Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-273-25.05.2022-ԱռՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» 1996 թվականի մարտի 4-ի ՀՕ-42 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 16-րդ հոդվածի 1-ին մասում «պայման է,» բառից հետո լրացնել «լիազոր մարմնի սահմանած դեպքերի համար» բառերը:

Հոդված 2. Օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերում «համար» բառից հետո լրացնել «գրավոր» բառը:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտության

1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքի գործող 16-րդ հոդվածի կիրառության ժամանակ առաջանում են իրավական անորոշություններ: Հոդվածի 1-ին մասով բժշկական միջամտության համար անհրաժեշտ պարտադիր պայման է համարվում մարդու գրավոր համաձայնությունը եւ նախատեսվում է բացառություն 24-րդ հոդվածով նախատեսված դեպքերի համար: Այդ նույն հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ բժշկական միջամտության համար գրավոր համաձայնություն տալու դեպքերը սահմանում է լիազոր մարմինը: Առաջանում է տարընթերցում հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի միջեւ, քանի որ հասկանալի չէ, թե որ դեպքերի համար է անհրաժեշտ գրավոր համաձայնությունը՝ բժշկական միջամտության բոլոր դեպքերի, թե միայն լիազոր մարմնի կողմից սահմանված դեպքերի համար:

Նախագծով առաջարկվում է տարընթերցումները, իրավական անորոշությունները եւ հակասությունները բացառելու համար հստակ շարադրել՝ որ գրավոր համաձայնությունը բժշկական միջամտության համար անհրաժեշտ պայման է լիազոր մարմնի սահմանած դեպքերի համար, բացառությամբ գործող օրենքի 24-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:

Այդ պահանջը բխում է "Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի՝ ոչ բավարար հստակության, տարաբնույթ ընկալման, ինչպես նաեւ նորմատիվ իրավական ակտի կիրառման բնագավառում ծագած հարցերի պարզման անհրաժեշտությունից:

Բացի վերը նշվածից, նախագծով առաջարկվում է օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերով նախատեսված բժշկական միջամտությունների համաձայնությունների համար ամրագրել գրավոր լինելու պայմանը:


ՏԵՂԵԿԱՆՔ

««ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՆՈՐ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՄ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ կառաջանա լիազոր մարմնի կողմից՝ բժշկական միջամտության համար անհրաժեշտ գրավոր համաձայնությունը տալու դեպքերի ցանկը սահմանելու անհրաժեշտություն:
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

պարոն ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ

Մեծարգո պարոն Սիմոնյան


Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ "Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածների՝ որպես օրենսդրական նախաձեռնություն, Ձեզ ենք ներկայացնում «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն՝ գրությանը կցվում են.

ա) նախագիծը (հիմնական զեկուցող՝ Էմմա Պալյան ),

բ) նախագծի ընդունման հիմնավորումը,

գ) գործող օրենքի փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքը,

դ) նախագծի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:

Խնդրում ենք սահմանված կարգով նախագիծը դնել շրջանառության մեջ:



ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ՝
ՆԱՐԵԿ ԶԵՅՆԱԼՅԱՆ
ԷՄՄԱ ՊԱԼՅԱՆ