Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-417-27.10.2022-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 62-րդ հոդվածի`

1. 6-րդ մասում «7-րդ մասով» բառերից հետո լրացնել «եւ 8-րդ մասի երրորդ պարբերությամբ» բառերը,

2. 8-րդ մասի առաջին պարբերության վերջին նախադասությունը հանել եւ նույն մասում լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություն.

«Սույն մասի առաջին պարբերության դրույթները չեն կիրառվում՝

1) եթե սույն մասի առաջին պարբերությամբ սահմանված գույքային միավորների օտարման գործարքի կողմ է համարվում պետությունը կամ համայնքը (բացառությամբ այն դեպքերի, երբ գործարքը կատարվում է այլ կազմակերպության միջոցով),

2) բանկի կամ վարկային կազմակերպության կողմից սույն մասի առաջին պարբերությամբ սահմանված այնպիսի գույքային միավորների օտարման գործարքների դեպքում, որոնց նկատմամբ բանկի կամ վարկային կազմակերպության գրավի իրավունքը գրանցվել է մինչեւ «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի ուժի մեջ մտնելը, եւ այդ գույքը բանկին կամ վարկային կազմակերպությանը սեփականության իրավունքով փոխանցվել է հարկադիր կամ սնանկության աճուրդում գնման արդյունքում:»:

Հոդված 2. Օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 47-րդ կետի «ժդ.» ենթակետում «լիզինգային պայմանագրի» բառերից առաջ լրացնել «ԱԱՀ վճարող համարվող կազմակերպությանը, անհատ ձեռնարկատիրոջը կամ նոտարին» բառերը:

Հոդված 3. Օրենսգրքի 108-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 26-րդ կետ.

«26) շահութահարկ վճարողի՝ այլ կազմակերպությունում ունեցած բաժնետոմսերի, բաժնեմասերի կամ փայաբաժինների օտարումից ստացվող եկամուտները, եթե բաժնետոմսի, բաժնեմասի կամ փայաբաժնի օտարումը կատարվում է բաժնետոմսը, բաժնեմասը կամ փայաբաժինը ձեռք բերելու օրը ներառող հարկային տարվան հաջորդող երեք հարկային տարիները լրանալուց հետո:»:

Հոդված 4. Օրենսգրքի 109-րդ հոդվածի՝

1. 1-ին մասի 2-րդ կետի ա. եւ բ. ենթակետերի երկրորդ պարբերություններից հանել «, եւ շենքի վրա կատարված ծախսերի (ընթացիկ, կապիտալ) տարբերակումը կատարվում է դրա կադաստրային արժեքից ելնելով» բառերը,

2. 1-ին մասի վերջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Սույն մասի դրույթները չեն կիրառվում՝

1) եթե սույն մասով սահմանված գույքային միավորների օտարման կամ վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնելու գործարքի կողմ է համարվում պետությունը կամ համայնքը (բացառությամբ այն դեպքերի, երբ գործարքը կատարվում է այլ կազմակերպության միջոցով),

2) բանկի կամ վարկային կազմակերպության կողմից սույն մասով սահմանված այնպիսի գույքային միավորների օտարման գործարքների դեպքում, որոնց նկատմամբ բանկի կամ վարկային կազմակերպության գրավի իրավունքը գրանցվել է մինչեւ «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի ուժի մեջ մտնելը, եւ այդ գույքը բանկին կամ վարկային կազմակերպությանը սեփականության իրավունքով փոխանցվել է հարկադիր կամ սնանկության աճուրդում գնման արդյունքում,

3) եթե բանկի կամ վարկային կազմակերպության սեփականությանն անցած (այդ թվում՝ պարտքի դիմաց ստացված)՝ սույն մասով սահմանված՝ գրավ դրված գույքային միավորները բանկի կամ վարկային կազմակերպության կողմից այդ գույքն ի սեփականություն վերցնելուց հետո` մեկ տարվա ընթացքում, օտարվում են այդ գույքի նախկին սեփականատիրոջը (որի գույքի վրա տարածվել էր բռնագանձումը) կամ նրա իրավահաջորդին,

4) լիզինգի (տարատեսակների) պայմանագրի շրջանակներում լիզինգատուի կողմից լիզինգառուին սույն մասով սահմանված գույքային միավորների օտարման գործարքների նկատմամբ,

5) Կառավարության որոշումների հիման վրա սույն մասով սահմանված գույքային միավորների օտարման կամ վարձակալության հանձնման գործարքների նկատմամբ:»,

3. 1-ին մասից հետո լրացնել 1.1-ին մաս՝ հետեւյալ բովանդակությամբ.

«1.1 Հարկադիր կամ սնանկության աճուրդում գնման արդյունքում բանկին կամ վարկային կազմակերպությանը սեփականության իրավունքով փոխանցված՝ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված գույքային միավորների օտարումից եկամուտը հաշվարկվում է՝ հիմք ընդունելով գործարքի փաստացի գինը (առանց՝ ԱԱՀ-ի), բայց ոչ պակաս, քան հարկադիր կամ սնանկության աճուրդում այդ գույքի ձեռք բերման գինը (առանց՝ ԱԱՀ-ի): Սույն մասով սահմանված կարգավորումները կիրառվում են միայն այն գույքային միավորների օտարման գործարքների մասով, որոնց նկատմամբ բանկի կամ վարկային կազմակերպության գրավի իրավունքը գրանցվել է մինչեւ «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի ուժի մեջ մտնելը:»:

Հոդված 5. Օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 20-րդ կետ.

«20) շահութահարկ վճարողի՝ այլ կազմակերպությունում ունեցած բաժնետոմսերի, բաժնեմասերի կամ փայաբաժինների հաշվեկշռային արժեքները, եթե բաժնետոմսի, բաժնեմասի կամ փայաբաժնի օտարումը կատարվում է բաժնետոմսը, բաժնեմասը կամ փայաբաժինը ձեռք բերելու օրը ներառող հարկային տարվան հաջորդող երեք հարկային տարիները լրանալուց հետո:»:

Հոդված 6. Օրենսգրքի 121-րդ հոդվածի՝

1. 3-րդ մասի առաջին պարբերության 1-ին կետի բ. եւ գ. ենթակետերում «սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով» բառերից հետո լրացնել «կամ 2-րդ մասով» բառերը,

2. 3-րդ մասի երկրորդ պարբերության՝

ա. 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1) հիմնական միջոցների եւ ոչ նյութական ակտիվի վրա կատարված ծախսերը՝ որպես կապիտալ կամ ընթացիկ բնույթի ծախսեր, դասակարգելու համար գործառնական վարձակալությամբ կամ լիզինգով (տարատեսակներով) կամ անհատույց օգտագործմամբ վերցված հիմնական միջոցների եւ ոչ նյութական ակտիվների սկզբնական եւ (կամ) հաշվեկշռային արժեքներ են ընդունվում վարձատուի կամ լիզինգատուի կամ անհատույց օգտագործման տրամադրողի (բացառությամբ, եթե վարձատու կամ լիզինգատու կամ անհատույց օգտագործման տրամադրող է հադիսանում անհատ ձեռնարկատեր եւ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձը կամ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունը) մոտ հաշվառված՝ համապատասխանաբար սկզբնական եւ (կամ) հաշվեկշռային արժեքները, որոնք նշվում են համապատասխան ակտում կամ պայմանագրում կամ հանձնման-ընդունման փաստաթղթում: Անհատ ձեռնարկատեր եւ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձից կամ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունից գործառնական վարձակալությամբ կամ լիզինգով (տարատեսակներով) կամ անհատույց օգտագործմամբ վերցված հիմնական միջոցների եւ ոչ նյութական ակտիվների սկզբնական եւ հաշվեկշռային արժեքները որոշվում են տվյալ գույքի ձեռք բերման փաստաթղթերում նշված ձեռք բերման արժեքի չափով:

Սույն կետով սահմանված փաստաթղթերում սկզբնական եւ (կամ) հաշվեկշռային արժեքների բացակայության դեպքում (բացառությամբ՝ շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների, հողամասերի վարձակալության կամ լիզինգով (տարատեսակներով) կամ անհատույց օգտագործման վերցնելու գործարքների դեպքերի) այդ արժեքները համարվում են զրո, իսկ շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների, հողամասերի վարձակալության կամ լիզինգով (տարատեսակներով) կամ անհատույց օգտագործման վերցնելու գործարքների դեպքերում սկզբնական արժեքները եւ հաշվեկշռային արժեքները որոշվում են Օրենսգրքի 228-րդ հոդվածով սահմանված կարգով որոշվող՝ անշարժ գույքի հարկով հարկման բազայի 80 տոկոսի չափով.»,

բ. 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2) գործառնական վարձակալությամբ կամ լիզինգով (տարատեսակներով) կամ անհատույց օգտագործմամբ վերցված հիմնական միջոցների եւ ոչ նյութական ակտիվների վրա կատարված կապիտալ բնույթի ծախսերն ամորտիզացնելու համար որպես ամորտիզացիոն նվազագույն ժամկետ է ընդունվում սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով կամ 2-րդ մասով սահմանված ժամկետը, իսկ որպես մնացորդային ամորտիզացիոն ժամանակահատված է ընդունվում վարձատուի կամ լիզինգատուի կամ անհատույց օգտագործման տրամադրողի (բացառությամբ, եթե վարձատու կամ լիզինգատու կամ անհատույց օգտագործման տրամադրող է հադիսանում անհատ ձեռնարկատեր եւ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձը կամ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունը) մոտ հաշվառված մնացորդային ամորտիզացիոն ժամանակահատվածը, որոնք նշվում են համապատասխան ակտում կամ պայմանագրում կամ հանձնման-ընդունման փաստաթղթում: Դրանցում մնացորդային ամորտիզացիոն ժամանակահատվածի բացակայության դեպքում որպես մնացորդային ամորտիզացիոն ժամանակահատված է ընդունվում սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով կամ 2-րդ մասով սահմանված ժամկետը:

Անհատ ձեռնարկատեր եւ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձից կամ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունից գործառնական վարձակալությամբ կամ լիզինգով (տարատեսակներով) կամ անհատույց օգտագործմամբ վերցված հիմնական միջոցների եւ ոչ նյութական ակտիվների վրա կատարված կապիտալ բնույթի ծախսերն ամորտիզացնելու համար որպես ամորտիզացիոն նվազագույն եւ մնացորդային ժամանակահատված է ընդունվում սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով կամ 2-րդ մասով սահմանված ժամկետը.»,

3. 5-րդ մասի վերջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝ «Սույն մասի 1-ին եւ 2-րդ կետերի դրույթները չեն կիրառվում Օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի վերջին պարբերությամբ սահմանված դեպքերում:»:

Հոդված 7. Օրենսգրքի 125-րդ հոդվածի 4-րդ մասի 4-րդ կետում «զրո տոկոս» բառերից հետո լրացնել «, իսկ այլ կազմակերպությունում ունեցած բաժնետոմսերի, բաժնեմասերի կամ փայաբաժինների օտարումից ստացվող ակտիվների արժեքի հավելաճի մասով՝ 18 տոկոս» բառերը:

Հոդված 8. Օրենսգրքի 146-րդ հոդվածի՝

1. 2-րդ մասում եւ 3-րդ մասի 1-ին կետում «վեց ամսվա» բառերը փոխարինել «մեկ տարվա» բառերով,

2. 3-րդ մասի 2-րդ կետում եւ 4-րդ մասում «վեցամսյա» բառերը փոխարինել «մեկ տարվա» բառերով:

Հոդված 9. Օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 42-րդ կետ.

«42) սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի օտարումից բանկերից եւ վարկային կազմակերպություններից ստացվող եկամուտները, եթե հետագայում այդ գույքը նույն բանկի կամ վարկային կազմակերպության կողմից անհատ ձեռնարկատեր եւ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց տրամադրվում է լիզինգով (տարատեսակներով):»:

Հոդված 10. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված հոդվածների:

2. Սույն օրենքի 1-ին, 4-րդ եւ 6-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից եւ տարածվում են 2022 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծերի նպատակը մի շարք գործարքների մասով ԱԱՀ-ով հարկման բազայի որոշման եւ շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով եկամտի որոշման նպատակով հարկման կանոնները վերանայելն է:

2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները. Հարկային օրենսգրքի՝

1. 62-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների, հողամասերի օտարման դեպքում ԱԱՀ-ով հարկման բազան որոշվում է Օրենսգրքի 61-րդ հոդվածով եւ նույն հոդվածով սահմանված կարգով, բայց ոչ պակաս, քան դրանց համար Օրենսգրքի 228-րդ հոդվածով սահմանված կարգով որոշվող՝ անշարժ գույքի հարկով հարկման բազայի 80 տոկոսի չափով, բացառությամբ նույն մասով սահմանված դեպքի,

2. 64-րդ հոդվածի 2-րդ մասի 47-րդ կետի ժդ) ենթակետի համաձայն՝ ԱԱՀ-ից ազատվում են լիզինգային պայմանագրի շրջանակներում բանկերի եւ վարկային կազմակերպությունների կողմից ներմուծված այն ապրանքների լիզինգով (տարատեսակներով) օտարումը, որոնց ներմուծման ժամանակ ԱԱՀ-ն օրենսդրությամբ սահմանված կարգով չի հաշվարկվել եւ չի վճարվել,

3. 109-րդ հոդվածի 1-ին մասի՝

1) 1-ին կետի համաձայն՝ շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների, հողամասերի օտարումից եկամուտը հաշվարկվում է դրանց համար Օրենսգրքի 228-րդ հոդվածով սահմանված կարգով որոշվող՝ անշարժ գույքի հարկով հարկման բազայի 80 տոկոսից ոչ պակաս չափով,

2) 2-րդ կետի համաձայն՝ շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով շենքը վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնելու գործարքների մասով եկամուտը հաշվարկվում է դրանց համար օրենքով սահմանված կարգով գնահատված` շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի 80 տոկոսի (գյուղատնտեսական նշանակության հողամասի դեպքում՝ հաշվարկային զուտ եկամտի), իսկ դրա բացակայության դեպքում՝ անշարժ գույքի ընդհանուր մակերեսում վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնված մակերեսի տեսակարար կշռին համապատասխանող կադաստրային արժեքի 2.5 տոկոսից ոչ պակաս չափով՝ հաշվարկված տարեկան կտրվածքով,

4. 121-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերության՝

1) 1-ին կետի համաձայն՝ հիմնական միջոցների եւ ոչ նյութական ակտիվի վրա կատարված ծախսերը՝ որպես կապիտալ կամ ընթացիկ բնույթի ծախսեր, դասակարգելու համար գործառնական վարձակալությամբ կամ լիզինգով (տարատեսակներով) կամ անհատույց օգտագործմամբ վերցված հիմնական միջոցների եւ ոչ նյութական ակտիվների սկզբնական եւ (կամ) հաշվեկշռային արժեքներ են ընդունվում վարձատուի կամ լիզինգատուի կամ անհատույց օգտագործման տրամադրողի մոտ հաշվառված՝ համապատասխանաբար սկզբնական եւ (կամ) հաշվեկշռային արժեքները, որոնք նշվում են համապատասխան ակտում կամ պայմանագրում կամ հանձնման-ընդունման փաստաթղթում: Դրանցում սկզբնական եւ (կամ) հաշվեկշռային արժեքների բացակայության դեպքում այդ արժեքները համարվում են զրո,

2) գործառնական վարձակալությամբ կամ լիզինգով (տարատեսակներով) կամ անհատույց օգտագործմամբ վերցված հիմնական միջոցների եւ ոչ նյութական ակտիվների վրա կատարված կապիտալ բնույթի ծախսերն ամորտիզացնելու համար որպես ամորտիզացիոն նվազագույն ժամկետ է ընդունվում նույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված ժամկետը, իսկ որպես մնացորդային ամորտիզացիոն ժամանակահատված է ընդունվում վարձատուի կամ լիզինգատուի կամ անհատույց օգտագործման տրամադրողի մոտ հաշվառված մնացորդային ամորտիզացիոն ժամանակահատվածը, որոնք նշվում են համապատասխան ակտում կամ պայմանագրում կամ հանձնման-ընդունման փաստաթղթում: Դրանցում մնացորդային ամորտիզացիոն ժամանակահատվածի բացակայության դեպքում որպես մնացորդային ամորտիզացիոն ժամանակահատված է ընդունվում նույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված ժամկետը,

5. 125-րդ հոդվածի 4-րդ մասի 4-րդ կետի համաձայն՝ առանց մշտական հաստատության Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազայի նկատմամբ շահութահարկը հաշվարկվում է արժեթղթերի օտարումից ստացվող ակտիվների արժեքի հավելաճի մասով՝ զրո տոկոս դրույքաչափով,

6. 146-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ բանկի կամ վարկային կազմակերպության սեփականությանն անցած (այդ թվում՝ պարտքի դիմաց ստացված)՝ գրավ դրված գույքը բանկի կամ վարկային կազմակերպության կողմից այդ գույքն ի սեփականություն վերցնելուց հետո` վեց ամսվա ընթացքում, այդ գույքի նախկին սեփականատիրոջը (որի գույքի վրա տարածվել էր բռնագանձումը) կամ նրա իրավահաջորդին օտարելու դեպքում համարվում է, որ գրավատուն գույքն օտարելուց եկամուտ չի ստացել:

7. 147-րդ հոդվածի 1-ին մասով եկամտային հարկով հարկման նպատակով սահմանված չեն բացառություններ ֆիզիկական անձանց սեփականության իրավունքով պատկանող գույքի օտարումից բանկերից եւ վարկային կազմակերպություններից ստացվող եկամուտների հարկման մասով, եթե հետագայում այդ գույքը նույն բանկի կամ վարկային կազմակերպության կողմից տրամադրվում է լիզինգով (տարատեսակներով):

Խնդիրը կայանում է նրանում, որ

1. գոյություն ունեն որոշ առանձնահատուկ դեպքեր, երբ ԱԱՀ-ով հարկման բազայի եւ շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով եկամտի որոշման առանձնահատուկ կանոնի կիրառությունը որոշ գործարքների մասով խնդիրներ է ստեղծում հարկ վճարողների համար: Մասնավորապես, շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի աճով պայմանավորված՝ գրավի առարկան որպես սեփականություն վերցնելու եւ օտարելու դեպքում բանկերի եւ վարկային կազմակերպությունների մոտ կարող են ավելանալ շահութահարկի գծով հարկային պարտավորությունները, ինչի արդյունքում վերջիններս իրենց ռիսկերը ծածկելու նպատակով, գրավով ապահովված վարկ տրամադրելիս, պետք է հաշվի առնեն նաեւ շահութահարկի գծով հարկային պարտավորությունների աճը եւ, համապատասխանաբար, նույն չափով վարկի ապահովման համար հաճախորդից ավելի շատ գրավ պահանջեն: Բացի այդ, անհրաժեշտ է նկատի ունենալ նաեւ այն հանգամանքը, որ անշարժ գույքի առքուվաճառքը բանկերի եւ վարկային կազմակերպությունների հիմնական գործունեությունը չէ եւ անհրաժեշտ է հնարավորինս խուսափել խնդրո առարկա կարգավորումների առկայությամբ պայմանավորված՝ բնակչության եւ կազմակերպությունների վարկունակության անկումից,

2. լիզինգային կազմակերպությունների կողմից առանց ԱԱՀ-ի վճարման ապրանքների ներմուծման եւ իրացման` օրենսդրությամբ սահմանված հնարավորությունը անհավասար մրցակցային պայմաններ է ստեղծում այլ հարկ վճարողների նկատմամբ,

3. բանկի կամ վարկային կազմակերպության կողմից հետագայում լիզինգով (տարատեսակներով) տրամադրելու նպատակով ֆիզիկական անձանց սեփականության իրավունքով պատկանող գույքի օտարումից բանկերից եւ վարկային կազմակերպություններից անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից ստացվող եկամուտները եկամտային հարկով հարկելը որոշակիորեն խոչընդոտում է բանկի կամ վարկային կազմակերպության կողմից այդ գույքի ձեռք բերմանը եւ այնուհետեւ լիզինգով (տարատեսակներով) տրամադրմանը,

4. բանկի կամ վարկային կազմակերպության սեփականությանն անցած (այդ թվում՝ պարտքի դիմաց ստացված)՝ գրավ դրված գույքը բանկի կամ վարկային կազմակերպության կողմից այդ գույքն ի սեփականություն վերցնելուց հետո` այդ գույքի նախկին սեփականատիրոջը (որի գույքի վրա տարածվել էր բռնագանձումը) կամ նրա իրավահաջորդին վեց ամսվա ընթացքում օտարելու ժամանակային սահմանափակումը որոշակի դժվարություններ է ստեղծում խնդրո առարկա գույքերը այդ գույքերի նախկին սեփականատերերին օտարելու առումով,

5. անհատ ձեռնարկատեր եւ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձից կամ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունից գործառնական վարձակալությամբ կամ լիզինգով (տարատեսակներով) կամ անհատույց օգտագործմամբ վերցված հիմնական միջոցների եւ ոչ նյութական ակտիվների սկզբնական եւ հաշվեկշռային արժեքների բացակայության դեպքում հստակ չէ, թե ինչպես պետք է որոշվեն այդ արժեքները, ինչպես նաեւ որն է համարվելու այդ ակտիվների վրա կատարված կապիտալ բնույթի ծախսերն ամորտիզացնելու համար որպես ամորտիզացիոն նվազագույն եւ մնացորդային ժամանակահատված,

6. արժեթղթերի օտարումից ստացվող ակտիվների արժեքի հավելաճի մասով առանց մշտական հաստատության Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազայի նկատմամբ շահութահարկի զրո տոկոս դրույքաչափի կիրառությունը անհավասար մրցակցային պայմաններ է ստեղծում ռեզիդենտ եւ մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողների նկատմամբ, քանի որ վերջիններիս մոտ խնդրո առարկա եկամուտները հարկվում են շահութահարկի 18 տոկոս դրույքաչափով:

3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Հաշվի առնելով վերոգրյալը՝ նախագծերով առաջարկում է սահմանել, որ՝

1. Հարկային օրենսգրքի 62-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված կանոնը չի կիրառվում նաեւ բանկի կամ վարկային կազմակերպության կողմից նույն մասով սահմանված այնպիսի գույքային միավորների օտարման գործարքների դեպքում, որոնց նկատմամբ բանկի կամ վարկային կազմակերպության գրավի իրավունքը գրանցվել է մինչեւ «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի ուժի մեջ մտնելը, եւ այդ գույքը բանկին կամ վարկային կազմակերպությանը սեփականության իրավունքով փոխանցվել է հարկադիր կամ սնանկության աճուրդում գնման արդյունքում,

2. ԱԱՀ-ից ազատվում են լիզինգային պայմանագրի շրջանակներում լիզինգատուի կողմից ԱԱՀ-ից ազատմամբ ներմուծված միայն այն ապրանքների լիզինգով տրամադրումը, որոնց գնորդը (լիզինգառուն) համարվում է ԱԱՀ վճարող,

3. Հարկային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կանոնը չի կիրառվում նաեւ՝

1) բանկի կամ վարկային կազմակերպության կողմից նույն մասով սահմանված այնպիսի գույքային միավորների օտարման գործարքների դեպքում, որոնց նկատմամբ բանկի կամ վարկային կազմակերպության գրավի իրավունքը գրանցվել է մինչեւ «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի ուժի մեջ մտնելը, եւ այդ գույքը բանկին կամ վարկային կազմակերպությանը սեփականության իրավունքով փոխանցվել է հարկադիր կամ սնանկության աճուրդում գնման արդյունքում,

2) եթե բանկի կամ վարկային կազմակերպության սեփականությանն անցած (այդ թվում՝ պարտքի դիմաց ստացված)՝ նույն մասով սահմանված՝ գրավ դրված գույքային միավորները բանկի կամ վարկային կազմակերպության կողմից այդ գույքն ի սեփականություն վերցնելուց հետո` վեց ամսվա ընթացքում, օտարվում են այդ գույքի նախկին սեփականատիրոջը (որի գույքի վրա տարածվել էր բռնագանձումը) կամ նրա իրավահաջորդին,

3) լիզինգի (տարատեսակների) պայմանագրի շրջանակներում լիզինգատուի կողմից լիզինգառուին նույն մասով սահմանված գույքային միավորների օտարման գործարքների նկատմամբ,

4) Կառավարության որոշումների հիման վրա նույն մասով սահմանված գույքային միավորների օտարման կամ վարձակալության հանձնման գործարքների նկատմամբ,

4. անհատ ձեռնարկատեր եւ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձից կամ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունից գործառնական վարձակալությամբ կամ լիզինգով (տարատեսակներով) կամ անհատույց օգտագործմամբ վերցված հիմնական միջոցների եւ ոչ նյութական ակտիվների սկզբնական եւ հաշվեկշռային արժեքները որոշվում են տվյալ գույքի ձեռք բերման փաստաթղթերում նշված ձեռք բերման արժեքի չափով,

1) Հարկային օրենսգրքի 121-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերության 1-ին կետով սահմանված փաստաթղթերում սկզբնական եւ (կամ) հաշվեկշռային արժեքների բացակայության դեպքում շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների, հողամասերի վարձակալության կամ լիզինգով (տարատեսակներով) կամ անհատույց օգտագործման վերցնելու գործարքների դեպքերում սկզբնական արժեքները եւ հաշվեկշռային արժեքները որոշվում են Օրենսգրքի 228-րդ հոդվածով սահմանված կարգով որոշվող՝ անշարժ գույքի հարկով հարկման բազայի 80 տոկոսի չափով,

2) անհատ ձեռնարկատեր եւ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձից կամ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունից գործառնական վարձակալությամբ կամ լիզինգով (տարատեսակներով) կամ անհատույց օգտագործմամբ վերցված հիմնական միջոցների եւ ոչ նյութական ակտիվների վրա կատարված կապիտալ բնույթի ծախսերն ամորտիզացնելու համար որպես ամորտիզացիոն նվազագույն եւ մնացորդային ժամանակահատված է ընդունվում Հարկային օրենսգրքի 121-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով եւ 2-րդ մասով սահմանված ժամկետը,

5. ընկերությունների կողմից կատարվող ներդրումների խթանման համար հավելյալ խթաններ ստեղծելու համար շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով շահութահարկ վճարողների համար եկամուտ չեն համարվում շահութահարկ վճարողի՝ այլ կազմակերպությունում ունեցած բաժնետոմսերի, բաժնեմասերի կամ փայաբաժինների հաշվեկշռային արժեքները, եթե բաժնետոմսի, բաժնեմասի կամ փայաբաժնի օտարումը կատարվում է բաժնետոմսը, բաժնեմասը կամ փայաբաժինը ձեռք բերելու օրը ներառող հարկային տարվան հաջորդող երեք հարկային տարիները լրանալուց հետո,

6. բանկի կամ վարկային կազմակերպության սեփականությանն անցած (այդ թվում՝ պարտքի դիմաց ստացված)՝ գրավ դրված գույքը բանկի կամ վարկային կազմակերպության կողմից այդ գույքն ի սեփականություն վերցնելուց հետո` մեկ տարվա (նախկին վեց ամսվա) ընթացքում, այդ գույքի նախկին սեփականատիրոջը (որի գույքի վրա տարածվել էր բռնագանձումը) կամ նրա իրավահաջորդին օտարելու դեպքում համարվում է, որ գրավատուն գույքն օտարելուց եկամուտ չի ստացել:

7. եկամտային հարկով հարկման նպատակով նվազեցվող եկամուտ է համարվում նաեւ սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի օտարումից բանկերից եւ վարկային կազմակերպություններից անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի կողմից ստացվող եկամուտները, եթե հետագայում այդ գույքը նույն բանկի կամ վարկային կազմակերպության կողմից տրամադրվում է լիզինգով (տարատեսակներով):

4. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան մի շարք գործարքների մասով ԱԱՀ-ով հարկման բազայի որոշման եւ շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով եկամտի որոշման կանոններն են:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք. Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:

6. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ԱԱՀ-ով եւ շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով գույքային միավորների օտարման կամ վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնելու որոշ գործարքների գծով Հարկային օրենսգրքի 62-րդ հոդվածի 8-րդ մասով եւ 109-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կանոնները չկիրառել, ինչպես նաեւ հավելյալ խթաններ ստեղծել նոր ներդրումների ներգրավման համար:

7. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ.

Նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 6.8-րդ «Հարկաբյուջետային քաղաքականություն» մասով սահմանված քաղաքականության ուղղություններից, ըստ որի հարկային օրենսդրության բարելավման միջոցով կարեւորվելու է ներդրողների համար արդար, ընկալելի եւ կանխատեսելի միջավայրի ձեւավորումը:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն