Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-347-27.07.2022-ՖՎ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» 1997 թվականի հունիսի 24-ի ՀՕ-137 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1.2-րդ հոդվածի 16-րդ մասի դ) ենթակետում «ավանդադրման համար» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ հարկաբյուջետային եւ կառավարության պարտքի կառավարման քաղաքականությունների իրականացմանն աջակցելու (այդ թվում, կառավարության պարտքի վերաֆինանսավորման ռիսկի կառավարման) համար» բառերը:

Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ

1) նոր՝ 14-րդ մասով.

«14. Հարկաբյուջետային եւ կառավարության պարտքի կառավարման քաղաքականությունների իրականացմանն աջակցելու (այդ թվում, կառավարության պարտքի վերաֆինանսավորման ռիսկի կառավարման) նպատակով պետական լիազորված մարմնի անվամբ գանձապետական միասնական հաշվում բացվում է կայունացման միջոցների ենթահաշիվ:

2) նոր՝ 15-րդ մասով.

15. Կայունացման հաշվի միջոցների նպատակային միջին մակարդակը, որը հաշվարկվում է որպես տվյալ տարվա աշխատանքային օրերի միջին օրական մնացորդ, պետք է գտնվի Հայաստանի Հանրապետության կառավարության տվյալ տարվա բյուջետային ուղերձում տվյալ տարվա համար կանխատեսված ՀՆԱ-ի մեկից մինչեւ երկու տոկոս միջակայքի սահմաններում:»:

3) նոր՝ 16-րդ մասով.

«16. Կայունացման հաշվի միջոցների համալրման եւ օգտագործման կարգը սահմանում է կառավարությունը՝ սույն օրենքի հիման վրա: Կայունացման հաշվի միջոցների համալրման եւ օգտագործման կարգով սահմանվում են՝

ա) կայունացման հաշվի նպատակները.

բ) կայունացման հաշվի համալրման եւ օգտագործման կարգը.

գ) կայունացման հաշվի կառավարման կարգը.

դ) կայունացման հաշվի միջոցների նպատակային միջակայքի ստորին եւ վերին շեմերից թույլատրելի շեղումները:»:

Հոդված 3. Եզրափակիչ եւ անցումային դրույթներ.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում Կառավարությունը սահմանում է կայունացման հաշվի միջոցների համալրման եւ օգտագործման կարգը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Անհրաժեշտությունը

Վերոհիշյալ ՀՀ օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագծեր) մշակումը պայմանավորված է գանձապետական միասնական հաշվում որպես դեպոզիտային հաշիվ բացված կայունացման հաշվի կառավարման, համալրման ու օգտագործման գործընթացների իրավական կանոնակարգման անհրաժեշտությամբ:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

Վերջին տարիներին տեղի ունեցած տնտեսական ճգնաժամերի արդյունքում մեծացել է հակացիկլիկ հարկաբյուջետային քաղաքականության դերը, որն ուղղված է ճգնաժամերի բացասական հետեւանքները մեղմելուն: Բազմաթիվ երկրների կառավարություններ ստեղծել են կայունացման հաշիվներ կամ կանխիկի բուֆերներ, որոնք իրենցից ներկայացնում են հարկաբյուջետային քաղաքականության մեխանիզմ՝ ուղղված տնտեսական լավ ժամանակաշրջանում միջոցները խնայելուն եւ տնտեսական անկման ժամանակաշրջանում այդ միջոցներն օգտագործելուն: Շատ դեպքերում դրանք հանդիսացել են հարկաբյուջետային խափանումները կարգավորելու լավագույն միջոց: Կայունացման հաշիվներ ստեղծվել են բազմաթիվ երկրներում: Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության երկրների մեծ մասը՝ 35-ից 29 երկիր ստեղծել է կանխիկի բուֆեր, օրինակ՝ Ուրուգվայ, Գանա, Լեհաստան, Հունգարիա, Պորտուգալիա, Բրազիլիա, Դանիա եւ այլն: Վերջին տասնամյակում ավելի ու ավելի շատ երկրներ են որդեգրել եւ իրականացնում կայունացման հաշվի կամ կանխիկի բուֆերի քաղաքականություն, որոնցից են նաեւ Մոլդովան, Տաջիկստանը, Ռումինիան:

Հայաստանի դեպքում հիմնական խնդիրն այն է, որ գանձապետական միասնական հաշվում որպես դեպոզիտային հաշիվ բացված կայունացման հաշվի մնացորդը չունի օրենսդրությամբ սահմանված որեւէ սահմանաչափ, այսինքն այդ հաշվի մնացորդի ծավալը օրենսդրորեն կարգավորված չէ:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Գանձապետական միասնական հաշվում որպես դեպոզիտային հաշիվ 2009թ. բացվել է կայունացման հաշիվը, որի նպատակը սկզբնական շրջանում Ռուսաստանի Դաշնությունից ներգրաված 500 ԱՄՆ մլն դոլարի (185 մլրդ դրամ) կայունացման վարկի միջոցների օգտագործման առանձնացված հաշվառման ապահովումն էր: Կայունացման հաշվի առկայության անհրաժեշտությունն ու նշանակությունը էական է եղել 2009 թվականից ի վեր տնտեսական շոկերին հակացիկլիկ հարկաբյուջետային քաղաքականության իրականացման եւ մակրոտնտեսական ու հարկաբյուջետային կայունության պահպանմանն աջակցելու տեսակետից: Կայունացման հաշվի կարեւորությունը հիմնավորվել է նաեւ միջազգային փորձի ուսումնասիրությամբ:

Միջազգային փորձը ցույց է տալիս, որ պետական բյուջեի կատարման եւ կառավարության կանխիկ հոսքերի կառավարման ոլորտում ընդունված պրակտիկա է կանխիկի բուֆերի կամ կայունացման հաշվի առկայությունը, որը կարեւոր գործիք է նաեւ տնտեսական հնարավոր շոկերի եւ ցնցումների ազդեցությունը մեղմելու համար:

Կայունացման հաշվի կամ կանխիկի բուֆերի նպատակներն են.

աջակցել մակրոտնտեսական եւ հարկաբյուջետային կայունության պահպանմանն ու տնտեսական շոկերին հակացիկլիկ հարկաբյուջետային քաղաքականությամբ արձագանքելուն,
աջակցել կառավարության պարտքի կառավարման քաղաքականությանը, այդ թվում՝ մեղմել կառավարության պարտքի վերաֆինանսավորման ռիսկը, ամրապնդել շուկայի վստահությունը կառավարության ֆինանսական կարողությունների նկատմամբ եւ առավել ճկուն դարձնել ֆինանսավորման աղբյուրների ընտրությունը, աջակցել կանխիկ հոսքերի կառավարման քաղաքականությանը, աջակցել պետական բյուջեի կատարմանը:

4. Կարգավորման նպատակը եւ բնույթը

Նախագծերի նպատակն է օրենսդրորեն կանոնակարգել կայունացման հաշվի կառավարման, համալրման ու օգտագործման գործընթացները, լիազորել կառավարությանը՝ սահմանել կայունացման հաշվի միջոցների համալրման եւ օգտագործման կարգը: Մասնավորապես, «Գանձապետական համակարգի մասին» օրենքում որպես գանձապետական միասնական հաշվի՝ գանձապետարանի կողմից վարվող ենթահաշիվ, առաջարկվում է ավելացնել կայունացման միջոցների ենթահաշիվ, ինչն օրենսդրորեն կապահովի կայունացման միջոցների ենթահաշվի առկայությունը:

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 1.2 հոդվածի 16-րդ կետում, որտեղ շարադրված է պետական լիազորված մարմնի անվամբ բացված արտաբյուջետային (այդ թվում` ավանդային) հաշիվների նպատակը, առաջարկվում է ավելացնել «հարկաբյուջետային եւ կառավարության պարտքի կառավարման քաղաքականությունների իրականացմանն աջակցելու (այդ թվում, կառավարության պարտքի վերաֆինանսավորման ռիսկի կառավարման) համար» նպատակը:

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում եւս առաջարկվում է նախատեսել կայունացման միջոցների ենթահաշիվը՝ որպես գանձապետական միասնական հաշվի ենթահաշիվ:

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում առաջարկվում է ամրագրել կայունացման հաշվի միջոցների նպատակային միջին մակարդակը, որը հաշվարկվում է որպես տվյալ տարվա աշխատանքային օրերի միջին օրական մնացորդ, պետք է գտնվի Հայաստանի Հանրապետության կառավարության տվյալ տարվա բյուջետային ուղերձում տվյալ տարվա համար կանխատեսված ՀՆԱ-ի մեկից մինչեւ երկու տոկոս միջակայքի սահմաններում: Նախատեսվում է «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի հիման վրա կայունացման հաշվի միջոցների համալրման եւ օգտագործման կարգը սահմանելու լիազորությունը վերապահել կառավարությանը:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:

6. Ակնկալվող արդյունքը

Ունենալ հստակ ձեւակերպված իրավական ընթացակարգեր, որոնք կնախատեսեն կայունացման հաշվին միջոցների առկայության սահմանաչափերը՝ նախատեսելով հաշվի միջին մնացորդի նվազագույն եւ առավելագույն մակարդակներ: Կառավարությանը լիազորություն է վերապահվում կայունացման հաշվի միջոցների համալրման եւ օգտագործման կարգը սահմանելու միջոցով մշակել որոշակի մեխանիզմներ՝ կառավարության պարտքի կառավարման քաղաքականության արդյունավետությունը բարձրացնելու եւ հարկաբյուջետային կայունության պահպանմանն աջակցելու նպատակով:

7. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ - Փաթեթը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «2. Ինստիտուցիոնալ զարգացում» բաժնի՝ «Հարկաբյուջետային քաղաքականություն» ենթաբաժնից:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Գանձապետական համակարգի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն