Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-4592-05.12.2022-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ԱՐԺԵՔԻՆ ՄՈՏԱՐԿՎԱԾ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» 2019 թվականի նոյեմբերի 19-ի ՀՕ-225-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի աղյուսակից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություն.

«Սույն կետով սահմանված՝ ավարտվածության աստիճանը բնութագրող գործակիցը չի կիրառվում Երեւան քաղաքի վարչական սահմաններում կառուցվող այն անհատական բնակելի տների նկատմամբ, որոնց շինարարության թույլտվության ժամկետն ավարտվել կամ երկարաձգվել է: Սույն պարբերությամբ սահմանված դեպքերում ավարտվածության աստիճանը բնութագրող գործակիցը սահմանվում է 1.0:»:

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի աղյուսակից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություն.

«Սույն կետով սահմանված՝ ավարտվածության աստիճանը բնութագրող գործակիցը չի կիրառվում այն բազմաբնակարան բնակելի շենքերի (բացառությամբ Կառավարության սահմանած ցանկում ընդգրկված՝ սահմանամերձ համայնքներում կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքերի) նկատմամբ, որոնց շինարարության թույլտվության ժամկետն ավարտվել կամ երկարաձգվել է: Սույն պարբերությամբ սահմանված դեպքերում ավարտվածության աստիճանը բնութագրող գործակիցը սահմանվում է 1.0:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից եւ կիրառվում է նաեւ այն շինությունների մասով, որոնց շինարարության թույլտվության ժամկետը 2023 թվականի հունվարի 1-ի դրությամբ ավարտվել է եւ չի երկարաձգվել, ինչպես նաեւ այն շինությունների մասով, որոնց շինարարության թույլտվության ժամկետը ավարտվել է 2023 թվականի հունվարի 1-ի դրությամբ եւ երկարաձգվել է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո: Սույն օրենքը չի կիրառվում այն շինությունների մասով, որոնց շինարարության թույլտվության ժամկետն ավարտվել եւ երկարաձգվել է մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը՝ մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնել երկարաձգված՝ շինարարության թույլտվության երկարաձգված ժամկետում:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ԱՐԺԵՔԻՆ ՄՈՏԱՐԿՎԱԾ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծերի նպատակը պետական եւ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վրա կառուցված շինությունների՝ (այդ թվում՝ ինքնակամ) անշարժ գույքի հարկով հարկման ընթացակարգերի կատարելագործումը, ինչպես նաեւ անավարտ (կիսակառույց) շինությունները ավարտին հասցնելու համար խթաններ ստեղծելու նպատակով այդ շինությունների մասով հարկային բեռի վերանայումն է:

2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները. Գործող օրենսդրության համաձայն՝

1)  անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ է համարվում միայն անշարժ գույքի հարկ վճարողին սեփականության իրավունքով պատկանող հողամասի վրա կառուցված ինքնակամ շինությունը, իսկ համայնքային կամ պետական սեփականության հողամասերի վրա կառուցված ինքնակամ շինություններն անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ չեն համարվում եւ չեն հարկվում անշարժ գույքի հարկով,

2) անշարժ գույքի հարկ նախատեսված է միայն պետական սեփականության հողամասերի մշտական օգտագործողների մասով, իսկ պետական սեփականության շինությունների եւ համայնքային սեփականության հողամասերի եւ շինությունների համար անշարժ գույքի հարկ նախատեսված չէ,

3) կառուցապատման կամ վարձակալության իրավունքով տրված պետական կամ համայնքային հողամասերի վրա կառուցված շինությունների (այդ թվում՝ ինքնակամ) մասով անշարժ գույքի հարկի գծով պարտավորություններ նախատեսված չեն,

4) անավարտ շինությունների մասով անշարժ գույքի հարկի հաշվարկման առումով սահմանված է ավարտվածության աստիճանից կախված՝ անշարժ գույքի հարկման բազան նվազեցնող գործակից, որի կիրառությունը կախված չէ շինարարության թույլտվության ժամկետների երկարաձգումների հետ,

5) համայնքի տարածքում շինարարության թույլտվության տրամադրման համար նախատեսված է տեղական տուրք, իսկ շինարարության թույլտվության ժամկետը երկարաձգելու համար տեղական տուրք նախատեսված չէ:

Խնդիրն այն է, որ՝

1)  համայնքային կամ պետական սեփականության հողամասերի վրա կառուցված ինքնակամ շինությունների մասով անշարժ գույքի հարկի գծով պարտավորությունների բացակայությունը հակադրվում է ինքնակամ շինարարությունը բացառելու կամ նվազեցնելու ուղղությամբ իրականացվող քաղաքականությանը,

2) պետական սեփականության շինությունների եւ համայնքային սեփականության հողամասերի եւ շինությունների համար անշարժ գույքի հարկի բացակայությունը չի բխում հարկման արդարության սկզբունքից,

3) կառուցապատման կամ վարձակալության իրավունքով տրված պետական կամ համայնքային հողամասերի վրա կառուցված շինությունների մասով անշարժ գույքի հարկի բացակայությունը, ինչպես նաեւ ավարտվածության աստիճանից կախված՝ անշարժ գույքի հարկի գծով հարկային բեռը նվազեցնող գործակցի առկայությունը չի նպաստում անավարտ շինություններն ավարտին հասցնելու գործընթացին,

4) շինարարության թույլտվությունների տրամադրման համար նախատեսված տեղական տուրքը բավական ցածր է, իսկ շինարարության թույլտվության ժամկետի երկարաձգման համար տեղական տուրքի բացակայությունը նույնպես չի նպաստում անավարտ շինությունները ավարտին հասցնելու գործընթացին:

3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծերով առաջարկվում է սահմանել, որ՝

1)  անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ են համարվում նաեւ պետական եւ համայնքային սեփականության հողամասերի վրա կառուցված ինքնակամ շինությունները,

2) անշարժ գույքի հարկ վճարում են նաեւ պետական եւ համայնքային սեփականության հողամասերի եւ շինությունների անհատույց (մշտական) օգտագործողները,

3) անշարժ գույքի հարկ վճարում են նաեւ կառուցապատման կամ վարձակալության իրավունքով տրամադրված՝ պետական եւ համայնքային սեփականության հողամասերի մշտական օգտագործողները՝ ստորգետնյա եւ վերգետնյա շենքերի, շինությունների կամ կառույցների մասով,

4) շինարարության թույլտվության ժամկետն անցնելու կամ երկարաձգելու դեպքում ավարտվածության աստիճանից կախված՝ անշարժ գույքի հարկման բազան նվազեցնող գործակիցները չեն կիրառվում,

5) շինարարության թույլտվության ժամկետները երկարաձգելու համար նույնպես վճարվում է տեղական տուրք՝ ընդգծված բարձր դրույքաչափերով, որպեսզի կանխվեն շինարարության ժամկետներն անընդհատ երկարաձգելու՝ կառուցապատողների ձգտումները:

Նախագծերով նաեւ առաջարկվում է բարձրացնել շինարարության թույլտվության տրամադրման համար նախատեսված տեղական տուրքի դրույքաչափերը:

4. Կարգավորման առարկան. Նախագծերով կարգավորման առարկան պետական եւ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վրա կառուցված շինությունների (այդ թվում՝ ինքնակամ)՝ անշարժ գույքի հարկով հարկման ընթացակարգերն են, ինչպես նաեւ անավարտ (կիսակառույց) շինությունների համար նախատեսված հարկային (այդ թվում՝ տեղական տուրքի գծով) բեռն է:

5. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք . Նախագծերը մշակվել են ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:

6. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծերով ընդունման արդյունքում ակնկալվում է վերանայել պետական եւ համայնքային սեփականության հողամասերի եւ շինությունների հարկման ընթացակարգերը, ինչպես նաեւ վերանայելով անավարտ շինությունների գծով հարկային բեռը եւ շինարարության թույլտվությունների երկարաձգման համար նախատեսելով բավական բարձր տեղական տուրքեր՝ նախատեսել խթաններ անավարտ շինությունների քանակը կրճատելու համար:

7. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ.

Նախագծերի ընդունման անհրաժեշտությունը ներկա պահին գործող ռազմավարական փաստաթղթերով ամրագրված ռազմավարական նպատակադրումների հետ ուղիղ առնչություն չունի:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ԱՐԺԵՔԻՆ ՄՈՏԱՐԿՎԱԾ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն