Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-533-17.03.2023-ՊԱ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ոստիկանությունում ծառայության մասին» 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-401-Ն օրենքի (այսուհետ՝ օրենք) 3-րդ գլխի վերնագրում «ԱՆՑՆԵԼԸ» բառից հետո լրացնել «ԵՎ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ» բառերով:

Հոդված 2. Օրենքի 13-րդ հոդվածում՝

1) 8-րդ մասից «Սույն մասի պահանջները չեն տարածվում սույն օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերությամբ սահմանված կարգով պաշտոնի նշանակելու դեպքերի վրա:» նախադասությունը հանել,

2) 10-րդ մասից հանել «ատեստավորման,» բառը:

Հոդված 3. Օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերությունը եւ 11-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 4. Օրենքի 15-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Հոդված 15. Ոստիկանության ծառայողների ատեստավորումը

1. Ոստիկանության ծառայողների ատեստավորումն անցկացվում է՝

1) հավելավճար հաշվարկելու կամ հավելավճարի հաշվարկումը շարունակելու նպատակով.

2) ոստիկանությունում զբաղեցրած պաշտոնին հավասարազոր կամ առաջխաղացման կարգով այլ պաշտոնի նշանակվելու եւ այդ պաշտոնին համապատասխանող հավելավճար հաշվարկելու նպատակով:

2. Ոստիկանության ծառայողի ցանկությամբ սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված ատեստավորմանը կարող է նախորդել նրա վերապատրաստումը: Ոստիկանության ծառայողը մինչեւ ատեստավորումը իրավունք ունի մեկ անգամ անցնելու վերապատրաստում: Ատեստավորման նպատակով վերապատրաստումը անցկացվում է միայն առաջին անգամ ատեստավորման համար:

3. Ոստիկանությունում զբաղեցրած պաշտոնին հավասարազոր կամ առաջխաղացման կարգով այլ պաշտոնի նշանակվելու համար ոստիկանության ծառայողի ատեստավորումն իրականացվում է վերապատրաստումից հետո: Հաստիքների կրճատման, կառուցվածքային փոփոխության դեպքում՝ ոստիկանությունում այլ պաշտոնի նշանակվելիս, այդ թվում՝ պաշտոնի մեկ աստիճանով իջեցման դեպքում, ինչպես նաեւ ծառայության այլ վայր հավասարազոր պաշտոնի փոխադրվող ոստիկանության ծառայողները ատեստավորման ենթակա չեն, բացառությամբ սույն հոդվածի 8-րդ մասով նախատեսված ժամկետը լրանալու դեպքերի: Սույն օրենքի 14.1-ին հոդվածի համաձայն՝ ոստիկանությունում թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի արդյունքներով պաշտոնի նշանակված ոստիկանության ծառայողը ենթակա չէ սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված ատեստավորման: Այդ դեպքում ոստիկանության ծառայողը կարող է մասնակցել հավելավճար հաշվարկելու նպատակով անցկացվող ատեստավորմանը՝ սույն հոդվածով սահմանված կարգով:

4. Ոստիկանության ծառայողների ատեստավորման կարգը սահմանվում է Կառավարության որոշմամբ:

5. Ատեստավորման անցկացման նպատակով Լիազոր մարմնի ղեկավարի հրամանով ստեղծվում է ատեստավորման հանձնաժողով (հանձնաժողովներ):

6. Ոստիկանությունում առաջին անգամ պաշտոնի նշանակված ծառայողը կարող է ատեստավորում անցնել պաշտոնի նշանակվելուց ոչ շուտ, քան վեց ամիս անց: Նա սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված ատեստավորման համար դիմում է վեցամսյա ժամկետը լրանալուց հետո երեք տարվա ընթացքում:

7. Ատեստավորման արդյունքներով հավելավճար ստանալու իրավունք ձեռք բերելու դեպքում հավելավճարը հաշվարկվում է այդ իրավունքի ձեռքբերման օրվանից:

8. Համապատասխան պաշտոնում ատեստավորված եւ տվյալ պաշտոնի խմբի համար սահմանված չափով հավելավճար ստացող ոստիկանության ծառայողները ատեստավորվում են յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ՝ հավելավճարի հաշվարկումը շարունակելու համար: Հավելավճարի հաշվարկումը շարունակելու նպատակով ատեստավորման համար դիմելու իրավունքը ոստիկանության ծառայողի մոտ ծագում է նախորդ ատեստավորման արդյունքներով հավելավճար հաշվարկելու իրավունքը ձեռք բերելու օրվանից երկու տարի հետո:

9. Հղիության եւ ծննդաբերության, ինչպես նաեւ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդում գտնվող ոստիկանության ծառայողը ենթակա է ատեստավորման ոչ շուտ, քան արձակուրդից վերադառնալուց երեք ամիս հետո: Սույն մասով նախատեսված ոստիկանության ծառայողները ատեստավորման համար դիմում են եռամսյա ժամկետի ավարտից հետո երեք տարվա ընթացքում: Արձակուրդում կամ գործուղման մեջ գտնվող կամ ժամանակավոր անաշխատունակ ծառայողը ենթակա է ատեստավորման ոչ շուտ, քան ծառայության անցնելուց երկու ամիս հետո:

10. Եթե ոստիկանության ծառայողը սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ատեստավորման արդյունքներով ստացել է սույն հոդվածի 12-րդ մասի 1-ին կամ
2-րդ կետով նախատեսված եզրակացությունը, որից հետո նրան տրամադրվել է հղիության եւ ծննդաբերության, ինչպես նաեւ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդ, ապա հավելավճարի հաշվարկման ժամկետը արձակուրդի ժամանակահատվածում կասեցվում է: Այն վերսկսվում է նշված տեսակի արձակուրդից վերադառնալու օրը:

11. Ատեստավորման ենթակա ոստիկանության ծառայողն ատեստավորման օրվանից ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ տեղեկացվում է ատեստավորման անցկացման ժամկետի մասին:

12. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված ատեստավորման արդյունքներով կայացվում է հետեւյալ եզրակացություններից որեւէ մեկը՝

1) ենթակա է հավելավճար հաշվարկելու.

2) ենթակա է շարունակելու հավելավճարի հաշվարկումը.

3) ենթակա չէ հավելավճար հաշվարկելու.

4) ենթակա չէ շարունակելու հավելավճարի հաշվարկումը:

13. Ատեստավորման մասնակցած այն ծառայողները, որոնց վերաբերյալ կայացվել է սույն հոդվածի 12-րդ մասի 3-րդ կամ 4-րդ կետերով նախատեսված եզրակացությունը, ատեստավորման համար դիմելու ժամկետի ընթացքում ունեն ատեստավորման համար կրկին դիմելու առնվազն երկու հնարավորություն՝ համաձայն Լիազոր մարմնի ղեկավարի կողմից հաստատված ժամանակացույցի:

14. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված ատեստավորման արդյունքներով կայացվում է հետեւյալ եզրակացություններից որեւէ մեկը՝

1) ենթակա է ոստիկանությունում զբաղեցրած պաշտոնին հավասարազոր կամ առաջխաղացման կարգով այլ պաշտոնի նշանակվելու եւ նոր պաշտոնին համապատասխանող հավելավճար հաշվարկելու.

2) ենթակա չէ ոստիկանությունում զբաղեցրած պաշտոնին հավասարազոր կամ առաջխաղացման կարգով այլ պաշտոնի նշանակվելու եւ նոր պաշտոնին համապատասխանող հավելավճար հաշվարկելու:

15. Սույն հոդվածի 12-րդ եւ 14-րդ մասերով նախատեսված եզրակացությունները հաստատվում են տվյալ ոստիկանության ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի հրամանով:

16. Ատեստավորման մասնակցած այն ծառայողները, որոնց վերաբերյալ կայացվել է սույն հոդվածի 14-րդ մասի 2-րդ կետով նախատեսված եզրակացությունը, շարունակում են պաշտոնավարել իրենց պաշտոններում՝ այդ պաշտոնների համար ստացած հավելավճարի պահպանմամբ: Նշված ծառայողները սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված ատեստավորման համար կարող են կրկին դիմել ոչ շուտ, քան հրամանով հաստատված եզրակացությանը ծանոթանալու պահից մեկ տարի հետո:

17. Ոստիկանության ծառայողը պարտադիր ծանոթացվում է ատեստավորման արդյունքներին եւ կայացված եզրակացությանը: Ծառայողն իրավունք ունի վերադասության կարգով բողոքարկելու ատեստավորման արդյունքները եւ կայացված եզրակացությունը՝ դրանց ծանոթանալու օրվանից հետո ոչ ուշ, քան հինգ աշխատանքային օրվա ընթացքում կամ դատական կարգով:

18. Հավելավճար ստացող ոստիկանության ծառայողներին հաշվարկված հավելավճարի վճարումը դադարում է՝

1) սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված ատեստավորման արդյունքներով ոստիկանությունում զբաղեցրած պաշտոնին հավասարազոր կամ առաջխաղացման կարգով այլ պաշտոնի նշանակվելիս՝ այդ պաշտոնին համապատասխանող հավելավճար հաշվարկելով.

2) սույն հոդվածի 12-րդ մասի 4-րդ կետով նախատեսված եզրակացությունը կայացնելիս.

3) ոստիկանության բարձրագույն խմբի պաշտոնի նշանակվելիս:

19. Ոստիկանության ծառայողների ատեստավորման արդյունքներով հաշվարկվող հավելավճարի չափերը եւ վճարման կարգը սահմանվում են Կառավարության որոշմամբ: Սույն հոդվածի համաձայն հավելավճար հաշվարկվելու դեպքում ոստիկանության ծառայողներին «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված լրավճարը եւ զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների համար նախատեսված հավելումները չեն հաշվարկվում:

20. Ոստիկանության այն ծառայություններում, որոնցում ծառայողների անձը ծածկագրված է, եւ նրանք իրենց լիազորություններն իրականացնում են գաղտնագործունեության լիակատար պահպանմամբ, ատեստավորման կարգը եւ պայմանները սահմանում է Լիազոր մարմնի ղեկավարը:»:

Հոդված 5. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«1) ծառայության այլ վայր հավասարազոր պաշտոնին՝ ոստիկանության տվյալ պաշտոնում առնվազն մեկ տարի ծառայելուց հետո, կրտսեր խմբի պաշտոն զբաղեցնող ծառայողների փոխադրման դեպքում՝ առնվազն վեց ամիս ծառայելուց հետո, իսկ Ոստիկանության պետի որոշմամբ՝ մինչեւ սահմանված ժամկետները լրանալը.»,

2) 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 6. Օրենքի 40-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 4-րդ կետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով,

2) 1-ին մասը լրացնել 5-րդ կետով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«5) սույն օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով նախատեսված հիմքով ոստիկանությունում ծառայությունից ազատվելու դեպքում:»:

Հոդված 7. Օրենքի 45-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 2.1-ին կետում «ստորաբաժանման լուծարման կամ վերակազմակերպման» բառերը փոխարինել «կառուցվածքային փոփոխության» բառերով,

2) 1-ին մասի 12-րդ կետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով,

3) 1-ին մասը լրացնել 13-րդ կետով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«13) սույն օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ, 8-րդ կամ 9-րդ մասերով նախատեսված ժամկետներում սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված ատեստավորման համար չդիմելու կամ սույն օրենքի 15-րդ հոդվածի 13-րդ մասով նախատեսված ժամկետում ատեստավորման համար կրկին չդիմելու կամ ատեստավորման արդյունքում սույն օրենքի 15-րդ հոդվածի 12-րդ մասի 3-րդ կամ
4-րդ կետերով նախատեսված եզրակացություն կայացնելու դեպքում:»:

4) Հոդվածը լրացնել 4-րդ մասով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«4. Ոստիկանության ծառայողները (բացառությամբ Լիազոր մարմնի ուսումնական հաստատություններում սովորողը, այդ թվում՝ Լիազոր մարմնի կողմից այլ ուսումնական հաստատություններ գործուղվածը) ազատվում են ոստիկանությունում ծառայությունից սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով (այդ թվում՝ սույն օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասով) նախատեսված ատեստավորման համար ոչ ուշ, քան երեք տարվա ընթացքում չդիմելու դեպքում:»:

Հոդված 8. Օրենքի 46-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերում «ստորաբաժանման լուծարման կամ վերակազմակերպման» բառերը փոխարինել «կառուցվածքային փոփոխության» բառերով,

2) 1-ին մասի 4-րդ կետից «ատեստավորման արդյունքների հիման վրա,» բառերը հանել:

Հոդված 9. Անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի մայիսի 1-ից:

2. Ոստիկանության այն ծառայողները, ովքեր ցանկություն են հայտնել սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված ատեստավորումն անցնել վերապատրաստումից հետո, այդ իրավունքը կարող են իրականացնել 2024 թվականի հունվարի 1-ից հետո՝ Լիազոր մարմնի ղեկավարի կողմից հաստատված ժամանակացույցի համաձայն:

3. Ոստիկանությունում այլ պաշտոնի կամ ծառայության փոխադրվող, ինչպես նաեւ առաջխաղացման կարգով նշանակվող ոստիկանության ծառայողների համար ատեստավորման կամ վերապատրաստաման պարտադիր պահանջը գործում է 2024 թվականի հունվարի 1-ից:

4. Ոստիկանության գործող կառուցվածքում ներառված, սակայն Ներքին գործերի նախարարության ձեւավորումից հետո գործունեությունը դադարեցվող աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների ծառայողներն ատեստավորման ենթակա չեն, իսկ գործունեությունը դադարեցվող հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների ծառայողների ցանկը, ովքեր ենթակա չեն ատեստավորման, սահմանվում է Լիազոր մարմնի ղեկավարի հրամանով:

5. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում: