Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-23233-11.04.2022-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» 2014 թվականի մայիսի 19-ի ՀՕ-25-Ն օրենքի (այuուհետ` Oրենք) 3-րդ հոդվածը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 2. Օրենքի 20-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7.1-ին մասով.

«7.1. Քննչական կոմիտեում թափուր պաշտոնի համար կարող է նշանակվել պաշտոնակատար, բայց ոչ ավելի, քան մեկ տարի ժամկետով:»:

Հոդված 3. Օրենքի 31-րդ հոդվածի 6-րդ մասում «նյութերի նախապատրաստման կամ քրեական գործի քննության» բառերը փոխարինել «քրեական վարույթի» բառերով:

Հոդված 4. Եզրափակիչ մաս

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրք» 2021 թվականի հունիսի 30-ի ՀՕ-306-Ն օրենքի ուժի մեջ մտնելու օրը, բացառությամբ սույն օրենքի 5-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում 2022 թվականի մայիսի 1-ից:

2. Սույն օրենքի 2-րդ հոդվածը գործում է մեկ տարի ժամկետով:

Հոդված 5. Անցումային դրույթներ

1. Հետաքննության մարմնի աշխատակիցները, որոնց զբաղեցրած հաստիքները «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրք» 2021 թվականի հունիսի 30-ի ՀՕ-306-Ն օրենքի ուժի մեջ մտնելու ուժով ենթակա են կրճատման եւ տեղափոխման քննչական կոմիտեի հաստիքացուցակ՝ որպես ինքնավար պաշտոն, քննչական կոմիտեում ինքնավար պաշտոնում նշանակվելու համար «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրք» 2021 թվականի հունիսի 30-ի ՀՕ-306-Ն օրենքի ուժի մեջ մտնելուց առնվազն մեկ ամիս առաջ դիմում են քննչական կոմիտեի որակավորման հանձնաժողով՝ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների ցուցակում ընդգրկվելու նպատակով:

2. Օրենքի 17-րդ հոդվածով սահմանված պահանջներին բավարարող՝ հետաքննության մարմնի աշխատակիցներին որակավորման հանձնաժողովն արտամրցութային կարգով ընդգրկում է քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների ցուցակում:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված անձանց քննչական կոմիտեի նախագահը «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրք» 2021 թվականի հունիսի 30-ի ՀՕ-306-Ն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո՝ 10-օրյա ժամկետում, նշանակում է սույն օրենքի 2-րդ հոդվածով սահմանված՝ պաշտոնակատար:

4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված անձինք «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրք» 2021 թվականի հունիսի 30-ի ՀՕ-306-Ն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, Օրենքի 18-րդ հոդվածով սահմանված կարգով պետք է անցնեն որակավորման ստուգում:

5. Մրցույթի արդյունքներով հաղթող ճանաչված եւ արդարադատության ակադեմիայում ուսումնառությունից ազատված՝ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված անձինք քննչական կոմիտեի նախագահի կողմից համապատասխան պաշտոնի նշանակվելու դեպքում ազատվում են պաշտոնակատարի պաշտոնից:

6. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված անձինք, որոնց վերաբերյալ որակավորման հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն, եւ որոնք պետք է ուսումնառություն անցնեն արդարադատության ակադեմիայում, պաշտոնակատարի պաշտոնից ազատվում են արդարադատության ակադեմիայում ուսումնառություն չանցնելու կամ որակավորման քննությունը չհանձնելու, ինչպես նաեւ քննչական կոմիտեի նախագահի կողմից համապատասխան պաշտոնի նշանակվելու դեպքում:

7. «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրք» 2021 թվականի հունիսի 30-ի ՀՕ-306-Ն օրենքի ընդունմամբ պայմանավորված՝ ավելացված հաստիքների՝ սույն հոդվածով սահմանված կարգով համալրումը ավարտելուց հետո առաջխաղացման ցուցակում ընդգրկված թեկնածուների նշանակումը կատարվում է Օրենքով սահմանված ընդհանուր կարգով:

8. Սույն հոդվածով նախատեսված անձինք պահպանում են հետաքննության մարմնում ծառայություն իրականացնելու ընթացքում չօգտագործված ամենամյա արձակուրդի համար դրամական հատուցում ստանալու իրավունքը:

9. Եթե քննչական կոմիտեի ծառայողի պաշտոնակատար նշանակվելու պահին սույն հոդվածով նախատեսված անձինք ունեն հետաքննության մարմնի աշխատակցի առնվազն տասը տարվա աշխատանքային ստաժ, նրանց՝ քննչական կոմիտեում ծառայության ժամանակահատվածը հաշվարկվում է զինվորական կենսաթոշակի իրավունքը ծագելու համար անհրաժեշտ ժամկետի մեջ:

10. Սույն հոդվածի 9-րդ մասով նախատեսված ժամկետը լրանալուց հետո քննչական կոմիտեում հետագա ծառայության ժամանակահատվածի, ինչպես նաեւ քննչական կոմիտեի ծառայողի պաշտոնակատար նշանակվելու պահին հետաքննության մարմնի աշխատակցի առնվազն տասը տարվա աշխատանքային ստաժ չունեցող անձանց՝ քննչական կոմիտեում ծառայության ժամանակահատվածի նկատմամբ կիրառելի են քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի կենսաթոշակային ապահովության վերաբերյալ ընդհանուր կանոնները: 



ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ



1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

2021 թվականի մայիսի 5-ին Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը, իսկ 2021 թվականի հունիսի 30-ին Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքը (այսուհետ նաեւ՝ Օրենսգրքեր) երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունվել են ՀՀ ազգային ժողովի կողմից:

Օրենսգրքերը նախատեսում են համակարգային փոփոխություններ քրեական արդարադատության գործող համակարգում, եւ ըստ այդմ՝ դրանց ընդունմամբ անհրաժեշտություն է առաջացել դրանցից բխող փոփոխություններ կատարել հարակից օրենքներում ինչպես նաեւ փոփոխվող կարգավորումների հետ այս կամ այն կերպ առնչվող այլ իրավական ակտերում:

Այդպիսով, մինչեւ Օրենսգրքերի ուժի մեջ մտնելը հարկ է ունենալ դրանց կարգավորումները սպասարկող եւ դրանցից բխող իրավական նորմեր, որպեսզի ապահովվի քրեական ու քրեադատավարական օրենսդրության սահուն կիրառումը եւ համակարգի անխափան գործունեությունը:

Բացի այդ, Օրենսգրքերի ընդունման եւ ուժի մեջ մտնելու միջեւ առկա անցումային ժամանակահատվածը հնարավորություն է ընձեռել եւս մեկ անգամ մանրամասն ուսումնասիրելու եւ համադրելու դրանց կարգավորումները՝ վեր հանելով հնարավոր վրիպակներն ու հակասությունները: Այդ առումով արձանագրված բացթողումները շտկելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություններ կատարել նաեւ Օրենսգրքերում:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Նախագծերով առաջարկվում է համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում, «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքում, «Դատախազության մասին», «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին», «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքներում, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում, ՀՀ աշխատանքային օրենսգրքում եւ հարակից օրենքներում՝ ապահովելու համար.

Այս առումով հարկ է նշել, որ ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի 1-ին հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածքում քրեական վարույթը կարգավորվում է Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով եւ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով:

Ըստ այդմ՝ այլ օրենքներից առաջարկվում է հանել այն նորմերը, որոնք այս կամ այն չափով կարգավորում են քրեական վարույթը՝ այդ հարաբերությունների կարգավորումը թողնելով նույն հարցերի կապակցությամբ նոր օրենսգրքի համակարգային նորմերին: Օրինակ՝ «Երեխայի իրավունքների մասին» օրենքից առաջարկվում է հանել երեխային խուզարկելու, երեխայից ցուցմունքներ վերցնելու եւ հարակից հարցերի վերաբերյալ կարգավորումները, քանի որ ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքով այդ հարաբերություններն արդեն իսկ կարգավորվում են, այդ թվում՝ երաշխավորվում է պաշտպանի պարտադիր մասնակցությունը, անչափահասի մասնակցությամբ քննչական գործողության կատարմանը որակավորված հոգեբանի ներագրավումը եւ այլն:

Բացի այդ, առաջարկվում է համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ կատարել Օրենսգրքերում՝ բացառելու դրանց ուժի մեջ մտնելու ժամանակ որոշ հակասությունների ու բացթողումների առկայությունը:

3. Ակնկալվող արդյունքը

Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է օրենսդրությունը համապատասխանեցնել Օրենսգրքերին եւ վերացնել դրանցում առկա բացթողումները՝ այդպիսով ապահովելով Օրենսգրքերի նորմերի կիրառումը, գործնականում իրավական անճշտություններից եւ հակասություններից խուսափումը, ինչպես նաեւ համակարգային փոփոխությունների անցնցում գործարկումը:

4. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները.

Նախագծերը մշակվել են ՀՀ արդարադատության նախարարության կողմից՝ Եվրոպայի խորհրդի ազգային փորձագետի աջակցությամբ: Նախագծերի փաթեթում տեղ են գտել նաեւ իրավասու մարմիններից ստացված առաջարկությունները՝ նախագծերի տեսքով:

5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ

Նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է 2021 թվականին ՀՀ քրեական օրենսգրքի եւ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի ընդունմամբ, ինչն իր հերթին բխում էր Հայաստանի Հանրապետության դատական եւ իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունից:



Տեղեկանք գործող օրենքների փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն