Armenian ARMSCII Armenian
Պ-066-15.10.2021,13.01.2022-ԱռՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» 1996 թվականի մարտի 4-ի ՀՕ-42 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 64-րդ կետով.

«64) առողջապահության բնագավառի մասնագիտական կադրային ներուժի պլանավորում՝ բնակչության առողջության պահպանման եւ բարելավման ծրագրերի իրականացման, արդյունավետ եւ հասանելի բժշկական սպասարկման պայմանների ստեղծման, մարդու եւ հանրային առողջության պահպանման եւ տարածքային համաչափ զարգացման նպատակով առողջապահության բնագավառում մասնագիտական գործունեություն իրականացնող ավագ եւ միջին բուժաշխատողների քանակի եւ մասնագիտությունների պահանջարկի կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ գնահատման եւ պահանջարկի բավարարմանն ուղղված միջոցառումների համալիր:»:

Հոդված 2. Օրենքի 35-րդ հոդվածը շարադրել  հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 35.  Առողջապահության բնագավառի մասնագիտական կադրային ներուժի պլանավորումը

1. Առողջապահության բնագավառի մասնագիտական կադրային ներուժի պլանավորումն իրականացնում է լիազոր մարմինը:

2. Առողջապահության բնագավառի մասնագիտական կադրային ներուժի պլանավորումն իրականացվում է իրավիճակային վերլուծության եւ վիճակագրական ցուցանիշների հիման վրա, որով ապահովվում են բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման կայունությունը, անընդհատությունը, շարունակականությունը, ֆիզիկական հասանելիությունը, առաջնային եւ անհետաձգելի բժշկական օգնության համընդհանուր մատչելիությունը եւ հիվանդանոցային բժշկական օգնության եւ սպասարկման իրականացումը՝ ըստ մակարդակների:

3. Առողջապահության բնագավառի մասնագիտական կադրային ներուժի պահանջարկի բավարարման նպատակով յուրաքանչյուր տարի  լիազոր մարմինը կրթության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմին է ներկայացնում տեղեկատվություն ընդհանուր մրցույթից առանձնացված միջին մասնագիտական, բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերով նպատակային ուսուցման անհրաժեշտ տեղերի վերաբերյալ`  Կառավարության որոշմամբ հաստատված կարգի համաձայն՝ ընդհանուր մրցույթից առանձնացված ընդունելություն իրականացնելու համար:

 4. Նպատակային ուսուցմամբ ընդունված ուսանողի հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքվում է պայմանագիր:»:

Հոդված 3.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում, Կառավարությունն ընդունում է սույն օրենքի 2-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված իրավական ակտը: