Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-705-03.10.2005-ՊԻ,ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 149 հոդվածի 2-րդ մասի `

1) առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.

«2. Անվանական արժեթղթով հավաստված իրավունքները կարող են փոխանցվել պահանջների զիջման (ցեսիայի) համար սահմանված կարգով, բացառությամբ պետական (գանձապետական) անվանական այն արժեթղթերի, որոնց թողարկման պայմաններով կնախատեսվեն, որ այդ արժեթղթերով հավաստված իրավունքները ենթակա չեն փոխանցման:»

2) առաջին նախադասությունից հետո լրացնել նոր նախադասություն հետեւյալ բովանդակությամբ.

«Պետական (գանձապետական) անվանական այն արժեթղթերը, որոնց թողարկման պայմաններով կնախատեսվեն, որ այդ արժեթղթերով հավաստված իրավունքները ենթակա չեն փոխանցման, այդպիսի արժեթղթերով հավաստված իրավունքները կարող են փոխանցվել միայն համապարփակ իրավահաջորդության, բռնագրավման եւ բռնագանձման դեպքերում:»:

Հոդված 2. Օրենսգրքի 230 հոդվածի 1-ին մասի «հատուցման պահանջների,» բառերից հետո լրացնել «պետական (գանձապետական) անվանական այն արժեթղթերի, որոնց թողարկման պայմաններով կնախատեսվեն, որ այդ արժեթղթերը գրավադրման ենթակա չեն,» բառերը:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը նախատեսում է թողարկել նոր տեսակի՝ ՀՀ պետական (գանձապետական) խնայողական արժեկտրոնային պարտատոմսեր: Այդ պարտատոմսերի թողարկումըկնպաստի պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման եւ կանխիկ հոսքերի կառավարման արդյունավետության բարձրացմանը եւ հնարավորություն կտա զարգացնելու եւ կատարելագործելու Գանձապետական պահառու համակարգը՝ ձեւավորելով պետական պարտատոմսերի մշտական առաջարկ: Պայմանավորված պարտատոմսերի խնայողական բնույթով՝ պարտատոմսերի թողարկման պայմանների նախագծով նախատեսվում է պարտատոմսերի գրավադրման, նվիրատվության եւ առք ու վաճառքի ենթակա չլինելու հանգամանքը, ինչը սահմանափակված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի պահանջներով: