Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-392-07.10.2022-ԳԿ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տեսալսողական մեդիայի մասին» Հայաստանի Հանրապետության 2020 թվականի հուլիսի 16-ի ՀՕ-395-Ն օրենքը (այսուհետեւ՝ «Օրենք»)  46-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9.1-րդ մասով.
«9.1. Սույն հոդվածի 8-րդ եւ 9-րդ մասերով սահմանված հիմքերով, Կարգավորող պետական մարմինը որոշում է մրցույթում հաղթող ճանաչված Հեռարձակողներին տալ Հանրային մուլտիպլեքսի սլոթի օգտագործման լիցենզիա:»:

Հոդված 2. Օրենքի  58-րդ հոդվածի 3-րդ մասը՝

1. լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ եւ 7-րդ կետերով.

«6) դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշումով անվավեր է ճանաչվել սույն օրենքի 46-րդ հոդվածի 9.1-րդ մասով տրված լիցենզիան կամ դրա տրման մասին որոշումը.

7) օրենքով սահմանվել է լիցենզիայի գործողությունը դադարեցնելու այլ դեպքեր:»

2. լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ մասով.

«7. Եթե  Հանրային մուլտիպլեքսի սլոթի օգտագործման լիցենզիա տալու մասին   Կարգավորող պետական մարմնի որոշումը՝ պատշաճ հիմնավորված եւ պատճառաբանված չլինելու հիմքերով, դատարանի օրինակ ուժի մեջ մտած որոշումով  ճանաչվել է անվավեր, ապա ազատ սլոթով  հեռարձակումը նույն պայմաններով,  իրենց դիմումի հիման վրա, իրականացնում են մինչ այդ լիցենզավորված  Հեռարձակողները՝ մինչեւ օրենքով սահմանված կարգով նոր լիցենզիայի մրցույթում հաղթող ճանաչվելը:»:

Հոդված 3.   Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրը:
Սույն օրենքի 2-րդ հոդվածով սահմանված՝ 58-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված հեռարձակումը շարունակելու իրավունքը  գործում է մինչեւ օրենքի ընդունումը՝ Հանրային մուլտիպլեքսի օգտագործման լիցենզիա տրամադրելու կարգավորող պետական մարմնի որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշումների վրա՝ տվյալ Հեռարձակողի դիմումի առկայության դեպքում:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Անհրաժեշտությունը.

«Տեսալսողական մեդիայի  մասին» օրենքում լրացումներ կատարելու  կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է  Հանրային սլոթի օգտագործման լիցենզիայի գործողությունը դադարեցնելու մասին  դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշումը դիտարկելու եւ դրա արդյունքում Հեռարձակողների իրավունքները եւ տնտեսվարման ռիսկերը նվազեցնելու հիմքերը սահմանելով:

2. Խնդիրները եւ կարգավորման նպատակը.

Ներկայումս «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 46-րդ հոդվածը սահմանել է լիզենզավորման մրցույթի նախապայմանները, սակայն հստակ չէ, որ Կարգավորող պետական մարմինը՝ մրցույթի արդյունքում «հաղթող է ճանաչում Հեռարձակող կազմակերպությանը եւ որոշում է կայացնում Լիցենզիա տրամադրելու վերաբերյալ»: Այս ամենը ենթադրվում է օրենքի տրամաբանությունից: Նշված դրույթի հստակ սահմանումը անհրաժեշտություն է դառնում, երբ տարբեր շահառումներ իրենց գործունեության ընթացքում անհրաժեշտություն են ունենում կոնկրետ կոնկրետ հղումեր կատարել կարգավորող նորմին:
Գործող օրենքում, որպես լիցենզիայի գործողությունը դադարեցնելու հիմք չի  դիտարկվել դատական կարգով բողոքարկումների եւ  հօգուտ դատարանի որոշում ունենալու դեպքերը: Օրենքի նախագծով՝ 58-րդ հոդվածում սահմանվել է այդ դեպքը, ինչպես նաեւ  նախատեսվել, որ եթե  Հանրային մուլտիպլեքսի սլոթի օգտագործման լիցենզիա տալու մասին  Կարգավորող պետական մարմնի որոշումը՝ պատշաճ հիմնավորված եւ պատճառաբանված չլինելու հիմքերով, դատարանի օրինակ ուժի մեջ մտած որոշումով  ճանաչվել է անվավեր, ապա ազատ սլոթիով  հեռարձակումը նույն պայմաններով,  իրենց դիմումի հիման վրա, իրականացնում են մինչ այդ լիցենզավորված  Հեռարձակողները՝ մինչեւ օրենքով սահմանված կարգով նոր լիցենզիայի մրցույթում հաղթող ճանաչվելը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայումս առակ է նախադեպ, երբ մեկ հեռարձակողի բողոքի հիման վրա դատարանը անվավեր է ճանաչել Կարգավորող պետական մարմնի՝ Հեռարձակողներին լիցենզիա տալու մասին որոշումը եւ հինգ հեռուստաընկերություն չեն կարող օգտվել  Հաղթողի իրենց իրավունքից ու  իրականացնել հեռարձակումն, ապա նախագծով սահմանվել է օրենքի հետադարձ ուժի կիրառման սկզբունքը:

3. Ակնկալվող արդյունքը.

Օրենքի նախագիծը ընդունելու արդյունքում  հնարավոր կլինի պաշտպանել հեռուստալսարանի տեղեկացված լինելու իրավունքը, ինչպես նաեւ կնվազեցնի տնտեսվարողների գործունեության ֆինանսական  կորուստները՝ մինչեւ նոր մրցույթի կայացումը:

Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ
ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ

Հարգարժան պարոն Սիմոնյան,

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածների՝ օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ

եմ ներկայացնում «Տեսալսողական մեդիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն՝ գրությանը կցվում են՝

ա) նախագիծը (հիմնական զեկուցող՝ Սիսակ Գաբրիելյան),

բ) նախագծի ընդունման հիմնավորումը,

գ) գործող օրենքում փոփոխվող հոդվածի մասին տեղեկանքը:

Խնդրում եմ օրենքի նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
 

        Հարգանքով՝                                                                                   Սիսակ Գաբրիելյան


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ