Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-4601-06.12.2022-ԱռՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» 2000 թվականի մայիսի 17-ի ՀՕ-60 օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության» բառերը փոխարինել «բացառությամբ Հայաստանի Հանրապետության առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասերորդ օրը:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Դեղերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտության

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Հաշվի առնելով այն, որ դեղը որպես ապրանք ունի այլ ապրանքներից տարբերվող առանձնահատկություններ, դեղերի շրջանառության ոլորտը առանձնահատուկ եւ խիստ կարգավորման ենթարկելու նպատակով այդ ապրանքի վերաբերյալ ընդունվել եւ գործում է առանձին օրենք: Նշվածով պայմանավորված՝ անհրաժեշտ է նաեւ ոլորտում գործող օրենսդրական պահանջների կատարման նկատմամբ ճկուն եւ գործուն վերահսկողական մեխանիզմների առկայություն: Մյուս կողմից, ներկայումս գործող «Դեղերի մասին» օրենքով հնարավոր չէ վերահսկել Հայաստանի Հանրապետությունում չգրանցված կամ գրանցումն օրենքով սահմանված կարգով կասեցված կամ օրենքի խախտմամբ կեղծ դեղեր իրացնելու, դեղանյութերը, դեղաբուսական հումքը, հետազոտվող դեղագործական արտադրանքը օրենքի խախտմամբ իրացնելու, դեղատներից իրացման կամ բաց թողնման ենթակա հիմնական դեղերի ցանկին համապատասխան նվազագույն տեսականի չապահովելու, ոչ դեղագիտական խորհրդատվություն տրամադրելու, առեւտրի սրահներում, սպասասրահներում պիտանիության ժամկետն անցած դեղեր պահելու, դեղատներում կաթիլաներարկման լուծույթներ պատրաստելու, դեղատոմսով բաց թողնվող դեղերն առանց դեղատոմսի իրացնելու, դեղատանը պատրաստված դեղերը առանց պիտանիության ժամկետի նշման բաց թողնելու, օրենքով նախատեսված կարգի խախտմամբ առանց հայերեն ներդիր-թերթիկի դեղերի իրացման, դեղատոմսով բաց թողնվող դեղի՝ դեղատանը առկա նույն ակտիվ բաղադրատարրը պարունակող նույն դեղաչափով եւ դեղաձեւով փոխադարձաբար փոխարինելի բոլոր դեղերի վերաբերյալ սպառիչ տեղեկատվություն ներկայացնելու խախտումները:

Նախագիծը մշակվել է նաեւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2021 թվականից սկսեց գործել նոր Քրեական օրենսգիրքը, որտեղ կան նորամուծություններ բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գլուխներում:

Նորամուծությունն այն է, որ ավելացել են քրեական պատասխանատվության դրույթներ (հոդվածներ 408,409,410,411) հետեւյալ դեպքերում՝ դեղերի, դեղանյութերի, դեղաբուսական հումքերի, օժանդակ նյութերի, բժշկական արտադրատեսակների կամ հետազոտվող դեղագործական արտադրանքների ապօրինի շրջանառություն, իրացման նպատակով կեղծ դեղերի, դեղանյութերի, դեղաբուսական հումքերի, օժանդակ նյութերի, բժշկական արտադրատեսակների կամ հետազոտվող դեղագործական արտադրանքների շրջանառության կամ դրանք իրացնել, կեղծ դեղերի, դեղանյութերի, դեղաբուսական հումքերի, օժանդակ նյութերի, բժշկական արտադրատեսակների կամ հետազոտվող դեղագործական արտադրանքների ինքնությունը հավաստող կեղծ փաստաթղթեր պատրաստելը կամ օգտագործելը, դեղերի, դեղանյութերի, դեղաբուսական հումքերի, օժանդակ նյութերի, բժշկական արտադրատեսակների կամ հետազոտվող դեղագործական արտադրանքների ինքնությունը հավաստող իրական փաստաթղթերի ապօրինի շրջանառությունը:

Ելնելով վերը նշվածներից նախագծով առաջարկվում է «Դեղերի մասին» օրենքում նախատեսել հսկիչ գնումների միջոցով պետական վերահսկողություն իրականացնելու իրավական հնարավորության առկայություն: Այսինքն, նախագծով Հայաստանի Հանրապետության առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի համար ներդրվում են խախտումների բացահատման օրենսդրական գործուն մեխանիզմներ:

Միաժամանակ, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքի համապատասխան հոդվածներում առաջարկվում է բարձրացնել տուգանքի չափերը:

Նշվածով պայմանավորված՝ նախատեսվում է նաեւ լրացում կատարել «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում՝ ամրագրելով Հայաստանի Հանրապետության առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի կողմից իրականացված հսկիչ գնումների արդյունքում ձեռք բերված դեղերը վերադարձնելու հնարավորություն:

2. Նախագծերի փաթեթի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի պատգամավորների կողմից:

3. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է հստակեցնել դեղերի իրացման ոլորտում խախտումները բացահայտելու գործընթացը:

ՏԵՂԵԿԱՆՔ

«Դեղերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ նոր իրավական ակտերի ընդունման կամ այլ իրավական ակտերում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու անհրաժեշտության մասին

«Դեղերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի ընդունմամբ կառաջանա «Դեղերի մասին» օրենքից բխող նոր կառավարության որոշմամբ «Հսկիչ գնման իրականացման կարգը» սահմանելու անհրաժեշտություն:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


05 դեկտեմբեր 2022 թվական

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

պարոն ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ

Մեծարգո պարոն Սիմոնյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների՝ որպես օրենսդրական նախաձեռնություն, Ձեզ ենք ներկայացնում «Դեղերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն՝ գրությանը կցվում են.

ա) նախագիծը (հիմնական զեկուցող՝ Նարեկ Զեյնալյան),

բ) նախագծի ընդունման հիմնավորումը,

գ) գործող օրենքներում փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքը,

դ) նախագծի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:

Խնդրում ենք սահմանված կարգով նախագիծը դնել շրջանառության մեջ:



ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ՝
ՆԱՐԵԿ ԶԵՅՆԱԼՅԱՆ
ԼՈՒՍԻՆԵ ԲԱԴԱԼՅԱՆ