Armenian ARMSCII Armenian
Կ-100-04.09.2003-ՍԱ-010/3ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՔԱՐՏԵՐԻ ՄԱՍԻՆ

  • Գլուխ 1. Ընդհանուր դրույթներ
  • Գլուխ 2. Սոցիալական քարտերի տեղեկատվական բազան եւ սոցիալական քարտերի կիրառումը
  • Գլուխ 3. Լիազորված մարմնի ու քաղաքացիների իրավունքները եւ պարտականությունները
  • Գլուխ 4. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

  • ԳԼՈՒԽ 1.

    ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ



    Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

    Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք ունեցող եւ բնակվող օտարերկրյա քաղաքացիներին, քաղաքացիություն չունեցող անձանց ու փախստականի կարգավիճակ ունեցող անձանց (այսուհետ՝ քաղաքացիներ) տրամադրվող սոցիալական ապահովության քարտեր (այսուհետ` սոցիալական քարտ) հատկացնելու, կիրառելու եւ սոցիալական քարտի համարի կիրառման հետ կապված հարաբերությունները:

    Հոդված 2. Սոցիալական քարտերի մասին օրենսդրությունը

    1. Սոցիալական քարտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, սույն օրենքից, այլ օրենքներից, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից եւ իրավական այլ ակտերից:

    2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

    Հոդված 3. Սոցիալական քարտի հասկացությունը

    1. Սոցիալական քարտը քաղաքացիներին հատկացվող փաստաթուղթ է, որի միջոցով ապահովվում է քաղաքացիների սոցիալական ապահովության իրավունքի իրականացումը:

    2. Սոցիալական քարտի ձեւը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Սոցիալական քարտը տրվում է անվճար:

    3. Սոցիալական քարտը հատկացնում է ՀայաստանիՀանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը (այսուհետ՝ լիազորված մարմին):

    Հոդված 4. Սոցիալական քարտի համարը

    1. Քաղաքացուն հատկացվող սոցիալական քարտի համարը եզակի է եւ փոփոխման ենթակա չէ:

    2. Սոցիալական քարտի համարի ձեւավորման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

    Հոդված 5. Սոցիալական քարտերի համակարգի ստեղծման նպատակը

    Սոցիալական քարտերի համակարգի ստեղծման նպատակը տեղեկատվական համակարգերում անհատական տվյալների մշակման ընթացքում քաղաքացու նույնականացումը (իդենտիֆիկացումը), օրենսդրությամբ սահմանված կարգով տեղեկատվության փոխանակման գործընթացների կանոնակարգումը, բարելավումը եւ քաղաքացու անհատական տվյալների գաղտնիության ապահովումն է:
     


    ԳԼՈՒԽ 2.

    ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՔԱՐՏԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԲԱԶԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՔԱՐՏԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

    Հոդված 6. Սոցիալական քարտերի տեղեկատվական բազան

    1. Սոցիալական քարտերի տեղեկատվական բազան (այսուհետ` տեղեկատվական բազա) սոցիալական քարտեր ստացած քաղաքացիների անհատական տվյալների ամբողջությունն է:

    2. Տեղեկատվական բազան ձեւավորվում է քաղաքացիների ներկայացրած եւ համապատասխան պետական կառավարման մարմինների տրամադրած տվյալների հիման վրա:

    Հոդված 7. Սոցիալական քարտերի տեղեկատվական բազայում ներառվող տվյալները եւ բազայի վարումը

    1. Տեղեկատվական բազան ներառում է քաղաքացիների սոցիալական քարտերի համարները, ինչպես նաեւ քաղաքացիներին վերաբերող հետեւյալ տվյալները.

    1) անունը, ազգանունը եւ հայրանունը.

    2) ծննդյան օրը, ամիսը եւ տարին.

    3) սեռը.

    4) Հայաստանի Հանրապետության մինչեւ 16 տարեկան քաղաքացիների համար ծննդյան վկայականի, իսկ 16 տարին լրացած քաղաքացիների համար անձնագրի սերիան եւ համարը.

    5) օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց համար Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակը հավաստող փաստաթղթի սերիան եւ համարը.

    6) Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունք ունեցող եւ բնակվող, սակայն կացության կարգավիճակ չունեցող օտարերկրյա քաղաքացիների համար անձնագրի կամ ծննդյան վկայականի սերիան եւ համարը.

    7) փախստականի կարգավիճակ ունեցողների համար փախստականի վկայականի սերիան եւ համարը.

    8) այն իրավասու մարմնի անվանումը, գտնվելու վայրը, որտեղ ներկայացվել է սոցիալական քարտ ստանալու հայտը (այսուհետ` հայտ).

    9) սոցիալական քարտի հատկացման օրը, ամիսը եւ տարին.

    10) մահվան դեպքում` մահվան օրը, ամիսը եւ տարին:

    2. Պետական կառավարման մարմինների կողմից տեղեկատվական բազան ձեւավորելու համար անհրաժեշտ տվյալները լիազորված մարմնին տրամադրելու եւ տեղեկատվական բազան վարելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

    3. Սոցիալական քարտ ստանալու համար ներկայացված անհատական տվյալների գաղտնիությունը պաշտպանվում է օրենքով սահմանված կարգով:

    Հոդված 8. Սոցիալական քարտ հատկացնելու համար տվյալներ ներկայացնելը

    1. Քաղաքացիները, սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 1-7-րդ կետերում նշված տվյալները` հայտերում լրացնելու միջոցով, ներկայացնում են համապատասխան իրավասու մարմնին, որն այդ տվյալները փոխանցում է լիազորված մարմնին:

    2. Իրավասու մարմինների ցանկը, քաղաքացիների կողմից տվյալներ ներկայացնելու եւ իրավասու մարմինների կողմից քաղաքացիների անհատական տվյալները լիազորված մարմին փոխանցելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

    3. Սոցիալական քարտ ստանալու համար ներկայացվող տվյալներն անհրաժեշտության դեպքում հաստատվում են սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 4-7-րդ կետերում նշված փաստաթղթերով:

    Հոդված 9. Սոցիալական քարտ հատկացնելը կամ սոցիալական քարտ հատկացնելը մերժելը

    1. Ներկայացված հայտի հիման վրա լիազորված մարմինը, 30 օրվա ընթացքում, տեղեկատվական բազա է մուտքագրում քաղաքացու անհատական տվյալները եւ`

    1) ձեւավորում է քաղաքացու սոցիալական քարտի համարը եւ սոցիալական քարտը փոխանցում է այն մարմնին, որից ստացվել է քաղաքացու հայտը.

    2) մերժում է քաղաքացու հայտը՝ այդ մասին տեղեկացնելով այն մարմնին, որից ստացվել է քաղաքացու հայտը:

    2. Սոցիալական քարտ ստանալու հայտը մերժվում է, եթե՝

    1) քաղաքացուն արդեն հատկացվել է սոցիալական քարտ.

    2) հայտը պարունակում է անճշտություններ:

    Հայտը մերժելու մասին հայտնվում է գրավոր՝ նշելով դրա պատճառը եւ կրկին դիմելու ընթացակարգերը:

    3. Քաղաքացին իրավասու մարմնից անձամբ կամ իր ներկայացուցչի միջոցով ստանում է իր սոցիալական քարտը կամ սոցիալական քարտ տալը մերժելու մասին փաստաթուղթը:

    4. Քաղաքացուն սոցիալական քարտ հատկացնելու եւ դրան առնչվող փաստաթղթերը պահպանելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

    Հոդված 10. Տեղեկատվական բազայում ներառված տվյալները փոփոխելը, քաղաքացուն նոր սոցիալական քարտ կամ սոցիալական քարտի կրկնօրինակ հատկացնելը

    1. Տեղեկատվական բազայում ներառված անհատական տվյալները փոփոխվում են՝

    1) պետական կառավարման համապատասխան մարմնից ստացված` մահացած անձանց վերաբերող տեղեկատվության հիման վրա.

    2) քաղաքացու դիմելու դեպքում, եթե բազայում ներառված` քաղաքացու անհատական տվյալներում առկա են անճշտություններ, կամ փոխվել է քաղաքացուն վերաբերող` տեղեկատվական բազայում ներառված որեւէ անհատական տվյալ:

    2. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դեպքերում քաղաքացուն հատկացվում է նոր սոցիալական քարտ:

    3. Քաղաքացուն հատկացվում է սոցիալական քարտի կրկնօրինակ, եթե՝

    1) կորել է քաղաքացու սոցիալական քարտը.

    2) սոցիալական քարտը գործածության համար դարձել է ոչ պիտանի:

    4. Տեղեկատվական բազայում ներառված` քաղաքացիների անհատական տվյալներում փոփոխություններ կատարելու, նոր սոցիալական քարտ կամ սոցիալական քարտի կրկնօրինակ հատկացնելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

    Հոդված 11. Սոցիալական քարտի եւ սոցիալական քարտի համարի կիրառումը

    1. Սոցիալական քարտի համարը կիրառվում է քաղաքացիների անհատական տվյալները մշակելիս՝

    1) քաղաքացուն աշխատավարձ եւ դրան հավասարեցված եկամուտ վճարելու, սոցիալական ապահովության եւ ապահովագրության պետական ու ոչ պետական ծրագրերով նախատեսված կենսաթոշակ, նպաստ, հատուցում նշանակելու եւ վճարելու ժամանակ.

    2) հարկեր, տուրքեր, պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ, ինչպես նաեւ պարտադիր այլ վճարներ վճարելու ժամանակ.

    3) կազմակերպությունների կողմից այն տեղեկատվական բազաները վարելու ժամանակ, որտեղից սույն հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերով նախատեսված գործառնություններն իրականացնելու համար օրենքով սահմանված դեպքերում տեղեկատվություն է տրամադրվում պետական կառավարման մարմիններին.

    4) քաղաքացու կողմից բանկային հաշիվ բացելու ժամանակ.

    5) պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, պետական եւ համայնքային ենթակայության կազմակերպությունների թղթային ու ինքնաշխատ տեղեկատվական բազաները վարելու ժամանակ:

    2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված գործառնությունների հաշվառման ու հաշվետվական փաստաթղթերը՝ սոցիալական քարտ չունեցող անձանց մասով, համարվում են անվավեր, եթե դրանցում նշված չեն սոցիալական քարտերի համարները:

    3. Սոցիալական քարտի եւ սոցիալական քարտի համարի կիրառման կանոնները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

    ԳԼՈՒԽ 3.

    ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄՆԻ ՈՒ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

    Հոդված 12. Լիազորված մարմնի իրավունքները եւ պարտականությունները

    1. Լիազորված մարմինն իրավունք ունի՝

    1) իրավասու մարմիններից ստանալ սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված տվյալները.

    2) ճշտել տեղեկատվական բազա մուտքագրվող տվյալների հավաստիությունը.

    3) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով Հայաստանի Հանրապետության պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններից ստանալ անհրաժեշտ տեղեկություններ տեղեկատվական բազան վարելու համար:

    2. Լիազորված մարմինը պարտավոր է՝

    1) սույն օրենքի եւ այլ իրավական ակտերի համաձայն՝ ապահովել տեղեկատվական բազայի բնականոն գործունեությունը, իր իրավասության շրջանակներում ընդունել նորմատիվ ակտեր եւ տալ պարզաբանումներ սոցիալական քարտերի համակարգի աշխատանքների կազմակերպման ու տեղեկատվական բազան վարելու վերաբերյալ.

    2) սույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում ձեւավորել սոցիալական քարտերի համարները, իրավասու մարմիններ փոխանցել քաղաքացիների սոցիալական քարտերը.

    3) տեղեկատվական բազայից տվյալներ տրամադրել` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.

    4) քաղաքացու դիմելու դեպքում նրան տրամադրել տեղեկատվական բազայում ներառված` նրա անհատական տվյալների մասին տեղեկատվություն.

    5) Հայաստանի Հանրապետության պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններից ստացված տեղեկատվության հիման վրա կամ քաղաքացու դիմելու դեպքում փոփոխություններ կատարել քաղաքացու՝ տեղեկատվական բազայում ներառված անհատական տվյալներում.

    6) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով քաղաքացուն տրամադրել նոր սոցիալական քարտ կամ սոցիալական քարտի կրկնօրինակ:

    Հոդված 13. Քաղաքացու իրավունքները եւ պարտականությունները

    1. Քաղաքացին իրավունք ունի՝

    1) ստանալ սոցիալական քարտ.

    2) իրավասու մարմիններից անվճար ստանալ սոցիալական քարտ ստանալու հայտի ձեւաթուղթ.

    3) դիմել լիազորված մարմին՝ տեղեկատվական բազայում ներառված իր անհատական տվյալներին ծանոթանալու կամ դրանցում փոփոխություններ կատարելու համար.

    4) դիմել լիազորված մարմին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով նոր սոցիալական քարտ կամ սոցիալական քարտի կրկնօրինակ ստանալու համար:

    2. Քաղաքացին պարտավոր է՝

    1) սոցիալական քարտ ստանալու համար դիմելիս համապատասխան իրավասու մարմին ներկայացնել հավաստի տվյալներ եւ անհրաժեշտ փաստաթղթեր.

    2 ) իր սոցիալական քարտը ներկայացնել այն մարմիններ, որոնց դա անհրաժեշտ է սույն օրենքի 11-րդ հոդվածի պահանջները կատարելու համար:

    Հոդված 14. Պատասխանատվությունը սույն օրենքը խախտելու դեպքում

    Սույն օրենքը խախտողները պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:

    Հոդված 15. Սոցիալական քարտին վերաբերող որոշումների բողոքարկումը

    Սոցիալական քարտին վերաբերող որոշումները կարող են բողոքարկվել վերադասության կամ դատական կարգով:
     

    ԳԼՈՒԽ 4.

    ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

    Հոդված 16. Օրենքի ուժի մեջ մտնելը

    Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

    Հոդված 17. Անցումային դրույթներ

    1. Սույն օրենքի 11-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում 2004 թվականի հուլիսի 1-ից:

    2. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը հատկացված անհատական քարտերը համարվում են վավեր: Անհատական քարտերը սոցիալական քարտերով փոխանակելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

    3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել 2002 թվականի սեպտեմբերի 24-ի «Անհատական ծածկագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը: