Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-121-14.12.2021-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ (ԶՖԳ) ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ (ՊՐՈՊԱՐԿՈ) ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վավերացնել 2018 թվականի մայիսի 28-ին Երեւան քաղաքում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ֆրանսիայի Հանրապետության կառավարության միջեւ Հայաստանում Զարգացման Ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) եւ Տնտեսական համագործակցության խթանման եւ մասնակցության ընկերության (Պրոպարկո) հիմնադրման եւ գործունեության մասին» համաձայնագիրը :

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՏԵՂԵԿԱՆՔ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ (ԶՖԳ) ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ (ՊՐՈՊԱՐԿՈ) ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ֆրանսիան հանդիսանում է Եվրոպայում Հայաստանի ամենակարեւոր գործընկերներից մեկը, ինչը պայմանավորված է Ֆրանսիայի հետ պատմական, տնտեսական եւ մշակութային առնչություններով, միջազգային ասպարեզում Ֆրանսիայի ծանրակշիռ դերով, երկրի հզոր տնտեսությամբ, ֆրանսահայ խոշոր եւ ազդեցիկ համայնքի առկայությամբ, ինչպես նաեւ Ֆրանսիայի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ լինելու փաստով:

Հայաստանը կարեւորում է Զարգացման ֆրանսիական գործակալության (այսուհետ՝ ԶՖԳ) կողմից 2013թ.-ից ի վեր Հայաստանում իրականացվող ծրագրերը, որոնք մեծապես նպաստում են ՀՀ սոցիալ-տնտեսական առաջընթացին՝ զարգացման հնարավորություններ ստեղծելով երկրի առավել խոցելի խմբերի համար:

«Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Ֆրանսիայի Հանրապետության Կառավարության միջեւ Հայաստանում զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) եւ Տնտեսական համագործակցության խթանման եւ մասնակցության ընկերության (ՊՐՈՊԱՐԿՈ) հիմնադրման եւ գործունեության մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2018թ. մայիսի 28-ին՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի կողմից՝ Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանի Հայաստան կատարված այցի շրջանակներում:

Համաձայնագրով սահմանվում են Զարգացման ֆրանսիական գործակալության եւ Տնտեսական համագործակցության խթանման եւ մասնակցության ընկերության մասնաճյուղը (ՊՐՈՊԱՐԿՈ) Հայաստանում հաստատվելու, կարգավիճակի եւ գործունեության իրավաբանական, հարկային, ֆինանսական եւ այլ պայմանները՝ նոր հնարավորություններ ստեղծելով վերջիններիս գործունեության համար:

Համաձայնագրով ԶՖԳ-ին եւ ՊՐՈՊԱՐԿՈ-ին պաշտոնապես թույլատրվում է տրամադրել ֆինանսական եւ տեխնիկական օժանդակություն Հայաստանի Հանրապետությանը:

Համաձայնագրի վավերացումը էական նշանակություն ունի հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության ընդլայնման ու զարգացման համար, այն թույլ կտա ընդլայնելու Ֆրանսիայի կողմից ֆինանսավորվող ծրագրերի քանակն ու Հայաստանում ներդրումային ծրագրերում ֆրանսիական կապիտալով ընկերությունների ավելի ակտիվ մասնակցությունը:

Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը նպատակահարմար է գտնում «Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Ֆրանսիայի Հանրապետության Կառավարության միջեւ Հայաստանում զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) եւ Տնտեսական համագործակցության խթանման եւ մասնակցության ընկերության (ՊՐՈՊԱՐԿՈ) հիմնադրման եւ գործունեության մասին» համաձայնագրի վավերացումը Հայաստանի Հանրապետության կողմից:

ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ՝ ՎԱՀԱՆ ՔԵՐՈԲՅԱՆ


Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ֆրանսիայի Հանրապետության կառավարության միջեւ Հայաստանում Զարգացման ֆրանսիական գործակալության եւ Պրոպարկոյի հիմնադրման եւ գործունեության մասին» համաձայնագրի վավերացման կամ հաստատման արտաքին քաղաքական նպատակահարմարության մասին

«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ֆրանսիայի Հանրապետության կառավարության միջեւ Հայաստանում Զարգացման ֆրանսիական գործակալության եւ Պրոպարկոյի հիմնադրման եւ գործունեության մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2018թվականի մայիսին, իսկ ֆրանսիական կողմից վավերացվել է 2018թվականի հոկտեմբերին:

Համաձայնագրի վավերացումը էական նշանակություն ունի հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության ընդլայնման ու զարգացման համար, այն թույլ կտա ընդլայնելու Ֆրանսիայի կողմից ֆինանսավորվող ծրագրերի քանակն ու Հայաստանում ներդրումային ծրագրերում ֆրանսիական կապիտալով ընկերությունների ավելի ակտիվ մասնակցությունը:

Հիմք ընդունելով «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի դրույթները, ՀՀ արտաքին գործերի նախարարությունը «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ֆրանսիայի Հանրապետության կառավարության միջեւ Հայաստանում Զարգացման ֆրանսիական գործակալության եւ Պրոպարկոյի հիմնադրման եւ գործունեության մասին» համաձայնագրի վավերացումը կամ հաստատումը համարում է նպատակահարմար:

ԱԳՆ նախարարի տեղակալ՝ Ավետ Ադոնց


ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ (ԶՖԳ) ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ (ՊՐՈՊԱՐԿՈ) ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՆ ՀԱԿԱՍՈՂ, ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՂ ՆՈՐՄԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՐՁՆՈՂ ՀԻՄՔԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայնագիրը թեեւ չի պարունակում օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր, սակայն պարունակում է Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող նորմեր: Մասնավորապես՝

1. Համաձայնագրի 3-րդ հոդվածի 4-րդ մասը, համաձայն որի՝ ԶՖԳ-ի եւ ՊՐՈՊԱՐԿՈ-ի գործունեության իրականացման համար սույն Համաձայնագրի շրջանակներում ծրագրերը եւ համաձայնությունները կարող են ենթակա լինել ֆրանսիական օրենսդրությանը կամ ֆրանսիական դատարանի իրավազորությանը կամ միջազգային արբիտրաժային դատարանի կամ որեւէ այլ՝ վեճերի լուծման համար փոխադարձաբար համաձայնեցված մարմնի իրավազորությանը, եւ կայացված վճիռը կամ որոշումները պետք է լիովին ընդունվեն Կողմերի կողմից եւ կատարվեն Հայաստանի Հանրապետությունում, հակասում է «Օտարերկրյա ներդրումների մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 24-րդ հոդվածին, համաձայն որի՝ օտարերկրյա ներդրումների հետ կապված բոլոր վեճերը, որոնք ծագել են օտարերկրյա ներդրողի եւ Հայաստանի Հանրապետության միջեւ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քննվում են Հայաստանի Հանրապետության դատարաններում:

2. Համաձայնագրի 7-րդ հոդվածի 1-ին մասը, համաձայն որի՝ ԶՖԳ-ն եւ ՊՐՈՊԱՐԿՈ-ն կարող են Երեւանում կամ ՀՀ-ում որեւէ այլ վայրում սույն Համաձայնագրով նախատեսված գործունեությունն իրականացնելու նպատակով, դրա ուժի մեջ մտնելուց եւ ՀՀ արտաքին գործերի նախարարությունում գրանցվելուց հետո, բացել ներկայացուցչություն՝ առանց որեւէ այլ ընթացակարգերի հակասում է Օրենքի 12-րդ հոդվածին:

3. Համաձայնագրի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ԶՖԳ-ն եւ ՊՐՈՊԱՐԿՈ-ն օգտվում են ՀՀ-ում իրենց գործունեությունն իրականացնելու համար անհրաժեշտ իրավաբանական անձի կարգավիճակից եւ իրավունակությունից: Միաժամանակ ըստ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 56-րդ հոդվածի 1-ին մասի՝ իրավաբանական անձը, օրենքով սահմանված կարգով, ենթակա է պետական գրանցման, իսկ նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ իրավաբանական անձը ստեղծված է համարվում նրա պետական գրանցման պահից: Ուստի՝ այս կապակցությամբ հայտնում ենք, որ ԶՖԳ-ն եւ ՊՐՈՊԱՐԿՈ-ն կարող են օգտվել ՀՀ-ում իրավաբանական անձի կարգավիճակից միայն ՀՀ օրենսդրության համաձայն պետական գրանցումից հետո:

4. Համաձայնագրի նույն հոդվածի 2-րդ մասի b) կետի կապակցությամբ, որի համաձայն՝ ԶՖԳ-ն եւ ՊՐՈՊԱՐԿՈ-ն կարող են ձեռք բերել եւ տնօրինել ցանկացած անշարժ եւ շարժական գույք (բացառությամբ հողի՝ հայկական օրենսդրությանը համաձայն), անհրաժեշտ է ընդգծել, որ ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ընդերքը եւ ջրային ռեսուրսները պետության բացառիկ սեփականությունն են: Միաժամանակ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 134-րդ հոդվածի համաձայն՝ անշարժ գույք են համարվում հողամասերը, ընդերքի մասերը, մեկուսի ջրային օբյեկտները (...): Վերոնշյալ նորմերի համալիր վերլուծությունից կարելի է եզրահանգել, որ ընդերքը եւ ջրային ռեսուրսները հանդիսանում են անշարժ գույք եւ պետության բացառիկ սեփականությունն են, որոնք չեն կարող պատկանել քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց: Ելնելով վերոգրյալից, հաշվի առնելով Սահմանադրության բարձրագույն իրավաբանական ուժը՝ ԶՖԳ-ն եւ ՊՐՈՊԱՐԿՈՆ անշարժ գույք ձեռք բերելիս պետք է սահմանափակվեն Սահմանադրությամբ նախատեսված նորմերով:

Միաժամանակ գտնում ենք, որ Համաձայնագիրը ենթակա է վավերացման Ազգային ժողովի կողմից՝ համաձայն Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ եւ 5-րդ կետերի եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ եւ 5-րդ կետերի դրույթների հիմքով:


ՀՀ ԱՆ իրավական ակտերի
Փորձաքննության գործակալության պետ՝ ԷՄԻԼ ՄԱՐԳԱՐՅԱՆ


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ֆրանսիայի Հանրապետության կառավարության միջեւ Հայաստանում Զարգացման ֆրանսիական գործակալության եւ Տնտեսական համագործակցության խթանման եւ մասնակցության ընկերության (ՊՐՈՊԱՐԿՈ) հիմնադրման եւ գործունեության մասին» համաձայնագրով Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթների առկայության մասին, այդ թվում՝ եկամուտների նվազեցման կամ ծախսերի ավելացման հանգեցնող դրույթների եւ տվյալ տարվա համար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընդունած «Պետական բյուջեի մասին» օրենքում չներառված պարտավորությունների մասին

«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ֆրանսիայի Հանրապետության կառավարության միջեւ Հայաստանում Զարգացման ֆրանսիական գործակալության եւ Տնտեսական համագործակցության խթանման եւ մասնակցության ընկերության (ՊՐՈՊԱՐԿՈ) հիմնադրման եւ գործունեության մասին» համաձայնագրով Հայաստանի Հանրապետության համար հնարավոր են ֆինանսական պարտավորությունների առաջացում եկամուտների նվազեցման եւ ծախսերի ավելացման գծով՝ պայմանավորված հիշյալ համաձայնագրի 6-րդ հոդվածով:

ԱՏՈՄ ՋԱՆՋՈՒՂԱԶՅԱՆ


ՀՀ էկոնոմիկայի նախարար

Վ. Քերոբյանին

ՀՀ արդարադատության նախարար
Ռ. Բադասյանին



Հարգելի պարոնայք


Հայտնում ենք, որ 2018 թվականի մայիսի 28-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ֆրանսիայի Հանրապետության կառավարության միջեւ Հայաստանում Զարգացման Ֆրանսիական գործակալության եւ Տնտեսական համագործակցության խթանման եւ մասնակցության ընկերության (Պրոպարկո) հիմնադրման եւ գործունեության մասին համաձայնագրով «Պետական գույքի կառավարման մասին» ՀՀ օրենքի կարգավորման շրջանակում Հայաստանի Հանրապետության համար գույքային պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:

Հարգանքով՝ Ս.Պապիկյան


ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ (ԶՖԳ) ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ (ՊՐՈՊԱՐԿՈ) ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ֆրանսիայի Հանրապետության կառավարության միջեւ Հայաստանում Զարգացման Ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) եւ Տնտեսական համագործակցության խթանման եւ մասնակցության ընկերության (Պրոպարկո) հիմնադրման եւ գործունեության մասին» համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) համաձայնեցման եւ փոխհամաձայնեցման աշխատանքներում ներգրավված են եղել մի շարք շահագրգիռ գերատեսչություններ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Համաձայնագիրը պարունակում է օտարերկրյա ֆինանսական կառույցի գործունեության եւ կարգավիճակի արդյունավետության, ֆինանսաբյուջետային եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցության ոլորտներին առնչվող տարրեր, Համաձայնագրի կատարման համար պատասխանատու մարմիններն են.

1. ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2. ՀՀ ֆինանսների նախարարություն

3. ՀՀ արդարադատության նախարարություն

4. ՀՀ արտաքին գործերի նախարարություն

5. ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն



Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշում

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն