Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Պ-1031-30.11.2021,11.01.2022-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 1998 թվականի հուլիսի 1-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում (այսուհետ՝ Օրենսգիրք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ 20.1-ին հոդված.

«Հոդված 20.1. Ոչ իրավաչափ վարքագծի արգելքը

1. Քրեական դատավարությանը մասնակցող անձինք պետք է իրենց իրավունքներից օգտվեն եւ իրենց պարտականությունները կատարեն բարեխղճորեն:

2. Արգելվում է իրավունքների չարաշահումը, որը վնաս է հասցնում այլ անձանց կամ արդարադատության շահերին:

3. Իրավունքների չարաշահում թույլ տված կամ պարտականությունները չարամտորեն չկատարած անձի նկատմամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում կարող է կիրառվել նրա վարքագծին համաչափ դատական սանկցիա, եթե այն չկիրառելը կարող է վտանգել վարույթի բնականոն ընթացքը:

4. Մեղադրյալի կողմից իր պարտականությունները չարամտորեն չկատարելու դեպքում նրա նկատմամբ կարող է կիրառվել խափանման միջոց կամ կիրառված խափանման միջոցը կարող է փոխարինվել այլ՝ առավել պիտանի խափանման միջոցով:»:

Հոդված 2. Օրենսգրքի 314.1-ին հոդվածի 1-ին մասում լրացնել նոր՝ 4-րդ կետ.

«4) իրավունքի իրականացման սահմանափակումը:»:

Հոդված 3. Օրենսգրքում լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ 314.4-րդ հոդված.

«Հոդված 314.4. Իրավունքի իրականացման սահմանափակումը

1. Իրավունքի իրականացման սահմանափակումը անձի կողմից իր դատավարական իրավունքների պարբերաբար չարաշահման դեպքում դատարանի որոշմամբ դրանց իրականացման ժամանակային կամ քանակական պայմանների սահմանումն է:

2. Սույն հոդվածով նախատեսված դատական սանկցիան կարող է կիրառվել միայն հետեւյալ իրավունքները պարբերաբար չարաշահելու դեպքում՝

1) միջնորդություն հարուցելը.

2) բացարկ հայտնելը.

3) քրեական գործին կցելու եւ հետազոտելու համար նյութեր ներկայացնելը.

4) քրեական գործի նյութերին ծանոթանալը եւ դրանցից ցանկացած ծավալի տեղեկություն դուրս գրելը.

5) ելույթ ունենալը.

6) պաշտպանից հրաժարվելը.

7) պաշտպանի լիազորությունները դադարեցնելը:

3. Իրավունքի իրականացման սահմանափակումը կարող է կիրառվել նաեւ դատավարական գործողությանը նույն անձի մի քանի պաշտպանի, ներկայացուցչի կամ փաստաբանի ներկայանալու դեպքում: Այդ դեպքում իրավունքի իրականացման սահմանափակումը դրսեւորվում է տվյալ գործողությանը մասնակցելու հնարավորություն տալով ոչ բոլոր պաշտպաններին, ներկայացուցիչներին կամ փաստաբաններին:

4. Սույն հոդվածով նախատեսված դատական սանկցիայի կիրառումը չպետք է բացառի համապատասխան իրավունքի բուն իրացումը:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ
Ամփոփաթերթ