Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-300-14.06.2022-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» 1995 թվականի նոյեմբերի 6-ի ՀՕ-16 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 13-րդ հոդվածում՝

1) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Առանց սույն հոդվածի առաջին մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերով, ինչպես նաեւ երկրորդ մասով սահմանված պահանջների պահպանման՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կարող է շնորհվել Հայաստանի Հանրապետությանը բացառիկ ծառայություններ մատուցած, ինչպես նաեւ տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության, սպորտի բնագավառներում նշանակալի ավանդ ունեցող անձանց: Բացառիկ ծառայության, ինչպես նաեւ տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության, սպորտի բնագավառներում նշանակալի ավանդի նկարագրությունը եւ գնահատման չափանիշները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:».

2) 9-րդ մասում լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասություն.

«Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված հիմքով Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձինք երդման արարողությանը մասնակցելու, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր ստանալու համար ներկայանում են Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմին:»:

Հոդված 2. Օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասում «դրական եզրակացություններն

ուղարկվում են» բառերը փոխարինել «դրական եզրակացություններն առաջարկությամբ ուղարկվում են» բառերով, 5-րդ մասում «կցելով Հայաստանի Հանրապետության Նախագահի համապատասխան հրամանագրի նախագիծը» բառերից հետո լրացնել «եւ Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովից ստացված ամփոփ եզրակացությունները» բառերը, իսկ 6-րդ մասում «համաձայնությունը» բառից հետո լրացնել «,Հայաստանի Հանրապետության Նախագահի համապատասխան հրամանագրի նախագիծը» բառերը:

Հոդված 3 . Օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասում «դիմել մերժման» բառերը փոխարինել «դիմել դիմումը մերժելու կամ քաղաքացիությունը դադարեցնելու» բառերով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը, իսկ սույն օրենքի 1-ին հոդվածում նշված ենթաօրենսդրական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 6 ամսվա ընթացքում:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը մշակվել է՝ հաշվի առնելով 2022 թվականի հունիսի 26-ին ուժի մեջ մտնող «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 2021 թվականի դեկտեմբերի 8-ի ՀՕ-393-Ն օրենքը:

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ առանց վերոնշված պահանջների պահպանման՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կարող է շնորհվել Հայաստանի Հանրապետությանը բացառիկ ծառայություններ մատուցած անձանց:

Ներկայումս որեւէ իրավական ակտով սահմանված չէ, թե որ ծառայություններն են համարվում Հայաստանի Հանրապետությանը մատուցված բացառիկ ծառայություններ:

Միաժամանակ, տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության, սպորտի ոլորտները զարգացնելու նպատակով նպատակահարմար է ընդլայնել այն անձանց շրջանակը, որոնք իրենց նշանակալի ավանդը կունենան մի շարք ոլորտներում:

Նախագծով ոչ միայն իրավական որոշակիություն է ապահովվում, այլ նաեւ ընդլայնվում է պարզեցված կարգով ՀՀ քաղաքացիություն ստացող անձանց ցանկը՝ ներառելով որոշակի ոլորտներում նշանակալի ավանդ ունեցող անձանց:

Միաժամանակ, բացառիկ ծառայության, ինչպես նաեւ տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության, սպորտի բնագավառներում նշանակալի ավանդի նկարագրությունը եւ գնահատման չափանիշները սահմանվելու են ՀՀ կառավարության որոշմամբ:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը եւ նպատակը

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել այլ խմբագրությամբ, համաձայն որի՝ առանց սույն հոդվածի առաջին մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերով, ինչպես նաեւ երկրորդ մասով սահմանված պահանջների պահպանման՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կարող է շնորհվել Հայաստանի Հանրապետությանը բացառիկ ծառայություններ մատուցած, ինչպես նաեւ տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության, սպորտի բնագավառներում նշանակալի ավանդ ունեցող անձանց: Բացառիկ ծառայության, ինչպես նաեւ տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության, սպորտի բնագավառներում նշանակալի ավանդի նկարագրությունը եւ գնահատման չափանիշները սահմանվում են ՀՀ կառավարության որոշմամբ:

Միաժամանակ, նախատեսվում է, որ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հիմքով Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձինք երդման արարողությանը մասնակցելու, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր ստանալու համար ներկայանում են Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմին:

Բացի այդ, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքը ՀՀ Սահմանադրության 139-րդ հոդվածին համապատասխանեցնելու նպատակով նախագծով օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ եւ 6-րդ մասերում կատարվում են համապատասխան լրացումներ: Նախատեսվում է կատարել նաեւ մի քանի տեխնիկական բնույթի փոփոխություններ:

3. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագծի ընդունումը չի բխում որեւէ ռազմավարական փաստաթղթից:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության կողմից:

5. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության, սպորտի բնագավառներում նշանակալի ավանդ ունեցող օտարերկրյա քաղաքացիներին հնարավորություն կտրվի պարզեցված կարգով ստանալու Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, ինչն էլ կհանդիսանա նշված բնագավառների զարգացման էական գործոն: Բացի այդ, կապահովվի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն