Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-511-13.02.2023-ՏՏԳՇ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-334 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածում լրացնել նոր պարբերություն.

«միասնական էլեկտրոնային հարթակ ՝ սույն օրենքի 24.1-ին հոդվածով նախատեսված էլեկտրոնային հարթակ, որի կիրառմամբ բազմաբնակարան շենքի կառավարման մարմինը սույն օրենքով նախատեսված ծանուցումները, իրազեկումները եւ հաշվետվությունները կարող է իրականացնել (ներկայացնել) էլեկտրոնային եղանակով:»:

Հոդված 2. Օրենքում լրացնել նոր 24.1-ին հոդված.

«Հոդված 24.1. Բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի կողմից ծանուցումները, իրազեկումները եւ հաշվետվությունները էլեկտրոնային եղանակով ներկայացնելը

1. Բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի կողմից սույն օրենքով նախատեսված ծանուցումները, իրազեկումները եւ հաշվետվությունները կարող են իրականացվել (ներկայացվել) նաեւ սույն հոդվածով նախատեսված միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով:

2. Միասնական էլեկտրոնային հարթակը ստեղծում եւ վարում է քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմինը:

3. Բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի՝ միասնական էլեկտրոնային հարթակին միացած լինելու դեպքում, բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի կողմից սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ծանուցումների, իրազեկումների եւ հաշվետվությունների պաշտոնական հրապարակումն իրականացվում է բացառապես միասնական էլեկտրոնային հարթակում:

4. Միասնական էլեկտրոնային հարթակի տեխնիկական նկարագիրը, վարման կարգը, բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի կողմից միասնական էլեկտրոնային հարթակին միանալու կարգը, ժամկետները, միասնական էլեկտրոնային հարթակում ծանուցումների, իրազեկումների եւ հաշվետվությունների տեղադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

5. Միասնական էլեկտրոնային հարթակում սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ծանուցումները, իրազեկումները եւ հաշվետվությունները համարվում են հրապարակված տեղադրման պահից: Համապատասխան ծանուցումները համարվում են հանձնված (ստացված), իսկ իրազեկումները պատշաճ կատարված՝ տեղադրելուց հետո հինգերորդ օրը:»:

Հոդված 3. Սույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման oրվան հաջորդող oրվանից:

Հոդված 4. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո չորսամսյա ժամկետում: Սույն օրենքի 2-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր 24.1-ին հոդվածի 1-ին մասում նախատեսված միասնական էլեկտրոնային հարթակը գործարկվում է սույն հոդվածով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ մտնելուց հետո տասներկու ամսվա ընթացքում: