Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-412-17.10.2022,02.02.2023-ՏՀ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 2011 թվականի նոյեմբերի 28-ի Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 3-րդ հոդվածի 1-ին մասի.

1) 49-րդ կետում «կառուցման տարածքից» բառերից հետո լրացնել «գետի հունից» բառերը.

2) 50-րդ կետում «կամ ջրամբարների» բառերից հետո լրացնել «կամ գետերի հունի արգելապատնեշների» բառերը:

Հոդված 2. Օրենսգրքի 26-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ 4-րդ եւ 5-րդ մասերով՝

«4. Հայաստանի Հանրապետությունում արգելվում է սահմանային շերտում սահմանային գետերի հունից գետավազի արդյունահանումը, բացառությամբ՝ օրենսգրքի 48.4-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի միանգամյա թույլտվություն ստացած անձի կողմից սահմանային շերտում սահմանային գետերի արգելապատնեշների կառուցման նպատակով գետի հունից գետավազի արդյունահանման դեպքերի:

5. Ընդերքի առանձին տեղամասերի օգտագործումն արգելվում է Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված այլ դեպքերում:»:

Հոդված 3.

1) Օրենսգրքի 30-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ 2.4-րդ եւ 2.5-րդ մասերով.

«2.4. Սահմանային շերտում սահմանային գետի գետաողողատներից ավազ արդյունահանելու նպատակով ընդերքօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից տվյալ գետի հունից ավազի արդյունահանման դեպքում ընդերքօգտագործման իրավունքը լիազոր մարմնի որոշմամբ կասեցվում է մինչեւ վարչական իրավախախտման վերաբերյալ գործով կայացված որոշումն ուժի մեջ մտնելը: Ընդերքօգտագործման իրավունքը կասեցնելու վերաբերյալ լիազոր մարմնի որոշումը ենթակա է անհապաղ կատարման:

2.5. Սույն հոդվածի 2.4.-րդ մասով նախատեսված դեպքում ընդերքօգտագործման իրավունքը կասեցնելու նպատակով ազգային անվտանգության ապահովման բնագավառի լիազոր մարմինը կամ ընդերքի օգտագործման եւ պահպանության բնագավառում պետական վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը լիազոր մարմին են ներկայացնում համապատասխան գրություն՝ հիմնավորող փաստաթղթերով: Լիազոր մարմինը փաստաթղթերն ուսումնասիրում եւ ընդերքօգտագործման իրավունքը կասեցնելու վերաբերյալ որոշումն ընդունում է դրանք ստանալուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում:».

2) Օրենսգրքի 30-րդ հոդվածի 5-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ 9-10-րդ կետերով.

«9) սահմանային շերտում սահմանային գետերի գետաողողատներից ավազ արդյունահանելու նպատակով ընդերքօգտագործման իրավունք կրող անձանց կողմից տվյալ գետի հունից ավազի արդյունահանման դեպքը ընդերքօգտագործման իրավունքի գործողության ամբողջ ժամկետում կրկնվել է՝ հիմք ընդունելով բնապահպանության եւ ընդերքի ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի միջնորդագիրը ընդերքօգտագործման իրավունքը դադարեցնելու մասին.

10) սահմանային շերտում սահմանային գետերի ափերին գտնվող գետաողողատային տիպի հանքավայրերից ավազի եւ ավազակոպճային խառնուրդի պաշարների արդյունահանման աշխատանքները ՋիՊիԷս (Գլոբալ Տեղորոշման Համակարգ, այսուհետ՝ GPS) համակարգով չկահավորված կամ այդ համակարգը սերվերային ենթակառուցվածքին չմիացված՝ հանութաբարձիչ եւ հանութափոխադրիչ տրանսպորտային միջոցների եւ (կամ) սարքավորումների միջոցով իրականացնելու դեպքը ընդերքօգտագործման իրավունքի գործողության ամբողջ ժամկետում կրկնվել է՝ հիմք ընդունելով բնապահպանության եւ ընդերքի ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի միջնորդագիրը ընդերքօգտագործման իրավունքը դադարեցնելու մասին.»:

Հոդված 4. Օրենսգրքի 48.2-րդ հոդվածի 1-ին, 3-րդ մասերում, 4-րդ մասի 4-րդ կետում եւ 6-րդ մասի 3-րդ կետում «կամ ջրամբարների» բառերից հետո լրացնել «կամ գետերի հունի արգելապատնեշների» բառերը:

Հոդված 5. Օրենսգրքի 48.4-րդ հոդվածի 1-ին մասում «կամ ջրամբարների» բառերից հետո լրացնել «կամ գետերի հունի արգելապատնեշների» բառերը:

Հոդված 6. Օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 26.1-ին կետով.

«26.1) սահմանային շերտում սահմանային գետերի ափերին գտնվող գետաողողատային տիպի հանքավայրերից ավազի եւ ավազակոպճային խառնուրդի պաշարների արդյունահանման աշխատանքների իրականացումն ապահովել GPS համակարգով կահավորված եւ այդ համակարգը սերվերային ենթակառուցվածքին միացված՝ հանութաբարձիչ եւ հանութափոխադրիչ տրանսպորտային միջոցների եւ (կամ) սարքավորումների միջոցով: Սույն կետում նշված տրանսպորտային միջոցները կամ սարքավորումները GPS համակարգով կահավորված լինելու պայմանները սահմանում է կառավարությունը սույն օրենսգրքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի 25-րդ կետում սահմանված լիազորության շրջանակներում.»:

Հոդված 7. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի ապրիլի 1-ից:

2. Սույն օրենքի կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական իրավական ակտերը Կառավարությունը սահմանում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ժամկետում: