Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-479-22.12.2022-ՏՏԳՇ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տարածքային կառավարման մասին» 2019 թվականի նոյեմբերի 14-ի ՀՕ-252-Ն օրենքի  (այսուհետ` Օրենք)  1-ին հոդվածում «իրականացնող մարմնի,» բառերից հետո հանել «տարածքային կառավարման ոլորտը համակարգող փոխվարչապետի,» բառերը:

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
 
Հոդված 4. Տարածքային կառավարման ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող եւ իրականացնող մարմին

1. Տարածքային կառավարման ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող եւ իրականացնող մարմինը (այսուհետ՝ լիազորված մարմին)՝

1) մշակում է տարածքային զարգացման ռազմավարությունն ու դրա իրականացմանն ուղղված ծրագրերը.

2) մարզպետների գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով համակարգում է մարզպետների ընթացիկ գործունեությունը, ինչպես նաեւ պետական կառավարման համակարգի այլ մարմինների հետ վերջիններիս աշխատանքները.

3) քննարկում եւ համադրում է տարածքների համաչափ զարգացումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով եւ այլ միջոցներով նախատեսվող ծրագրերը.

4) պետական կառավարման համակարգի մարմիններից, մարզպետներից եւ տեղական ինքնակառավարման մարմիններից սահմանված կարգով ստանում է Կառավարության տարածքային քաղաքականությանը վերաբերող անհրաժեշտ տեղեկատվությունը.

5) իրականացնում է իրավական հսկողություն համայնքի ղեկավարի սեփական եւ պետության պատվիրակված լիազորությունների ու համայնքի ավագանու լիազորությունների իրականացման նկատմամբ, ինչպես նաեւ գրավոր համաձայնություն է տալիս մասնագիտական հսկողության մարմինների կողմից իրականացվող մասնագիտական եւ իրավական հսկողությանը.

6) Երեւան համայնքում իրականացնում է տարածքային կառավարում, որի առանձնահատկությունները սահմանվում են «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքով.

7) իրավական հսկողություն է իրականացնում մարզպետների ընդունած որոշումների նկատմամբ եւ անհրաժեշտության դեպքում դրանք ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում վարչապետին.

2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված ռազմավարությունը հաստատում է Կառավարությունը:

Հոդված 3. Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 4.1-րդ հոդվածը:

Հոդված 4. Օրենքի 5-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
 
« Հոդված 5. Մարզպետը եւ նրա ընդհանուր լիազորությունները

1. Կառավարությունը մարզերում իր տարածքային քաղաքականությունն իրագործում է մարզպետների միջոցով:

2. Մարզպետը`

1) սահմանված կարգով լիազորված մարմնի միջոցով Կառավարության եւ վարչապետի քննարկմանն է ներկայացնում նրանց իրավասությանը վերապահված հարցերը.

2) պետական կառավարման համակարգի մարմինների տարածքային ստորաբաժանումներից, ինչպես նաեւ տեղական ինքնակառավարման մարմիններից ստանում է տարածքային համաչափ զարգացմանն ուղղված պետական քաղաքականության իրականացման գործընթացներին առնչվող տեղեկատվություն եւ նյութեր.

3) լիազորված մարմին է ներկայացնում առաջարկություններ տարածքային համաչափ զարգացմանն ուղղված պետական քաղաքականության իրականացման ուղղությամբ.

4) համագործակցում է պետական կառավարման համակարգի այլ մարմինների հետ եւ քննարկման է ներկայացնում նրանց իրավասության շրջանակում մարզին առնչվող հարցերը.

5) սահմանված կարգով նախապատրաստում եւ առաջարկություններ է ներկայացնում Կառավարություն մարզում պետական կառավարման իրականացման համար պետական բյուջեից անհրաժեշտ ամենամյա հատկացումների վերաբերյալ.

6) սահմանված կարգով մասնակցում է պետական բյուջեի նախագծի, ինչպես նաեւ Կառավարության տարածքային քաղաքականության մշակման աշխատանքներին.

7) ամենամյա հաշվետվություններ է ներկայացնում Կառավարություն` իր գործունեության եւ մարզի ընդհանուր սոցիալ-տնտեսական վիճակի մասին, ընթացիկ հաշվետվություններ է ներկայացնում լիազորված մարմին, ինչպես նաեւ ապահովում է հաշվետվությունների հրապարակայնացումը զանգվածային լրատվական միջոցներով.

8) պարտադիր քննության է առնում պետական կառավարման համակարգի մարմինների կողմից մարզպետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների եւ դրանց ղեկավարների աշխատանքի վերաբերյալ առաջարկությունները եւ սահմանված ժամկետում այդ մարմիններին տեղեկացնում ձեռնարկված միջոցների մասին.

9) միջոցներ է ձեռնարկում մարզի տարածքում պետական սեփականության պահպանության եւ արդյունավետ օգտագործման ուղղությամբ.

10) սահմանված կարգով տեղեկատվություն է տրամադրում համապատասխան պետական կառավարման համակարգի մարմնին իր կողմից տվյալ բնագավառում Կառավարության տարածքային քաղաքականության իրագործման վերաբերյալ.

11) իր իրավասության սահմաններում միջոցներ է ձեռնարկում քաղաքացիների իրավունքները եւ ազատությունները ապահովելու ուղղությամբ.

12) իրեն վերապահված լիազորությունների սահմաններում մասնակցում է համապատասխան բնագավառում Կառավարության լիազորած պետական կառավարման համակարգի մարմնին վերապահված լիազորությունների իրականացմանն ուղղված աշխատանքների կազմակերպմանը՝ վերջինիս դիմելու դեպքում:

3. Մարզպետն ընդունում է որոշումներ:

4. Մարզպետի տեղակալը մարզի աշխարհազորային պայմանական զորամիավորման ղեկավարն (հրամանատարն) է: Մարզպետի տեղակալի կողմից մարզի աշխարհազորային պայմանական զորամիավորման ղեկավարումն իրականացվում է աշխարհազորի պատրաստության ու կիրառման պլանների համաձայն:»:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հոդված 6. Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված՝ համապատասխան ենթաօրենսդրական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում: 
  
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ

ԻՐԱՎԱՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

«Տարածքային կառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունումը պայմանավորված է հետեւյալ հանգամանքով:

Նախագծերի ընդունման նպատակն է բարձրացնել մարզպետների եւ մարզպետների աշխատակազմերի գործունեության արդյունավետությունը՝ սահմանելով վերջիններիս հաշվետվողականության ավելի ճկուն եւ օպերատիվ մեխանիզմ: Մասնավորապես,

1. «Տարածքային կառավարման մասին» օրենքում նախատեսվում է սահմանել դրույթներ, որոնց համաձայն  Կառավարության քաղաքականությունը մշակող եւ իրականացնող մարմինը

1) մարզպետների գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով համակարգելու է մարզպետների ընթացիկ գործունեությունը, ինչպես նաեւ պետական կառավարման համակարգի այլ մարմինների հետ վերջիններիս աշխատանքները.

2) քննարկելու եւ համադրելու է տարածքների համաչափ զարգացումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով եւ այլ միջոցներով նախատեսվող ծրագրերը.

3) իրավական հսկողություն է իրականացնելու մարզպետների ընդունած որոշումների նկատմամբ եւ անհրաժեշտության դեպքում դրանք ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնելու վարչապետին.

4) իրականացնելու է մարզպետի աշխատակազմի գործունեության վերահսկողությունը.

5) լսելու է մարզպետի աշխատակազմի գործունեության մասին հաշվետվությունները, քննելու է գործունեության ստուգման արդյունքները:

Այսպիսով, Մարզպետներին հնարավորություն է ընձեռնվելու նաեւ անմիջապես Կառավարության քաղաքականությունը մշակող եւ իրականացնող մարմնի միջոցով Կառավարության եւ վարչապետի քննարկմանը ներկայացնել իրենց իրավասությանը վերապահված հարցերը, Կառավարության քաղաքականությունը մշակող եւ իրականացնող մարմնի միջոցով  ներկայացնել առաջարկություններ տարածքային համաչափ զարգացմանն ուղղված պետական քաղաքականության իրականացման ուղղությամբ, ընթացիկ հաշվետվություն ներկայացնել Կառավարության քաղաքականությունը մշակող եւ իրականացնող մարմնին, պարտավորվելու են նաեւ պարտադիր քննության առնել Կառավարության քաղաքականությունը մշակող եւ իրականացնող մարմնի կողմից մարզպետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների եւ դրանց ղեկավարների աշխատանքի վերաբերյալ առաջարկությունները եւ սահմանված ժամկետում տեղեկացնել ձեռնարկված միջոցների մասին

Նշվածի համատեքստում անհրաժեշտություն է առաջացել կատարել համապատասխան փոփոխություններ եւ լրացնումներ նաեւ  «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում եւ «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքում:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք:

Նախագծերը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության  կողմից:

Ակնկալվող արդյունքը.

Նշված փոփոխությունների արդյունքում կբարձրացվի մարզպետների հաշվետվողականությունը եւ վերջիններիս աշխատակազմերի գործունեության արդյունավետությունը:

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ:

«Տարածքային կառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին»  օրենքների նախագծերի ընդունումը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:

Իրավական ակտի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն.

«Տարածքային կառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» նախագծերի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ եւ/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա:
 


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Տարածքային կառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Գրություն