Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-332-07.07.2022-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԽԱՂԱՂ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՆՎՏԱՆԳ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» 1999 թվականի փետրվարի 1-ի ՀՕ-285 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածի 1-ին մասի «ժդ» կետից հետո լրացնել նոր բովանդակությամբ 1-9 կետեր՝

«1. հաստատում է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում անվտանգության փորձաքննության կազմակերպման եւ անցկացման կարգը.

2. հաստատում է միջուկային եւ ռադիոակտիվ նյութերի անվտանգ փոխադրման կարգը.

3. հաստատում է հայկական ատոմային էլեկտրակայանի եւ միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության ու պահպանության ուժեղացման հայեցակարգը եւ միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության կանոնները.

4. հաստատում է ռադիոակտիվ նյութերի հայտնաբերման եւ վնասազերծման կարգը.

5. հաստատում է ատոմային էլեկտրակայանում շահագործման ժամանակ տեղի ունեցած միջադեպերի քննության կարգը.

6. հաստատում է Հայկական ատոմային էլեկտրակայանի N 2 էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման նկատմամբ պահանջները.

7. հաստատում է հայկական ատոմային էլեկտրակայանի N 2 էներգաբլոկի անվտանգության հիմնավորման հաշվետվության կառուցվածքին եւ բովանդակությանը ներկայացվող պահանջները.

8. հաստատում է միջուկային նոր էներգաբլոկի (էներգաբլոկների) նախագծային անվտանգության պահանջները, հրապարակի անվտանգության պահանջները, հրապարակի սեյսմիկ վտանգի գնահատման մեթոդը.

9. հաստատում է ռադիոակտիվ նյութերի եւ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի ֆիզիկական պաշտպանության կանոնները:»:

Հոդված 2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո, վեցամսյա ժամկետում:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԽԱՂԱՂ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՆՎՏԱՆԳ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածը սահմանում է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում Կառավարության իրավասությունները, այդ թվում որոշ նորմատիվ իրավական ակտեր ընդունելու իրավասությունը, այն է՝ «հաստատում է անվտանգության նորմերը եւ կանոնները»:

Մինչդեռ բնագավառի իրավական կարգավորման հարաբերությունները բազմաթիվ են՝ միջուկային անվտանգություն, ճառագայթային անվտանգություն եւ պաշտպանություն, ռադիոակտիվ թափոնների կառավարում, միջուկային եւ ռադիոակտիվ նյութերի ֆիզիկական պաշտպանություն, վթարային պատրաստվածություն ու հակազդում, ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետի երկարացում եւ այլ հարաբերություններ, որոնք կարգավորվում են ոչ միայն անվտանգության նորմերով եւ կանոններով, այլ նաեւ պահանջներով, կարգերով, պայմաններով, մեթոդներով, որոնց ընդունման համար Կառավարությունը համապատասխան լիազորություն չունի:

Անհրաժեշտություն է առաջացել օրենքով ամրագրել ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում Կառավարության ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր ընդունելու լիազորությունը, միաժամանակ ապահովելով նաեւ Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը՝ լիազորող նորմերը պետք է համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքին:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Օրենքի նախագծով ամրագրվել է Կառավարության կողմից նորմատիվ որոշումներ ընդունելու լիազորությունը, սահմանելով նաեւ իրավական որոշակիության սկզբունքը, լիազորող նորմը ձեւակերպվել է հստակ, միանգամայն պարզ դարձնելով ակտն ընդունող մարմնի իրավասության շրջանակը:

3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Օրենքի նախագիծը մշակվել է ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի կողմից:

4. Ակնկալվող արդյունքը

Օրենքի նախագծով ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում ամրագրվում է կառավարության ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր ընդունելու լիազորությունը, հնարավորինս հստակեցվել է իրավական որոշակիության սկզբունքը, ՀՀ Սահմանադրության 6-րդ եւ 79-րդ հոդվածներին համապատասխան:

5. Օրենքի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը

Նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ/լրացումներ չի նախատեսվում

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Օրենքի նախագիծը ռազմավարական փաստաթղթերի հետ առնչություն չունի:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԽԱՂԱՂ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՆՎՏԱՆԳ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն