Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-35010-02.08.2022-ՊԱ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգրքի) 160-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 160. Զենքի վաճառքի կարգը խախտելը

Զենքի առեւտրի լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց կողմից զենքի ձեռք բերելու թույլտվություն չունեցող քաղաքացիներին, ձեռնարկություններին, հիմնարկներին եւ կազմակերպություններին զենք եւ ռազմամթերք վաճառելը,  վաճառակետերում զենքի պահպանման անվտանգության կանոնների պահպանման խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

Նույն գործողությունները, որը նշված խախտման համար վարչական տույժի է ենթարկվել մեկ տարվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով եւ զենքի առեւտրի լիցենզիայից զրկում մինչեւ 3 տարի ժամկետով:»:

Հոդված 2. Օրենսգրքի 190-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 190. Զենք ձեռք բերելու, ուրիշին տալու կամ վաճառելու կարգը խախտելը.

Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտմամբ քաղաքացիների կողմից զենք ձեռք բերելը, այլ անձանց տալը կամ վաճառելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

Նույն գործողությունները կատարելը, որը սույն հոդվածի առաջին մասով նախատեսված խախտումներից որեւէ մեկի համար մեկ տարվա ընթացքում ենթարկվել է վարչական տույժի՝

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով՝ զենքի բռնագրավմամբ եւ զենքի համապատասխան թույլտվությունից զրկմամբ մինչեւ 2 տարի ժամանակով:»:

Հոդված 3. Օրենսգրքի 191-րդ հոդվածը շարադրել հետեւյալ  խմբագրությամբ.

«Հոդված 191. Զենքը կամ ռազմամթերքը պահելու, տեղափոխելու (փոխադրելու) , կրելու կամ օգտագործելու կանոնները խախտելը

Զենք պահելու, պահելու եւ կրելու, պահելու եւ օգտագործելու թույլտվություններ ունեցող քաղաքացիների կողմից զենքը կամ ռազմամթերքը պահելու, տեղափոխելու (փոխադրելու), կրելու կամ օգտագործելու կանոնները խախտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

Նույն գործողությունները այն անձի կողմից կատարելը, որը սույն հոդվածի առաջին մասով նախատեսված խախտումներից որեւէ մեկի համար մեկ տարվա ընթացքում ենթարկվել է վարչական տույժի՝

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով՝ զենքի եւ ռազմամթերքի բռնագրավմամբ եւ զենքի համապատասխան թույլտվությունից զրկմամբ մինչեւ 2 տարի ժամանակով:

Զենքը եւ ռազմամթերքը պահելու, տեղափոխելու (փոխադրելու),  կրելու կամ օգտագործելու կանոնները իրավաբանական անձանց եւ հիմնարկների այն աշխատողների կողմից խախտելը, որոնք պատասխանատու են դրանց անվթարության համար, ինչպես նաեւ նրանց կողմից զենքը եւ զինամթերքը ոչ ըստ նպատակի օգտագործելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

Նույն գործողությունները այն անձի կողմից կատարելը, որը մեկ տարվա ընթացքում սույն հոդվածի երրորդ մասով նախատեսված խախտումներից որեւէ մեկի համար ենթարկվել է վարչական տույժի՝

առաջացնում են տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով՝ զենքի եւ ռազմամթերքի բռնագրավմամբ:

Հոդված 4. Օրենսգրքի 192-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 192. Հրազենի գրանցման (վերագրանցման) ժամկետները կամ հաշվառման վերցնելու կանոնները խախտելը

Քաղաքացիների կողմից բնակության վայրը փոխելիս հրազենի գրանցման (վերագրանցման) սահմանված ժամկետները խախտելը կամ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում այն հաշվառման վերցնելու կանոնները խախտելը՝

առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:»:

Հոդված 3. Օրենսգրքի 193-րդ հոդվածը շարադրել հետեւյալ  խմբագրությամբ.

«Հոդված 193. զենքը եւ ռազմամթերքն իրացնելուց խուսափելը

Զենքը եւ ռազմամթերքն իրացնելուց այն քաղաքացիների խուսափելը, որոնց զենք պահելու, կրելու, պահելու եւ կրելու, պահելու եւ օգտագործելու թույլտվությունը չեղյալ է հայտարարվել օրենքով սահմանված կարգով՝ առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով՝ զենքի եւ ռազմամթերքի բռնագրավմամբ:»:

Հոդված 4. Օրենսգրքում ավելացնել նոր՝ 1931 հոդված հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 1931. Հրաձգարան գործարկելն առանց համապատասխան լիզենզիա, իրավական ակտերի խախտմամբ կահավորելը եւ անվտանգության կանոնները խախտելը

Առանց լիցենզիայի հրաձգարան գործարկելը քաղաքացիների կողմից առաջացնում է տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով: Եթե նույն արարքը կատարվել է իրավաբանական անձանց կողմից, առաջացնում է տուգանք սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:

Օրենսդրությամբ նախատեսված կարգի խախտմամբ հրաձգարան կահավորելը առաջացնում է տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով: Նույն գործողությունը, որը մեկ տարվա ընթացքում ենթարկվել է վարչական տույժի առաջացնում է տուգանքի սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով եւ Հրաձգարանի շահագործման լիցենզիայի զրկմամբ մինչեւ 3 տարի ժամանակով:»:

Հրաձգարանում քաղաքացու կողմից զենք պահելու եւ կրելու, այլ անձի փոխանցելու կանոնները խախտելն առաջացնում է տուգանք նվազագույն աշխատավարձի  երեսնապատիկի չափով: Նույն գործողությունը, որը մեկ տարվա ընթացքում ենթարկվել է վարչական տույժի՝ առաջացնում է տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով եւ զենքի համապատասխան թույլտվությունից զրկմամբ մինչեւ 2 տարի ժամկետով:

 Իրավաբանական անձի, իրավաբանական անձի հետ պայմանագրային հարաբերությունների մեջ գտնվող հրահանգիչի կողմից հրաձգարանում, զենքի ուսուցման, պահելու եւ կրելու,  այլ անձի փոխանցելու կանոնները խախտելը՝ առաջացնում է տուգանք նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

Նույն գործողությունը, որը մեկ տարվա ընթացքում ենթարկվել է վարչական տույժի՝ առաջացնում է տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով եւ հրաձգարանի գործարկման լիցենզիայի զրկմամբ մինչեւ 3 տարի ժամկետով:»:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԶԵՆՔԻ ՇՐՋԱՆԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ, «ՀԱՎԱՔՆԵՐԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՈՐՍԻ ԵՎ ՈՐՍՈՐԴԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԻՆԿԱՍԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,  «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐԻ  ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՄԱՍՆԱՎՈՐ ՊԱՀՆՈՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ  ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ՝ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՈՉ ԵՆԹԱԿԱ ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ՆԵՐՄՈՒԾՈՒՄՆ ԱԶԱՏՎԱԾ Է ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻՑ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Օրենսդրական նախաձեռնության նպատակները եւ խնդիրները.

Առաջարկվող օրենսդրական փոփոխությունների հիմնական նպատակը հանդիսանում է Հայաuտանի Հանրապետությունում քաղաքացիական, ծառայողական, ինչպեu նաեւ մարտական հրաձգային ձեռքի զենքի, մարտական եւ նետողական uառը զենքի շրջանառության եւ արտադրության կապակցությամբ ծագող հարաբերությունները, որոնք ուղղված են քաղաքացու ինքնապաշտպանության իրավունքի օրենսդրական կարգավորմանը՝ պատշաճ պաշտպանական միջոցների հասանելիության միջոցով, սեփականության իրավունքի, ինչպես նաեւ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից քաղաքացիական զենքի օգտագործման պայմանների իրավական կարգավորումը:

Օրենդրական փոփոխությունները պետք է կանոնակարգեն եղած իրավահարաբերությունները քաղաքացիական զենքի շրջանառության ոլորտում, որոնք մինչ այս պահը պատշաճ կարգավորված չեն կամ հակասական են, կարգավորել եւ ներդնել նոր իրավահարաբերություններ, ինչպես նաեւ տնտեսության եւ սպորտի զարգացման, հնարավոր կոռուպցիոն ռիսկերի հաղթահարման, անօրինական զենքի քանակի նվազեցման եւ ստվերային շրջանառությունից աստիճանաբար դուրս բերմանը:

2. Օրենքի ընդհանուր նկարագիրը եւ առանցքային դրույթները

Հայաստանի Հանրապետությունում գործող «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, ընդունվել է 1998 թ. եւ ընդունումից ի վեր, բացի որոշակի պետական մարմիններին ծառայողական զենք ձեռք բերելու արտոնություն տրամադրելուց, երբեւիցե բովանդակային փոփոխության չի ենթարկվել: Գործող օրենքը, փաստացի, կրկնօրինակում է ԽՍՀՄ օրենսդրության հիմնական դրույթները, որով կարգավորում էր զենքի շրջանառությունը: Նշված օրենքի դրույթների մեծամասնությունն անախրոնիզմ են, եւ չեն կարգավորում հաստատված հանրային վերաբերմունքը զենքի շրջանառության ոլորտում:

Ներկայիս օրենքով սահմանվում է քաղաքացիների հասանելիությունը որսորդական եւ սպորտային զենքին, սակայն հասանելիությունն ինքնապաշտպանական զենքին սահմանված է թերի՝ միայն ողորկափող հրազենի տրամադրման, ինչպես նաեւ պարգեւատրման գործընթացների միջոցով: Ինքնապաշտպանական զենքը հասանելի է ոստիկանության եւ այլ կառույցների աշխատակիցներին, որոնք իրավունք ունեն տիրապետել եւ կրել համապատաախան ծառայողական զենքը ծառայողական պարտականություններից դուրս:

Առաջարկվող օրենսդրական փոփոխությունները հիմնված են ՀՀ սահմանադրության վրա, որոնցով ամրագրված է յուրաքանչյուր մարդու կյանքի իրավունքը եւ պաշտպանությունը հանցավոր ոտնձգություններից, մարդու անձեռնմխելիության եւ անվտանգության իրավունքը, իր կյանքի, առողջության, համբավի եւ պատվի, սահմանադրական իրավունքների եւ ազատությունների հավասարությունը, սեփականության իրավունքի անխախտելիությունը, պետության ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության պաշտպանությունը, ինչպես Հայաստանի Հանրապետության քաղաքացու, այնպես էլ մարդու կյանքի բնական իրավունքի  պաշտպանության հիմքով:

Սույն օրենսդրական փոփոխությունները հաստատում են ինքնապաշտպանության, զենքի ու փամփուշտների տիրապետման իրավունքը, հստակեցնում  ինքնապաշտպանության ասպեկտները, սահմանում՝ զենք տիրապետողների նախապատրաստման, ուսուցման հիմունքները, ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից զենքի եւ փամփուշտների ձեռք բերելու, կրելու, պահելու, տեղափոխելու (փոխադրելու), զենքի հավաքածու կազմելու եւ դրանք ցուցադրելու կանոները եւ թույլտվությունները, քաղաքացիական եւ ծառայողական զենքի արտադրության, ներկրման, արտահանման, առեւտրի, ինչպես նաեւ հրաձգարանի գործարկման թույլտվությունների եւ լիցենզիաների տալու կարգը, ինչպես նաեւ այդ թույլտվություններից եւ լիցենզիաներից զրկելու կարգը:

 Իրավական հիմք է ստեղծում, զենքի տիրապետման, օգտագործման, պահպանման  վերաբերյալ ուսուցման որոշակի կանոնակարգման համար: Հաստատում է զենքի, ռազմամթերքի եւ մատուցվող ծառայությունների շրջանառության ոլորտում պետական եւ լիազոր մարմինների իրավասությունների ցանկը:

Օրենքի փոփոխությունները կանոնակարգում են պահնորդական գործունեության թույլտվություն ունեցող տնտեսական սուբյեկտների կողմից զենքի կիրառումը, ինչը էապես բարձրացնելու է հասարակական անվտանգության մակարդակը:

Բացի վերը նշվածից՝ օրենսդրական փոփոխություններով, կարգավորվում է կարճափող զենքի շրջանառությունը, նաեւ խստացվում է պատասխանատվությունն այն ապօրինի կիրառելու դեպքում:

Օրենքի փոփոխությունները հստակեցնում են զենքի եւ զինամթերքի քաղաքացիական շրջանառությունը, այդ թվում  քաղաքացիական շրջանառության մեջ արգելված զենքի եւ ռազմամթերքի տեսակները եւ կատեգորիաները:

3. Փորձի ուսումնասիրություն.

Զարգացած եւ ժողովրդավարական երկրների մեծամասնությունն ապահովել են իրենց քաղաքացիներին վերը նշված իրավունքների իրացումը, ինչը նպաստել է անձի եւ սեփականության իրավունքի դեմ ուղղված բռնությամբ հանցագործություների էական նվազմանը:

Զենքի տիրապետման համաշխարհային առաջատարներն են հանդիսանում ԱՄՆ-ն, Շվեյցարիան եւ Ֆինլանդիան՝ 100 հոգու հաշվարկով 45-88 միավոր հրազեն: Մեզ մոտ այդ ցուցանիշը մոտավորապես 6.5-7 է:

Բալթյան երկրների, Վրաստանի եւ Մոլդովայի փորձն ապացուցում է, որ քաղաքացիների ինքնապաշտպանության իրավունքն ապահովելով քաղաքացիական զենքի միջոցով, օրենքի ընդունումից մեկ տարի անց նվազեցրել է հանցագործությունների քանակը մինչեւ 40-60%:

Միաժամանակ, կարգավորումների խստացումը եւ սահմանափակումը Մեծ Բրիտանիայում հինգ տարվա ընթացքում հանգեցրել է հանցագործությունների կտրուկ աճի՝ մոտ 90% ֆիզիկական անձանց նկատմամբ բռնության գործադրման, մոտ 105% հրազենի օգտագործմամբ կողոպուտների, մոտ 110% գողությունների եւ 25% սպանությունների: Այս վիճակագրությունը ապացուցում է, որ  հանցագործություններ կատարելու դեպքում չի օգտագործվում հաշվառված օրինական հրազենը, իսկ բարեխիղճ քաղաքացիների մոտ օրինական զենքի բացակայությունն իրենց դարձնում է անպաշտպան զինված օրինախախտների դեմ:

Այսօրվա դրությամբ քաղաքացիական զենքի շրջանառությունն օրենսդրորեն կարգավորվում է Եվրոպայի բոլոր եւ հետխորհրդային երկրների մեծ մասում, իսկ կարճափող հրազենը թույլատրված է Եվրոպայի երկրների մեծ մասում, մասնավորապես՝ Էստոնիա, Լատվիա, Լիտվա, Մոլդովա, Բելառուս: Վերը նշված երկրների փորձը ցույց է տալիս, որ օրինական հաշվառված հրազենային զենքը դիտավորյալ հանցագործություններ կատարելիս օգտագործվում է դեպքերի 0,001 տոկոսով՝ համեմատած հանցագործությունների ընդհանուր թվի հետ:

Ուսումնասիրելով Հայաստանում Հանրապետությունում վերջին տարիների փորձը, կարող ենք փաստել, որ հրազենով հանցագործությունների մեծամասնությունը կատարվում է անօրինական հրազենից, իսկ օրինական հրազենից կատարվող հանցագործությունների թիվը տասնապատիկ անգամներով ցածր է: 2017-2021 թթ. ՀՀ-ում օրինական զենքից տեղի է ունեցել հանցագործության 22 դեպք, տարեկան միջինում 4 դեպք, իսկ անօրինական զենքից կատարվել է 296 դեպք, տարեկան միջինում՝ 59 դեպք:

 Պետությունը միշտ չէ, որ կարողանում է ապահովել քաղաքացիներին հանցավոր ոտնձգություններից, երաշխավորել քաղաքացիներին ինքնապաշտպանության իրավունքը տվյալ միջոցներով: Հրազենը հանդիսանում է քաղաքացիների կողմից անհրաժեշտ ինքնապաշտպանություն իրագործելու ամենաարդյունավետ զսպիչ միջոցներից մեկը: Ավելին, այս հասանելիությունը նախատեսվում է իրականացնել զենքի տիրապետման խիստ ուսումնական գործընթացի միջոցով, ինչն էականորեն կբարձրացնի զենքի տիրապետման, կրելու եւ օգտագործելու մշակույթը քաղաքացիների մոտ:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները.

Նախագծի մշակման աշխատանքներին ներգրավվել են ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի պատգամավորներ եւ փորձագետներ, ՀՀ ոստիկանությունը, որսորդությամբ, հրաձգությամբ եւ ռազմամարզությամբ զբաղվող մի շարք հասարակական կազմակերպություններ:

5. Նախագծի ընդունման ակնկալվող արդյունքը.

Ակնկալվում է Հայաստանի Հանրապետությունում կարգավորել զենքի եւ ռազմամթերքի շրջանառությունը, նպաստել որսորդության, սիրողական եւ սպորտային հրաձգության, ինչպես նաեւ ռազմամարզության զարգացմանը: Ներդնել զենքի հետ վարվելու մշակույթ, որն ուղղված կլինի քաղաքացիների ինքնապաշտպանության եւ մարտունակության բարձրացմանը:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

01 օգոստոսի 2022 թ.

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ,
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՏԱՐՈՂ
ՌՈՒԲԵՆ ՌՈՒԲԻՆՅԱՆԻՆ

Հարգելի՛ պարոն Ռուբինյան,

Ղեկավարվելով ՀՀ սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում «Զենքի շրջանառության կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Հավաքների ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Որսի եւ որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հիդրոօդերեւութաբանական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ինկասացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Մշակութային արժեքների արտահանման եւ ներմուծման մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Բնապահպանական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ  կատարելու մասին»,  «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ  կատարելու մասին, «Ազատ տնտեսական գոտիների  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Մասնավոր պահնորդական գործունեության  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Կազմակերպությունների եվ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող՝ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» նախագծերի փաթեթը:

ՀՀ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն՝ գրությանը կցվում են՝

1. Օրենքների  նախագծերի փաթեթը,

2. Օրենքների նախագծերի փաթեթի ընդունման հիմնավորումը,

Նախագծերի փաթեթի հիմնական զեկուցող՝ Վիլեն Գաբրիելյան

Խնդրում ենք օրենքի նախագծերի փաթեթը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

Հարգանքով՝         Վիլեն Գաբրիելյան
                             Անդրանիկ Քոչարյան
                             Արմեն Խաչատրյան