրավունքի փոխանցման ժամկետն ու վարձատրության չափը, վճարման ժամկետն ու կարգը, ինչպես նաեւ այլ պայմաններ, որոնք կողմերը կհամարեն էական:

2. Հեղինակային պայմանագրում տարածքի, որի սահմաններում գործում է ստեղծագործության օգտագործման իրավունքը, վերաբերյալ պայմանի բացակայության դեպքում պայմանագրի գործողությունը սահմանափակվում է Հայաստանի Հանրապետության տարածքով:

3. Ստեղծագործության օգտագործման վերաբերյալ հեղինակային պայմանագրով չնախատեսված մնացած բոլոր իրավունքները պահպանվում են հօգուտ իրավատիրոջ:

4. Հեղինակային պայմանագիրը գործում է այդ պայմանագրում նշված ժամկետում, սակայն դադարում է գույքային իրավունքների գործողության ժամկետը լրանալու պահից; Լիցենզային պայմանագրում ժամկետի պայմանի բացակայության դեպքում դրա գործողության սահմանված ժամկետ համարվում է հինգ տարին:

5. Պայմանագրի յուրաքանչյուր կողմ կարող է հեղինակային պայմանագրով փոխանցված իրավունքները լրիվ կամ մասնակիորեն փոխանցել այլ անձանց՝ միայն պայմանագրով ուղղակի նախատեսված լինելու դեպքում:

6. Հեղինակային պայմանագիրը կնքվում է գրավոր:

ԳԼՈՒԽ III

ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ

Հոդված 43. Կատարումը եւ կատարողները

1. Կատարում է համարվում դերասանի, երգչի, երաժշտի, պարողի, դիրիժորի, խմբավարի կամ այլ անձի կատարումը, որը դերակատարում, երգում, ասմունքում, ներկայացնում կամ այլ ձեւով կատարում է գրական կամ գեղարվեստական ստեղծագործություն, այդ թվում նաեւ՝ ժողովրդական բանահյուսության եւ արվեստի արտահայտումներ:

2. Կատարողներ են համարվում դերասանները, երգիչները, երաժիշտները, պարողները, դիրիժորները, խմբավարները եւ այլ անձինք, ովքեր դեր են կատարում, երգում են, արտասանում, կարդում, նվագում կամ այլ ձեւով կատարում են գրական կամ գեղարվեստական ստեղծագործություններ, կրկեսային, տիկնիկային, էստրադային եւ համանման այլ ներկայացումներ, ինչպես նաեւ ժողովրդական բանահյուսության եւ արվեստի արտահայտումներ:

Հոդված 44. Կատարողի իրավունքները

Կատարողն իր կատարման նկատմամբ ունի բացառիկ անձնական ոչ գույքային եւ բացառիկ գույքային իրավունքներ։

Հոդված 45. Կատարողի անձնական ոչ գույքային իրավունքները

1. Կատարողին են պատկանում իր կատարման նկատմամբ հետեւյալ անձնական ոչ գույքային իրավունքները.

1) կատարող ճանաչվելու իրավունքը.

2) կատարումը հնարավոր աղավաղումներից, կատարողի պատվին կամ արժանապատվությանը վնաս հասցնող այլ ոտնձգություններից պաշտպանելու իրավունքը:

2. Կատարողի անձնական ոչ գույքային իրավունքներն անօտարելի եւ անփոխանցելի են եւ պահպանվում են անժամկետ:

Հոդված 46 . Կատարողի գույքային իրավունքները

1. Կատարողը բացառիկ իրավունք ունի օգտագործել իր կատարումը ցանկացած ձեւով եւ եղանակով եւ կատարման օգտագործման յուրաքանչյուր ձեւի համար ստանալ վարձատրություն, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

2. Կատարողն իրավունք ունի թույլատրել կամ արգելել երրորդ անձանց իրականացնելու հետեւյալ գործողությունները՝

1) հեռարձակել կենդանի կատարումը կամ իրականացնել դրա հրապարակային այլ հաղորդումը, եթե այդպիսի հաղորդման համար չի օգտագործվում մինչ այդ իրականացված կատարման ամրագրումը կամ օգտագործվող կատարումը մինչ այդ չի հեռարձակվել.

2) ամրագրել նախկինում չամրագրված կատարումը.

3) ուղղակի կամ անուղղակի վերարտադրել կատարման ամրագրումը.

4) տարածել իր կատարումը պարունակող հնչյունագրերն ու տեսագրությունները վաճառքի կամ սեփականության իրավունքի փոխանցման այլ ձեւով` այդ թվում ներմուծումը.

5) հեռարձակել կատարման ամրագրումը, եթե ի սկզբանե այդ ամրագրումն իրականացվել է ոչ առեւտրային նպատակով.

6) վարձույթով տալ կատարման ամրագրումները.

7) կատարման ամրագրումների փոխատվությունը.

8) հանրությանը մատչելի դարձնել կատարման ամրագրումները։

3. Կատարողն իրավունք ունի նաեւ արգելելու կատարումների առանց իր թույլտվության պատրաստված ամրագրումների օրինակների ներմուծումը:

4. Եթե կատարումների ամրագրումների օրինակները, քաղաքացիական շրջանառության մեջ են դրվել վաճառքի կամ սեփականության իրավունքի այլ փոխանցման միջոցով, ապա դրանց հետագա տարածումը, այդ թվում ներմուծումը իրականացվում է առանց կատարողի համաձայնության եւ վարձատրության։

5. Առեւտրային նպատակով լույս ընծայված կատարումների ամրագրումների օրինակները վարձույթով տալու իրավունքը պատկանում է կատարողին, անկախ այդ օրինակների նկատմամբ սեփականության իրավունքից: Կատարողը պահպանում է վարձույթով տալու համար արդարացի վարձատրություն ստանալու իր իրավունքը, որից նա չի կարող հրաժարվել: Այդիրավունքը կարող է իրականացվել գույքային իրավունքները կոլեկտիվ հիմունքներով կառավարող կազմակերպության միջոցով:

6. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված թույլտվությունները տալիս է կատարողը, իսկ կատարողների խմբի դեպքում՝ նրանց կողմից լիազորված անձը՝ օգտագործողի հետ գրավոր պայմանագիր կնքելու միջոցով: Ընդ որում կատարողների խմբի համար կազմված պայմանագիրը չի կարող տարածվել մենակատարների եւ դիրիժորների վրա:

7. Տեսալսողական ստեղծագործություն ստեղծելու համար կատարողի եւ տեսալսողական ստեղծագործության ամրագրումն արտադրողի միջեւ անհատական կամ կոլեկտիվ պայմանագիր կնքելը հանգեցնում է կատարողի կողմից սույն հոդվածի երկրորդ մասում նշված իրավունքների փոխանցմանը արտադրողին, եթե նրանց միջեւ կնքված պայմանագրով այլ բան նախատեսված չէ: Ընդ որում, կատարողը պահպանում է այդպիսի տեսալսողական ստեղծագործության օրինակները վարձույթով տալու եւ սույն հոդվածի երկրորդ մասում թվարկված այլ ձեւերով օգտագործելու համար արդարացի վարձատրություն ստանալու իր իրավունքը:

Կատարողի կողմից այդպիսի իրավունքների տրամադրումը սահմանափակվում է բուն տեսալսողական ստեղծագործության օգտագործումով, եւ եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ, այդպիսի իրավունքների տրամադրումը չի ընդգրկում տեսալսողական ստեղծագործության մեջ ամրագրված հնչյունները կամ պատկերները առանձին օգտագործելու իրավունքը:

8. Կատարողի կողմից ծառայողական պարտականությունների կամ գործատուի հանձնարարությունների կատարման կարգով իրականացված կատարման նկատմամբ գույքային իրավունքները պատկանում են գործատուին, եթե նրանց միջեւ կնքված պայմանագրով այլ բան նախատեսված չէ:

9. Կատարողը կարող է իրեն պատկանող գույքային իրավունքները պայմանագրով լրիվ կամ մասնակիորեն փոխանցել այլ անձի։

Կատարողը կարող է նաեւ պայմանագրով կատարման օգտագործման թույլտվություն տալ երրորդ անձանց: Պայմանագրում նշվում են կատարման օգտագործման եղանակն ու ժամկետը, վարձատրության չափն ու վճարման կարգը, պայմանագրի գործողության ժամկետը, տարածքը եւ այլն:

Կատարողի գույքային իրավունքները կարող են ժառանգաբար համապարփակ իրավահաջորդության կարգով կամ իրավատեր իրավաբանական անձի վերակազմակերպման հետեւանքով փոխանցվել այլ անձի։

Հոդված 47. Կատարողի գույքային իրավունքների գործողության ժամկետը

Կատարողի գույքային իրավունքները ծագում են առաջին կատարման պահից եւ գործում են 50 տարի: Եթե այդ ժամանակահատվածում կատարման ամրագրումն օրինական ճանապարհով լույս է ընծայվել կամ հանրությանը մատչելի է դարձել, ապա կատարողի իրավունքները ծագում են առաջին այդպիսի լույսընծայման կամ առաջին անգամ հանրությանը մատչելի դառնալու պահից եւ գործում են 50 տարի, նայած դրանցից որն է ավելի շուտ տեղի ունեցել:

Հոդված 48. Հնչյունագիրը եւ հնչյունագիր արտադրողը

1. Հնչյունագիր համարվում է կատարման հնչյունների կամ այլ հնչյունների կամ դրանց թվային կամ որեւէ այլ ձեւով ներկայացման ամրագրումը բացառապես ունկնդրելու համար, բացի դրանց ամրագրման այն ձեւից, որն ընդգրկված է կինեմատոգրաֆիական կամ այլ տեսալսողական ստեղծագործությnւններում ։

2. Հնչյունագիր արտադրող համարվում է ֆիզիկական կամ իրավաբանական այն անձը, որի նախաձեռնությամբ եւ պատասխանատվությամբ իրականացվել է կատարման կամ այլ հնչյունների, կամ հնչյունների ներկայացման առաջին ամրագրումը:

Հոդված 49. Հնչյունագիր արտադրողի իրավունքները

1. Հնչյունագիր արտադրողն իրավունք ունի ցանկացած ձեւով օգտագործել իր հնչյունագիրը եւ հնչյունագրի օգտագործման յուրաքանչյուր ձեւի համար ստանալ վարձատրություն, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի։

2. Հնչյունագիր արտադրողը բացառիկ իրավունք ունի արգելելու կամ թույլատրելու երրորդ անձանց իրականացնելու հետեւյալ գործողությունները՝

1) հնչյունագրի ուղղակի կամ անուղղակի վերարտադրումը.

2) հնչյունագրի բնօրինակի կամ օրինակների տարածումը, այդ թվում ներմուծումը.

3) հնչյունագրի բնօրինակի կամ օրինակների վարձույթով տալը.

4) հնչյունագրի բնօրինակի կամ օրինակների փոխատվությամբ տալը.

5) հնչյունագրի հեռարձակումը.

6. հնչյունագիրը հանրությանը մատչելի դարձնելը։

3. Հնչյունագիր արտադրողն իրավունք ունի նաեւ արգելելու առանց իր թույլտվության պատրաստված հնչյունագրերի օրինակների ներմուծումը:

4. Եթե օրինական արտադրված հնչյունագրի օրինակները քաղաքացիական շրջանառության մեջ են դրվել վաճառքի կամ սեփականության իրավունքի այլ փոխանցման միջոցով, ապա դրանց հետագա տարածումը, այդ թվում ներմուծումը, իրականացվում է առանց հնչյունագիր արտադրողի համաձայնության եւ վարձատրության։

5. Առեւտրային նպատակով լույս ընծայված հնչյունագրերի օրինակները վարձույթով տալու իրավունքը պատկանում է հնչյունագիր արտադրողին, անկախ այդ հնչյունագրերի օրինակների նկատմամբ սեփականության իրավունքից: Հնչյունագիր արտադրողը պահպանում է այդպիսի օրինակները վարձույթով տալու համար արդարացի վարձատրություն ստանալու իր իրավունքը, որից նա չի կարող հրաժարվել:

6. Հնչյունագիր արտադրողը կարող է իրեն պատկանող գույքային իրավունքները պայմանագրով լրիվ կամ մասնակիորեն փոխանցել այլ անձի։

Հնչյունագիր արտադրողը կարող է նաեւ պայմանագրով երրորդ անձանց հնչյունագիրն օգտագործելու թույլտվություն տալ: Պայմանագրում նշվում են հնչյունագրի օգտագործման եղանակն ու ժամկետը, վարձատրության չափն ու վճարման կարգը, պայմանագրի գործողության ժամկետը, տարածքը եւ այլն:

Հնչյունագիր արտադրողի գույքային իրավունքները կարող են համապարփակ իրավահաջորդության կարգով կամ իրավատեր իրավաբանական անձի վերակազմակերպման հետեւանքով փոխանցվել այլ անձի։

Հոդված 50. Հնչյունագիր արտադրողի իրավունքների գործողության ժամկետը

Հնչյունագիր արտադրողի գույքային իրավունքները ծագում են ամրագրման պահից եւ գործում են 50 տարի: Եթե այդ ժամանակահատվածում հնչյունագիրն օրինական ճանապարհով լույս է ընծայվել կամ հանրությանը մատչելի է դարձել, ապա հնչյունագիր արտադրողի իրավունքները ծագում են առաջին այդպիսի լույսընծայման կամ առաջին անգամ հանրությանը մատչելի դառնալու պահից եւ գործում են 50 տարի, նայած դրանցից որն է ավելի շուտ տեղի ունեցել:

Հոդված 51. Ֆիլմը եւ ֆիլմի առաջին ամրագրման արտադրողը

1. Սույն օրենքի իմաստով «ֆիլմ» նշանակում է կինեմատոգրաֆիական կամ տեսալսողական ստեղծագործություն կամ շարժվող պատկերներ՝ ձայնի ուղեկցությամբ կամ առանց դրա:

2. Շարժվող պատկերներ համարվում է միմյանց փոխկապակցված պատկերների ամրագրված շարքը ձայնի ուղեկցությամբ կամ առանց դրա, որը հնարավոր է դիտել եւ լսել: Շարժվող պատկերները ստեղծագործական աշխատանքի արդյունք չեն եւ հեղինակային իրավունքի օբյեկտ չեն համարվում։

3. Ֆիլմի առաջին ամրագրման արտադրողը այն ֆիզիկական կամ իրավաբանական անձն է, ում նախաձեռնությամբ եւ պատասխանատվությամբ առաջին անգամ ամրագրվել է ֆիլմը։

Հոդված 52. Ֆիլմի առաջին ամրագրման արտադրողի իրավունքները

1. Ֆիլմի առաջին ամրագրման արտադրողն իրավունք ունի ցանկացած ձեւով օգտագործել իր ամրագրումը եւ ամրագրման օգտագործման յուրաքանչյուր ձեւի համար ստանալ վարձատրություն, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

2. Ֆիլմի առաջին ամրագրման արտադրողը բացառիկ իրավունք ունի երրորդ անձանց արգելել կամ թույլատրել իրականացնելու հետեւյալ գործողությունները՝

1) ամրագրման բնօրինակի կամ օրինակների ուղղակի կամ անուղղակի վերարտադրումը.

2) ամրագրման բնօրինակի կամ օրինակների տարածումը, այդ թվում` ներմուծումը.

3) ամրագրման բնօրինակի կամ օրինակների վարձույթով տալը.

4) ամրագրման բնօրինակի կամ օրինակների փոխատվությամբ տալը.

5) ամրագրման հեռարձակումը.

6) ամրագրումը հանրությանը մատչելի դարձնելը։

4. Ֆիլմի առաջին ամրագրման արտադրողն իրավունք ունի նաեւ արգելելու առանց իր թույլտվության պատրաստած ամրագրման օրինակների ներմուծումը:

5. Եթե օրինական արտադրված ֆիլմի ամրագրման օրինակները քաղաքացիական շրջանառության մեջ են դրվել վաճառքի կամ սեփականության իրավունքի այլ փոխանցման միջոցով, ապա դրանց հետագա տարածումը, այդ թվում ներմուծումը իրականացվում է առանց ֆիլմ արտադրողի համաձայնության եւ վարձատրության։

6. Առեւտրային նպատակով լույս ընծայված ֆիլմի օրինակները վարձույթով տալու իրավունքը պատկանում է ֆիլմի առաջին ամրագրման արտադրողին, անկախ այդ օրինակների նկատմամբ սեփականության իրավունքից եւ պահպանում է այդպիսի օրինակները վարձույթով տալու համար արդարացի վարձատրություն ստանալու իր իրավունքը, որից նա չի կարող հրաժարվել:

7. Ֆիլմի առաջին ամրագրման արտադրողը կարող է իրեն պատկանող գույքային իրավունքները պայմանագրով լրիվ կամ մասնակիորեն փոխանցել այլ անձի։

Ֆիլմի առաջին ամրագրման արտադրողը կարող է պայմանագրով այլ անձանց փոխանցել նաեւ ֆիլմը օգտագործելու իրավունքը: Պայմանագրում նշվում են ֆիլմի օգտագործման ձեւերն ու ժամկետը, վարձատրության չափն ու վճարման կարգը, պայմանագրի գործողության ժամկետը, տարածքը եւ այլն:

Ֆիլմի առաջին ամրագրման արտադրողի գույքային իրավունքները կարող են ժառանգաբար համապարփակ իրավահաջորդության կարգով կամ իրավատեր իրավաբանական անձի վերակազմակերպման հետեւանքով փոխանցվել այլ անձի։

Հոդված 53. Ֆիլմի առաջին ամրագրման արտադրողի իրավունքների գործողության ժամկետը

Ֆիլմի առաջին ամրագրման արտադրողի գույքային իրավունքները ծագում են ամրագրման պահից եւ գործում են 50 տարի: Եթե այդ ժամանակահատվածում ֆիլմը օրինական ճանապարհով լույս է ընծայվել կամ հանրությանը մատչելի դարձել, ապա ֆիլմ արտադրողի իրավունքները ծագում են առաջին այդպիսի լույսընծայման կամ առաջին անգամ հանրությանը մատչելի դառնալու պահից եւ գործում են 50 տարի, նայած դրանցից որն է ավելի շուտ տեղի ունեցել:

Հոդված 54. Հեռարձակող կազմակերպությունը եւ նրա հաղորդումը

1. Հեռարձակող կազմակերպություն է համարվում այն անձը, որի նախաձեռնությամբ եւ պատասխանատվությամբ հեռարձակվում կամ պատրաստվում ու հեռարձակվում են հաղորդումներ։

2. Հեռարձակող կազմակերպության հաղորդում է համարվում տարածման համար նախատեսված պատկերներ եւ (կամ) հնչյուններ կամ այլ տեղեկատվություն պարունակող կենդանի կատարման կամ ամրագրված նյութի ամբողջությունը, որը պատրաստել է եթեր հեռարձակող կամ մալուխային կապով հեռարձակող կազմակերպությունը, կամ նրա պատվերով եւ միջոցներով՝ այլ անձ:

Հոդված 55. Հեռարձակող կազմակերպության իրավունքները

1. Հեռարձակող կազմակերպությունն իրավունք ունի ցանկացած ձեւով օգտագործել իր հաղորդումը եւ հաղորդման օգտագործման յուրաքանչյուր ձեւի համար ստանալ վարձատրություն, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

2. Հեռարձակող կազմակերպությունը բացառիկ իրավունք ունի երրորդ անձանց արգելել կամ թույլատրել իրականացնելու հետեւյալ գործողությունները՝

1) հաղորդման ամրագրումը.

2) ամրագրված հաղորդման ուղղակի կամ անուղղակի վերարտադրումը.

3) ամրագրված հաղորդման օրինակների տարածումը , այդ թվում` ներմուծումը.

4) հաղորդման վերահեռարձակումը.

5) հաղորդման հաղորդումը հանրության համար վճարովի մուտքով վայրերում։

6) հաղորդումը հանրությանը մատչելի դարձնելը:

3. Հեռարձակող կազմակերպությունն իրավունք ունի նաեւ արգելելու առանց իր թույլտվության պատրաստված հաղորդման ամրագրման օրինակների ներմուծումը:

4. Հեռարձակող կազմակերպությունը կարող է իրեն պատկանող գույքային իրավունքները պայմանագրով լրիվ կամ մասնակիորեն փոխանցել այլ անձի։

Հեռարձակող կազմակերպությունը կարող է պայմանագրով այլ անձանց փոխանցել նաեւ հաղորդումն օգտագործելու իրավունքը: Պայմանագրում նշվում են հաղորդման օգտագործման եղանակն ու ժամկետը, վարձատրության չափն ու վճարման կարգը, տարածքը եւ այլն:

Հեռարձակող կազմակերպության գույքային իրավունքները կարող են ժառանգաբար համապարփակ իրավահաջորդության կարգով կամ իրավատեր իրավաբանական անձի վերակազմակերպման հետեւանքով փոխանցվել այլ անձի։

Հոդված 56. Հեռարձակող կազմակերպության իրավունքների գործողության ժամկետը

Հաղորդման նկատմամբ հեռարձակող կազմակերպության գույքային իրավունքները ծագում են առաջին հեռարձակման պահից եւ գործում են 50 տարի:

Հոդված 57. Հարակից իրավունքների ծագման պայմանները եւ դրա մասին ծանուցումը

1. Հարակից իրավունքների ծագման եւ իրագործման համար որեւէ ձեւականության պահպանում չի պահանջվում:

2. Հնչյունագիր արտադրողները իրենց հարակից իրավունքների մասին ծանուցելու նպատակով կարող են ամրագրման կրիչի յուրաքանչյուր օրինակի կամ դա պարունակող տուփի վրա դնել հարակից իրավունքների պահպանման նշանը, որը կազմված է՝

1) շրջանագծի մեջ վերցված լատինական «P» տառից.

2) հարակից իրավունքների իրավատիրոջ անունից կամ անվանումից.

3) հնչյունագրի առաջին լույսընծայման տարեթվից:

Հոդված 58. Կատարողի, հնչյունագիր կամ ֆիլմ արտադրողի, հեռարձակող կազմակերպության իրավունքների սահմանափակումները

Առանց կատարողի, հնչյունագիր կամ ֆիլմ արտադրողի կամ հեռարձակող կազմակերպության համաձայնության եւ վարձատրության թույլատրվում է օգտագործել կատարումը, հնչյունագիրը, ֆիլմը կամ հաղորդումը՝ կիրառելով սույն օրենքի 23-27-րդ հոդվածներով նախատեսված համապատասխան դրույթները կատարման, հնչյունագրի, ֆիլմի կամ հաղորդման նկատմամբ, եթե նման օգտագործումը չի հակասում կատարման, հնչյունագրի, ֆիլմի կամ հաղորդման, ինչպես նաեւ դրանց մեջ ընդգրկված գիտության, գրականության եւ արվեստի բնագավառների ստեղծագործությունների բնականոն շահագործման պահանջներին եւ չի վնասում հարակից իրավունքների իրավատերերի եւ նշված ստեղծագործությունների հեղինակների օրինական շահերը:

Հոդված 59. Առեւտրային նպատակով լույս ընծայված հնչյունագրի օգտագործումը

1. Եթե առեւտրային նպատակով լույս ընծայված հնչյունագիրը կամ դրա օրինակը օգտագործվում է ուղղակիորեն հեռարձակման կամ ցանկացած միջոցներով հանրությանը հաղորդելու նպատակով, ապա օգտագործողի կողմից միանվագ արդարացի վարձատրություն է վճարվում կատարողին եւ հնչյունագիր արտադրողին:

2. Կատարողի եւ հնչյունագիր արտադրողի միջեւ վարձատրության բաշխումը կատարվում է նրանց միջեւ կնքված պայմանագրի համաձայն, իսկ դրա բացակայության դեպքում հասանելիք գումարը նրանց միջեւ բաշխվում է հավասարաչափ:

Հոդված 60. Հրատարակչի իրավունքը

1. Հրատարակիչն իրավունք ունի արգելելու կամ թույլատրելու երրորդ անձանց իր կողմից հրատարակված գրքերի տպագրական ձեւավորումների վերարտադրությունը:

2. Հրատարակիչն իրավունք ունի վարձատրություն ստանալ ստեղծագործության իր հրատարակությունը անձնական օգտագործման նպատակով վերարտադրելու համար:

3. Այս իրավունքը ծագում է ստեղծագործության հրատարակման պահից եւ գործում է 50 տարի:

Հոդված 61. Նախկինում չհրապարակված ստեղծագործությունների պահպանությունը

1. Ցանկացած անձ, ով գույքային իրավունքների գործողության ժամկետի ավարտից հետո օրինական ճանապարհով առաջին անգամ հրապարակում կամ հանրությանը մատչելի է դարձնում մինչ այդ չհրապարակված ստեղծագործությունը, օգտվում է հեղինակի գույքային իրավունքներին համարժեք իրավունքներից:

2. Այդ իրավունքները ծագում են ստեղծագործությունն առաջին անգամ օրինական ճանապարհով հրապարակելու կամ հանրությանը մատչելի դարձնելու պահից եւ գործում են 25 տարի։

Հոդված 62. Հանրային սեփականություն դարձած ստեղծագործությունների քննադատական եւ գիտական հրատարակությունները

1. Ցանկացած անձ, ով պատրաստում է հանրային սեփականություն դարձած ստեղծագործության հրատարակությունը, որը գիտական հետազոտությունների արդյունք է եւ էականորեն տարբերվում է տվյալ ստեղծագործության արդեն հայտնի հրատարակություններից, օգտվում է սույն օրենքով տրամադրվող հեղինակի գույքային իրավունքներին համարժեք իրավունքներից:

2. Սույն հոդվածի 1-ին մասի դրույթը տարածվում է նաեւ այն հրատարակություննրի վրա, որոնք ինքնին հեղինակային իրավունքի օբյեկտ չեն:

3. Սույն հոդվածի 1-ին մասում նշված իրավունքները ծագում են ստեղծագործության առաջին օրինական հրատարակման պահից եւ գործում են 30 տարի։

Հոդված 63 . Տվյալների բազան եւ տվյալների բազա պատրաստողը

1. Սույն օրենքի իմաստով տվյալների բազան ստեղծագործությունների, տվյալների կամ այլ անկախ նյութերի համակարգված կամ հետեւողական ձեւով դասավորված հավաքածու է, որի տարրերը անհատապես մատչելի են էլեկտրոնային կամ այլ միջոցներով եւ որոնց ձեռք բերումը, ճշգրտումը կամ ներկայացումը պահանջում է որակական եւ/կամ քանակական էական ներդրում:

2. Սույն օրենքի իմաստով տվյալների բազա պատրաստող է համարվում ցանկացած անձ, որը իր նախաձեռնությամբ եւ պատասխանատվությամբ որակապես եւ(կամ) քանակապես էական ներդրում է կատարել տվյալների բազայի պարունակության ձեռքբերման, ճշգրտման կամ ներկայացման համար:

Հոդված 64. Տվյալների բազա պատրաստողի իրավունքները

1. Տվյալների բազա պատրաստողը իրավունք ունի արգելելու տվյալների բազայի ամբողջ պարունակության կամ դրա որակապես եւ (կամ) քանակապես էական մասի դուրս հանումը եւ (կամ) վերաօգտագործումը:

2. Սույն օրենքի իմաստով՝

ա) դուրսհանում է համարվում տվյալների բազայի ամբողջ պարունակությունը կամ դրա էական մասը մշտապես կամ ժամանակավորապես ցանկացած միջոցներով կամ եղանակով մեկ այլ միջավայր փոխանցելը.

բ) վերաօգտագործում է համարվում տվյալների բազայի ամբողջ պարունակությունը կամ դրա էական մասը հանրությանը մատչելի դարձնելու ցանկացած ձեւ՝օրինակների տարածման, վարձույթով տալու, ուղիղ կապի ռեժիմի (on-line) կամ փոխանցման այլ ձեւերի միջոցով։

Տվյալների բազայի բնօրինակի կամ օրինակների փոխատվությունը հանրության համար մատչելի հաստատության միջոցով դուրսհանում եւ (կամ) վերաօգտագործում չի համարվում:

3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավունքը կարող է կիրառվել անկախ տվյալների բազայի պարունակության հեղինակային իրավունքի կամ այլ իրավունքների պահպանությունից կամ պահպանության առարկա լինելուց եւ չպետք է վնասի տվյալների բազայում ընդգրկված ստեղծագործությունների հեղինակների իրավունքները կամ հարակից իրավունքները:

4. Տվյալների բազայի պարունակության ոչ էական մասերի կրկնվող կամ հետեւողական դուրսհանումը եւ (կամ) վերաօգտագործումը չեն թույլատրվում, եթե այդ գործողությունները հակասում են տվյալների բազայի բնականոն շահագործման պահանջներին կամ անհիմն վնասում են տվյալների բազա պատրաստողի օրինական շահերը:

5. Տվյալների բազա պատրաստողը կարող է իրեն պատկանող գույքային իրավունքները պայմանագրով լրիվ կամ մասնակիորեն փոխանցել այլ անձի։

Տվյալների բազա պատրաստողը կարող է պայմանագրով այլ անձանց տրամադրել նաեւ տվյալների բազայի օգտագործման իրավունքը: Պայմանագրում նշվում են տվյալների բազայի օգտագործման եղանակն ու ժամկետը, վարձատրության չափն ու վճարման կարգը, տարածքը եւ այլն:

Տվյալների բազա պատրաստողի գույքային իրավունքները կարող են ժառանգաբար համապարփակ իրավահաջորդության կարգով կամ իրավատեր իրավաբանական անձի վերակազմակերպման հետեւանքով փոխանցվել այլ անձի։

Հոդված 65. Տվյալների բազան օրինական օգտագործողների իրավունքներն ու պարտականությունները

1. Տվյալների բազա պատրաստողը չի կարող որեւէ եղանակով հանրությանը մատչելի դարձած տվյալների բազան օրինական օգտագործողին արգելել դրա պարունակության որակական եւ (կամ) քանակական ոչ էական մասերի ցանկացած նպատակով դուրսհանումը եւ (կամ) վերաօգտագործումը։ Եթե տվյալների բազայի օրինական օգտագործողը լիազորված է դուրս հանել եւ(կամ) վերաօգտագործել տվյալների բազայի միայն մի մասը, ապա սույն դրույթը կիրառվում է միայն այդ մասի նկատմամբ:

2. Որեւէ եղանակով հանրությանը մատչելի դարձած տվյալների բազան օրինական օգտագործողի գործողությունները չպետք է հակասեն տվյալների բազայի բնականոն շահագործման պահանջներին կամ անհիմն վնասեն տվյալների բազա պատրաստողի օրինական շահերը։

3. Որեւէ եղանակով հանրությանը մատչելի դարձած տվյալների բազան օրինական օգտագործողը չպետք է որեւէ ձեւով վնաս պատճառի տվյալների բազայում ընդգրկված ստեղծագործությունների կամ այլ օբյեկտների նկատմամբ հեղինակային իրավունքի կամ հարակից իրավունքների իրավատիրոջը :

4. Որեւէ եղանակով հանրությանը մատչելի դարձած տվյալների բազան օրինական օգտագործողը առանց տվյալների բազա պատրաստողի թույլտվության կարող է դուրս հանել կամ վերաօգտագործել դրա պարունակության էական մասը՝

1) ոչ էլեկտրոնային տվյալների բազայի պարունակությունն անձնական օգտագործման նպատակով դուրս հանելու դեպքում.

2) ուսուցման կամ գիտական հետազոտությունների լուսաբանման նպատակներով դուրսհանման դեպքում՝ ոչ առեւտրային նպատակն արդարացնող ծավալով, սկզբնաղբյուրի պարտադիր նշումով.

3) հասարակության անվտանգության կամ վարչական կամ դատական ընթացակարգի նպատակներով դուրսհանման եւ (կամ) վերաօգտագործման դեպքում:

Հոդված 66. Տվյալների բազա պատրաստողի գույքային իրավունքների գործողության ժամկետը

1. Տվյալների բազա պատրաստողի իրավունքները ծագում են տվյալների բազայի պատրաստումն ավարտելու պահից եւ գործում են 15 տարի:

2. Եթե տվյալների բազան որեւէ եղանակով մատչելի է դարձել հանրությանը նախքան սույն հոդվածի առաջին մասով նախատեսված ժամկետի ավարտը, ապա տվյալների բազա պատրաստողի գույքային իրավունքները ծագում են տվյալների բազան առաջին անգամ հանրությանը մատչելի դառնալու պահից եւ գործում են 15 տարի:

3. Տվյալների բազայի պարունակության որեւէ որակական կամ քանակական էական փոփոխություն, ներառյալ հաջորդական լրացումների, վերացումների կամ ձեւափոխումների հավաքական արդյունքից բխող որեւէ էական փոփոխություն, որը հանգեցնում է տվյալների բազայի համար որակական կամ քանակական էական նոր ներդրումների, որակվում է որպես այդ ներդրումից բխող նոր տվյալների բազա` պահպանության ժամկետի համապատասխան հաշվարկով:

Հոդված 67.Հեղինակի եւ հարակից իրավունքների իրավատերերի իրավունքների փոխհարաբերությունները

1. Կատարողներն իրենց իրավունքները պետք է իրականացնեն առանց վնաս հասցնելու ստեղծագործության հեղինակի իրավունքներին:

2. Ֆիլմի առաջին ամրագրման արտադրողները, հնչյունագիր արտադրողները չպետք է վնաս հասցնեն հեղինակների եւ կատարողների իրավունքներին:

3. Հեռարձակող կազմակերպությունները չպետք է վնաս հասցնեն հեղինակների, կատարողների, հնչյունագիր եւ ֆիլմ արտադրողների իրավունքներին:

Գլուխ IV

ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

Հոդված 68. Գույքային իրավունքները կոլեկտիվ հիմունքներով կառավարող կազմակերպությունները

1.Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների իրավատերերի գույքային իրավունքների կառավարումն ապահովելու նպատակով, երբ այդ իրավունքների իրականացումը անհատական կարգով գործնականում դժվար է եւ անհնար, կարող են ստեղծվել գույքային իրավունքները կոլեկտիվ հիմունքներով կառավարող ոչ առեւտրային, շահույթ չհետապնդող կազմակերպություններ (այսուհետ՝ կազմակերպություն):

Այդպիսի կազմակերպությունները ստեղծվում են անմիջականորեն հեղինակների կամ այլ իրավատերերի կողմից։

Նույն կատեգորիայի իրավունքների կոլեկտիվ կառավարման նպատակով չի կարող ստեղծվել մեկից ավելի կազմակերպություն:

Կոլեկտիվ հիմունքներով կարող են իրականացվել`

ա) հրապարակային կատարման,

բ) հանրությանը հաղորդման,

գ) վերարտադրության,

դ) հեռարձակման եւ վերահեռարձակման,

ե) մալուխային կապով հաղորդման եւ վերահաղորդման գույքային իրավունքների կառավարումը:

2. Օգտագործման որեւէ ձեւի համար գույքային իրավունքների կոլեկտիվ հիմունքներով կառավարող կազմակերպության առկայության դեպքում սույն հոդվածով նախատեսված իրավունքներն իրականացվում են կազմակերպության միջոցով։

Պարտադիր կոլեկտիվ կառավարման ենթակա են.

վարձատրության իրավունքը`

ա) առեւտրային նպատակով արտադրված հնչյունագիրը հեռարձակման, վերահեռարձակման, կաբելով հաղորդման կամ վերահաղորդման միջոցով օգտագործելու համար,

բ)առեւտրային նպատակով արտադրված հնչյունագրում ամրագրված կատարումը հեռարձակման, վերահեռարձակման, կաբելով հաղորդման կամ վերահաղորդման միջոցով օգտագործելու համար,

գ) անձնական օգտագործման նպատակով ձայնագրությունները եւ ձայնատեսագրությունները դատարկ կրիչների վրա վերարտադրող սարքերի համար ,

դ) անձնական օգտագործման նպատակով սարքերի միջոցով ձայնագրությունների եւ ձայնատեսագրությունների վերարտադրության համար նախատեսված դատարկ կրիչների համար,

ե) տպագիր արտադրանքի արտատպման եղանակով վերարտադրող սարքերի համար ,

զ) արվեստի ստեղծագործության վերավաճառքի համար,

է) ստեղծագործության բնօրինակը կամ օրինակները կամ կատարման ձայնագրության կամ ձայնատեսագրության օրինակը վարձույթով տալու համար,

ը) ստեղծագործությունները, կենդանի կատարումը կամ հնչյունագրում ամրագրված կատարումը, բացառությամբ առեւտրային նպատակով արտադրված հնչյունագրերում ամրագրվածների, ինչպես նաեւ տեսալսողական ամրագրումներն ու հնչյունագրերը կաբելային վերահաղորդման միջոցով օգտագործելու համար:

3. Կոլեկտիվ հիմունքներով կառավարող կազմակերպությունը կարող է համաձայնագրեր կնքել օտարերկրյա պետություններում գործող նույնանման կազմակերպությունների հետ, հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների իրավատերերի կողմից տրված լիազորությունների սահմաններում թույլատրել օգտագործողներին օգտագործելու ստեղծագործությունը կամ հարակից իրավունքների օբյեկտը, իրականացնել հեղինակային վարձատրության հաշվարկումն ու գանձումը օգտագործող կազմակերպություններից:

4. Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների օբյեկտներին առնչվող հարաբերությունները կազմակերպության եւ օգտագործողների միջեւ կարգավորվում են լիցենզային պայմանագրով։ Այդպիսի պայմանագրի պայմանները պետք է միանման լինեն նույն կատեգորիայի բոլոր օգտագործողների համար։ Կազմակերպությունը չի կարող հրաժարվել օգտագործողների հետ պայմանագիր կնքելուց առանց բավարար հիմքերի։

Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների օբյեկտն օգտագործողները չեն կարող հրաժարվել կազմակերպության հետ պայմանագիր կնքելուց առանց բավարար հիմքերի եւ պարտավոր են կազմակերպության պահանջով նրան ներկայացնել հեղինակներին հասանելիք վարձատրության ճշգրիտ հաշվարկման ու բաշխման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, օգտագործված ստեղծագործությունների ցանկը, հեղինակների անունները։

Հոդված 69. Գույքային իրավունքները կոլեկտիվ հիմունքներով կառավարող կազմակերպության գործառույթները

1.Գույքային իրավունքները կոլեկտիվ հիմունքներով կառավարող կազմակերպությունը ի շահ իր կողմից ներկայացվող հեղինակային եւ հարակից իրավունքների իրավատերերի, նրանցից ստացված լիազորությունների սահմաններում իրականացնում է հետեւյալ գործառույթները.

ա) կնքել օգտագործողների հետ լիցենզային պայմանագրեր՝ ստեղծագործության եւ հարակից իրավունքների օբյեկտների օգտագործման վերաբերյալ,

բ) գանձել ստեղծագործութան կամ հարակից իրավունքների օբյեկտների օգտագործման համար սույն օրենքով նախատեսված վարձատրությունը, բաշխել եւ վճարել իր կողմից ներկայացվող հեղինակային կամ հարակից իրավունքների իրավատերերին,

գ) իրավատերերի ցանկության դեպքում ի պահ վերցնել հեղինակի ստեղծագործությունը կամ հարակից իրավունքների օբյեկտը եւ տալ այդ մասին համապատասխան փաստաթուղթ,

դ) կնքել փոխադարձ պահպանության համաձայնագրեր օտարերկրյա պետություններում գործող նմանատիպ կազմակերպությունների հետ,

ե) գանձում, բաշխում ու վճարում իրականացնելիս առաջացած փաստացի ծախսերը ծածկելու համար գանձված գումարներից սահմանված կարգով կատարել մասհանում,

զ) պահպանվող եւ չպահպանվող օբյեկտների միաժամանակյա օգտագործման դեպքում չպահպանվող օբյեկտների օգտագործման համար հաշվարկված գումարը փոխանցել իր կողմից ստեղծած համապատասխան հիմնադրամներ,

է) հեղինակին կամ հարակից իրավունքների իրավատիրոջը քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված հայցային վաղեմության ժամկետում չհայտնաբերելու դեպքում նրան հասանելիք գումարն օգտագործել ի շահ հեղինակային կամ հարակից իրավունքների այլ իրավատերերի,

ը) իրականացնել այլ գործողություններ՝ համաձայն հեղինակային կամ հարակից իրավունքների իրավատերերի կողմից տրված լիազորությունների,

թ) կատարել ցանկացած իրավաբանական գործողություններ, որոնք անհրաժեշտ են իր կողմից կառավարվող իրավունքների պաշտպանության համար,

ժ) կազմակերպության կողմից սահմանված կարգով իրավատերերին ներկայացնել ստեղծագործությունների կամ հարակից իրավունքների օբյեկտների օգտագործման մասին տեղեկատվություն։

ԳԼՈՒԽ V

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 70. Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների խախտում համարվող գործողությունները

1. Հեղինակային իրավունքի կամ հարակից իրավունքների խախտում են համարվում սույն օրենքի դրույթներին հակասող գործողությունները, ինչպես նաեւ առանց դրանց իրավատիրոջ թույլտվության իրավունքի օբյեկտի օգտագործումը, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի։

2. Հեղինակային իրավունքի կամ հարակից իրավունքների օբյեկտներիօրինակները, որոնց պատրաստումը կամ տարածումը հանգեցնում է սույն օրենքով նախատեսված իրավունքների խախտման, համարվում են կեղծ կամ նմանակված (կոնտրաֆակտ):

Նմանակված օրինակ է համարվում նաեւ Հայաստանի Հանրապետությունում սույն օրենքով պահպանվող ստեղծագործության, հնչյունագրի (կամ տեսագրության) այն օրինակը, որն առանց հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների իրավատերերի համաձայնության Հայաստանի Հանրապետություն է ներմուծվում այլ պետություններից, որտեղ այդ ստեղծագործությունը, հնչյունագիրը (կամ տեսագրությունը) երբեւէ չի պահպանվել կամ դադարել է պահպանվելուց:

3. Հեղինակային իրավունքի կամ հարակից իրավունքների խախտման համար նախատեսվում է պատասխանատվություն օրենքով սահմանված կարգով:

Հոդված 71. Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների պաշտպանությունը

1. Հեղինակային իրավունքի կամ հարակից իրավունքների իրավատերը իր իրավունքները պաշտպանելու նպատակով կարող է խախտողից պահանջել՝

1) իր իրավունքների ճանաչում.

2) մինչեւ իրավախախտումը գոյություն ունեցող դրության վերականգնում եւ իրավունքը խախտող կամ խախտման վտանգ պարունակող գործողությունների կասեցում.

3) նմանակված օրինակները, դրանց պատրաստման համար օգտագործվող նյութերի ու սարքավորումների բռնագրավումը կամ ոչնչացումը.

4) վնասի հատուցում (ներառյալ՝ բաց թողնված օգուտը) օրենքով սահմանված կարգով.

5) հոնորարի կամ վարձատրության կրկնակի չափով փոխհատուցում, որը իրավատերը կստանար, եթե իրավախախտողը թույլտվություն ունենար հեղինակային իրավունքի օբյեկտի օգտագործման համար, կամփաստացի խախտման վնասին համարժեք վնասների հատուցում, ներառյալ բաց թողնված օգուտը։

6) դատական վճռի հրապարակումը Հայաստանի Հանրապետությունում գործող զանգվածային լրատվամիջոցներով՝ դատարանի կողմից նախատեսված չափով եւ մասով, իրավախախտողի ծախսերի հաշվին,

7) իր իրավունքների պաշտպանության հետ կապված՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ միջոցների կիրառում:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ, 4-րդ եւ 5-րդ կետերում նշված միջոցների ընտրության իրավունքը պատկանում է հեղինակային իրավունքի կամ հարակից իրավունքների իրավատիրոջը:

3. Հեղինակային իրավունքի կամ հարակից իրավունքների իրավատերը իր իրավունքները պաշտպանելու նպատակով կարող է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դիմել դատարան:

4. Հեղինակային իրավունքի կամ հարակից իրավունքների իրավատերը կարող է պահանջել, որ այն անձինք, ովքեր որեւէ կերպ առնչվում են սույն օրենքով պահպանվող իրավունքների խախտմանը (արտադրողներ, տպագրողներ, ներկրողներ, նմանակված, օրինակներ կամ իրավախախտում առաջացնող սարքավորումներ տիրապետողներ) պետք է անմիջապես պահանջի դեպքում տեղեկություններ հայտնեն կեղծ օրինակների արտադրությանը եւ տարածմանը մասնակցող երրորդ անձանց, ինչպես նաեւ այդ օրինակների ձեռքբերման աղբյուրների ու տարածման ուղիների մասին եւ ներկայացնեն խախտմանն առնչվող փաստաթղթերը։

Եթե սույն կետում նշված անձինք հրաժարվում են տրամադրել պահանջված տեղեկությունը կամ փաստաթղթերը, պատասխանատվություն են կրում այն վնասների համար, որոնք կարող են պատճառվել նշված պարտականությունը կատարելուց հրաժարվելու հետեւանքով։

5. Հեղինակային իրավունքի կամ հարակից իրավունքների իրավատիրոջ չպահանջած նմանակված օրինակները, ինչպես նաեւ դրանց ստեղծման եւ վերարտադրման համար օգտագործված նյութերն ու սարքավորումները դատարանի վճռով կարող են ոչնչացվել:

Հոդված 72. Պատասխանատվություն տեխնիկական միջոցների շրջանցման համար

1. Տեխնիկական միջոց նշանակում է որեւէ տեխնոլոգիա, սարք կամ դրա բաղադրիչ մաս, որը նախատեսված է իր բնականոն օգտագործման ընթացքում արգելելու կամ սահմանափակելու ստեղծագործությունների կամ հարակից իրավունքների օբյեկտների նկատմամբ այն գործողությունները, որոնք թույլատրված չեն հեղինակային կամ հարակից իրավունքների իրավատիրոջ կողմից:

2. Տեխնիկական միջոցը համարվում է արդյունավետ, եթե պահպանվող ստեղծագործության կամ այլ օբյեկտների օգտագործումը վերահսկվում է իրավատիրոջ կողմից՝ կիրառելով մուտքի վերահսկման կամ պաշտպանության գործընթացներ, ինչպիսիք են` պաշտպանության ապահովման նպատակով ստեղծագործության կամ այլ օբյեկտի կոդավորումը, խառնաշփոթ դասավորումը կամ այլ ձեւափոխումը, կամ պատճենումը վերահսկելու մեխանիզմը:

3. Ցանկացած անձ, ով գիտակցաբար կամ գիտակցելու համար բավարար հիմքեր ունենալով, շրջանցում է որեւէ գործող տեխնիկական միջոց, պատրաստում, ներմուծում, տարածում, վաճառում, վարձույթով տալիս, վաճառքի կամ վարձույթով տալու համար գովազդում կամ առեւտրային նպատակներով տնօրինում է սարքեր, արտադրանք կամ բաղադրամասեր, կամ մատուցում է ծառայություններ, որոնք`

1) առաջադրվում, գովազդվում կամ շուկա են հանվում որեւէ գործող տեխնիկական միջոց շրջանցելու նպատակով կամ

2) որեւէ գործող տեխնիկական միջոց շրջանցելուց բացի ունեն առեւտրային իմաստով սահմանափակ նպատակ կամ նշանակություն կամ

3) ի սկզբանե նախատեսված, արտադրված, հարմարեցված կամ կատարված են որեւէ գործող տեխնիկական միջոցի շրջանցման hնարավորություն ստեղծելու կամ նպաստելու նպատակով, ենթարկվում է սույն օրենքով պահպանվող իրավունքների խախտման համար նախատեսված պատասխանատվությանը համարժեք պատասխանատվության:

Հոդված 73. Պատասխանատվություն իրավունքների կառավարման վերաբերյալ տեղեկատվության վերացման կամ փոփոխության համար

1. Իրավունքների կառավարման վերաբերյալ տեղեկատվություն է համարվում իրավատիրոջ կողմից տրամադրված ցանկացած տեղեկատվություն, որը նույնականացնում է.

1) ստեղծագործությունը կամ սույն օրենքով պահպանվող այլ օբյեկտը,

2) հեղինակին կամ սույն օրենքով պահպանվող այլ իրավունքների իրավատիրոջը,

3) ստեղծագործության կամ այլ օբյեկտի օգտագործման պայմանների եւ ժամկետների մասին տեղեկատվությունը

4) ցանկացած թվեր կամ կոդեր, որոնք պարունակում կամ ներկայացնում են այդպիսի տեղեկատվություն, երբ նշված են սույն օրենքով պահպանվող ստեղծագործության կամ այլ օբյեկտի օրինակի վրա կամ ի հայտ է գալիս սույն օրենքով պահպանվող ստեղծագործությունը կամ այլ օբյեկտը հանրությանը հաղորդելիս:

2. Ցանկացած անձ, որը վերացնում կամ փոխում է իրավունքների կառավարման վերաբերյալ ցանկացած էլեկտրոնային տեղեկատվություն, տարածում է, տարածման նպատակով ներմուծում, հեռարձակում, հանրությանը հաղորդում կամ մատչելի դարձնում սույն օրենքով պահպանվող ստեղծագործությունը կամ այլ օբյեկտները, որոնց վրա իրավունքների կառավարման վերաբերյալ էլեկտրոնային տեղեկատվությունը վերացվել կամ փոփոխվել է առանց թույլտվության, եւ որը գիտակցում է կամ բավականաչափ հիմքեր ունի գիտակցելու, որ այդպիսի գործողություններով նա դրդում, հնարավորություն է տալիս, նպաստում է որեւէ հեղինակային իրավունքի կամ սույն օրենքով պահպանվող այլ իրավունքների խախտմանը կամ թաքցնում է այն, ենթարկվում է սույն օրենքով պահպանվող իրավունքների խախտման համար նախատեսված պատասխանատվությանը համարժեք պատասխանատվության:

Հոդված 74. Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների խախտման վերաբերյալ հայցի ապահովման միջոցները

1. Դատարանը կարող է, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսդրությամբ սահմանված կարգով, գործին մասնակցող անձանց դիմումի հիման վրա կամ իր նախաձեռնությամբ հայցի ապահովման միջոցներ ձեռնարկել՝ արգելանք դնել ստեղծագործությունների, տվյալների բազաների, հնչյունագրերի կամ տեսագրությունների ենթադրվող նմանակված բոլոր օրինակների, ինչպես նաեւ դրանց ստեղծման եւ վերարտադրման համար նախատեսված նյութերի ու սարքավորումների վրա, արգելել որոշակի գործողությունների կատարումը:

2. Հեղինակային իրավունքի կամ հարակից իրավունքների խախտման դեպքում, ներկայացված կամ հետագայում ներկայացվելիք քաղաքացիական հայցի ապահովման նպատակով դատարանն իրավունք ունի անմիջականորեն կալանք դնել ենթադրվող նմանակված բոլոր օրինակների, ինչպես նաեւ դրանց ստեղծման եւ վերարտադրման համար նախատեսված նյութերի ու սարքավորումների վրա, անհրաժեշտության դեպքում՝ դրանք առգրավել եւ ոչնչացնել:

ԳԼՈՒԽ VI

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 75. Օրենքի գործողությունը

1. Սույն օրենքի դրույթները կիրառվում են այն հեղինակների ստեղծագործությունների եւ կատարողների կատարումների նկատմամբ, ովքեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են, անկախ տվյալ ստեղծագործության ստեղծման կամ հրապարակման վայրից։

2. Սույն օրենքի դրույթները կիրառվում են այն հեղինակների ստեղծագործությունների կամ կատարողների կատարումների նկատմամբ, ովքեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ չեն, սակայն նրանց ստեղծագործությունները կամ կատարումները առաջին անգամ լույս են ընծայվել (հրապարակվել են) Հայաստանի Հանրապետությունում, եթե հեղինակը կամ կատարողը Հայաստանի Հանրապետության տարածքում մշտապես բնակվող անձ է։

Ստեղծագործությունը Հայաստանի Հանրապետության տարածքում առաջին անգամ լույս ընծայված (հրապարակված) է համարվում նաեւ, եթե այլ պետության տարածքում առաջին անգամ լույս ընծայվելուց հետո՝ 30 օրվա ընթացքում լույս է ընծայվում Հայաստանի Հանրապետության տարածքում:

3. Սույն օրենքի դրույթները կիրառվում են նաեւ հնչյունագրերի նկատմամբ, որոնց արտադրողները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են կամ Հայաստանի Հանրապետության տարածքում մշտապես բնակվող անձինք։ Օտարերկրյա հնչյունագիր արտադրողի հնչյունագրերի նկատմամբ կիրառվում են սույն հոդվածի 2-րդ մասի դրույթները։

4. Սույն հոդվածի 3-րդ մասի դրույթները համապատասխանաբար կիրառվում են ֆիլմերի, ռադիո-հեռուստատեսային հաղորդումների, նախկինում չհրապարակված ստեղծագործությունների հրատարակությունների, ինչպես նաեւ տվյալների բազաների նկատմամբ։

Հոդված 76. Օտարերկրյա անձանց իրավունքները

Օտարերկրյա պետությունների քաղաքացիները կամ ռեզիդենտները Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան կամ փոխադարձության սկզբունքով օգտվում են սույն օրենքով նախատեսված իրավունքներից եւ կրում են պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին եւ ռեզիդենտներին հավասար:

Հոդված 77. Սահմանված ժամկետների հաշվարկումը

1. Սույն օրենքի 39-րդ, 47-րդ, 50-րդ, 53-րդ, 56-րդ, 60-րդ, 61-րդ, 62-րդ եւ 66-րդ հոդվածներով սահմանված ժամկետները հաշվարկվում են այդ հոդվածներում նշված իրադարձությանը հաջորդող տարվա հունվարի մեկից:

Հոդված 78. Անցումային դրույթներ

1. Սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահին գործող հեղինակային եւ հարակից իրավունքները շարունակում են գործել սույն օրենքով սահմանված դրույթներին համապատասխան եւ ժամկետներում:

2. Սույն օրենքի դրույթները տարածվում են նաեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահին Հայաստանի Հանրապետությունում գոյություն ունեցող հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների այն օբյեկտների վրա, որոնց նկատմամբ նախկինում ձեռք բերած իրավունքների գործողության ժամկետները նախկին օրենսդրությամբ լրացած էին, սակայն սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահին սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված գործողության ժամկետները դեռեւս չեն լրացել:

3. Սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի դրույթները կիրառվում են նաեւ հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների այն օբյեկտների նկատմամբ, որոնք ստեղծվել, պատրաստվել, հանրությանը մատչելի են դարձվել, կատարվել, բացահայտվել, կամ հեռարձակվել են Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս, պայմանով, որ ծագման երկրի օրենսդրությամբ դրանց նկատմամբ վերապահված իրավունքների գործողության ժամկետը չի լրացել (անկախ նախկին ձեւականություններից), եւ այդ երկիրը հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների բնագավառի՝ Հայաստանի Հանրապետության որեւէ միջազգային պայմանագրի կողմ է, եթե միջազգային պայմանագրով կամ այդ երկրի օրենսդրությամբ նույնպիսի պահպանություն է ընձեռվում Հայաստանի Հանրապետությունում ստեղծված, պատրաստված, հանրությանը մատչելի դարձված, կատարված, բացահայտված կամ հեռարձակված հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների օբյեկտներին:

4. Սույն հոդվածի 2-րդ մասի համաձայն պահպանվող օբյեկտների՝ մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը օրինական վերարտադրված օրինակները կարող են ազատ տարածվել սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո երկու տարվա ընթացքում:

5. Սույն օրենքի դրույթները կիրառվում են նաեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելուց ոչ ավելի քան 15 տարի առաջ պատրաստված տվյալների բազաների նկատմամբ:

Հոդված 79. Օրենքի ուժի մեջ մտնելը

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

2. Ուժը կորցրած ճանաչել 2000թ. հունվարի 13-ին ընդունված «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը:
 


«Հայաստանի Հանրապետության հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» նոր օրենքի նախագծի եւ դրա կապակցությամբ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ « Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի հիմնավորումներ

1. Հայաստանի Հանրապետության Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին նոր օրենքի /այսուհետ՝ օրենք/ առաջարկվող նախագծում Գործընկերության եւ Համագործակցության համաձայնագրի /ԳՀՀ/ 42-րդ եւ 43-րդ հոդվածներով նշված մտավոր սեփականության պահպանությանը վերաբերող պարտավորություններից, որոնց նպատակն է ապահովել Եվրոհամայնքում առկա պահպանության մակարդակին համապատասխան մակարդակ, ինչպես նաեւ՝ արդյունավետ միջոցներ՝ այդ իրավունքների կիրարկման համար։

Նախագծի մշակման ժամանակ հաշվի են առնվել նաեւ պրակտիկայում առաջացած մի շարք խնդիրների լուծման անհրաժեշտությունը, որանց համար անհրաժեշտ նորմերը տեղ են գտել համապատասխան հոդվածներում։

1.Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասում հարակից իրավունքների սուբյեկտների շարքում ներառվել են՝ «կինեմատոգրաֆիական կամ տեսալսողական ստեղծագործություններ եւ շարժվող պատկերներ (ֆիլմ արտադրողների) արտադրողների իրավունքները իրենց պատրաստած ֆիլմերի ամրագրումների նկատմամբ, հրատարակիչները իրավունքներն իրենց հրատարակությունների տպագրական ձեւավորումների նկատմամբ, տվյալների բազաներ պատրաստողների իրավունքներն իրենց պատրաստած տվյալների բազաների նկատմամբ։

Եվրոխորհրդի 29.10.1993թ. Հեղինակային իրավունքի եւ որոշ հարակից իրավունքների պահպանության ժամկետների մասին 93/98EEC դիրեկտիվը նախատեսում է ֆիլմեր նկարահանողների հարակից իրավունքների պահպանություն: Դիրեկտիվի 3-րդ հոդվածի 3-րդ կետի սահմանումից երեւում է, որ ֆիլմը ոչ միայն կինեմատոգրաֆիական կամ տեսալսողական ստեղծագործություն է, այլ նաեւ շարժվող պատկերներ, որոնք պատկերների հաջորդականություն են, սակայն «ստեղծագործություն» չեն կազմում, քանի որ դրանցում բացակայում է ստեղծագործական աշխատանքը: Ֆիլմեր նկարահանողները պահպանվում են ինչպես տեսալսողական ստեղծագործության, այնպես էլ շարժվող պատկերների արտադրության համար ունեցած կազմակերպչական, տեխնիկական, ֆինանսական ներդրումների համար: .

Եվրոպական պառլամենտի եւ Խորհրդի 11.03.1996թ. տվյալների բազաների իրավական պահպանության մասին 96/9EC դիրեկտիվի 3-րդ գլուխը նախատեսում է հատուկ /sui generis/ իրավունքներ տվյալների բազաների պատրասողների բազայի ստեղծման համար կատարված ներդրումների նկատմամբ, որի նպատակը ներդրումների պահպանությունն է: Այլ կերպ ասած` ներդրումների պահպանության իրավունք, քանի որ ժամանակակից տվյալների բազաները նպատակ ունեն ապահովել որոշակի հարցին կամ ոլորտին վերաբերող ամբողջական տեղեկատվություն: Միաժամանակ, հատկապես լազերային սկավառակների եւ այլնի վրա ձայնագրվող տվյալների էլեկտրոնային բազաները հեշտությամբ կարող են կրկնօրինակվել կամ օգտագործվել այլ կերպ եւ տվյալների բազաների ստեղծման համար ներդրումներ կատարած անձը չի կարողանա փոխհատուցել նույնիսկ իր ծախսերը:

Այդ պահպանությունը մանրամասն ներկայացված է տվյալների բազա պատրաստողի մասին հոդվածներում, որտեղ սահմանված են տվյալների բազա պատրասողի իրավունքները, սահմանափակումները, գործողության ժամկետը եւ իրավունքների գործողությունը Հայաստանի Հանրպետության տարածքում: Տվյալների բազաներ պատրաստողները օգտվում են լայն բացառիկ իրավունքից. տվյալներ հանելու, դրանք կրկին օգտագործելու իրավունքից, որը համապատասխանում է վերարտադրության տարածման, վարձույթի, մատչելի դարձնելու եւ այլ ձեւով փոխանցելու իրավունքներին: Իրավունքը տրվում է տվյալների բազան պատրաստողին, որը կարող է լինել ֆիզիկական կամ իրավաբանական անձ /ի տարբերություն հեղինակի/:

Դիրեկտիվի 7-րդ հոդվածով նախատեսվող պահպանությունը տարածվում է տվյալների բազայի վրա` որպես մի ամբողջություն, կամ դրա էական մասի օգտագործման վրա: Յուրաքանչյուր անհատ կարող է առանց տվյալների բազայի պատռաստողի թույլտվության օգտագործել դրա ոչ էական մասերը: Տվյալների բազաների պահպանության ժամկետ նախատեսվում է 15 տարի` պատրաստման ավարտից կամ, եթե այն հրապարակվել է, ապա հրապարակումից հետո՝ 15 տարի:

Եվ վերջապես հրատարակիչների հարակից իրավունքների պահպանությունն իրենց հրատարակությունների տպագրական ձեւավորման նկատմամբ։

22.05.2001թ. Եվրոպառլամենտի եւ խորհրդի Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների որոշ ասպեկտների ներդաշնակեցումը տեղեկատվական միջավայրում 2001/29EEC դիրեկտիվի 2-րդ հոդվածի սահմանմանը համապատասխանեցվել եւ նոր խմբագրմամբ ներկայացվել է հեղինակի եւ հարակից իրավատերերի վերարտադրության /2-րդ հոդ./, ինչպես նաեւ տարածման իրավունքները /4-րդ հոդ./։

- 3-րդ հոդվածի համապատասխան սահմանվել են իրավատերերի հանրությանը հաղորդելու եւ հանրությանը մատչելի դարձնելու իրավունքները, քանի որ նաեւ ՄՍՀԿ /WIPO/ Հեղինակային իրավունքի եւ Կատարումների ու Հնչյունագրերի մասին 1996թ. պայմանագրերը պարտավորեցնում են հեղինակներին, կատարողներին եւ հնչյունագրեր արտադրողներին` տալ իրենց ստեղծագործությունը, կատարումը կամ հնչյունագիրը հասարակությանն այնպիսի ձեւով հաղորդելու կամ մատչելի դարձնելու բացառիկ իրավունքը, որ դրանք հասարակությանը հասանելի լինեն անհատապես ընտրված ցանկացած վայրից եւ ցանկացած ժամանակ: Այլ խոսքով` ստեղծագործության, կատարման կամ հնչյունագրի տեղադրումը ինտերնետում կամ թվային հաղորդակցության ցանցում պետք է թույլատրված լինի իրավատիրոջ կողմից:

Համաձայն նշված դիրեկտիվի 5-րդ հոդվածի երկրորդ մասի ա/, բ/ ենթակետերի՝ ստեղծագործությունները կամ ձայնատեսագրությունները, ինչպես նաեւ տպագիր արտադրանքը սարքերի միջոցով դատարկ կրիչների վրա անձնական օգտագործման նպատակով վերարտադրելու համար նախատեսվում է վարձատրություն վճարել իրավատերերին։ Թեւ անձնական նպատակով օգտագործումը դասվում է ստեղծագործությունների ազատ օգտագործումների շարքում եւ հեղինակի թույլտվությունը չի ակնկալվում, ավելին՝ վերարտադրությունն իրականացվում է առանց վարձատրության, սակայն միջազգային ուսումնասիրություններով պարզվել է, որ օգտագործման հենց այս ձեւն է, որ «հակասում է ստեղծագործության բնականոն շահագործման պահանջներին եւ վնասում հեղինակների օրինական շահերը»՝ ելնելով օգտագործման լայնատարած չափերից։ Այդ իսկ պատճառով նախատեսվեց որոշակի ձեւով փոխհատուցել հեղինակի կրած վնասները՝ սահմանելով, որ այդ վարձատրության վճարողներն են լինելու ձայնագրությունների, ձայնատեսագրությունների, դրանց ամրագրման համար անհրաժեշտ դատարկ կրիչների, տպագիր արտադրանքի արտատպման համար օգտագործվող սարքավորումների ներկրող եւ արտադրող անձինք՝ առաջին վաճառքի կամ ներկրման ժամանակ։

Հստակ ներկայացվել է արվեստի ստեղծագործության հեղինակի իրավունքը վարձատրության իր մասն ունենալու վերաբերյալ արվեստի բնօրինակի հաջորդական վերավաճառքների դեպքում։ Ներկայացված է բնօրինակ ստեղծագործությունների շրջանակը Եվրոպառլամենտի եւ Խորհրդի 27.09.2001թ. Արվեստի բնօրինակ ստեղծագործության վերավաճառքից հեղինակի վարձատրության մասին 2001/84/ EC դիրեկտիվի 1-ին եւ 2-րդ հոդվածներին համապատասխան, ինչպես նաեւ վերավաճառքի իրավունքի կիրարկման համար նվազագույն շեմ, որը դիրեկտիվի 3-րդ հոդվածով սահմանված է 3000 Եվրո, սակայն 4-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն կարող է փոփոխվել։ Հոդվածը նաեւ նշում է, որ նվազագույն շեմը կարող է սահմանվել ազգային օրենսդությամբ։

Հստակեցված եւ առանձին ներկայացված են հեղինակի գույքային իրավունքների փոխանցման կարգը /զիջման պայմանագիր/, ինչպես նաեւ ստեղծագործության օգտագործման թույլտվությունը եւ այլ անհրաժեշտ պայմաններ։

Եվրոխորհրդի 29.10.1993թ. Հեղինակային իրավունքի եւ որոշ հարակից իրավունքների պահպանության ժամկետների մասին 93/98EEC դիրեկտիվի 1-ին եւ 2-րդ հոդվածները սահմանում են հեղինակի գույքային իրավունքների գործողության 70-ամյա ժամկետ` հաշված տարբեր ելակետերից:

Տեսալսողական ստեղծագործությունների նկատմամբ դիրեկտիվը հեղինակային իրավունքի գործողության ժամկետը մեկ որոշակի մակարդակի ներդաշնակեցնելու համար նախատեսում է հեղինակներից /բեմադրող ռեժիսոր, սցենարի հեղինակ, երկխոսության հեղինակ, հատուկ տեսալսողական ստեղծագործության համար երաժշտություն գրած կոմպոզիտոր/ վերջինի մահից հետո 70 տարի, անկախ նրանից՝ նրանք համահեղինակներ են համարվում իրենց ազգային օրենքով, թե՝ ոչ /դիրեկտիվի 2-րդ հոդ. 2.մաս/:

Դիրեկտիվի 3-րդ հոդվածով սահմանված են հարակից իրավունքների պահպանման ժամկետ՝ օբյեկտի ամրագրման կամ հրապարակման պահից 50 տարի։

Օրենքում գույքային իրավունքների գործողութան ժամկետները համապատասխանեցվել են դիրեկտիվի պահանջներին։

Դիրեկտիվի 4-րդ հոդվածը պահպանում եւ խրախուսում է այն անձանց, ովքեր ներդրումներ են արել հեղինակային իրավունքի գործողության ժամկետի լրանալուց հետո չհրապարակված ստեղծագործություններն առաջին անգամ հրապարակելու համար: Նրանք օգտվում են նույն գույքային իրավունքներից, ինչ հեղինակը՝ ստեղծագործությունն առաջին անգամ հանրությանը օրինական ճանապարհով հրապարակելու պահից սկսած 25 տարվա ընթացքում: Այս դրույթով հստակ առանձնանում են հեղինակի եւ հրապարակողի կամ ներդրողի իրավունքները:

Նմանատիպ մոտեցում է ապահովվում նաեւ հանրային սեփականություն դարձած ստեղծագործությունների գիտական եւ քննադատական հրատարակությունների նկատմամբ՝ հրատարակող անձին օժտելով հեղինակի գույքային իրավունքներին համարժեք իրավունքներ պահպանության 30-ամյա ժամկետով։

ՄՍՀԿ Հեղինակային իրավունքի մասին պայմանագրի /հոդ.11,12, Կատարումների եւ Հնչյունագրերի մասին պայմանագրերի /հոդ.18,19/, ինչպես նաեւ 22.05.2001թ. Եվրոպառլամենտի եւ Խորհրդի Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների որոշ ասպեկտների ներդաշնակեցումը տեղեկատվական միջավայրում 2001/29EEC դիրեկտիվի 6-րդ, 7-րդ եւ 8-րդ հոդվածներով տրվում է՝

- տեխնոլոգիական միջոցների սահմանումը, էությունը եւ այն անձի պատասխանատվության աստիճանը ու նրա նկատմամբ կիրառվող սանկցիաներն ու պատժամիջոցները, ով շրջանցում է հեղինակային եւ հարակից իրավունքների օբյեկտների նկատմամբ արգելված գործողությունները սահմանափակելու համար նախատեսված տեխնոլոգիական միջոցները ծածկագրերի ապօրինի վերծանման եւ այլ նմանատիպ գործողությունների համար, որոնք հանգեցնում են հեղինակային եւ հարակից իրավունքների խախտումների,

- իրավունքների կառավարման մասին տեղեկատվության սահմանումն ու էությունը՝ այսինքն հեղինակի կամ այլ իրավատիրոջ մասին տեղեկատվությունը, ստեղծագործության անվանումը, լիցենզավորման պայմանները, որոնք կարող են թվային տեսքով արտահայտված լինել ստեղծագործության վրա, եւ այն անձի պատասխանատվության աստիճանը ու նրա նկատմամբ կիրառվող սանկցիաներն ու պատժամիջոցները, ով ստեղծագործության վրա փոխում կամ վերացնում է իրավունքների կառավարման մասին տեղեկատվությունը։ Թվային միջավայրում ոչ մի իրավունք չի կարող իրագործվել առանց պահպանության տեխնիկական միջոցների կամ առանց իրավունքների կառավարման էլեկտրոնային տեղեկատվության, որն անհրաժեշտ է օգտագործումները թույլատրելու կամ վերահսկելու համար:

Այս դրույթները իրենց արտահայտումն են գտել օրենքի՝ հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների պաշտպանությունն ապահովող հոդվածներում։

Առավել արդյունավետ պաշտպանություն ապահովելու եւ իրականացնելու նպատակով պաշտպանության մասին հոդվածներում ներառվել են նաեւ Եվրոպառլամենտի եւ Խորհրդի 30.01.2003թ. Մտավոր սեփականության իրավունքների կիրարկումն ապահովող միջոցառումների եւ գործընթացների մասին դիրեկտիվի դրույթները։

Նախագծում հստակեցվել են ճարտարապետական շինության սեփականատեր-հեղինակ փոխհարաբերությունները, որոնք ներկայիս գործող օրենքում ըստ էության լիարժեք կարգավորված չեն։

Նախագծում հստակեցվել են բազմաթիվ նորմեր, որոնք էլ ավելի են ապահովում հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների արդյունավետ պահպանությունը։

2. «Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը հիմնականում պայմանավորված է «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի նախագծում տեղ գտած նորմերով։ Այս նախագծի 28-30-րդ եւ 32-րդ հոդվածները նպատակ ունեն համապատասխան հոդվածները համահունչ դարձնելու 1138-րդ եւ 1143-րդ հոդվածներին, դրանով իսկ հստակեցնելու մտավոր սեփականության վերաբերյալ օրենսդրությունը։

31-րդ հոդվածը նպատակ ունի հստակեցնելու ապրանքային նշանի օգտագործմանը վերաբերող նորմերը եւ վերացնելու «Ապրանքային եւ սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի հետ առկա հակասությունը։

3.«Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը եւս պայմանավորված է «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի նոր նախագծով։