Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-2001-15.03.2022-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի մայիսի 23-ի ՀՕ-83-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածը շարադրել նոր բովանդակությամբ հետեւյալ խմբագրությամբ .

«Հոդված 2. Հիմնական հասկացությունները

Սույն օրենքում նշված հասկացությունները օգտագործվում են հետեւյալ իմաստով`

ա) թանկարժեք մետաղներ` ոսկի, արծաթ, պլատին եւ պլատինե խմբի մետաղներ (պալադիում, իրիդիում, ռոդիում, ռուտենիում եւ օսմիում), որոնք կարող են գտնվել ցանկացած վիճակում, տեսքով (այդ թվում՝ բնակտորային եւ զտարկված տեսքով), ինչպես նաեւ հումքի, ձուլվածքների, կիսաֆաբրիկատների, արդյունաբերական արտադրանքի, քիմիական միացությունների, արտադրանքի (իրերի), այդ թվում ոսկերչական եւ այլ իրերի, մետաղադրամների, ջարդոնների եւ թափոնների տեսքով:

բ) թանկարժեք քարեր` բնական ադամանդներ, զմրուխտներ, սուտակ, շափյուղա եւ ալեքսանդրիտներ, ինչպես նաեւ բնական մարգարիտներ անմշակ (բնական) եւ մշակված տեսքով, բացառիկ սաթե գոյացություններ: Թանկարժեք քարերի բնութագրերով (հատկություններով) արհեստական ծագման նյութերը չեն կարող դասակարգվել որպես թանկարժեք քարեր,

գ) թանկարժեք մետաղներից պատրաստված իր` թանկարժեք մետաղներից եւ դրանց համաձուլվածքներից պատրաստված իրեր, որոնք ունեն ոսկերչական եւ այլ իրերի հարգորոշման, հետազոտման եւ հարգադրոշմման ՀՀ կառավարության (այսուհետ` կառավարություն)` կողմից հաստատված պահանջներով սահմանված նվազագույն հարգից ոչ պակաս հարգ, այդ թվում՝ թանկարժեք քարերից, բնական կամ արհեստական ծագման կամ առանց դրանց այլ նյութերից, բացառությամբ՝ էմիսիա անցած (այդ թվում շրջանառությունից հանված) մետաղադրամերից, ինչպես նաեւ պետական պարգեւներից, ներդիրներով տարբեր տեսակի դեկորատիվ մշակման օգտագործմամբ պատրաստված իրեր, կամ իրեր՝ պատրաստված թանկարժեք մետաղներից եւ (կամ) թանկարժեք քարերից ներդիրներով տարբեր տեսակի դեկորատիվ մշակման օգտագործմամբ բնական կամ արհեստական ծագման նյութերից:

դ) թանկարժեք մետաղներից պատրաստված իրի արտադրություն` թանկարժեք մետաղներից պատրաստվող իրի արտադրական գործընթաց.

ե) թանկարժեք մետաղների զտարկում` արդյունահանված թանկարժեք մետաղների մաքրման գործընթացը խառնուրդներից եւ հարակից քիմիական տարրերից՝ թանկարժեք մետաղների պարունակությունը հասցնելով այն հատկանիշներին, որոնք համապատասխանում են միջպետական ստանդարտների պահանջներին, եւ (կամ) Հայաստանի Հանրապետության պետական (ազգային) ստանդարտներին, եւ (կամ) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող տեխնիկական պայմաններին, եւ (կամ) որակի միջազգային չափանիշներին՝ ընդունված Լոնդոնի Թանկարժեք մետաղների ասոցիացիայի (LBMA) եւ Լոնդոնի պլատինի եւ պալադիումի (LPPM) շուկայի մասնակիցների կողմից.

զ) թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառք` վաճառողի կողմից հրապարակային պայմանագրի կանոններին համապատասխան` անձնական, ընտանեկան, տնային կամ այլ օգտագործման համար նախատեսված թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի առուվաճառք.

է) բանկային ոսկի` «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ոսկի.

ը) ստանդարտացված ձուլակտոր` ցանկացած չափի եւ սույն օրենքով նախատեսված հարգերին համապատասխանող թանկարժեք մետաղից պատրաստված ձուլակտոր, որը արտադրվել է զտարկող կազմակերպությունում.

թ) հարգ` քիմիապես մաքուր թանկարժեք մետաղի զանգվածային խմբաքանակների քանակական պարունակությունը թանկարժեք մետաղի համաձուլվածքի մեկ հազար կշռային միավորի մեջ.

թա) հարգորոշում` թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մեջ թանկարժեք մետաղների ձուլվածքի հարգի որոշում կամ հաստատում

թբ) հարգադրոշմ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նմուշի նշան, որը դրվում է թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի վրա, եւ որը հավաստում է այդ իրերի մեջ պարունակող թանկարժեք մետաղի հարգը

թգ) հարգադրոշմում` ոսկերչական եւ այլ իրերի վրա հարգի դրոշմում.

թդ) տարբերանիշ` դրոշմ, որը ցույց է տալիս թանկարժեք մետաղներից պատրաստված իրերը հարգորոշողին եւ (կամ) հարգադրոշմողին.

թե) անվանանիշ` արտադրողի նշան, որի դրոշմվածքը դրվում է պատրաստված թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի վրա.

թզ) տրոյական ունցիա` թանկարժեք մետաղների զանգվածի չափման միավոր, որը հավասար է 31,1034807 գրամի.

թէ) զտարկող կազմակերպություն` օրենքին համապատասխան` թանկարժեք մետաղների

զտարկման, բանկային ոսկու եւ ստանդարտացված ձուլակտորների արտադրություն իրականացնող կազմակերպություն.

թը) թանկարժեք մետաղների դիլերներ՝ թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մասնագիտացված առուվաճառք իրականացնող անհատ ձեռնարկատերեր եւ իրավաբանական անձինք, այդ թվում՝ թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառք իրականացնող անձինք.

ժ) թանկարժեք մետաղների ջարդոն՝ արտադրանք (իրեր) թանկարժեք մետաղներից եւ դրանց ձուլվածքներից, դրա մասեր, որոնք դարձել են անպիտան կամ կորցրել են իրենց սպառողական հատկանիշները եւ (կամ) գործառնական նշանակությունը, չվերականգնվող խոտան, որոնք առաջացել են այդպիսի արտադրանքի (իրերի) արտադրության ընթացքում, ինչպես նաեւ թանկարժեք մետաղներ պարունակող հումքի, նյութերի, կիսաֆաբրիկատների մնացորդներ, որոնք առաջացել են արտադրության եւ կամ օգտագործման ընթացքում, եւ որոնք հիմնականում օգտագործվել են թանկարժեք մետաղներ արդյունահանելու համար:»:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 6. Հարգորոշումը եւ հարգադրոշմումը, ինչպես նաեւ այդ գործունեության կազմակերպմանը ներկայացվող պահանջները

1. Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի Հայաստանի Հանրապետությունում հարգորոշումը եւ հարգադրոշմումը եւ դրանց հետ կապված գործողությունները կատարելու իրավունք ունեն օրենքով սահմանված կարգով ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող իրավաբանական անձիք, անհատ ձեռնարկատերերը, ինչպես նաեւ պետական եւ համայնքային հիմնարկները, որոնք օրենքով սահմանված կարգով ներկայացրել են ծանուցում, եւ ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը օրենքով սահմանված կարգով չի մերժվել:

Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի Հայաստանի Հանրապետությունում հարգորոշումը եւ հարգադրոշմումը եւ դրանց հետ կապված գործողություններ կատարելը արգելվում է այն անձանց, ինչպես նաեւ պետական եւ համայնքային հիմնարկներին, որոնք միաժամանակ իրականացնում են հարգորոշման եւ հարգադրոշման ենթակա ապրանքների արտադրություն կամ ներմուծում:

Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման եւ հարգադրոշմման հետ կապված գործողություններ են նաեւ`

ա) հակազդուկների պատրաստումը.

բ ) ստուգիչ տարրալուծումները.

գ) քիմիական տարրալուծումները:

2. Հայաստանի Հանրապետությունում արտադրված կամ Հայաստանի Հանրապետություն «Բացթողում ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ներմուծված թանկարժեք մետաղներից պատրաստված իրերը պետք է հարգորոշվեն, հարգադրոշմվեն, ունենան տարբերանիշ եւ անվանանիշ, համապատասխանեն այն հարգերին, որոնք սահմանված են թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման եւ հարգադրոշման պահանջներով:

Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգերը, հարգորոշման եւ հարգադրոշման պահանջները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Թանկարժեք մետաղներից պատրաստված այն իրերը, որոնց հարգադրոշմը ցածր է համապատասխան թանկարժեք մետաղի համար սահմանված նվազագույն հարգադրոշմից, ինչպես նաեւ այն իրերը, որոնք պատրաստված են ոչ թանկարժեք մետաղների կիրառմամբ, ենթակա չեն հարգադրոշման եւ իրացման որպես թանկարժեք մետաղներից պատրաստված իրեր: Թանկարժեք մետաղներից պատրաստված այն իրերը, որոնք ունեն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված թանկարժեք մետաղների համար սահմանված նվազագույն հարգից ցածր հարգ, ենթակա չեն հարգադրոշմման եւ չեն կարող իրացվել որպես թանկարժեք մետաղներից պատրաստված իրեր:

Սույն հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերությունում նշված թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման ու հարգադրոշման հանդեպ պահանջներով կարող են նախատեսված լինել թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի պատրաստման ժամանակ ոչ թանկարժեք մետաղների կիրառման դեպքեր:

4. Արգելվում է հարգադրոշմել ոչ թանկարժեք մետաղներից պատրաստված եւ թանկարժեք մետաղներով պատված իրերը:

5. Թանկարժեք մետաղների համաձուլվածքներից պատրաստված իրերը, որոնք պատված են այլ թանկարժեք մետաղներով, պետք է հարգադրոշմվեն իրի հիմնական մետաղի հարգով:

6. Արգելվում է անընթեռնելի հարգադրոշմ, տարբերանիշ եւ անվանանիշ ունեցող թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառքը:

7. Պարտադիր հարգադրոշմման ենթակա չեն`

ա) պետական մրցանակները, մետաղադրամերը, թանկարժեք մետաղներից պատրաստված կենցաղային արտադրանքի մնացորդները, որոնք ներկայացված են տարբեր ձեւերով.

բ) ոչ թանկարժեք մետաղներից պատրաստված գրիչների թանկարժեք մետաղներից փետուրները,

գ) մակագրի համար նախատեսված թանկարժեք մետաղներից թիթեղների կամ թանկարժեք մետաղներից պատրաստված գրքերի, ալբոմների, թղթապանակների եւ նմանատիպ իրերի կազմերը,

դ) թանկարժեք մետաղներից պատրաստված իրերը, որոնք ունեն պատմական կամ հնագիտական նշանակություն, հայրենական եւ օտարերկրյա արտադրության թանկարժեք մետաղներից զտարկված ձուլակտորները (այդ թվում՝ բանկային ոսկին եւ ստանդարտացված ձուլակտորը), թանկարժեք մետաղների բնակտորները, թերթավոր ոսկին, թերթավոր արծաթը, մանր նախշերը եւ մանր զարդերը, որոնք պատրաստված են իրերի վրա պլատինից, ոսկուց, պալադիումից եւ / կամ արծաթից դրվագազարդման միջոցով, սարքերը, լաբորատոր տարաները եւ թանկարժեք մետաղից պատրաստված, գիտական, արտադրական ու բժշկական նպատակների համար նախատեսված այլ իրեր.

ե) թանկարժեք մետաղներից պատրաստված իրերը, որոնք ունեն Եվրասիական տնտեսական միության անդամ պետության անվանական դրոշմի դրոշմվածք եւ հարգորոշիչ դրոշմ.

զ) թանկարժեք մետաղներից պատրաստված իրերը, որոնց հանդեպ գործում են միջազգային պայմանագրեր, որոնք նախատեսում են Հայաստանի Հանրապետության եւ Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետության հարգադրոշմի փոխադարձ ճանաչում, եւ ունեն այդ պետության անվանական դրոշմի դրոշմվածք եւ հարգորոշիչ դրոշմ:

8. Հարգադրոշմների, տարբերանիշերի եւ անվանանիշերի ձեւերը, չափերը, նկարագրությունը, ինչպես նաեւ դրանց պատրաստման, հաշվառման եւ տնօրինման կարգը հաստատում է կառավարությունը:

9. Հարգորոշման եւ հարգադրոշմման գործունեություն իրականացնող անձինք պարտավոր են՝

ա) պահպանել կառավարության սահմանած համապատասխան տեխնիկական պահանջները եւ գործունեության պայմանները.

բ) ունենալ կառավարության սահմանած կարգով լիազոր մարմնում գրանցված տարբերանիշ:

10. Հարգորոշմամբ եւ հարգադրոշմմամբ զբաղվող անձանց, ինչպես նաեւ պետական եւ համայնքային հիմնարկների աշխատակիցները պետք է ունենան համապատասխան որակավորում:»:

Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ հետեւյալ բովանդակությամբ.

«2. Թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մասնագիտացված, այդ թվում՝ մանրածախ առուվաճառքը իրականացվում է միայն նրանց վրա օրենքով սահմանված կարգով հարգադրոշմի եւ տարբերանիշի առկայության դեպքերում, բացառությամբ սույն օրենքի 6-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված իրերի:

Երեսակված թանկարժեք քարերի վաճառքը իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ֆիզիկական անձանց իրականացվում է յուրաքանչյուր թանկարժեք քարի կամ միասնական փաթեթում ներառված 2 եւ ավելի երեսակված թանկարժեք քարերի խմբաքանակի հավաստագրի առկայության դեպքում:

Հավաստագրի տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 4. Օրենքի 9-րդ հոդվածի՝

1) 2-րդ մասի ա) կետը ուժը կորցրած ճանաչել,

2) 5-րդ մասում «արտահանման» բառից հետո լրացնել «, բացառությամբ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների» բառերը,

3) 5-րդ մասից հետո լրացնել նոր լ նոր պարբերություն հետեւյալ բովանդակությամբ.

«Սույն օրենքի 6-րդ հոդվածի 7-րդ մասի զ) կետով նախատեսված իրերը, որոնք ներմուծվել են Հայաստանի Հանրապետության տարածք «Բացթողում ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով, վաճառքի նպատակով Եվրասիական տնտեսական միության այլ անդամ պետության տարածք տեղափոխելիս ենթակա են դրոշմավորման Հայաստանի Հանրապետության հարգադրոշմով:»:

Հոդված 5. Օրենքի երրորդ գլխի վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ հետեւյալ բովանդակությամբ.

«ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԻՐԵՐԻ ՀԱՐԳՈՐՈՇՄԱՆ ԵՎ ՀԱՐԳԱԴՐՈՇՄՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԾԱՆՈՒՑԵԼԸ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ, ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆ, ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՌԵԵՍՏՐԸ»

Հոդված 6. Օրենքի 11-րդ հոդվածից հետո լրացնել նոր 11.1-ին հոդված հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 111 . Թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք մետաղների եվ թանկարժեք քարերի շրջանառություն, իրականացնող անձանց ռեեստրը

1. Հայաստանի Հանրապետության տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի շրջանառություն իրականացնող իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի հաշվառման նպատակով վարվում է ռեեստր:

2. Իրավաբանական անձինք եւ անհատ ձեռնարկատերերը, որոնք իրականացնում են թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի շրջանառություն, պետք է կանգնեն հաշվառման ռեեստրում:

3. Սույն հոդվածի առաջին մասով սահմանված ռեեստրի վարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմինն իր կողմից հաստատված ռեեստրի վարման եւ հաշվառման կանգնելու կարգին համապատասխան:

Հոդված 7. Օրենքի 12-րդ հոդվածում «ա)» կետը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 8. Օրենքի 13-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 9. Օրենքի 16-րդ հոդվածը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 10. Օրենքի Հավելվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Անհրաժեշտությունը

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի հետ գործառնությունների իրականացման առանձնահատկությունների մասին» Համաձայնագրի բխող նորմատիվ իրավական ակտերի ընդունումը:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

2021 թվականի մայիսի 24-ին ուժի մեջ է մտել «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի հետ գործառնությունների իրականացման առանձնահատկությունների մասին» համաձայնագիրն (այսուհետ՝ Համաձայնագիր):

Համաձայնագիրը պարունակում է բազմաթիվ դրույթներ (պահանջներ), որոնք սահմանում են Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) տարածքում թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի շրջանառության միասնական պայմաններ ԵԱՏՄ անդամ բոլոր պետությունների համար: Այն հնարավորություն կտա անդամ պետությունների տնտեսվարող սուբյեկտներին շրջանառել ԵԱՏՄ ամբողջ տարածքում իրենց ոսկերչական եւ ադամանդագործական արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության:

Նշվածի նպատակով անհրաժեշտ է կատարել Համաձայնագրով սահմանված բոլոր պահանջները (այդ թվում՝ օրենսդրական կարգավորումների միջոցով), համահունչ դարձնելով ոլորտին վերաբերող բոլոր իրավական ակտերը:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ անհրաժեշտություն է առաջացել ազգային իրավական ակտերը ներդաշնակեցնել Համաձայնագրով սահմանված դրույթների պահանջներին:

Մասնավորապես, ներկայացված փաթեթով մի շարք փոփոխություններ է իրականացվել «Թանկարժեք մետաղներների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքներում:

Նախագծով «Թանկարժեք մետաղներների մասին» օրենքից հանվել է նաեւ տուգանքներին վերաբերվող դրույթները, քանի որ նույն տուգանքները սահմանված են «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում, հետեւաբար այլ օրենքով տուգանքների սահմանման կրկնությունը գտնում ենք ոչ նպատակահարմար:

Սույն իրավական ակտերից հետո նախատեսվում է մշակել երկրորդ մակարդակի իրավական ակտեր:

Միեւնույն ժամանակ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով տուգանքների չափերի բարձրացումը պայմանավորված է, օրենքի սահմանած պահանջների խախտման դեպքում կիրառվող պատժամիչոցի համաչափության տրամաբանությամբ, մասնավորապես «թույլ» պատժամիջոցի առկայության պարագայում կարող է առաջանալ օրենքի խախտման գայթակղության ռիսկեր: Ինչպես նաեւ, հաշվի առնելով, որ այդ ապրանքները շրջանառվելու են ԵԱՏՄ տարածքում, պատժամիջոցի խստացման առաջարկ արվել է նաեւ ԵԱՏՄ մոնիթորինգ խմբի կողմից, որպեսզի նաեւ ապահովվի պատժամիջոցների ներդաշնակությունը ԵԱՏՄ տարածքում:

3.Կարգավորման նպատակը եւ բնույթը

Սույն իրավական ակտի կարգավորման նպատակն է ազգային իրավական ակտերը ներդաշնակեցնել Համաձայնագրով սահմանված դրույթների պահանջներին:

4.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:

5.Ակնկալվող արդյունքը

Սույն իրավական ակտի ընդունման արդյունքում նախատեսվում է ներպետական օրենսդրությունը համահունչ դարձնել Համաձայնագրով սահմանված նորմերի պահանջներին:

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ- Փաթեթը բխում է է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «2.Տնտեսություն» բաժնի՝ «Արտաքին տնտեսական քաղաքականություն եւ արտահանման խթանում» ենթաբաժնից:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:



Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն