Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-446-29.11.2022-ԳԿ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» 2001 թվականի հունիսի 26-ի ՀՕ-196-Ն օրենքի 2-րդ հոդվածի է) կետը շարադրել հետեւյալ բովանդակությամբ.

«պրոֆեսիոնալ մարզաձեւ՝ սպորտի բնագավառում շահույթ հետապնդող գործունեություն, որին մասնակցում են պրոֆեսիոնալ մարզական կազմակերպությունները (լիգաներ, ակումբներ, թիմեր), սպորտը որպես մասնագիտություն ընտրած մարզիկները.»

Նույն հոդվածի «ժե)» կետը շարադրել հետեւյալ բովանդակությամբ.

«Դոպինգ՝ Համաշխարհային հակադոպինգային օրենսգրքով սահմանված հակադոպինգային կանոնների մեկ կամ մի քանի խախտումների դեպքեր.»

Նույն հոդվածի «ժզ)» կետը շարադրել հետեւյալ բովանդակությամբ.

«Հակադոպինգային գործունեություն՝ հակադոպինգային կրթություն եւ տեղեկատվություն, թեստերի բաշխման պլանավորում, գրանցված թեստավորման լողավազանի պահպանում, մարզիկների կենսաբանական անձնագրերի կառավարում, փորձարկումների անցկացում, նմուշների վերլուծության կազմակերպում, հետախուզության հավաքագրում եւ հետազոտությունների անցկացում, Թերապեվտիկ օգտագործման բացառության դիմումների մշակում, արդյունքներ կառավարում, մշտադիտարկում եւ վրա հասնող հետեւանքների համապատասխանեցում,  հակադոպինգին վերաբերող բոլոր այլ գործողությունների կատարում, որոնք պետք է իրականացվեն հակադոպինգային կազմակերպության կողմից կամ նրա անունից, ինչպես սահմանված է Համաշխարհային հակադոպինգային օրենսգրքում եւ/կամ միջազգային չափորոշիչներում.»

Նույն հոդվածը լրացնել նոր Ժթ) կետով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Հայաստանում Ազգային հակադոպինգային կազմակերպություն՝ կառավարության կողմից ստեղծված կազմակերպություն Հայաստանի Հանրապետությունում հակադոպինգային գործունեություն իրականացնելու համար»

Հոդված 2. «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» 2001 թվականի հունիսի 26-ի ՀՕ-196-Ն օրենքի  9-րդ հոդվածի ժ.7) կետը շարադրել հետեւյալ բովանդակությամբ.

«ապահովում է Հայաստանում Ազգային հակադոպինգային կազմակերպության գործառնական անկախությունը եւ նպաստում դրա համապատասխանությանը Սպորտում դոպինգի դեմ ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային կոնվենցիային, Համաշխարհային հակադոպինգային օրենսգրքին եւ միջազգային չափորոշիչներին:

Հոդված 3. «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» 2001 թվականի հունիսի 26-ի ՀՕ-196-Ն օրենքի 12-րդ հոդվածի վերջին պարբերությունից հետո ավելացնել նոր պարբերություն հետեւյալ բովանդակությամբ.

«ՀԱՕԿ-ը պատասխանատու է Հայաստանում Ազգային հակադոպինգային կազմակերպությանն աջակցելու համար՝ նախաձեռնելով եւ իրականացնելով Համաշխարհային հակադոպինգային օրենսգրքով եւ միջազգային չափորոշիչներով նախատեսված բոլոր պարտավորությունները:»

Հոդված 4. «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» 2001 թվականի հունիսի 26-ի ՀՕ-196-Ն օրենքի 13-րդ հոդվածի գ) կետը շարադրել հետեւյալ բովանդակությամբ.

«աջակցել Հայաստանում Ազգային հակադոպինգային կազմակերպությանը իրականացնելու իր՝ Համաշխարհային հակադոպինգային օրենսգրքով եւ միջազգային չափորոշիչներով ստանձնած բոլոր պարտավորությունները»:

Հոդված 5. «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» 2001 թվականի հունիսի 26-ի ՀՕ-196-Ն օրենքի 18.6-րդ հոդվածի 1-ին մասի դ) կետը շարադրել հետեւյալ բովանդակությամբ.

«օգտվելու բժշկական սպասարկումից, ինչպես նաեւ ստանալ համապատասխան բուժում հիվանդությունների, վնասվածքների դեպքում բուժհաստատություններում, բժշկական դիսպանսերներում, միշտ տեղեկացնելով բժշկական անձնակազմին արգելված նյութեր եւ արգելված մեթոդներ չօգտագործելու իրենց պարտավորության մասին եւ պատասխանատվություն ստանձնելու՝ համոզվելու համար, որ ստացված ցանկացած բուժօգնություն չի խախտում հակադոպինգային քաղաքականությունը եւ կանոնները, որոնք ընդունվել են Համաշխարհային հակադոպինգային օրենսգրքի համաձայն.»

Նույն հոդվածի 2-րդ մասի ե) կետը շարադրել հետեւյալ բովանդակությամբ.

«տեղեկացված լինել եւ հետեւել հակադոպինգային բոլոր քաղաքականություններին եւ կանոններին, որոնք ընդունվել են Համաշխարհային հակադոպինգային օրենսգրքի համաձայն, ներառյալ Հայաստանի ազգային հակադոպինգային կազմակերպության հակադոպինգային կանոնները.»

Հոդված 6. «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» 2001 թվականի հունիսի 26-ի ՀՕ-196-Ն օրենքի 18.7-րդ հոդվածի 1-ին պարբերությունից հետո լրացնել նոր պարբերություն՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Հավաքական թիմի մարզիչներն ու մասնագետները պետք է տեղյակ լինեն եւ համապատասխանեն հակադոպինգային բոլոր քաղաքականություններին եւ կանոններին, որոնք ընդունվել են Համաշխարհային հակադոպինգային օրենսգրքով, ներառյալ Հայաստանում Ազգային հակադոպինգային կազմակերպության հակադոպինգային կանոններով:»

Հոդված 7. «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» 2001 թվականի հունիսի 26-ի ՀՕ-196-Ն օրենքի 18.9-րդ հոդվածի 1-ին պարբերությունից հետո լրացնել նոր պարբերություն՝  հետեւյալ բովանդակությամբ.

«Հավաքականի թիմի բժիշկները պետք է տեղյակ լինեն եւ համապատասխանեն հակադոպինգային բոլոր քաղաքականություններին եւ կանոններին, որոնք ընդունվել են Համաշխարհային հակադոպինգային օրենսգրքի համաձայն, ներառյալ Հայաստանում Ազգային հակադոպինգային կազմակերպության ազգային հակադոպինգային կանոնները:»

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու անհրաժեշտության մասին

Ընթացիկ իրավիճակը եւ առկա խնդիրները, առաջարկվող կարագավորումները

Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին ՀՀ օրենքում փոփոխությունների եւ լրացումների կատարումը պայմանավորված է միջազգային իրավունքի սկզբունքների եւ նորմերի կիրառման անհրաժեշտությամբ, ինչպես նաեւ ոլորտին ներկայացվող արդի պահանջներին համապատասխանելու հրամայականով: Փոփոխությունների նախաձեռնությունը պայմանավորված է նաեւ Համաշխարհային Հակադոպինգային Գործակալության (այսուհետ՝ ՀՀԳ) կողմից Հայաստանի «Հակադոպինգային գործակալություն» ՊՈԱԿ-ին հասցեագրված գրությամբ, որում ներկայացված է խիստ պահանջ՝ իրականացնելու փոփոխություններ եւ լրացումներ ՀՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին 2001թ. հունիսի 26-ի N ՀՕ-196-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) այն հոդվածներում, որոնք կապված են դոպինգի սահմանման եւ հակադոպինգային գործունեության հետ:

Համապատասխանեցման գործընթացի իրականացման համար անհրաժեշտություն է առաջանում Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին ՀՀ օրենքում կատարել դոպինգ նորմերին եւ կանոններին վերաբերող որոշակի փոփոխություններ եւ լրացումներ, որի կատարման պարտադիրությունը պայմանավորված է նաեւ ՀՀ կողմից վավերացված Համաշխարհային հակադոպինգային օրենսգրքով սահմանված պարտադիր եւ անհրաժեշտ իրավանորմերին համապատասխանելու ստանձնած պարտավորությամբ:

Ակնկալվող արդյունքը

Հիմք ընդունելով այն փաստը, որ 2001թ.-ից հետո հակադոպինգային գործունեության ոլորտում ՀՀԳ-ի կողմից իրականացվել են զգալի փոփոխություններ, առաջարկվող փոփոխությունների եւ լրացումների կատարմամբ ակնկալվում է ոլորտի առավել կայուն զարգացում ու կարգավորում՝ Օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու վերաբերյալ նախագծի մշակման եւ օրենսդրությամբ պարտադիր բոլոր ընթացակարգերի կազմակերպման եւ պահպանման ուղղությամբ: Սահմանված փոփոխությունները միտված են համապատասխանեցնելու միջազգային եւ ներպետական իրավունքի նորմերը եւ որի չկատարումը կարող է հանգեցնել նշված ոլորտում իրականացվող գործունեության՝ միջազգային նորմերին եւ սկզբունքներին անհամապատասխան գործելու շարունակական փորձ:

Բացի դա միջազգային չափորոշիչներին համապատասխանեցնելը նաեւ ՀՀ Սահմանադրությամբ սահմանված պարտադիր նորմերի կատարում է, մասնավորապես,

Հայաստանի Հանրապետության անունից կնքված միջազգային պայմանագրերը կիրառվում են միայն վավերացվելուց հետո:

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագիծը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշումից

Նախագծի  ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ



29   նոյեմբերի  2022թ.

Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ
ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ

Հարգարժան պարոն Սիմոնյան,

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածների՝ օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին»  ՀՀ օրենքում  փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության  օրենքի նախագիծը:

Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն՝ գրությանը կցվում են՝

ա) նախագիծը (հիմնական զեկուցող՝ Սիսակ Գաբրիելյան),

բ) նախագծի ընդունման հիմնավորումը,

գ) գործող օրենքում փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքը:

Խնդրում եմ օրենքի նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

Հարգանքով՝                                            Սիսակ Գաբրիելյան (031)