Armenian ARMSCII Armenian

Նախագիծ

Երկրորդ ընթերցում

Կ-105-30.11.2021-ՏՀ-011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Գնումների մասին» 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-21-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 18-րդ կետով.

«18) սույն օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի կիրառմամբ շինարարական աշխատանքների գնման գործընթացի կազմակերպման կարգը: Կարգը պետք է նախատեսի կարգավորումներ գնման գործընթացի մրցակցային եւ թափանցիկ իրականացման, պայմանագրի կնքման նպատակով մասնակիցների շրջանակի ընդլայնման եւ նրանց միջեւ մրցակցության խրախուսման վերաբերյալ:»:

Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Մարդկային զոհերի, մարդկանց առողջությանն ու շրջակա միջավայրին՝ զգալի վնասի, խոշոր նյութական կորուստների եւ մարդկանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման հանգեցնող կամ նման իրավիճակներ առաջանալու վտանգի դեպքում հրատապ համարվող կարիքների բավարարման շրջանակում շինարարական աշխատանքների գնման գործընթացը կառավարության որոշմամբ կարող է իրականացվել առանց սահմանված կարգով հաստատված եւ փորձաքննություն անցած նախագծային փաստաթղթերի՝

1) գնման առարկայի բնութագրերը սահմանելով որպես գործառութային (ֆունկցիոնալ) նկարագրեր, որոնք պետք է ներկայացվեն բավարար ճշտությամբ՝ հնարավորություն տալով մասնակիցներին եւ պատվիրատուին ճշգրիտ ընկալել պայմանագրի առարկան.

2) պայմանով, որ շինարարական աշխատանքները կմեկնարկեն ըստ փուլերի փորձաքննություն անցած նախագծային փաստաթղթերի հիման վրա:

Կառավարության որոշմամբ պետք է հիմնավորվի դրա ընդունումը պայմանավորող հանգամանքների առկայությունը:»:

Հոդված 3. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:

2. Սույն օրենքից բխող՝ Կառավարության որոշումն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում: