Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-096-29.08.2003-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Հանրաքվեն /համաժողովրդական քվեարկությունը, այսուհետ` հանրաքվե/ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից անմիջականորեն ժողովրդի իշխանություն իրականացնելու` Սահմանադրություն ընդունելու կամ դրանում փոփոխություններ կատարելու, օրենքներ ընդունելու, ինչպես նաեւ պետական նշանակության առավել կարեւոր հարցերը լուծելու եւ դրանց վերաբերյալ հասարակական կարծիքը բացահայտելու եղանակ է»:

Հոդված 2. Հոդված 4-ում

1. 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1.Հանրաքվեի կարող են դրվել`

ա) Սահմանադրությունը ընդունելու կամ դրանում փոփոխություն կատարելու.

բ) Օրենքներ ընդունելու

գ) Հանրապետության Նախագահի վստահության

դ) Պետական նշանակության առավել կարեւոր հարցերի վերաբերյալ հասարակական կարծիքը բացահայտելու հարցեր»:

2. 2-րդ մասի բ) ենթակետը հանել

Հոդված 3. Ավելացնել նոր 8/1 հոդված հետեւյալ խմբագրությամբ

Հոդված 8/1. Հանրապետության Նախագահին վստահության հանրաքվեի նախաձեռնությամբ հանդես գալը, ստորագրություններ հավաքելը, հանրաքվե նշանակելը եւ անցկացնելը

1.Հայաստանի Հանրապետության՝ ընտրական իրավունք ունեցող առնվազն 250 քաղաքացի կարող են ձեւավորել Հանրապետության Նախագահին վստահության հարցով հանրաքվե անցկացնելու նախաձեռնող խումբ։

2.Նախաձեռնող խումբը գրավոր դիմում է կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ գրանցվելու խնդրանքով, որի համար բացի դիմումից ներկայացնում է Հանրապետության Նախագահին անվստահություն հայտնելու հարցով հանրաքվե անցկացնելու նախաձեռնող խմբի որոշումը, նախաձեռնող խմբի անդամների, ազգանունը, անունը, ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, անձը հաստատող փաստաթղթի համարը, հաշվառման վայրը եւ ստորագրությունը, ինչպես նաեւ նախաձեռնող խմբի առնվազն երկու լիազոր ներկայացուցչի մասին՝ հետեւյալ տվյալները

1) ազգանունը, անունը.

2) ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը.

3) հաշվառման վայրը.

4) աշխատանքի վայրը եւ պաշտոնը (զբաղմունքը).

5) կուսակցական պատկանելությունը.

6) անձնագրի համարը.

3. Անհրաժեշտ փաստաթղթերը կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելուց հետո ԿԸՀ-ը 10 օրյա ժամկետում սույն հոդվածի 12-րդ մասում, պաշտոնաթերթիկներում ստորագրությունները ստուգելու համար սահմանված կարգով ստուգելով նախաձեռնող խմբի անդամների ստորագրությունները, նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչներին, տալիս է ՀՀ Նախագահի վստահության հարցով հանրաքվե անցկացնելու նախաձեռնությունը պաշտպանելու համար ստորագրություններ հավաքելու 500 պաշտոնաթերթիկ:

4. Հանրապետության Նախագահի վստահության հարցով հանրաքվե անցկացնել պաշտպանելու յուրաքանչյուր պաշտոնաթերթիկ /այսուհետ պաշտոնաթերթիկ/ համարակալված գրքույկ է, որը բաղկացած է տպարանային եղանակով՝ 500 համարակալված տողից, որոնք նախատեսված են քաղաքացիների ազգանվան, անվան, հաշվառման վայրի, անձը հաստատող փաստաթղթի համարի եւ ստորագրության համար։ Պաշտոնաթերթիկի յուրաքանչյուր էջում նշվում է գրքույկի համարը։

5. Պաշտոնաթերթիկի յուրաքանչյուր էջի վերջում նախատեսվում է առանձին տող՝ ստորագրությունները հավաքող պատասխանատու անձի ազգանվան, անվան, հաշվառման վայրի, անձնագրի համարի եւ ստորագրության համար։

6. Պաշտոնաթերթիկի յուրաքանչյուր էջի վերջում նախատեսվում է առանձին տող՝ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից առաջադրումը պաշտպանելու պաշտոնաթերթիկներն ստացողի ստորագրության համար։

7. Պաշտոնաթերթիկում յուրաքանչյուր քաղաքացի ստորագրում է անձամբ։

8. Արգելվում է ստորագրություններ հավաքել աշխատավայրում, կամ օգտագործել գործատուների /անկախ սեփականության ձեւից/ վարչական միջոցները, քաղաքացիներին հարկադրել ստորագրելուն, ստորագրություններ հավաքելու նպատակով արգելվում է անձամբ կամ որեւէ այլ եղանակով քաղաքացիներին դրամ, արժեթղթեր, սննդամթերք, ապրանքներ տալը (խոստանալը) կամ անհատույց ծառայություններ մատուցելը (խոստանալը) :

9. Նախաձեռնող Խումբը Պաշտոնաթերթիկները ԿԸՀ-ից ստանալուց ոչ ուշ քան 40 օր հետո ԿԸՀ-ին է ներկայացնում առնվազն 200000 վավեր ստորագրություն պարունակող պաշտոնաթերթիկ:

10. Պաշտոնաթերթիկներն ընդունելիս կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաշվում է հավաքված ստորագրությունների ընդհանուր թիվը եւ պաշտոնաթերթիկները հանձնող լիազորված անձին տալիս է ստացական:

11. Անվավեր են համարվում կեղծված կամ ընտրելու իրավունք չունեցող անձին պատկանող ստորագրությունները:

12. Ստորագրությունների վավերականությունը կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստուգում է 10 օրյա ժամկետում, յուրաքանչյուր գրքույկում ստորագրությունների փաստացի քանակի երկու տոկոսի ընտրանքային ստուգման միջոցով: Այդ նպատակով կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝

1) վիճակահանության իր սահմանած կարգով ստանում է պաշտոնաթերթիկում եղած ստորագրությունների ընդհանուր թվի երկու տոկոսի ստորագրությունների

համարները: Արձանագրության մեջ նշվում են յուրաքանչյուր առաջադրումը պաշտպանելու պաշտոնաթերթիկում ստուգման ենթակա ստորագրությունների համարները՝ քաղաքացու վերաբերյալ տվյալներով.

2) ստուգման արդյունքում հայտնաբերված անվավեր ստորագրությունների մասին կազմում է արձանագրություն, որտեղ նշվում են պաշտոնաթերթիկի համարը, ստորագրությունների համարները եւ քաղաքացու մասին տվյալները.

3) ստորագրությունների ընդհանուր թվի երկու տոկոսում վավեր եւ անվավեր ստորագրությունների հարաբերակցությունը համամասնորեն տարածում է ստորագրությունների ընդհանուր թվի վրա՝ ստանալով ստորագրությունների ընդհանուր թվում վավեր եւ անվավեր ստորագրությունների քանակը: Ստուգման արդյունքների մասին կազմվում է արձանագրություն:

13. Լիազորված անձի պահանջով նրան անմիջապես տրվում են ստորագրությունների վավերականության ստուգման վերաբերյալ բոլոր արձանագրությունների պատճենները:

14.Պաշտոնաթերթիկներում 200000-ից ավելի վավեր ստորագրությունների առկայության դեպքում ԿԸՀ-ը 3 օրյա ժամկետում նշանակում է ՀՀ Նախագահի վստահության հանրաքվե, որը պետք է անցկացվի, ԿԸՀ-ի որոշումից ոչ շուտ քան 45 եւ ոչ ուշ քան 60 օրվա ընթացքում:

15. Նախագահի Վստահության հանրաքվեի քվեաթերթիկում գրվում է. «Դուք վստահում եք ՀՀ Նախագահ` /անուն ազգանուն հայրանուն/-ին, «այո» եւ «ոչ», ընտրողը եթե վստահում է նշում է կատարում «այո»-ի դիմաց, եթե չի վստահում նշում է կատարում «ոչ»-ի դիմաց:

Հոդված 4. Ավելացնել նոր 36/1 հոդված հետեւյալ բովանդակությամբ

Հոդված 36/1. ՀՀ Նախագահին անվստահություն հայտնելու /վստահություն չհայտնելու/ հետեւանքները

1.Եթե հանրաքվեի արդյունքներով ՀՀ Նախագահի վստահությանը «ոչ» է քվեարկել ընտրողների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան ցուցակներում ընդգրկված քաղաքացիների մեկ երրորդը, ապա համարվում է, որ հանրաքվեի արդյունքներով ՀՀ նախագահին անվստահություն է հայտնվել:

2.Հանրաքվեի արդյունքներով ՀՀ Նախագահին անվստահություն հայտնելու դեպքում ԿԸՀ-ի որոշումը հրապարակելուց հետո 3-օրյա ժամկետում ՀՀ Նախագահը Ազգային ժողովին ներկայացնում է հրաժարական:

Հոդված 5. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: