Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-237-18.04.2022-ՊԱ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԶԵՆՔԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

1. Uույն oրենքը կարգավորում է Հայաuտանի Հանրապետությունում քաղաքացիական, ծառայողական, ինչպեu նաեւ մարտական հրաձգային ձեռքի զենքի եւ մարտական շեղբավոր uառը զենքի շրջանառության եւ արտադրության կապակցությամբ ծագող հարաբերությունները եւ ուղղված է մարդու կյանքի, առողջության եւ սեփականության պաշտպանությանը, հասարակական անվտանգության ապահովմանը, զենքի ապօրինի տարածման եւ հանցավորության դեմ պայքարի ուղղությամբ միջազգային համագործակցության ամրապնդմանը:

2. Uույն oրենքի դրույթները տարածվում են նաեւ զենքի փամփուշտների եւ զինամթերքի շրջանառության վրա:

3. Սույն օրենքի 31-րդ, 32-րդ եւ 33-րդ հոդվածները չեն տարածվում պետական ռազմականացված կազմակերպությունների, ինչպես նաեւ ծառայողական զենքի շրջանառություն իրականացնող հաստատությունների վրա:

Հոդված 2. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

1. Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները՝

1) զենք՝ սարք կամ առարկա, որն իր կառուցվածքով նախատեսված է կենդանի էակ ոչնչացնելու, այլ նշանակետ խոցելու կամ վնասազերծելու համար եւ չունի արտադրական, կենցաղային կամ տնտեսական նշանակություն.

2) հրազեն՝ վառոդի կամ այլ լիցքի էներգիայի հաշվին՝ ուղղորդված շարժում uտացած նետվող առարկայի (գնդակ, մանրագնդակ, կոտորակ եւ այլ նետվող առարկա) միջոցով, տարածության վրա գտնվող կենդանի էակի կամ այլ նշանակետի մեխանիկական խոցման համար նախատեuված զենքի տեսակ, որի հիմնական մաuերն են՝ փողը, իրանը, փողատուփը, թմբուկը, փակաղակը.

3) մարտական շեղբավոր սառը զենք՝ սարք, առարկա կամ հրազենի որոշ տեսակների բաղկացուցիչ մաս (սվին, սվին-դանակ եւ այլն), որը արտադրողի կողմից նախատեսված է կենդանի էակի հետ անմիջական շփման ժամանակ մարդու մկանային ուժի օգնությամբ այն ոչնչացնելու համար.

4) սառը զենք՝ մարդու մկանային ուժի օգնությամբ, օբյեկտի հետ անմիջական շփման դեպքում այն մեխանիկական խոցելու համար նախատեսված առարկա.

5) նետողական սառը զենք՝ մարդու մկանային ուժի կամ մեխանիկական սարքի օգնությամբ նպատակաուղղված շարժում ստացող նետման համար հարմարեցված կտրող-ծակող առարկաների (այսուհետ՝ նետվող հարմարանք) միջոցով հեռավորության վրա գտնվող կենդանի էակ խոցելու կամ ոչնչացնելու համար նախատեսված հատուկ սարք.

6) օդամղիչ զենք՝ սեղմված օդի կամ հեղուկ գազային նյութի լայնացման էներգիայի հաշվին 7.5 ջոուլ էներգիայից ավելի էներգիայով նպատակաուղղված շարժում ստացող նետվող հարմարանքի միջոցով կենդանի էակ ոչնչացնելու համար նախատեսված սարք.

7) զինամթերք՝ նշանակետը ոչնչացնելու համար նախատեսված առարկաներ, սարքեր եւ նետվող հարմարանքներ, որոնք պարունակում են պայթուցիկ, նետողական, հրատեխնիկական, արտամղիչ լիցքեր կամ դրանց համակցություն.

8) փամփուշտ՝ զենքից կրակելու համար նախատեսված համասարք, որը պարկուճի օգնությամբ մեկ ամբողջության մեջ ներառում է բռնկվող միջոցներ, նետողական լիցք եւ նետվող հարմարանք.

9) զենքի եւ հրազենի հիմնական մասերի (այսուհետ՝ զենք) շրջանառություն՝ զենքի արտադրություն, առեւտուր, վաճառք, փոխանցում, ձեռքբերում, հավաքածուների կազմում եւ դրանց ցուցադրում, հաշվառում, պահպանում, կրում, տեղափոխում (փոխադրում), օգտագործում, նվիրատվություն, ժառանգում եւ ոչնչացում, ինչպես նաեւ ներկրում Հայաստանի Հանրապետության տարածք եւ արտահանում Հայաստանի Հանրապետությունից (այսուհետ՝ համապատասխանաբար ներկրում եւ արտահանում).

10) զենքի հիմնական մասերի արտադրություն՝ իրավաբանական անձանց կողմից լիցենզիայի հիմքով մեկ միասնական արտադրական գործընթացում զենքի հետազոտություն, մշակում, փորձարկում, պատրաստում, ինչպես նաեւ զինամթերքի, փամփուշտների, պարկուճների դրանց բաղադրիչ մասերի պատրաստում.

11) զենքով պարգեւատրում՝ սույն օրենքով սահմանված անձանց կողմից օրենքով վերապահված իրենց լիազորությունների շրջանակներում սահմանված կարգով տրվող խրախուսանքի տեսակ.

12) զենքի արդիականացում՝ զենքի ոչ հիմնական մասերի կոնստրուկտիվ փոփոխություն՝ մարտավարատեխնիկական բնութագրերը բարելավելու նպատակով.

13) զենքի պարագաներ՝ զենքի այն բաղկացուցիչ մասերը, որոնք սույն հոդվածի 2-րդ կետով չեն հանդիսանում դրա հիմնական մասեր.

14) զենք պահել՝ զենքին տիրապետում՝ զենք պահելու իրավունք ունեցող ֆիզիկական անձի բնակության, իսկ իրավաբանական անձի՝ գրանցման վայրում, զենքի հետ վարվելու անվտանգության կանոնների պահպանմամբ.

15) զենք կրել՝ պահելու համար նախատեսված տարածքից դուրս զենքի տեղաշարժն անձի մարմնի կամ հագուստի վրա ամրացված, կախված կամ դրված վիճակում, կոճկած եւ փամփուշտներով լիցքավորված պահեստատուփով (թմբուկով), իսկ նետողական սառը զենքը՝ նետման համար նախատեսված եւ դրա վրա տեղադրված կտրող-ծակող սարքով.

16) զենք տեղափոխել (փոխադրել)՝ պահելու համար նախատեսված տարածքից դուրս հրազենի տեղաշարժը լիցքաթափված վիճակում, առանձնացված փամփուշտատուփով, դրված պահպանակի վրա՝ ծածկաշապիկով կամ պատյանով, կամ տեղափոխման համար նախատեսված գործարանային այլ տարայով, իսկ մարտական շեղբավոր սառը զենքի եւ նետողական սառը զենքի դեպքում՝ դրանց պահելու համար նախատեսված տարածքից դուրս տեղաշարժը՝ փաթեթավորված եւ մարմնի վրա չամրացված վիճակում.

17) ուսումնական զենք՝ միայն ուսումնական նպատակների համար օգտագործվող սարք կամ առարկա, որը հնարավոր չէ վերանորոգել եւ դարձնել աշխատունակ.

18) hամապատասխանության հավաստագրում՝ գործունեություն, որի արդյունքում համապատաuխանության uերտիֆիկատի միջոցով հավաuտվում է զենքի համապատաuխանությունը նորմատիվ պահանջներին.

19) զենքի նորոգում՝ զենքի հիմնական մասերը փոխելու կամ վերանորոգելու միջոցով զենքն աշխատունակ դարձնելը.

20) զենքի հավաքածու՝ ընտրված զենքի միասնություն, որոնցից յուրաքանչյուրը կամ բոլորը միասին կարող են ունենալ ճանաչողական, պատմական, գիտական, գեղարվեստական, մշակութային, տեղեկատվական եւ այլ նշանակություն.

21) քաղաքացիական եւ ծառայողական զենքի հաշվառման միասնական էլեկտրոնային շտեմարան՝ Հայաuտանի Հանրապետությունում շրջանառվող քաղաքացիական եւ ծառայողական զենքի հաշվառման էլեկտրոնային տեղեկատվական համակարգ.

22) հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձինք՝ կազմակերպություններ, որոնց oրենuդրությամբ վերապահված է զենք oգտագործելու լիազորություն.

23) վնասվածքային գործողության փամփուշտ՝ ողորկափող հրազենից կամ սահմանափակ խոցելիությամբ (վնասվածքային) հրազենից կրակելու համար նախատեսված համասարք, որը պարկուճի միջոցով մեկ ամբողջության մեջ ներառում է բռնկող միջոցը /հրապատիճը/, նետողական լիցքը եւ վնասվածքային գործողության նետվող առարկան, որը նախատեսված չէ մարդուն մահ պատճառելու համար.

24) գազային փամփուշտ՝ գազային զենքից կամ սահմանափակ խոցելիությամբ (վնասվածքային) հրազենից կրակելու համար նախատեսված համասարք, որը պարկուճի միջոցով մեկ ամբողջության մեջ ներառում է բռնկող միջոցը /հրապատիճը/, նետողական լիցքը, խցանը եւ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված օգտագործման թույլատրված արցունքաբեր կամ գրգռիչ նյութը, որը նախատեսված չէ մարդուն մահ պատճառելու համար.

25) լուսաձայնային փամփուշտ՝ հրազենից, գազային զենքից կամ սահմանափակ խոցելիությամբ (վնասվածքային) հրազենից կրակելու համար նախատեսված համասարք, որը պարկուճի միջոցով մեկ ամբողջության մեջ ներառում է բռնկող միջոցը (հրապատիճը) եւ լուսաձայնային գործողության լիցքը, որը նախատեսված չէ կենդանի կամ այլ նշանակետի խոցման համար.

26) ուսումնական փամփուշտ՝ միայն ուսումնական նպատակների համար օգտագործվող համասարք՝ բաղկացած պարկուճից եւ նետվող առարկայից, որը պատրաստված է բնօրինակի չափերին եւ կառուցվածքին համապատասխան եւ որի պարկուճի մեջ բացակայում է նետողական լիցքը կամ այն փոխարինված է նույն կշռով այլ՝ ոչ այրվող նյութով, իսկ բռնկող միջոցը (հրապատիճը) վնասված (կրակված) է: Ուսումնական փամփուշտի պարկուճի վրա պետք է լինի տարբերակիչ գծատիպ օղակաձեւ սեղմվածքներ.

27) անգնդակ փամփուշտ՝ միայն ուսումնական, վարժանքային կրակոցներ կատարելու նպատակով օգտագործվող համասարք, որը նախատեսված չէ կենդանի կամ այլ նշանակետի խոցման համար եւ որը պարկուճի միջոցով մեկ ամբողջության մեջ ներառում է բռնկող միջոցը (հրապատիճը, նետողական լիցքը եւ որի կազմի մեջ բացակայում է նետվող առարկան կամ առկա է հեշտ ոչնչացվող նյութից (պոլիմեր, թուղթ) փոխարինողը.

28) պայթուցիկ նյութ՝ որոշակի պայմաններում ինքնաբերաբար կամ որոշակի արտաքին ազդեցությունների պայմաններում պայթելու ունակ ցանկացած նյութ կամ նյութերի խառնուրդ (այդ թվում՝ քիմիական ծագում ունեցող).

28) պայթուցիկ սարք՝ հատուկ պատրաստված եւ որոշակի պայմաններում (կամ՝ որոշակի պայմանների հարմարեցված) պայթելու ունակ ցանկացած սարք.

29) էլեկտրահարող սարք՝ Հայաստանի Հանրապետության ստանդարտացման, չափագիտության եւ սերտիֆիկացման լիազոր մարմնի (այսուհետ՝ ստանդարտացման, չափագիտության եւ սերտիֆիկացման լիազոր մարմին) պահանջներին եւ առողջապահության բնագավառի լիազոր մարմնի սահմանած նորմերին համապատասխանող ատրճանակի նմանվող սարք, տայզեր, կայծային պարպիչ եւ այլ կրովի էլեկտրահարող սարք, որն ունակ չէ էլեկտրահարման արդյունքում ոչնչացնել կենդանի էակ եւ նախատեսված է կենդանի էակին ժամանակավորապես շարքից հանելու համար.

30) ռազմամարզական կազմակերպություն՝ օրենքով նախատեսված իր կանոնադրական նպատակներն իրականացնող հասարակական միավորում:

2. Զենք չեն համարվում արտաքին տեսքով կամ կառուցվածքով զենքին նմանվող առարկաներ, սարքեր կամ գործիքներ, որոնք ունեն ուսումնական, մշակութային, դեկորատիվ, տնտեսական-կենցաղային, արտադրական եւ սպորտային նշանակություն:

Հոդված 3. Զենքի տեսակները

1. Զենքը, ըստ համապատասխան սուբյեկտների կողմից օգտագործման նպատակայնության, ինչպես նաեւ հիմնական չափանիշների եւ բնութագրող հատկանիշների, ստորաբաժանվում է՝

1) քաղաքացիական զենք.

2) ծառայողական զենք.

3) մարտական հրաձգային ձեռքի զենք եւ մարտական շեղբավոր սառը զենք. (այսուհետ նաեւ՝ մարտական զենք):

Հոդված 4. Քաղաքացիական զենք

1. Քաղաքացիական է համարվում այն զենքը, որը նախատեսված է քաղաքացիների ինքնապաշտպանության, սիրողական հրաձգության, որսորդության, սպորտային ու մշակութային միջոցառումների, ինչպես նաեւ ռազմամարզության ընթացքում օգտագործելու համար: Քաղաքացիական զենք համարվող հրազենը պետք է իր կառուցվածքով բացառի կրակահերթով կրակելու հնարավորությունը:

2. Քաղաքացիական զենքի տեսակներն ըստ օգտագործման փոխարինում են միմյանց եւ միաժամանակ կարող են օգտագործվել ինքնապաշտպանության, սիրողական հրաձգության, որսորդության, սպորտով, մշակութային միջոցառումներով, ինչպես նաեւ ռազմամարզության համար:

3. Քաղաքացիական զենքի տեսակները՝

1) ողորկափող-երկարափող հրազեն եւ դրանց փամփուշտներ՝ այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի (առողջապահության բնագավառի լիազոր մարմին) սահմանած վնասվածքային (տրավմատիկ) գործողության նորմերին համապատասխանող փամփուշտներով հրազեն.

2) գազային զենք՝ առողջապահության բնագավառի լիազոր մարմնի կողմից օգտագործման համար թույլատրված արցունքաբեր կամ գրգռիչ նյութերով լիցքավորված ատրճանակի կամ ռեւոլվերի նմանվող սարք, դրանց փամփուշտներ կամ փչող (ցրող) սարք՝ նախատեսված կենդանի էակին ժամանակավորապես վնասազերծելու համար.

3) ակոսափող-երկարափող հրազեն՝ 1500 մմ-ից ոչ ավել երկարություն եւ 12.7 մմ-ից ոչ ավել տրամաչափ ունեցող փողով հրազեն.

4) նետողական սառը զենք.

5) սառը զենք.

6) օդամղիչ զենք.

7) համակցված հրազեն (ողորկափող եւ ակոսափող), այդ թվում՝ փոփոխվող, ներդրվող ակոսավոր փողով.

8) վնասվածքային (տրավմատիկ) զենք՝ կենդանի էակին ժամանակավորապես շարքից հանելու համար նախատեսված սահմանափակ խոցման հրաձգային սարք. կառուցվածքային առանձնահատկություններից ելնելով ունակ չէ կրակել մարտական, ծառայողական, քաղաքացիական ակոսափող եւ ողորկափող զենքի համար նախատեսված փամփուշտներով կամ այլ լիցքերով եւ ոչնչացնել կենդանի էակ: Վնասվածքային (տրավմատիկ) ողորկափող-երկարափող զենքի փողային էներգիան տրավմատիկ գործողության փամփուշտներով կրակելու դեպքում չի կարող գերազանցել 150 ջոուլը, իսկ քաղաքացիական այլ հրազեններից՝ 91 ջոուլը.

Հոդված 5. Ծառայողական զենք

1. Ծառայողական զենքի շարքին է դասվում այն զենքը, որը նախատեսված է պետական մարմինների պաշտոնատար անձանց եւ իրավաբանական անձանց աշխատողների օգտագործման համար, որոնց օրենսդրությամբ թույլատրվում է պահել, կրել եւ օգտագործել այդ զենքը՝ ինքնապաշտպանության կամ օրենքով նրանց վրա դրված՝ քաղաքացիների կյանքի, առողջության, սեփականության պաշտպանության, բնության, բնական պաշարների, արժեքավոր եւ վտանգավոր բեռների, հատուկ թղթակցության պահպանության պարտականությունների կատարման համար:

2. Ձեռնարկությունները, հիմնարկները եւ կազմակերպությունները, որոնց վրա օրենսդրությամբ դրված են այնպիսի գործառույթներ, որոնք կապված են ծառայողական զենք օգտագործելու կամ գործադրելու հետ, համարվում են հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձինք:

3. Ծառայողական զենքի շարքին են դասվում ոչ ավելի, քան 300 ջոուլ փողային էներգիայով երկար-ողորկափող հրազենները, կարճ ակոսափող հրազենները, որոնց փամփուշտներն իրենց տեսակով տարբերվում են մարտական զենքի փամփուշտներից եւ իրենց հիմնական մարտավարատեխնիկական բնութագրերով զիջում են մարտական հրազենի բնութագրերին՝ օգտագործվող զինամթերքի տեսակներով եւ իրենց կառուցվածքով զուրկ են կրակահերթով կրակելու հնարավորությունից:

4. Ողորկափող եւ ակոսափող ծառայողական հրազենի փամփուշտների գնդակները չեն կարող ունենալ կարծր նյութերից բաղկացած միջնաձող:

5.Ծառայողական զենքի փամփուշտները պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետությունում ընդունված ստանդարտներին:

6. Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսային մարմիններում եւ պետական սուրհանդակային ծառայության (այսուհետ՝ պետական ռազմականացված կազմակերպություններ) ծառայողական եւ օպերատիվ-ծառայողական խնդիրների լուծման համար նախատեսված անձնակազմին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումով կարող է տրամադրվել ծառայողական զենք:

Հոդված 6. Մարտական զենք

1. Մարտական է համարվում այն զենքը, որը նախատեսված է մարտ վարելու եւ մարտի ընթացքում ոչնչացնելու հակառակորդի կամ զինված խմբերի կենդանի ուժը, մարդատար եւ թեթեւ զրահապատ տրանսպորտային միջոցները կամ այլ նշանակետերը եւ օրենսդրությանը համապատասխան վերցված է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության սպառազինությունում, Հայաստանի Հանրապետության ոստիկանության եւ ազգային անվտանգության մարմինների հատուկ նշանակության ստորաբաժանումներում, սահմանապահ եւ ներքին զորքերում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության համապատասխան ստորաբաժանումներում (այսուհետ՝ պետական ռազմականացված կազմակերպություններ), ինչպես նաեւ հատկացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված համապատասխան բնակավայրերի բնակիչներին:

2. Մարտական զենքի եւ նրա փամփուշտների նոր տեսակները (նմուշները), որոնց կառուցվածքային չափանիշներն արդեն իսկ սպառազինության մեջ գտնվող նույնանման զինատեսակների համեմատությամբ ավելացնում են դրանց խոցելիության ուժը, պետական ռազմականացված կազմակերպությունների ղեկավարներն ընդունում են սպառազինման՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

3. Պետական ռազմականացված կազմակերպություններում եւ համապատասխան բնակավայրերում մարտական եւ այլ զենքի, դրա փամփուշտների եւ զինամթերքի շրջանառության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

4. Հայաստանի Հանրապետությունում արգելվում է շրջանառության մեջ դնել զենք, որոնց խոցելու ունակությունը պայմանավորված է ռադիոակտիվ ճառագայթների եւ կենսաբանական գործոնների օգտագործմամբ:

Հոդված 7. Զենքի շրջանառության վրա տարածվող սահմանափակումները

1. Արգելվում է, որպես քաղաքացիական զենք շրջանառության մեջ մտցնել՝

1) 250 մմ-ից պակաս երկարություն ունեցող փողով կամ փողային տուփով եւ փողով, 800 մմ-ից պակաս ընդհանուր երկարության հրազեն, ինչպես նաեւ այնպիսի կառուցվածքով երկարափող հրազեն, որը թույլ է տալիս դրա երկարությունը կարճացնել 800 մմ-ից՝ առանց կրակ արձակելու ունակության կորստի.

2) իր ձեւով եւ տեսքով այլ առարկաների նմանեցված հրազեն.

3) ակոսափող հրազենի փամփուշտներով կրակելու համար հարմարեցված ողորկափող հրազեն.

4) ակոսափող հրազենի փամփուշտների չափերին համապատասխան պատրաստված ողորկափող հրազեն.

5) լախտեր, կռփազենք (կաստետներ).

6) զրահահար, հրկիզող, պայթուցիկ կամ լուսածիր գործողության գնդակով փամփուշտներ.

7) առողջապահության բնագավառի լիազոր մարմնի կողմից օգտագործման համար չթույլատրված նյարդակաթվածահարող, թունավոր եւ այլ ներգործող նյութերով լիցքավորված, ինչպես նաեւ 3 մետրից ավելի հեռավորության վրա գտնվող անձին միջին ծանրության վնաս պատճառելու ունակությամբ օժտված տրավմատիկ եւ գազային զենք.

8) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված քրեագիտական պահանջներին չհամապատասխանող տեխնիկական բնութագիր ունեցող զենք եւ զինամթերքի.

2. Արգելվում է՝

1) 7,5 ջոուլ փողային էներգիայից ավելի էներգիայով եւ 4,5 մմ տրամաչափը գերազանցող ակոսափող սպորտային օդամղիչ զենք, ինչպես նաեւ նետողական սառը զենք օգտագործելը սպորտային օբյեկտներից դուրս, բացառությամբ՝ աղեղների եւ արբոլետների, որոնք գիտահետազոտական կամ կանխարգելիչ աշխատանքներ տանելու նպատակով օգտագործվում են կենդանական աշխարհի օբյեկտների անշարժացման եւ ներարկումների համար.

2) քաղաքացիական եւ ծառայողական զենքի վրա անաղմուկ հրաձգության հարմարանքներ տեղադրելը.

3) հրազեն ուղարկելը կամ առաքելը փոստով կամ ուղեբեռով.

4) հավաքների կամ հանրային միջոցառումներին մասնակցելիս քաղաքացիների կողմից զենք կրելը կամ տեղափոխելը (փոխադրելը).

5) քաղաքացիական զենքի (բացառությամբ՝ գազային զենքի, վնասվածքային (տրավմատիկ) զենքի եւ էլեկտրահարող սարքերի) կրումը, բացառությամբ՝ սիրողական հրաձգությամբ, որսորդությամբ, սպորտով, մշակութային միջոցառումներով, ինչպես նաեւ ռազմամարզությամբ զբաղվելու ընթացքում.

6) առողջապահության բնագավառի լիազոր մարմնի կողմից օգտագործման համար արգելված թունավոր նյութերով լիցքավորված ատրճանակների (ռեւոլվերների) նմանվող սարքեր եւ դրանց փամփուշտներ, որոնք ունակ են թունավորման արդյունքում ոչնչացնել կենդանի էակ.

7) Հայաստանի Հանրապետության ստանդարտացման, չափագիտության եւ սերտիֆիկացման լիազոր մարմնի (այսուհետ՝ ստանդարտացման, չափագիտության եւ սերտիֆիկացման լիազոր մարմին) պահանջներին եւ առողջապահության բնագավառի լիազոր մարմնի սահմանած նորմերին չհամապատասխանող ատրճանակների նմանվող (տայզերներ), կայծային պարպիչներ եւ այլ կրովի էլեկտրահարող սարքեր, որոնք ունակ են էլեկտրահարման արդյունքում ոչնչացնել կենդանի էակ.

8) Հայաստանի Հանրապետության տարածքում շրջանառության համար ներկայացրած տեխնիկական պահանջներին չհամապատասխանող զենք ու դրա փամփուշտներ վաճառելը, փոխանցելը եւ ձեռք բերելը:

Հոդված 8. Քաղաքացիական եւ ծառայողական զենքի եւ դրանց փամփուշտների սերտիֆիկացումը

1. Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրվող, ինչպես նաեւ ներկրվող եւ արտահանվող քաղաքացիական եւ ծառայողական զենքի եւ դրանց փամփուշտների բոլոր մոդելները, ինչպես նաեւ կառուցվածքով զենքի նմանվող իրերն ու առարկաները ենթակա են պարտադիր սերտիֆիկացման՝ օրենսդրությամբ սահմանված կարգով:

2.Քաղաքացիական եւ ծառայողական զենքին եւ դրանց փամփուշտներին ներկայացվող տեխնիկական պահանջները եւ փորձարկման մեթոդները սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում գործող ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերով՝ սույն օրենքի դրույթներին համապատասխան:

Հոդված 9. Քաղաքացիական եւ ծառայողական զենքի եւ դրանց փամփուշտների մասին տեղեկությունների պետական կադաստրը

1. Քաղաքացիական եւ ծառայողական զենքի եւ դրանց փամփուշտների մասին տեղեկությունների պետական կադաստրը համարվում է հանրապետության տարածքում շրջանառության թույլատրված քաղաքացիական եւ ծառայողական զենքի եւ դրանց փամփուշտների մասին համակարգված տեղեկությունների պաշտոնական ժողովածու:

2. Կադաստրը հրապարակվում է քաղաքացիական եւ ծառայողական զենքի եւ դրանց փամփուշտների մոդելների ցանկի հիման վրա, որում ընդգրկված տվյալները մտցվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից եռամսյակը մեկ անգամ հաստատվող կադաստրի մեջ կամ հանվում՝ կադաստրից: Կադաստրի մեջ չեն մտցվում մարտտական շեղբավոր սառը եւ նետողական սառը զենքի, հանրապետությունում արտադրվող, ներկրվող եւ արտահանվող քաղաքացիական զենքի նմուշ օրինակների վերաբերյալ տվյալները:

3. Կադաստրը վարում է ստանդարտացման, չափագիտության եւ սերտիֆիկացման լիազոր մարմինը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Կադաստրում փոփոխություններ են մտցվում քաղաքացիական եւ ծառայողական զենքի կամ դրանց փամփուշտների մոդելների ցանկը հաստատելուց հետո՝ ոչ ուշ, քան երեք ամսվա ընթացքում, եթե այդ տվյալները ենթակա են կադաստրի մեջ մտնելու կամ հանվելու:

Հոդված 10. Զենքի արտադրության, ներկրման, արտահանման, առեւտրի, հրաձգարանի գործարկման լիցենզավորմանը եւ զենք ձեռք բերելու, կրելու, պահելու, տեղափոխելու (փոխադրելու), հավաքածուներ կազմելու եւ հավաքածուներ ցուցադրելու թույլտվությանը ներկայացվող հիմնական պահանջները

1. Զենքի արտադրությունը, ներկրումը, արտահանումը, առեւտուրը, հրաձգարանի գործարկումը Հայաստանի Հանրապետության տարածքում ենթակա են լիցենզավորման, բացառությամբ պետական ռազմականացված կազմակերպությունների կողմից զենքի ձեռքբերման դեպքերի:

2. Զենքի արտադրության, ներկրման, արտահանման, առեւտրի լիցենզիան տալիս է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը: Լիցենզիա տալու օրվանից հաշված՝ զենքի արտադրության, ներկրման, արտահանման, առեւտրի լիցենզիաների գործողության ժամկետը 5 տարի է: Սույն մասում նշված լիցենզիաները տրվում են ըստ զենքի առանձին տեսակների եւ դրա կապակցությամբ իրականացվող գործողությունների (արտադրություն, ներկրում, արտահանում, առեւտուր):

3. Լիցենզիա ստանալու մասին դիմումը նշված մարմինները քննարկում են՝ դիմում տալու օրվանից հաշված 24 աշխատանքային օրվա ընթացքում: Անհրաժեշտության դեպքում նշված ժամկետը կարող է երկարաձգվել օրենքով սահմանված կարգով: Դիմումում նշվում են տեղեկություններ արտադրության, առեւտրի, ներկրման, արտահանման ենթակա զենքի տեսակի, դրա արտադրության լիակատար անվտանգության, հաշվառման եւ պահպանության ապահովման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների մասին: Դիմողը պարտավոր է ներկայացնել նաեւ ձեռնարկության, հիմնարկի կամ կազմակերպության հիմնադրմանը եւ գրանցման վայրին վերաբերող, ինչպես նաեւ սույն օրենքով նախատեսված այլ փաստաթղթեր:

4. Զենք ձեռք բերելու, կրելու, պահելու, տեղափոխելու (փոխադրելու), զենքի հավաքածու կազմելու եւ դրանք ցուցադրելու թույլտվությունները տալիս է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը: Զենք ձեռք բերելու, կրելու, պահելու, տեղափոխելու (փոխադրելու) թույլտվությունը տրվում է 10 տարի ժամկետով, զենքի հավաքածու կազմելու թույլտվությունը՝ անժամկետ, իսկ զենքի հավաքածու ցուցադրելու թույլտվությունը՝ 6 ամիս ժամկետով: Համապատասխան թույլտվությունը տրվում է ըստ զենքի առանձին տեսակների եւ դրա կապակցությամբ իրականացվող գործողության (զենք ձեռք բերել, կրել, պահել, տեղափոխել (փոխադրել)):

Զենքի հավաքածուի թույլտվությունը ներառում է նաեւ զենք ձեռք բերելու, պահելու, տեղափոխելու (փոխադրելու) թույլտվությունները:

Սույն հոդվածում նշված թույլտվությունը նախատեսված չէ միայն մարտական շեղբավոր սառը զենքի եւ նետողական սառը զենքի հավաքածու կազմելու եւ դրանց ցուցադրելու համար:

5. Զենք ձեռք բերելու, կրելու, պահելու, տեղափոխելու (փոխադրելու), զենքի հավաքածու կազմելու եւ դրանք ցուցադրելու մասին դիմումը Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում քննարկվում է դիմում տալու օրվանից հաշված մինչեւ 10 աշխատանքային օրվա ընթացքում: Դիմումում նշվում են տեղեկություններ համապատասխան զենքի տեսակների մասին: Դիմողը պարտավոր է ներկայացնել անձը հաստատող, ինչպես նաեւ սույն օրենքով նախատեսված այլ փաստաթղթեր:

6. Զենքի արտադրության, ներկրման, արտահանման եւ առեւտրի լիցենզիայի գործողության ժամկետը, համապատասխան դիմումի հիման վրա, կարող է երկարաձգվել եւս 5 տարով:

Այդ ժամկետի երկարաձգման մասին համապատասխան դիմումը ներկայացվում է ժամկետը լրանալուց առնվազն 40 օր առաջ: Դիմումը քննարկվում եւ դրա ընթացքը լուծվում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը՝ դիմումը տալու օրվանից հաշված 24 աշխատանքային օրվա ընթացքում:

7. Զենք ձեռք բերելու, կրելու, պահելու, տեղափոխելու (փոխադրելու) թույլտվության ժամկետը, համապատասխան դիմումի հիման վրա, կարող է երկարաձգվել եւս 10 տարով, իսկ զենքի հավաքածուն ցուցադրելու թույլտվության ժամկետը՝ եւս 6 ամսով: Թույլտվությունների ժամկետների երկարաձգման մասին համապատասխան դիմումը ներկայացվում է այդ ժամկետները լրանալուց առնվազն 20 օր առաջ: Դիմումը քննարկվում եւ դրա ընթացքը լուծվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից՝ դիմումը տալու օրվանից հաշված 10 աշխատանքային օրվա ընթացքում:

8. Սույն հոդվածում նշված լիցենզիա եւ թույլտվություն տալու կամ դրանց գործողության ժամկետները երկարաձգելու մերժման հիմքերն են՝

1) դիմողի կողմից անհրաժեշտ տեղեկություններ չներկայացնելը կամ ոչ ճիշտ տեղեկություններ ներկայացնելը.

2) զենքի արտադրության անվտանգության, հաշվառման եւ պահպանության ապահովման անհնարինությունը կամ այդ պայմանները չապահովելը.

3) սույն օրենքով նախատեսված այլ հիմքեր:

9. Սույն հոդվածում նշված լիցենզիա եւ թույլտվություն տալու կամ դրանց գործողության ժամկետը երկարաձգելու վերաբերյալ դիմումը մերժելու դեպքում համապատասխան մարմինները պարտավոր են այդ մասին գրավոր տեղեկացնել դիմողին՝ նշելով մերժման հիմքը: Սույն հոդվածում նշված լիցենզիա եւ թույլտվություն տալու կամ դրանց գործողության ժամկետը երկարաձգելու դիմումը մերժելու որոշումը, ինչպես նաեւ դիմումի քննարկման ժամկետների խախտումները դիմումատուն կարող է բողոքարկել դատական կարգով:

10. Զենքի գրանցելու եւ հաշվառելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 11. Զենք ձեռք բերելու իրավունք ունեցող սուբյեկտները

1. Հայաստանի Հանրապետության տարածքում զենք ձեռք բերելու, կրելու, պահելու, տեղափոխելու (փոխադրելու) իրավունք (այսուհետ նաեւ՝ զենք ձեռք բերելու իրավունք) ունեն՝

1) Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը.

2) պետական ռազմականացված կազմակերպությունները.

3) հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձինք.

4) զենքի առեւտրով զբաղվող իրավաբանական անձինք.

5) զենքի հավաքածուներ կազմելով կամ դրանք ցուցադրելով զբաղվող իրավաբանական կամ ֆիզիկական անձինք.

6) լիցենզավորված ռազմամարզական, սպորտային հրաձգության, եւ որսորդական տնտեսություն վարող կազմակերպությունները.

7) Հայաստանի Հանրապետության քաղաքացիները.

8) օտարերկրյա քաղաքացիները:

2. Ուսումնական հաստատություններին նախնական զինվորական պատրաստության նպատակով ուսումնական զենք հատկացվում է Հայաuտանի Հանրապետության կառավարության uահմանած կարգով:

Հոդված 12. Պետական ռազմականացված կազմակերպությունների եւ դրանց ծառայողների զենք ձեռք բերելու իրավունքը

1. Պետական ռազմականացված կազմակերպություններն իրավունք ունեն սույն օրենքով սահմանված կարգով ձեռք բերել Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած մարտական, ինչպես նաեւ կադաստր մտցված ցանկացած այլ զենք:

2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ոստիկանության եւ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության համակարգերում 20 եւ ավել տարի զինվորական ծառայության ստաժ ունեցող քաղաքացիները իրավունք ունեն սույն օրենքով սահմանված կարգով առանց կրելու իրավունքի, ձեռք բերել 1 միավոր կարճափող ակոսափող հրազեն (ատրճանակ, ռեւոլվեր), որը կբացառի կրակահերթով կրակելու հնարավորություն:

Հոդված 13. Հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց զենք ձեռք բերելու իրավունքը

1. Հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձինք իրավունք ունեն մատակարար իրավաբանական անձանցից ձեռք բերել քաղաքացիական եւ ծառայողական զենք՝ միայն Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից թույլտվություն ստանալուց հետո:

2. Հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց աշխատակիցների կողմից օգտագործվող քաղաքացիական եւ ծառայողական զենքի տեսակը, ձեւը, մոդելը եւ քանակը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Զենք ձեռք բերելու օրվանից երկշաբաթյա ժամկետում զենքը պետք է գրանցվի եւ հաշվառվի Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում: Գրանցման եւ հաշվառման ժամանակ զենքի ձեռքբերման օրինականությունը հաստատող փաստաթղթերի հիման վրա հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց տրվում է զենք ձեռք բերելու թույլտվություն՝ 5 տարի ժամկետով: Թույլտվության ձեւը սահմանում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը: Թույլտվության գործողության ժամկետը երկարաձգվում է սույն օրենքով սահմանված կարգով եւ տրվում է 5 տարի ժամկետով:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով՝ հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձինք իրավունք ունեն ժամանակավոր օգտագործման համար Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից ստանալ մարտական զենքի առանձին տեսակներ, օրենքով իրենց վրա դրված՝ զենքի, զինամթերքի, մարտական տեխնիկայի արտադրության եւ պահման, հատկապես վտանգավոր էկոլոգիական արտադրությունների օբյեկտների, բնության եւ բնական պաշարների, դրամական միջոցների եւ արժեքների պատրաստման եւ պահման, թանկարժեք մետաղների ու քարերի արդյունահանման, վերամշակման եւ պահման վայրերի, օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների եւ հատկապես կարեւոր այլ օբյեկտների պահպանության, ինչպես նաեւ հատկապես վտանգավոր բեռների, զենքի, զինամթերքի, մարտական տեխնիկայի, դրամական միջոցների ու արժեքների, պետական եւ ծառայողական գաղտնիք պարունակող դիվանագիտական փոստի ու թղթակցության, պետական եւ ծառայողական գաղտնիքի շարքին դասվող տեղեկությունների կրողներ պարունակող բեռների տեղափոխման պարտականությունների կատարման նպատակով:

5. Հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց արգելվում է սույն օրենքով չնախատեսված այլ նպատակներով մարտական զենք ձեռք բերելը:

6. Ձեռնարկություններին, հիմնարկներին ու կազմակերպություններին, որոնք, համաձայն գործող օրենսդրության, պարտավոր են պահպանել Հայաստանի Հանրապետության որսի եւ ձկան պաշարները, թույլատրվում է որպես ծառայողական զենք՝ ձեռք բերել քաղաքացիական զենք:

7. Հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց աշխատողներին զենքը տրվում է իրավաբանական անձի ղեկավարի գրավոր հրամանով, եթե այդ աշխատողներն անցել են հատուկ պատրաստություն եւ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից ստացել զենք ձեռք բերելու թույլտվություն: Այդ աշխատողները պարտավոր են պարբերաբար անցնել զենքի գործադրման անհրաժեշտություն առաջացնող իրադրություններում գործելու՝ իրենց պիտանիությունը որոշող ստուգարքներ: Նշված աշխատողների հատուկ պատրաստությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը՝ պայմանագրային հիմունքներով: Հատուկ պատրաստության ծրագիրը եւ ստուգարքների անցկացնելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը:

8. Հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց այն աշխատողները, ովքեր նախկինում ծառայել են պետական ռազմականացված կազմակերպություններում եւ ունեցել են զենք պահելու եւ կրելու իրավունք, ազատվում են հատուկ պատրաստություն անցնելուց եւ հրազենի գործադրման անհրաժեշտություն առաջացնող իրադրություններում գործելու իրենց պիտանիությունը որոշող uտուգումից, եթե վերջիններիս ծառայությունը չի ավարտվել վաղաժամկետ եւ ծառայությունից ազատվելուց հետո չի անցել 3 տարի:

Հոդված 14. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների՝ զենք ձեռք բերելու իրավունքը

1. Քաղաքացիական զենք ձեռք բերելու իրավունք ունի Հայաստանի Հանրապետության 21 տարին լրացած քաղաքացին (այսուհետ՝ քաղաքացի)՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից քաղաքացիական զենք ձեռք բերելու համապատասխան թույլտվություն ստանալուց հետո:

2. Քաղաքացին թույլտվության հիման վրա իրավունք ունի ձեռք բերել սույն օրենքի 4-րդ հոդվածով նախատեսված քաղաքացիական զենք, իսկ զենքի հավաքածու կազմելու կամ ցուցադրելու համար նաեւ զենքի այլ տեսակներ, որոնք 10 աշխատանքային օրվա ընթացքում պետք է գրանցվեն ու հաշվառվեն Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում, բացառությամբ՝ հավաքածուների համար ձեռքբերված մարտական սառը զենքի:

3. Քաղաքացուն թույլատրվում է ձեռք բերել, գրանցել եւ հաշվառել ոչ ավելի, քան 10 միավոր քաղաքացիական զենք, իսկ զենքի հավաքածու կազմելու կամ դրանք ցուցադրելու համար՝ անսահմանափակ թվով հրազեն եւ մարտական սառը զենք:

4. Քաղաքացու կողմից ձեռք բերված զենքը ձեռքբերման օրվանից հաշված 10 աշխատանքային օրվա ընթացքում ենթակա է գրանցման եւ հաշվառման Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում:

5. Զենք ձեռք բերելու թույլտվություն ստանալու համար քաղաքացին պարտավոր է Հայաստանի Հանրապետության ոստիկանություն ներկայացնել վերջինիս կողմից սահմանված դիմում, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հաստատող, ինչպես նաեւ անհրաժեշտ բժշկական փաստաթղթեր:

6. Առաջին անգամ քաղաքացիական զենք ձեռք բերող քաղաքացին պարտավոր է Հայաստանի Հանրապետությունում լիցենզավորված հաստատություններից մեկում անցնել զենք ձեռք բերելու, կրելու, պահելու, տեղափոխելու (փոխադրելու), ինչպես նաեւ զենքի հավաքածու կազմելու եւ դրանք ցուցադրելու անվտանգության կանոնների կարճաժամկետ պարապմունքներ եւ քննություն հանձնելուց հետո ստանալ համապատասխան հավաստագիր, որի առկայության դեպքում միայն Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը քաղաքացուն տրամադրում է զենք ձեռք բերելու թույլտվություն:

Կարճաժամկետ դասընթացներից ազատվում են առաջին անգամ քաղաքացիական զենք ձեռք բերող այն քաղաքացիները, ովքեր ունեցել կամ ունեն ծառայողական կամ մարտական զենք ձեռք բերելու, կրելու, պահելու, տեղափոխելու (փոխադրելու), ինչպես նաեւ զենքի հավաքածու կազմելու եւ դրանք ցուցադրելու իրավունք:

7. Քաղաքացիական զենք ձեռք բերելու թույլտվություն չի տրվում՝

1) uույն oրենքով uահմանված տարիքի չհաuած անձանց.

2) բժշկական կազմակերպություններում որպես հոգեկան խանգառում ունեցող, ալկոհոլամոլ կամ թմրամոլ հաշվառման մեջ գտնվող անձանց, ինչպես նաեւ այլ հիվանդություններ ունեցող անձանց (հիվանդությունների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը).

3) դիտավորյալ հանցագործություն կատարելու համար դատապարտված անձանց, ում դատվածությունն oրենքով uահմանված կարգով հանված կամ մարված չէ.

4) հանցագործություն կատարելու համար պատիժ կրող անձանց.

5) այն անձանց, որոնց նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում (մինչեւ անձի նկատմամբ քրեական հետապնդման դադարեցումը անմեղության հիմքով կամ արդարացման դատավճռի կայացումը).

6) դատարանի վճռով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձանց.

7) զենքի շրջանառության կանոնները խախտած անձանց՝ մինչեւ վարչական տույժի ժամկետի լրանալը.

8) մեկ տարվա ընթացքում կրկնակի հասարակական կամ կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգվող վարչական իրավախախտում կատարած անձանց.

9) Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում չհաշվառված անձանց.

10) կենցաղային ոլորտում պարբերաբար իրավախախտում թույլ տալու կամ ընտանիքի անդամների նկատմամբ բռնություն գործադրելու հիմքերով հաշվառման մեջ գտնվող անձանց.

11) սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված հավաստագիր չունեցող անձանց:

8. Կառուցվածքով զենքի նմանվող իրերը, ոչ ավելի, քան 7.5 ջոուլ փողային էներգիայով օդամղիչ հրացանները եւ ատրճանակները (այդ թվում՝ ռեւոլվերները), դրանց փամփուշտները, զենքի պարագաները, մեխանիկական փոշեցրիչները, աերոզոլային եւ այլ սարքերը, որոնք լիցքավորված են արցունքաբեր կամ գրգռիչ նյութերով, թույլատրված չափանիշներին համապատասխանող էլեկտրահարող ատրճանակները (տայզերները) եւ սարքերը ու կայծային պարպիչները գրանցման եւ հաշվառման ենթակա չեն, եւ քաղաքացիները իրավունք ունեն դրանք ձեռք բերել առանց թույլտվության:

Հոդված 15. Հայաստանի Հանրապետության տարածքում օտարերկրյա քաղաքացիների կողմից քաղաքացիական զենք ձեռք բերելը, ներկրելը եւ արտահանելը

1. Օտարերկրյա քաղաքացիները Հայաստանի Հանրապետության տարածքում կարող են քաղաքացիական զենք ձեռք բերել, կրել, պահել, տեղափոխել (փոխադրել) Հայաստանի Հանրապետության ոստիկանության տված թույլտվություններով՝ օտարերկրյա պետությունների դիվանագիտական եւ հյուպատոսական ներկայացուցչությունների միջնորդության հիման վրա, պայմանով, որ զենքը ձեռք բերելու օրվանից ոչ ուշ, քան 5 օրվա ընթացքում, այն դուրս տարվի հանրապետությունից:

Օտարերկրյա քաղաքացիների կողմից Հայաստանի Հանրապետությունից զենք դուրս բերելու ժամկետները, ինչպես նաեւ այն ներկրելու, արտահանելու եւ օգտագործելու կարգի խախտման դեպքերում զենքը վերցվում է օրենքով սահմանված կարգով:

2. Օտարերկրյա քաղաքացիները կարող են որսորդությանը կամ սպորտային միջոցառումներին մասնակցելու նպատակով ներկրել միայն քաղաքացիական զենք՝ որսորդությամբ զբաղվելու լիցենզիա ունեցող իրավաբանական անձի հրավերի եւ նրա հետ կնքված որսորդության պայմանագրի, ինչպես նաեւ սպորտային միջոցառումներին մասնակցելու հրավերի եւ Հայաստանի Հանրապետության ոստիկանության թույլտվության առկայության դեպքում: Այդ զենքը հանրապետության տարածքից պետք է դուրս տարվի պայմանագրի կամ հրավերում նշված ժամկետում:

3. Օտարերկրյա քաղաքացիներին արգելվում է զենքի բոլոր տեսակների, ձեւերի եւ մոդելների ներկրումը՝ անձնական անվտանգության ապահովման, այլ անձանց կյանքի, առողջության եւ սեփականության պաշտպանության, բեռների ուղեկցման կամ սույն հոդվածի 2-րդ մասով չնախատեսված այլ նպատակներով, եթե դրանք նախատեսված չեն Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

4. Կառուցվածքով զենքի նմանվող իրերը, ոչ ավելի, քան 7.5 ջոուլ փողային էներգիայով օդամղիչ հրացանները եւ ատրճանակները (այդ թվում՝ ռեւոլվերները), դրանց փամփուշտները, նետողական սառը զենքը, մեխանիկական փոշեցրիչները, աերոզոլային եւ այլ սարքերը, որոնք լիցքավորված են արցունքաբեր կամ գրգռիչ նյութերով, թույլատրված չափանիշներին համապատասխանող էլեկտրահարող ատրճանակները (տայզերները) եւ սարքերը ու կայծային պարպիչները գրանցման եւ հաշվառման ենթակա չեն, եւ օտարերկրյա քաղաքացիները իրավունք ունեն դրանք ձեռք բերել եւ կրել առանց թույլտվության:

Հոդված 16. Այլ սուբյեկտների՝ զենք ձեռք բերելու իրավունքը

1. Զենքի հետազոտմամբ, ինչպես նաեւ փորձարկմամբ զբաղվող իրավաբանական անձինք իրենց կանոնադրական խնդիրների իրականացման նպատակով իրավունք ունեն ձեռք բերել զենքի արտադրության լիցենզիայով եւ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերով նախատեսված զենքի տեսակներ եւ մոդելներ:

2. Զենքի առեւտրով զբաղվող իրավաբանական անձինք իրավունք ունեն ձեռք բերել քաղաքացիական եւ ծառայողական զենք:

3. Օրենսդրության համաձայն՝ հատուկ պետական պաշտպանության ենթակա անձինք իրավունք ունեն ժամանակավոր օգտագործման համար ստանալ ծառայողական զենք՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

4. Սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում նշված սուբյեկտները զենքը ձեռք են բերում սույն օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից տրված թույլտվություններով: Ձեռքբերված զենքը ենթակա է գրանցման եւ հաշվառման սույն օրենքով սահմանված կարգով:

5. Լիցենզավորված հրաձգարանները, սպորտային եւ ռազմամարզական կազմակերպությունները կարող են ձեռք բերել սպորտային եւ ռազմամարզական միջոցառումների ընթացքում կիրառվող կարճափող հրազեններ, որոնք պետք է պահվեն նույն կազմակերպություններում եւ օգտագործվեն այդ կազմակերպությունների տարածքում:

Հոդված 17. Զենքի եւ փամփուշտների արտադրությունը

1. Զենքի եւ փամփուշտների արտադրությունն իրականացնում են զենքի, զինամթերքի արտադրության լիցենզիա ունեցող իրավաբանական անձինք՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով՝ ապահովելով արտադրության լիակատար անվտանգությունը, արտադրության ընթացքի նկատմամբ հսկողությունը եւ արտադրանքի համապատասխան որակը:

2. Պատրաստված զենքի յուրաքանչյուր միավոր պետք է ունենա իր անհատական համարը, բացառությամբ՝ սույն օրենքի 14-րդ հոդվածի 9-րդ մասով նախատեսված միջոցներից, եւ ելնելով շահագործման անվտանգության պահանջներից, ենթարկվի պարտադիր փորձարկման՝ հետագայում դրոշմելով կամ ստանդարտացման, չափագիտության եւ սերտիֆիկացման լիազոր մարմնի սահմանած կարգով դրա վրա համապատասխան նշում կատարելով:

3. Մարտական զենքը, բացառությամբ փորձնական նմուշների, պատրաստվում է միայն պետական ռազմականացված կազմակերպություններին մատակարարելու կամ օտարերկրյա պետություններ առաքելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

4. Քաղաքացիական զենքի փամփուշտների լիցքավորումն անձնական օգտագործման նպատակով կարող է կատարել զենքը տնօրինողը՝ զենք պահելու եւ կրելու թույլտվության առկայության դեպքում:

Հոդված 18. Զենքի եւ փամփուշտների ներկրումը եւ արտահանումը

1. Զենքի եւ փամփուշտների ներկրումը եւ արտահանումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

2. Քաղաքացիական եւ ծառայողական զենքի եւ դրանց փամփուշտների ներկրումը եւ արտահանումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից լիցենզավորման դեպքում՝ սույն օրենքի պահանջներին համապատասխան:

3. Կառուցվածքով զենքի նմանվող իրերը Հայաստանի Հանրապետություն ներկրվում են ազատ՝ սերտիֆիկացումից հետո:

4. Զենքի եւ փամփուշտների ներկրումը կարող են իրականացնել լիցենզավորված մատակարար իրավաբանական անձինք, իսկ արտահանումը՝ զենքի արտադրության լիցենզիա ունեցող կամ լիցենզավորված մատակարար իրավաբանական անձինք:

Այլ անձանց կողմից զենքի ներկրումը եւ արտահանումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

5. Մշակութային արժեք ներկայացնող քաղաքացիական զենքի եզակի օրինակների ներկրումը եւ արտահանումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության թույլտվությամբ՝ սույն օրենքի պահանջներին համապատասխան:

6. Զենքի եւ փամփուշտների ներկրումը, արտահանումը եւ տարանցիկ տեղափոխումը (փոխադրումը) լիցենզավորման ենթակա գործունեություն է, որն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:

7. Ներկրման եւ արտահանման ենթակա զենքի եւ փամփուշտների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

8. Զենքի պարագաները Հայաստանի Հանրապետություն ներկրվում, արտահանվում եւ շրջանառվում են ազատ՝ առանց սերտիֆիկացման:

Հոդված 19. Քաղաքացիական եւ ծառայողական զենքի ու դրանց փամփուշտների առեւտուրը

1. Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքացիական եւ ծառայողական զենքի ու դրանց փամփուշտների առեւտուր իրականացնելու իրավունք ունեն նշված զենքի եւ զինամթերքի արտադրության կամ առեւտրի լիցենզիա ունեցող իրավաբանական անձինք:

2. Քաղաքացիական եւ ծառայողական զենքի ու դրանց փամփուշտների առեւտուր իրականացնելու իրավունք ունեցող իրավաբանական անձինք պարտավոր են՝

1) ունենալ քաղաքացիական եւ ծառայողական զենքի ու դրանց փամփուշտների արտադրությամբ կամ դրանց առեւտրով զբաղվելու լիցենզիա.

2) ունենալ վաճառվող քաղաքացիական եւ ծառայողական զենքի ու դրանց փամփուշտների սերտիֆիկատ, ինչպես նաեւ նշված զենքը պահելու թույլտվություն՝ տրված Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից.

3) պահանջել գնորդից ներկայացնելու տվյալ զենքի վերաբերյալ համապատասխան թույլտվություն, բացառությամբ այն զենքի, որոնց ձեռքբերման համար թույլտվություն չի պահանջվում.

4) ապահովել ձեռք բերվող եւ վաճառվող զենքի գրանցումը եւ հաշվառումը, ինչպես նաեւ հաշվառման փաստաթղթերի պահպանությունը 10 տարի ժամկետով.

5) ամենամսյա տեղեկություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության ոստիկանություն՝ վաճառված քաղաքացիական, ծառայողական զենքի, դրանց փամփուշտների եւ դրանք ձեռք բերող անձանց մասին՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության սահմանած ձեւով եւ կարգով.

6) գնորդին տրամադրել վաճառվող զենքի տվյալները՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից թույլտվություն ստանալու նպատակով.

7) ապահովել զենքի եւ զինամթերքի պատշաճ պահպանությունը եւ այն պահելու անվտանգությունը.

8) կենտրոնացված հաշվառում տանելու նպատակով՝ հանրապետական գնդակապարկուճային հաշվառման քարտադարան ներկայացնել ակոսափող քաղաքացիական եւ ծառայողական զենքից կրակված գնդակներն ու պարկուճները՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության սահմանած կարգով:

3. Վաճառքի ենթակա չեն սերտիֆիկատ, անհատական համար եւ դրոշմ չունեցող քաղաքացիական եւ ծառայողական զենքը, ինչպես նաեւ պետական ստանդարտին համապատասխանելու մասին համապատասխան նշան չունեցող փամփուշտները:

4. Արգելվում է՝

1) քաղաքացիական եւ ծառայողական զենք վաճառել զենք ձեռք բերելու թույլտվություն չներկայացրած ֆիզիկական եւ իրավաբանական անձանց, իսկ դրանց փամփուշտները՝ զենք պահելու կամ պահելու եւ կրելու թույլտվություն չներկայացրած ֆիզիկական եւ իրավաբանական անձանց.

2) քաղաքացիական եւ ծառայողական զենքի եւ դրանց փամփուշտների առեւտրի լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց միեւնույն վաճառասրահում իրականացնել զենքի հետ կապ չունեցող այլ ապրանքների համատեղ վաճառք, բացառությամբ՝ սպորտային, որսորդական կամ ձկնորսական պատկանելության հարմարանքների, զենքի պահեստամասերի եւ սույն օրենքի 14-րդ հոդվածի 9-րդ մասով նախատեսված միջոցների:

5. Քաղաքացիական եւ ծառայողական զենքի եւ դրանց փամփուշտների առեւտրով զբաղվելու լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց դուստր ձեռնարկությունները պարտավոր են նմանօրինակ գործունեությամբ զբաղվելու համար սահմանված կարգով ձեռք բերել առանձին լիցենզիա:

Հոդված 20. Զենքի վաճառքը կամ փոխանցումը պետական ռազմականացված կազմակերպությունների կողմից

1. Պետական ռազմականացված կազմակերպություններն իրավունք ունեն իրենց սպառազինության մեջ գտնվող մարտական զենքը եւ դրա փամփուշտները վաճառելու կամ փոխանցելու այլ պետական ռազմականացված կազմակերպությունների, ինչպես նաեւ այն իրավաբանական անձանց, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով զբաղվում են զենքի արտադրությամբ կամ առեւտրով:

2. Պետական ռազմականացված կազմակերպություններն իրավունք ունեն իրենց սպառազինության մեջ գտնվող մարտական զենքը եւ զինամթերքը փոխանցելու համապատասխան բնակավայրերի բնակիչներին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

3. Պետական ռազմականացված կազմակերպություններն իրենց սպառազինության մեջ գտնվող մարտական եւ ծառայողական զենքը, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, իրավունք ունեն ժամանակավոր պահելու եւ կրելու նպատակով փոխանցել այն զինծառայողներին եւ պետական ռազմականացված կազմակերպությունների այն աշխատակիցներին, որոնց օրենքով թույլատրվում է ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում զենք պահել ու կրել:

Հոդված 21. Զենքով պարգեւատրումը, զենքի վաճառքը, նվիրատվությունը եւ ժառանգումը

1. Հայաստանի Հանրապետությունում զենքով պարգեւատրելու իրավունք ունեն՝

1) Հայաստանի Հանրապետության վարչապետը.

2) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը, Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության տնօրենը՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության եւ ռազմական շինարարության գործում ակնառու ծառայություններ մատուցած, զինված ուժերի կայացման գործում ներդրված ավանդի, երկարամյա օրինակելի եւ անբասիր ծառայության, ծառայողական պարտականությունները եւ (կամ) հատուկ առաջադրանքները գերազանց կատարելու, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությանը մատուցած նշանակալի ու բացառիկ ծառայությունների համար:

2. Որպես պարգեւ տրված զենք է համարվում նաեւ օտարերկրյա պետությունների կամ դրանց կառավարությունների ղեկավարների պարգեւատրման փաստաթղթերի հիման վրա Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին տրված զենքը:

3. Որպես պարգեւ տրված զենքը պարգեւատրվողին է հանձնվում ցմահ սեփականության իրավունքով՝ զենքը պահելու եւ կրելու թույլտվությամբ:

4. Զենքով պարգեւատրելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

5. Որպես պարգեւ չի կարող տրվել այն զենքը, որը թույլ է տալիս կրակ արձակել կրակահերթով, ինչպես նաեւ այն զենքը, որի շրջանառությունն արգելված է Հայաստանի Հանրապետության տարածքում:

6. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն իրավունք ունեն օրինական հիմքով սեփականության իրավունքով իրենց պատկանող զենքը վաճառելու քաղաքացիական եւ ծառայողական զենքի առեւտրի լիցենզիա, զենքի հավաքածու կազմելու կամ դրանք ցուցադրելու թույլտվություն ունեցող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կամ պետական ռազմականացված կազմակերպություններին՝ նախապես այդ մասին տեղեկացնելով զենք ձեռք բերելու թույլտվություն տված ոստիկանության համապատասխան մարմնին, ինչպես նաեւ զենք ձեռք բերելու, զենքի հավաքածուներ կազմելու կամ դրանք ցուցադրելու թույլտվություն ունեցող քաղաքացիներին զենքի գրանցման եւ հաշվառման վայրի ոստիկանության համապատասխան մարմնում այն վերագրանցելուց եւ վերահաշվառելուց հետո:

7. Որպես պարգեւ տրված զենքի սեփականատերն այն չի կարող հանձնել այլ անձի տիրապետմանը, կամ տնօրինմանը, բացառությամբ սույն հոդվածի 9-րդ մասով նախատեսված դեպքերի:

8. Ոստիկանության համապատասխան մարմնում գրանցված եւ հաշվառված քաղաքացիական զենքի նվիրատվությունն իրականացվում է օրենսդրությամբ սահմանված կարգով՝ նվիրառուի կողմից զենք ձեռք բերելու թույլտվություն ստանալուց հետո:

9. Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը զենք ձեռք բերելու, կրելու, պահելու, տեղափոխելու (փոխադրելու), զենքի հավաքածու կազմելու եւ դրանք ցուցադրելու թույլտվություն տալու յուրաքանչյուր դեպքի մասին անհապաղ բայց ուշ քան, թույլտվությունը տալու օրվանից հաշված 2 աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան տեղեկատվություն է ներկայացնում ֆիզիկական անձանց մահվան փաստը գրանցելու եւ հաշվառելու իրավասություն ունեցող լիազոր մարմնին, իսկ վերջինս նույն անձանց մահվան փաստն արձանագրելու դեպքում, այդ մասին անհապաղ, բայց ոչ ուշ քան 2 աշխատանքային օրվա ընթացքում հայտնում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը, որն անհապաղ, բայց ոչ ուշ քան այդ մասին տեղեկատվությունը ստանալու օրվանից 2 օրվա ընթացքում համապատասխան միջոցներ է ձեռնարկում զենքը վերցնելու ուղղությամբ:

10. Որպես պարգեւ տրված մարտական հրազենի ժառանգման դեպքում այն ժառանգին տրվում է պահելու թույլտվությամբ՝ մալելուց հետո: Որպես պարգեւ տրված մարտական հրազենը ժառանգին տրվում է պահելու թույլտվությամբ՝ առանց մալելու, եթե ժառանգն ունի զենքի հավաքածուներ կազմելու թույլտվություն:

11. Քաղաքացիական զենքի ժառանգումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1250-րդ հոդվածով սահմանված կարգով:

12. Ժառանգի կողմից զենքից, զենքի հավաքածուից կամովին հրաժարվելու դեպքում այն անցնում է պետության տնօրինման տակ:

13. Եթե զենքի, զենքի հավաքածուի ժառանգությունը ստանձնած ժառանգը չի ցանկանում ունենալ համապատասխան թույլտվություն, պարտավոր է այդ մասին անհապաղ, բայց ոչ ուշ քան ժառանգությունը ստանալու օրվանից հաշված 7-օրյա ժամկետում հայտնել Հայաստանի Հանրապետության ոստիկանություն՝ վերջինիս միջոցով համապատասխան զենքը կամ զենքի հավաքածուն տնօրինելու եւ ժառանգին փոխհատուցում տրամադրելու համար: Զենքը կամ զենքի հավաքածուն տնօրինելու գործընթացը Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից իրականացվում է նաեւ այն դեպքում, երբ ժառանգությունը ստանձնած ժառանգը մերժում է ստանում համապատասխան թույլտվությունը տրամադրելու հարցում:

Հոդված 22. Քաղաքացիական եւ ծառայողական զենքի եւ դրանց փամփուշտների վաճառքն այլ սուբյեկտների կողմից

Սույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 3-8-րդ կետերում նշված՝ զենք ձեռք բերելու իրավունք ունեցող սուբյեկտները կարող են վաճառել օրինական հիմքերով իրենց մոտ գտնվող քաղաքացիական եւ ծառայողական զենքը եւ դրանց փամփուշտները, քաղաքացիական եւ ծառայողական զենքի առեւտրի լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց՝ այդ մասին նախապես տեղեկացնելով զենքի հաշվառման վայրի Հայաստանի Հանրապետության ոստիկանություն:

Հոդված 23. Քաղաքացիական եւ ծառայողական զենք եւ դրանց փամփուշտներ պահելը

1. Քաղաքացիական եւ ծառայողական զենք եւ դրանց փամփուշտներ պահել թույլատրվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից զենք պահելու կամ պահելու եւ կրելու թույլտվություն ստացած ֆիզիկական եւ իրավաբանական անձանց՝ սույն օրենքով սահմանված կարգով:

2. Օտարերկրյա քաղաքացիներին Հայաստանի Հանրապետությունում սույն օրենքով սահմանված կարգով ձեռք բերված քաղաքացիական եւ ծառայողական զենք եւ դրանց փամփուշտներ թույլատրվում է պահել ոչ ավելի, քան 5 օր:

3. Ֆիզիկական եւ իրավաբանական անձանց արգելվում է իրենց գտած կամ այլ անձանցից անօրինական իրենց փոխանցված զենքը տիրապետելը կամ տնօրինելը: Նշված զենքն անհապաղ պետք է հանձնվի Հայաստանի Հանրապետության ոստիկանության մոտակա ստորաբաժանում:

4. Ֆիզիկական եւ իրավաբանական անձինք պարտավոր են իրենց պատկանող զենքը պահել այնպիսի պայմաններում, որ ապահովվի դրա պահպանությունը, անվտանգությունը եւ բացառվի կողմնակի անձանց ձեռքն ընկնելու հնարավորությունը:

5. Զենքը պահելու պայմաններին վերաբերող պահանջները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

6. Զենքի կորստի՝ կորցվելու, հափշտակվելու դեպքերում զենքի սեփականատերը պարտավոր է անհապաղ, բայց ոչ ուշ, քան կորստյան (կորցվելու, հափշտակվելու) փաստի մասին տեղեկանալուց հետո քսանչորս ժամվա ընթացքում, այդ մասին հայտնել Հայաստանի Հանրապետության ոստիկանություն:

Հոդված 24. Զենքի հավաքածու կազմելը

1. Իրավաբանական եւ ֆիզիկական անձինք զենքի հավաքածու կազմում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից տրված՝ զենքի հավաքածու կազմելու թույլտվության hիման վրա: Իրավաբանական եւ ֆիզիկական անձանց զենքի հավաքածուի մեջ կարող են ներառվել ինքնապաշտպանական, սիրողական, որսորդության, սպորտային, ճանաչողական, պատմական, գիտական, գեղարվեստական, մշակութային, տեղեկատվական եւ այլ նշանակության զենքի տեսակները:

2. Պետական ռազմականացված կազմակերպությունները զենքի հավաքածու կազմում են առանց թույլտվության: Պետական ռազմականացված կազմակերպությունները զենքի հավաքածուի մեջ կարող են ներառել՝

1) քաղաքացիական զենք.

2) ծառայողական զենք.

3) մարտական զենք.

4) քրեական գործերով իրեղեն ապացույց ճանաչված, այդ թվում՝ ինքնաշեն, ապoրինի ձեւափոխված կամ Հայաuտանի Հանրապետության տարածքում շրջանառությունն արգելված զենք՝ դատաքննության ավարտից հետո.

5) արտադրական, ուսումնական զենք, փորձարկումների համար նախատեuված կամ նշված նպատակներով պատրաuտված զենքի եզակի նմուշներ.

6) uերտիֆիկացման փորձարկումներ չանցած զենք.

7) սույն հոդվածի 2-րդ մասի 1-6-րդ կետերով նախատեսված զենքի փամփուշտներ:

4. Զենքի հավաքածուներ կազմելու թույլտվություն ունեցող անձը պարտավոր է ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված զենքի պահման ավտանգության պայմանները:

5. Զենքի հավաքածու չեն համարվում եւ լիազոր մարմնի կողմից հաշվառման ենթակա չեն՝

1) զենքի եւ զինամթերքի նմանակները (մակետ), որոնցից կենդանի էակ ոչնչացնելն անհնար է.

2) կառուցվածքով զենքին նմանվող իրերը.

6. Զենքի հավաքածուի թույլտվությունը ներառում է նաեւ զենք ձեռք բերելու, պահելու, տեղափոխելու (փոխադրելու) թույլտվությունները: Արգելվում է կրելը զենքի հավաքածուներում ներառված:

7. Հավաքածուի մեջ ընդգրկված քաղաքացիական զենքը կարող է օգտագործվել նաեւ ինքնապաշտպանության, սիրողական հրաձգության, որսորդության, սպորտային ու մշակութային միջոցառումների ընթացքում:

Հոդված 25. զենքի հավաքածու ցուցադրելը

1. Իրավաբանական եւ ֆիզիկական անձինք իրենց եւ այլ uեփականատերերին պատկանող զենքի հավաքածուի ցուցահանդեuները, ցուցահանդեu-վաճառքները (այuուհետ՝ ցուցահանդեu) իրականացնում են զենքի հավաքածու ցուցադրելու թույլտվության հիման վրա:

2. Ցուցահանդես չի համարվում արտադրության վայրում արտադրողին կամ առեւտրի uրահում մատակարարներին պատկանող զենքի ցուցադրումը:

3. Պետական ռազմականացված կազմակերպությունները զենքի գիտական, տեղեկատվական, ճանաչողական եւ քրեագիտական նշանակության հատուկ հավաքածուների ցուցահանդեսներ կազմակերպում են առանց թույլտվության:

4. Զենքի հավաքածու կազմելու թույլտվություն ունեցող իրավաբանական եւ ֆիզիկական անձինք իրենց պատկանող զենքը կարող են ցուցադրել զենքի հավաքածու ցուցադրելու թույլտվություն ունեցող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց միջոցով՝ նրանց հետ կնքած համապատասխան պայմանագրի հիման վրա: Ցուցահանդեuի անցկացման պատասխանատվությունը կրում է զենքի հավաքածու ցուցադրելու թույլտվություն ունեցող իրավաբանական կամ ֆիզիկական անձը:

5. Զենքի հավաքածու ցուցադրելու թույլտվություն ունեցող իրավաբանական եւ ֆիզիկական անձինք պարտավոր են՝

1) ապահովել ցուցաuրահների, զետեղարանների անվտանգությունը, ցուցանմուշների պահպանությունը.

2) ապահովել ցուցանմուշների հաշվառումը.

3) Հայաստանի Հանրապետության ոստիկանություն ներկայացնել ցուցադրման ենթակա զենքի համարային հաշվառման ցուցակները:

6. Զենքի հավաքածու ցուցադրելու թույլտվություն ունեցող իրավաբանական եւ ֆիզիկական անձանց արգելվում է՝

1) ցուցադրել Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից չհաշվառված զենքը.

2) ցուցահանդեuում զենք ցուցադրել այլ առարկաների հետ համատեղ՝ բացառությամբ զենքի պահեuտամաuերի, արտադրության uարքերի եւ գործիքների, uպորտային, որuորդական ու ձկնորuական հարմարանքների, զենքի տեխնիկական uպաuարկման եւ նորոգման առարկաների.

3) զենքը պահել ցուցահանդեuի ընթացքում զենք պահելու պայմաններին չհամապատաuխանող զետեղարանում:

Հոդված 26. Լիցենզիաներ, թույլտվություններ եւ սերտիֆիկատներ տալու, դրանց գործողության ժամկետները երկարաձգելու համար համապատասխան տուրքերի գանձման կարգը

Սույն օրենքով նախատեսված լիցենզիաներ, թույլտվություններ, սերտիֆիկատներ տալու, դրանց գործողության ժամկետները երկարաձգելու համար գանձվում է պետական տուրք՝ օրենսդրությամբ սահմանված կարգով եւ չափով:

Հոդված 27. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից զենք գործադրելու սահմանները եւ զենքի գործադրման մասին տեղեկացումը

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն օրինական հիմքով իրենց մոտ գտնվող զենքը կարող են գործադրել իր եւ (կամ) այլոց կյանքի, առողջության եւ սեփականության պաշտպանության համար միայն անհրաժեշտ պաշտպանության կամ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Զենքի գործադրմանը պետք է նախորդի այդ մասին այն անձին պարզորոշ նախազգուշացնելը, ում նկատմամբ գործադրվում է զենքը, բացառությամբ այն դեպքերի, երբ գործադրման ձգձգումը կարող է անմիջական վտանգի տակ դնել մարդկանց կյանքը, առողջությունը եւ (կամ) սեփականությունը: Անհրաժեշտ պաշտպանության դեպքում զենք գործադրելը չպետք է վնաս պատճառի կողմնակի այլ անձանց:

2. Արգելվում է զենք գործադրել հաշմանդամության ակնհայտ նշաններ ունեցող անձանց եւ անչափահասների նկատմամբ, եթե վերջիններիս տարիքն ակնհայտ է կամ հայտնի է զենք գործադրողին, բացառությամբ նրանց կողմից զինված կամ խմբակային հարձակման կամ զինված դիմադրության դեպքերի:

3. Զենքի գործադրման յուրաքանչյուր դեպքի մասին, որի հետեւանքով մարդու կյանքին, առողջությանը կամ սեփականությանը վնաս է պատճառվել, զենք գործադրողը պարտավոր է անհապաղ, բայց ոչ ուշ, քան քսանչորս ժամվա ընթացքում, այդ մասին հայտնել Հայաստանի Հանրապետության ոստիկանություն:

Հոդված 28. Լիցենզիայի եւ թույլտվությունների ուժը կորցրած ճանաչելը, զենքի նկատմամբ սեփականության իրավունքի դադարեցումը, զենքը վերցնելը եւ զենքի եւ զինամթերքի ոչնչացնելը

1. Քաղաքացիական եւ ծառայողական զենքի արտադրության, ներկրման, արտահանման, առեւտրի, հրաձգարանի գործարկման լիցենզիաները, ինչպես նաեւ զենք ձեռք բերելու, կրելու, պահելու, տեղափոխելու (փոխադրելու), զենքի հավաքածու կազմելու եւ դրանք ցուցադրելու թույլտվություններն ուժը կորցրած են ճանաչվում «Լիցենզավորման մասին» օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով, եթե՝

1) ֆիզիկական կամ իրավաբանական անձն իր ներկայացրած դիմումով կամովին հրաժարվել է լիցենզիայից կամ թույլտվությունից, կամ տվյալ իրավաբանական անձը լուծարվել է, կամ տվյալ զենքի սեփականատերը մահացել է.

2) ֆիզիկական կամ իրավաբանական անձը մեկ տարվա ընթացքում ոչ պակաս, քան 2 անգամ խախտել է սույն օրենքի կամ զենքի շրջանառությունը կանոնակարգող այլ իրավական ակտերի պահանջները, եթե սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված ժամկետում չեն վերացվել համապատասխան խախտումները.

3) առաջացել են սույն օրենքով նախատեսված՝ լիցենզիաներ կամ թույլտվություններ ստանալու իրավունքը բացառող հանգամանքներ.

4) ֆիզիկական կամ իրավաբանական անձը կատարել է իր տնօրինության տակ գտնվող զենքի եւ դրա փամփուշտների այնպիսի կառուցվածքային փոփոխություններ, որոնց հետեւանքով փոխվել են դրանց ձգաբանական կամ մյուս տեխնիկական բնութագրերը.

5) զենքով պարգեւատրումը կատարվել է սույն օրենքով նախատեսված պարգեւատրման պայմանների խախտումով:

6) ֆիզիկական անձը հաշվառվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում՝ կենցաղային ոլորտում պարբերաբար իրավախախտումներ թույլ տալու կամ ընտանիքի անդամների նկատմամբ բռնություն գործադրելու համար:

7) ֆիզիկական անձը հաշվառվել է հոգեբուժական կամ նարկոլոգիական հաստատություններում կամ ձեռք է բերել զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդություններ եւ ֆիզիկական թերություններ:

8) ֆիզիկական անձը մեկ տարվա ընթացքում թույլ է տվել կրկնակի հասարակական կամ կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգվող վարչական իրավախախտում.

9) ֆիզիկական անձը դատապարտվել է դիտավորյալ հանցագործություն կատարելու համար եւ դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ.

2. ֆիզիկական անձը զրկվում է զենքի թույլտվությունից՝ 2 տարի ժամկետով, իսկ իրավաբանական անձը զրկվում է լիցենզիայից՝ 3 տարի ժամկետով:

3. Եթե ֆիզիկական անձը զենք ձեռք բերելու թույլտվություն ստանալուց հետո մեկ տարվա ընթացքում ձեռք չի բերում իր առաջին զենքը, ապա թույլտվությունը համարվում է ուժը կորցրած եւ անձն իրավունք ունի օրենքով սահմանված ընթացակարգերով կրկին դիմելու Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից զենքի ձեռքբերման թույլտվություն ստանալու համար:

4. Սույն հոդվածով նախատեսված հիմքերով լիցենզիան կամ թույլտվությունն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշմանը պետք է նախորդի տվյալ ֆիզիկական կամ իրավաբանական անձին, լիցենզիա կամ թույլտվություն տված մարմնի կողմից արված նախնական գրավոր նախազգուշացումը, որում պարտադիր նշվում է, թե հատկապես ինչ իրավական նորմեր եւ կանոններ են խախտվել կամ չեն կատարվել, ինչպես նաեւ խախտումների վերացման ժամկետը:

5. Լիցենզիայից կամ թույլտվությունից կամովին հրաժարվելու դեպքում այդպիսիք կրկին ստանալու համար ժամկետներ չեն սահմանվում:

6. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքերում զենքի նկատմամբ քաղաքացու սեփականության իրավունքը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 282-րդ հոդվածով նախատեսված հիմքերով:

7. Հայաստանի Հանրապետության ոստիկանությունն իրավասու է վերցնել իրավաբանական եւ ֆիզիկական անձանց տնօրինության տակ գտնվող զենքը, եթե՝

1) առկա են սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ քաղաքացիական եւ ծառայողական զենքի արտադրության, ներկրման, արտահանման եւ առեւտրի լիցենզիաները, ինչպես նաեւ զենք ձեռք բերելու, կրելու, պահելու, տեղափոխելու (փոխադրելու), զենքի հավաքածու կազմելու եւ դրանք ցուցադրելու թույլտվություններն ուժը կորցրած ճանաչելու դեպքերը.

2) բացակայում են զենքի արտադրության, ներկրման, արտահանման, առեւտրի, հրաձգարան գործարկելու լիցենզիաները, ինչպես նաեւ զենք ձեռք բերելու, կրելու, պահելու, տեղափոխելու (փոխադրելու), զենքի հավաքածու կազմելու եւ դրանք ցուցադրելու թույլտվությունները:

8. Զենքի մահացած uեփականատիրոջ կամ որպես պարգեւ տրված զենքը տնօրինող մահացած քաղաքացու զենքը վերցվում է՝ մինչեւ ժառանգության կամ զենքը տնօրինելու հարցը լուծելը.

9. Մաքuային մարմիններն իրավունք ունեն զենքը վերցնել մաքuային oրենuգրքով սահմանված դեպքերում: Վերցված զենքը փոխանցվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանություն:

10. Զենքը կարող է վերցվել նաեւ oրենքով սահմանված այլ դեպքերում:

11. Շահագործման համար տեխնիկապեu պիտանի, վերցված քաղաքացիական եւ ծառայողական զենքերը կարող են իրացվել զենքի առեւտրի լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց միջոցով:

12. Որuի, ձկնորuության, բնության ու բնական պաշարների պահպանության նկատմամբ պետական հuկողություն իրականացնող մարմինները վերցված զենքը փոխանցում են լիազոր մարմին:

13. Վերցված, կամավոր հանձնված կամ գտնված զենքը եւ (կամ) զինամթերքը Հայաստանի Հանրապետության ոստիկանություն է փոխանցվում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված կարգով: Քրեական գործով իրեղեն ապացույց ճանաչված զենքը փոխանցվում է դատաքննության ավարտից հետո՝ մինչեւ Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով վերջնական որոշում կայացվելը:

14. Շահագործման համար տեխնիկապեu ոչ պիտանի, ինքնաշեն կամ ձեւափոխված, ինչպեu նաեւ Հայաuտանի Հանրապետության տարածքում շրջանառությունն արգելված զենքը ենթակա է ոչնչացման: Զենքը ոչնչացվում է մեխանիկական դեֆորմացիայի, կտրատման կամ ձուլման միջոցով:

15. Ոչ պիտանի կամ oգտագործման համար արգելված փամփուշտները, բացառությամբ գազային զենքի փամփուշտների, ոչնչացվում են այրելու միջոցով՝ բնակավայրերից 1500 մետր հեռավորության վրա, մեկուսացված տարածքում:

16. Տեխնիկապեu անuարք փամփուշտները, արցունքաբեր կամ գրգռիչ նյութերով լիցքավորված մեխանիկական փոշեցրիչները, աերոզոլային եւ այլ uարքերը, uեփականատիրոջ կողմից անհատույց փոխանցվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանություն՝ օրենքով սահմանված կարգով ոչնչացնելու համար:

17. Զենքի, փամփուշտների եւ զինամթերքի ոչնչացման կարգը uահմանում է Հայաuտանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 29. Գնդակապարկուճայինի հաշվառումը

1. Հայաստանի Հանրապետության տարածքում օրինական շրջանառության մեջ գտնվող յուրաքանչյուր միավոր ակոսափող հրազենից կատարվում է նախնական ստուգողական կրակոց՝ արդյունքները հանրապետական գնդակապարկուճային հաշվառման քարտադարանին տրամադրելով:

2. Հանրապետական գնդակապարկուճային հաշվառման քարտադարանի կազմակերպման եւ գործունեության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 30. Վերահսկողությունը զենքի շրջանառության նկատմամբ

1. Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական եւ ծառայողական զենքի շրջանառության նկատմամբ, իրենց իրավասության սահմաններում վերահսկողություն են իրականացնում Հայաստանի Հանրապետության կառավարությունը, Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, ստանդարտացման, չափագիտության եւ սերտիֆիկացման լիազոր մարմինը:

2. Պետական ռազմականացված կազմակերպությունների սպառազինության մեջ գտնվող զենքի շրջանառության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

3. Քաղաքացինական եւ ծառայողական զենքի շրջանառության վրա վերահսկողության լիազորություններ ունեցող մարմինների պաշտոնատար անձինք իրավունք ունեն՝

1) անցկացնել զենքի զննություն՝ դրա արտադրության, ներկրման, արտահանման, առեւտրի, պահման եւ ոչնչացման վայրերում.

2) կիսամյակը մեկ անգամ ստուգել զենք եւ փամփուշտներ պահելու օբյեկտները.

3) տարին մեկ անգամ զենքի սեփականատեր-քաղաքացիների բնակության վայրում ստուգել զենքի առկայությունը եւ այն պահելու պայմանները.

4) սահմանված կարգով անհատույց վերցնել եւ ոչնչացնել Հայաստանի Հանրապետության տարածքում շրջանառությունն արգելված զենքը, բացառությամբ մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը օրինական հիմքերով դրանք ձեռք բերված տնօրինողների մոտ գտնվող զենքի.

5) իրենց վերահսկողական գործառույթների իրականացման նպատակով ֆիզիկական եւ իրավաբանական անձանցից պահանջել ներկայացնելու անհրաժեշտ փաստաթղթեր, գրավոր կամ բանավոր տեղեկություններ.

6) սահմանված կանոնների խախտումներ հայտնաբերելու դեպքում ֆիզիկական եւ իրավաբանական անձանց տալ դրանց վերացման մասին պարտադիր կատարման ենթակա հանձնարարականներ.

7) հարուցել վարչական վարույթ, կազմել վարչական արձանագրություններ.

8) ձեռնարկել օրենսդրությամբ նախատեսված այլ միջոցներ:

4. Վերցված, կամավոր հանձնված եւ գտնված զենքի եւ զինամթերքի ընդունման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

5. Քաղաքացին Հայաստանի Հանրապետությունից 30 օրից ավել բացակայելու դեպքում զենքն ի պահ է հանձնում Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարածքային ստորաբաժանմանը: Եթե Հայաստանի Հանրապետությունից բացակայելու դեպքում քաղաքացին զենքն ի պահ չի հանձնում Հայաստանի Հանրապետության ոստիկանություն, կամ Հայաստանի Հանրապետության ոստիկանության համապատասխան պաշտոնատար անձին տեւական ժամանակով անհասանելի է դառնում զենքի սեփականատեր-քաղաքացու բնակության վայրում զենքի առկայությունը եւ պահելու պայմանները ստուգելը, ապա զենքը հաշվառվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնում որպես՝ վերահսկողությունից դուրս մնացած զենք: վերահսկողությունից դուրս մնացած զենքը հաշվառելու եւ հաշվառումից հանելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

6. Զենքը վերցնող մարմինը պարտավոր է այդ մասին 10-օրյա ժամկետում հայտնել Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը՝ զենքը հաշվառումից հանելու համար:

Հոդված 31. Հրաձգարանը եւ հրաձգարանի գործարկումը

1. Հրաձգարան է համարվում այն շինությունը, տարածքը կամ հողատարածքը (այսուհետ՝ տարածք), որը հարմարեցված է հրաձգության մրցումների կամ պրակտիկայի համար: Հրաձգարանները կարող են լինել բաց, կիսաբաց եւ փակ:

2. Հրաձգարանի կառուցման լիցենզիան հատկացնում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը՝ 5 տարի ժամկետով, հրաձգարանը գործարկողի մոտ, տարածքի տիրապետման մասին փաստաթղթի առկայության դեպքում:

Լիցենզիայի գործողության ժամկետը, համապատասխան դիմումի հիման վրա, կարող է երկարաձգվել եւս 5 տարով:

3. Հրաձգարան գործարկելու իրավունք ունեն հրաձգարան գործարկելու թույլտվություն ունեցող իրավաբանական անձինք: Հրաձգարան գործարկելու թույլտվություն ունեցող իրավաբանական անձինք պարտավոր են ապահովել անվտանգության պայմանները, անցագրային եւ ներօբյեկտային ռեժիմը, ինչպես նաեւ սույն օրենքով սահմանված այլ պահանջներ:

4. Հրաձգարանի շահագործումը թույլատրվում է uույն օրենքի պահանջներին եւ Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից սահմանված տեխնիկական անվտանգության նորմերին համապատաuխան սարքավորելուց հետո:

5. Զենքի արտադրությամբ զբաղվող իրավաբանական անձը, արտադրված զենքի փորձարկման հրաձգարանը շահագործում է uույն եւ այլ օրենքներով սահմանված տեխնիկական անվտանգության պայմաններին համապատաuխան՝ զենքի արտադրության լիցենզիայի հիման վրա:

6. Հրաձգարանը պետք է տեղակայվի, կառուցվի եւ հագեցվի այնպես, որ դրա շահագործման ընթացքում ապահովվի հրաձգարանից օգտվողների եւ շրջակա միջավայրի անվտանգությունը, բացառվի չարտոնված անձանց եւ կենդանիների մուտքը կրակային տարածք:

7. Ակոսափող հրազենի համար նախատեսված բաց, կիսաբաց եւ փակ հրաձգարանները պետք է սարքավորվեն գնդակաորսիչներով: Բաց հրաձգարանները պետք է ունենան նաեւ բնական խոչընդոտներ: Բաց հրաձգարանները պետք է գտնվեն բնակելի, պետական, հասարակական եւ արտադրական շինություններից առնվազն 2000 մետր, իսկ կիuաբացերը՝ առնվազն 300 մետր հեռավորության վրա:

8. Ողորկափող հրազենով կրակելու համար նախատեսված հրաձգաստենդային համալիրները պետք է ունենան պարագծով ցանկապատված անվտանգության գոտի եւ գտնվեն բնակելի, պետական, հասարակական եւ արտադրական շենքերից առնվազն 500 մետր հեռավորության վրա:

9. Այն հրաձգարանները, որոնք օգտագործում են մինչեւ 7,5 ջոուլ փողային էներգիան եւ 4,5 մմ տրամաչափը չգերազանցող օդամղիչ զենքեր, գործում են առանց հրաձգարան գործարկելու թույլտվության:

10. Հրաձգարանները, որտեղ անցկացվում են սպորտային մրցումներ, պետք է կառուցվեն եւ սարքավորվեն համապատասխան միջազգային հավատարմագրված մարզական կազմակերպության պահանջներին համապատասխան:

11. Հրաձգարանում տեսանելի տեղում պետք է փակցվեն անվտանգության կանոնները, ներքին կանոնակարգը եւ հրաձգության իրականացնելու համար պատասխանատու անցանց տվյալները:

12. Հրաձգարաններին ներկայացվող շենքային, տեխնիկական, տնտեսական, անվտանգության այլ պահանջները, ինչպես նաեւ ուսումնական, սիրողական, սպորտային վարժանքներ, հրաձգության եւ տակտիկական պարապմունքների, մրցումների անցկացման պահանջները սահմանվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության սահմանած կարգով:

Հոդված 32. Հրաձգության հրահանգիչը

1. Հրաձգության հրահանգիչը հրաձգարանի տարածքում հրաձգության վարժանքներ, հրաձգության եւ տակտիկական պարապմունքներ, մրցումներ անցկացնող եւ հրաձգության հետ կապված այլ գործունեություն անցկացնող եւ վերահսկող անձն է, որին Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից տրվել է հրաձգության հրահանգչի որակավորում:

2. Հրաձգության հրահանգիչը պարտավոր է՝

1) վերահսկել հրաձգարանի տարածքի համապատասխանությունը զենքի եւ զինամթերքի օգտագործման ու դրանց հետ վարման անվտանգության կանոնների պահանջներին.

2) տեղեկացված լինել շրջանառության մեջ գտնվող սույն օրենքով նախատեսված զենքի տեսակներից ու դրանց համար նախատեսված զինամթերքից, ինչպես նաեւ դրանց օգտագործման հնարավորություններից.

3) վերահսկել հրաձգարանի տարածքում զենքի եւ զինամթերքի համապատասխանությունը դրա օգտագործման նպատակներին.

4) վերահսկել հրաձգարանում զենքի եւ զինամթերքի նպատակային նշանակությամբ օգտագործումը.

5) դիտարկել եւ անհրաժեշտության դեպքում ուղղորդել զենքի հետ վարվելակերպը հրաձիգների կողմից.

6) վերահսկել զենքի եւ զինամթերքի օգտագործման, ինչպես նաեւ դրանց հետ վարման անվտանգության կանոնները.

7) անհրաժեշտ եւ անհետաձգելի միջոցներ ձեռնարկել դժբախտ պատահարների դեպքում.

8) իրականացնել համապատասխան իրավական ակտերով սահմանված այլ գործառույթներ:

3. Հրաձգության հրահանգչին անհրաժեշտ որակավորմամբ լիցենզիա տրվում է հրաձգության հրահանգիչների համար ուսուցում անցած եւ քննություն հանձնած անձին: Քննության ընթացքում ստուգվում են սույն հոդվածի 2-րդ մասում նշված պարտականությունները կատարելիս հրաձգության հրահանգչի գիտելիքներն ու ունակությունները:

4. Հրաձգության հրահանգչի լիցենզիայի գործողության ժամկետը 5 տարի է եւ կարող է երկարացվել յուրաքանչյուր անգամ եւս 5 տարով:

5. Հրաձգության հրահանգիչների ուսուցմանը ներկայացվող պահանջները եւ հրաձգության հրահանգիչների համար քննություն հանձնելու կարգը, ինչպես նաեւ հրաձգության հրահանգչի լիցենզիայի տրամադրման, լիցենզիայից զրկելու դեպքերը, կարգը եւ լիցենզիայի ձեւը սահմանում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը:

Հոդված 33. Հրաձգարանում զենքի եւ զինամթերքի վարձակալությունը, տրամադրումը եւ օգտագործումը

1. Հրաձգարանում զենք եւ զինամթերք (այսուհետ նաեւ՝ զենք) վարձակալությամբ տալու իրավունք ունի համապատասխան լիցենզիա ունեցող անձը (այսուհետ՝ զենքը վարձակալությամբ տվող (տված) անձ)՝ հրաձգարանի տարածքում ուսումնական, սիրողական, սպորտային վարժանքներ, հրաձգության եւ տակտիկական պարապմունքներ, մրցումներ անցկացնելու համար:

2. Հրաձգարանում զենքը վարձակալությամբ տրվում է 16 տարին լրացած այլ անձի (այսուհետ՝ զենքը վարձակալությամբ ստացող (ստացած) անձ)՝ վերջինիս կողմից անձը հաստատող փաստաթուղթ ներկայացվելու դեպքում: Զենքը վարձակալությամբ ստացող անձի անունը, հայրանունը, ազգանունը եւ անձնագրային մյուս տվյալները գրանցվում եւ հաշվառվում են զենքը վարձակալությամբ հանձնող անձի կողմից վարվող համապատասխան մատյանում:

3. Մինչեւ հրաձգարանում զենքը վարձակալությամբ ստանալը, այն ստացող անձը հրաձգության հրանգչի կողմից պետք է հրահանգվի ու ծանոթացվի զենքի եւ զինամթերքի օգտագործման ու դրանց հետ վարման անվտանգության կանոնների, ինչպես նաեւ հրաձգարանի ներքին կարգապահական կանոնների հետ: Հրահանգումն ու ծանոթացումն իրականացվում է համապատասխան մատյանում կատարված անհրաժեշտ գրառման եւ զենքը վարձակալությամբ ստացող անձի ստորագրության նշումով:

4. Հրաձգարանում զենքը վարձակալությամբ ստացած անձը պատասխանատվություն է կրում զենք պահելու, այն միայն սույն հոդվածում նշված նպատակային նշանակությամբ օգտագործելու, ինչպես նաեւ զենքի եւ զինամթերքի հետ վարման անվտանգության կանոնների պահպանման համար:

5. Վարձակալությամբ տրված զենքը թույլատրվում է օգտագործել միայն հրաձգարանում՝ հրաձգության հրահանգչի անմիջական ներկայությամբ եւ վերահսկողությամբ:

6. Սույն հոդվածում նշված նպատակներով օգտագործվելուց հետո վարձակալությամբ ստացված զենքը եւ չօգտագործված զինամթերքը զենքը վարձակալությամբ ստացած անձի կողմից ենթակա են անհապաղ վերադարձման զենքը վարձակալությամբ տվող անձին: Զենքն ու չօգտագործված զինամթերքն ընդունած անձն անհրաժեշտ գրանցումներ է կատարում համապատասխան մատյանում դրանք ընդունելու մասին եւ հաստատում իր ստորագրությամբ: Չօգտագործված զինամթերքի համար վճարված գումարը ենթակա է վերադարձման զենքը վարձակալությամբ ստացած անձին:

7. Արգելվում է հրաձգարանում վարձակալության համար նախատեսված զենքը եւ զինամթերքը դուրս հանել հրաձգարանի տարածքից:

8. Հրաձգարանի տարածքում ուսումնական, սիրողական, սպորտային վարժանքներ, հրաձգության եւ տակտիկական պարապմունքներ, մրցումներ անցկացնելու համար քաղաքացիական ակոսափող կամ ողորկափող հրազեն կարող է տրամադրվել նաեւ 12 տարին լրացած անձին եւ օգտագործվել նրա կողմից՝ հրաձգության հրահանգչի եւ (կամ) զենքի պահելու եւ կրելու թույլտվություն ունեցող երեխայի օրինական ներկայացուցիչներից մեկի անմիջական ներկայության եւ վերահսկողության ներքո: Հրաձգարանի տարածքում զենք պահելու եւ կրելու թույլտվություն ունեցող երեխայի օրինական ներկայացուցիչը կարող է իր պատասխանատվությամբ եւ անմիջական վերահսկողությամբ իր անձնական հրազենը եւ զինամթերքը տրամադրել 12 տարին լրացած երեխային՝ սույն հոդվածում նշված նպատակներով օգտագործելու համար:

9.Սույն հոդվածի կանոնների պահպանմամբ, հրաձգարանում համապատասխան լիցենզիա ունեցող անձը, զենքը կարող է տրամադրել նաեւ անհատույց օգտագործման:

Հոդված 34. Պատասխանատվությունը սույն օրենքի պահանջները խախտելու համար

Ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից սույն օրենքով սահմանված զենքի շրջանառության կանոնները խախտելը առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:

Հոդված 35. Անցումային եւ եզրափակիչ դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից երեք ամիս անց:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-246 օրենքը:

3.2022 թվականի հունվարի 1-ից հետո «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-246 օրենքով նախատեսված լիցենզիաներ եւ թույլտվություններ ստացած ֆիզիկական եւ իրավաբանական անձինք իրավունք ունեն սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո մինչեւ 2022 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ համապատասխան դիմումի դեպքում տվյալ լիցենզիաների եւ թույլտվությունների ժամկետները համապատասխանեցնել սույն օրենքով նախատեսված ժամկետներին:

4. Մինչեւ 2022 թվականի հունվարի 1-ը տրված լիցենզիաներն ու թույլտվությունները շարունակում են գործել մինչեւ դրանցում նշված գործողության ժամկետների ավարտը:

5. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը տրված զենքի արտադրության, ներկրման, արտահանման եւ առեւտրի լիցենզիաների, ինչպես նաեւ զենք ձեռք բերելու, կրելու, պահելու, տեղափոխելու (փոխադրելու), զենքի հավաքածու կազմելու եւ դրանք ցուցադրելու թույլտվությունների գործողության ժամկետների լրանալը՝ առնվազն մեկ ամիս առաջ իրավաբանական կամ ֆիզիկական անձինք կարող են դիմել Հայաստանի Հանրապետության ոստիկանություն սույն օրենքի համաձայն լիցենզիաներ կամ թույլտվություններ ստանալու համար: Սույն մասով նշված լիցենզիաները կամ թույլտվությունները ստանալու համար ֆիզիկական կամ իրավաբանական անձինք լիազոր մարմին են ներկայացնում մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը տրված համապատասխան լիցենզիան կամ թույլտվությունը, ինչպես նաեւ պետական տուրքի վճարման անդորրագիրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԶԵՆՔԻ ՇՐՋԱՆԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ


1. Օրենսդրական նախաձեռնության նպատակները եւ խնդիրները.

Առաջարկվող օրենսդրական փոփոխությունների հիմնական նպատակը հանդիսանում է Հայաuտանի Հանրապետությունում քաղաքացիական, ծառայողական, ինչպեu նաեւ մարտական հրաձգային ձեռքի զենքի, մարտական շեղբավոր եւ նետողական uառը զենքի շրջանառության եւ արտադրության կապակցությամբ ծագող հարաբերությունները, որոնք ուղղված են քաղաքացու ինքնապաշտպանության իրավունքի օրենսդրական կարգավորմանը՝ պատշաճ պաշտպանական միջոցների հասանելիության միջոցով, սեփականության իրավունքի, ինչպես նաեւ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից քաղաքացիական զենքի օգտագործման պայմանների իրավական կարգավորումը:

Օրենդրական փոփոխությունները պետք է կանոնակարգեն եղած իրավահարաբերությունները քաղաքացիական զենքի շրջանառության ոլորտում, որոնք մինչ այս պահը պատշաճ կարգավորված չեն կամ հակասական են, կարգավորել եւ ներդնել նոր իրավահարաբերություններ, ինչպես նաեւ տնտեսության եւ սպորտի զարգացման, հնարավոր կոռուպցիոն ռիսկերի հաղթահարման, անօրինական զենքի քանակի նվազեցման եւ ստվերային շրջանառությունից աստիճանաբար դուրս բերմանը:

2. Օրենքի ընդհանուր նկարագիրը եւ առանցքային դրույթները

Հայաստանի Հանրապետությունում փաստացի գոյություն ունեցող օրենքը՝ «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, ընդունվել է 1998 թ. եւ ընդունումից ի վեր, բացի որոշակի պետական մարմիններին ծառայողական զենք ձեռք բերելու արտոնություն տրամադրելուց, երբեւիցե բովանդակային փոփոխության չի ենթարկվել: Գործող օրենքը, փաստացի, կրկնօրինակում է ԽՍՀՄ օրենսդրության հիմնական դրույթները, որով կարգավորում էր զենքի շրջանառությունը: Նշված օրենքի դրույթների մեծամասնությունն անախրոնիզմ են, եւ չեն կարգավորում հաստատված հանրային վերաբերմունքը զենքի շրջանառության ոլորտում:

Ներկայիս օրենքով սահմանվում է քաղաքացիների հասանելիությունը որսորդական եւ սպորտային զենքին, սակայն հասանելիությունն ինքնապաշտպանական զենքին սահմանված է թերի՝ միայն ողորկափող հրազենի տրամադրման, ինչպես նաեւ պարգեւատրման գործընթացների միջոցով: Ինքնապաշտպանական զենքը հասանելի է ոստիկանության եւ այլ կառույցների աշխատակիցներին, որոնք իրավունք ունեն տիրապետել եւ կրել համապատաախան ծառայողական զենքը ծառայողական պարտականություններից դուրս:

Առաջարկվող օրենսդրական փոփոխությունները հիմնված են ՀՀ սահմանադրության վրա, որոնցով ամրագրված է յուրաքանչյուր մարդու կյանքի իրավունքը եւ պաշտպանությունը հանցավոր ոտնձգություններից, մարդու անձեռնմխելիության եւ անվտանգության իրավունքը, իր կյանքի, առողջության, համբավի եւ պատվի, սահմանադրական իրավունքների եւ ազատությունների հավասարությունը, սեփականության իրավունքի անխախտելիությունը, պետության ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության պաշտպանությունը, ինչպես Հայաստանի Հանրապետության քաղաքացու, այնպես էլ մարդու կյանքի բնական իրավունքի պաշտպանության հիմքով:

Սույն օրենսդրական փոփոխությունները հաստատում են ինքնապաշտպանության, զենքի ու փամփուշտների տիրապետման իրավունքը, հստակեցնում ինքնապաշտպանության ասպեկտները, սահմանում՝ զենք տիրապետողների նախապատրաստման, ուսուցման հիմունքները, ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից զենքի եւ փամփուշտների ձեռք բերելու, կրելու, պահելու, տեղափոխելու (փոխադրելու), զենքի հավաքածու կազմելու եւ դրանք ցուցադրելու կանոները եւ թույլտվությունները, քաղաքացիական եւ ծառայողական զենքի արտադրության, ներկրման, արտահանման, առեւտրի, ինչպես նաեւ հրաձգարանի գործարկման լիցենզիաները տալու կարգը, ինչպես նաեւ այդ թույլտվություններից եւ լիցենզիաներից զրկելու կարգը:

Իրավական հիմք է ստեղծում, զենքի տիրապետման, օգտագործման, պահպանման վերաբերյալ ուսուցման որոշակի կանոնակարգման համար: Հաստատում է զենքի, զինամթերքի եւ մատուցվող ծառայությունների շրջանառության ոլորտում պետական եւ լիազոր մարմինների իրավասությունների ցանկը:

Օրենքի փոփոխությունները կանոնակարգում են պահնորդական գործունեության թույլտվություն ունեցող տնտեսական սուբյեկտների կողմից զենքի կիրառումը, ինչը էապես բարձրացնելու է հասարակական անվտանգության մակարդակը:

Բացի վերը նշվածից՝ օրենսդրական փոփոխություններով, կարգավորվում է կարճափող զենքի շրջանառությունը, նաեւ խստացվում է պատասխանատվությունն այն ապօրինի կիրառելու դեպքում:

Օրենքի փոփոխությունները հստակեցնում են զենքի եւ զինամթերքի քաղաքացիական շրջանառությունը, այդ թվում քաղաքացիական շրջանառության մեջ արգելված զենքի եւ զինամթերքի տեսակները եւ կատեգորիաները:

3. Փորձի ուսումնասիրություն.

Զարգացած եւ ժողովրդավարական երկրների մեծամասնությունն ապահովել են իրենց քաղաքացիներին վերը նշված իրավունքների իրացումը, ինչը նպաստել է անձի եւ սեփականության իրավունքի դեմ ուղղված բռնությամբ հանցագործություների էական նվազմանը:

զենքի տիրապետման համաշխարհային առաջատարներն են հանդիսանում ԱՄՆ-ն, Շվեյցարիան եւ Ֆինլանդիան՝ 100 հոգու հաշվարկով 45-88 միավոր հրազեն: Մեզ մոտ այդ ցուցանիշը մոտավորապես 6.5-7 է:

Բալթյան երկրների, Վրաստանի եւ Մոլդովայի փորձն ապացուցում է, որ քաղաքացիների ինքնապաշտպանության իրավունքն ապահովելով քաղաքացիական զենքի միջոցով, օրենքի ընդունումից մեկ տարի անց նվազեցրել է հանցագործությունների քանակը մինչեւ 40-60%:

Միաժամանակ, կարգավորումների խստացումը եւ սահմանափակումը Մեծ Բրիտանիայում հինգ տարվա ընթացքում հանգեցրել է հանցագործությունների կտրուկ աճի՝ մոտ 90% ֆիզիկական անձանց նկատմամբ բռնության գործադրման, մոտ 105% հրազենի օգտագործմամբ կողոպուտների, մոտ 110% գողությունների եւ 25% սպանությունների: Այս վիճակագրությունը ապացուցում է, որ հանցագործություններ կատարելու դեպքում չի օգտագործվում հաշվառված օրինական հրազենը, իսկ բարեխիղճ քաղաքացիների մոտ օրինական զենքի բացակայությունն իրենց դարձնում է անպաշտպան զինված օրինախախտների դեմ:

Այսօրվա դրությամբ քաղաքացիական զենքի շրջանառությունն օրենսդրորեն կարգավորվում է Եվրոպայի բոլոր եւ հետխորհրդային երկրների մեծ մասում, իսկ կարճափող հրազենը թույլատրված է Եվրոպայի երկրների մեծ մասում, մասնավորապես՝ Էստոնիա, Լատվիա, Լիտվա, Մոլդովա, Բելառուս: Վերը նշված երկրների փորձը ցույց է տալիս, որ օրինական հաշվառված հրազենային զենքը դիտավորյալ հանցագործություններ կատարելիս օգտագործվում է դեպքերի 0,001 տոկոսով՝ համեմատած հանցագործությունների ընդհանուր թվի հետ:

Ուսումնասիրելով Հայաստանում Հանրապետությունում վերջին տարիների փորձը, կարող ենք փաստել, որ հրազենով հանցագործությունների մեծամասնությունը կատարվում է անօրինական հրազենից, իսկ օրինական հրազենից կատարվող հանցագործությունների թիվը տասնապատիկ անգամներով ցածր է: 2017-2021 թթ. ՀՀ-ում օրինական զենքից տեղի է ունեցել հանցագործության 22 դեպք, տարեկան միջինում 4 դեպք, իսկ անօրինական զենքից կատարվել է 296 դեպք, տարեկան միջինում՝ 59 դեպք:

Պետությունը միշտ չէ, որ կարողանում է ապահովել քաղաքացիներին հանցավոր ոտնձգություններից, երաշխավորել քաղաքացիներին ինքնապաշտպանության իրավունքը տվյալ միջոցներով: Հրազենը հանդիսանում է քաղաքացիների կողմից անհրաժեշտ ինքնապաշտպանություն իրագործելու ամենաարդյունավետ զսպիչ միջոցներից մեկը: Ավելին, այս հասանելիությունը նախատեսվում է իրականացնել զենքի տիրապետման խիստ ուսումնական գործընթացի միջոցով, ինչն էականորեն կբարձրացնի զենքի տիրապետման, կրելու եւ օգտագործելու մշակույթը քաղաքացիների մոտ:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները.

Նախագծի մշակման աշխատանքներին ներգրավվել են ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի պատգամավորներ եւ փորձագետներ, ՀՀ ոստիկանությունը, հրաձգությամբ եւ ռազմամարզությամբ զբաղվող մի շարք հասարակական կազմակերպություններ:

5. Նախագծի ընդունման ակնկալվող արդյունքը.

Ակնկալվում է Հայաստանի Հանրապետությունում կարգավորել զենքի եւ զինամթերքի շրջանառությունը, նպաստել որսորդության, սիրողական եւ սպորտային հրաձգության, ինչպես նաեւ ռազմամարզության զարգացմանը: Ներդնել զենքի հետ վարվելու մշակույթ, որն ուղղված կլինի քաղաքացիների ինքնապաշտպանության եւ մարտունակության բարձրացմանը:


18 ապրիլի 2022 թ.

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ



Հարգելի՛ պարոն Սիմոնյան,


Ղեկավարվելով ՀՀ սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում «Զենքի շրջանառության կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

ՀՀ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն՝ գրությանը կցվում են՝

1. Օրենքի նախագիծը,

2. Օրենքի նախագծի ընդունման հիմնավորումը,

Նախագծի հիմնական զեկուցող՝ Վիլեն Գաբրիելյան

Խնդրում եմ օրենքի նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:


Հարգանքով՝
Վիլեն Գաբրիելյան
Անդրանիկ Քոչարյան
Արմեն Խաչատրյան