Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-099-25.11.2021-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-239 Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 170-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում, 570.1-ին հոդվածի վերնագրում եւ տեքստում, 928.6-րդ հոդվածի 1-ին, 3-րդ, 6-րդ եւ 7-րդ մասերում «անշարժ գույք գնելու» բառերից առաջ գրված «շենքից» բառերը հանել:

Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել նոր՝ 170.1-ին հոդվածով.

«Հոդված 170.1. Կառուցվող անշարժ գույք գնելու իրավունքը

1. Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքով սահմանված կարգով կառուցվող շենքի նկատմամբ կառուցապատողի իրավունքի պետական գրանցումից հետո կառուցվող շենքը, շինությունը կամ դրա մասը կարող է ծանրաբեռնվել կառուցվող անշարժ գույք գնելու իրավունքով:

2. Կառուցվող անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ կառուցվող անշարժ գույք գնելու իրավունքը` պետական գրանցման:

3. Կառուցվող անշարժ գույք գնելու իրավունքը տարածվում է նաեւ հողամասի եւ ընդհանուր օգտագործման տարածքների համապատասխան բաժնային մասի վրա:

4. Կառուցվող շենք, շինության նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումից հետո պայմանագրով սահմանված, բայց ոչ ուշ, քան վեցամսյա ժամկետում կառուցապատողը կառուցվող անշարժ գույք գնելու իրավունք ունեցող անձին է ներկայացնում կառուցված շենքը կամ կառուցված շենքում անշարժ գույքը սեփականության իրավունքով փոխանցելու ակտը եւ հաշվարկային փաստաթուղթը կամ օրենքով սահմանված դեպքերում՝ հարկային հաշիվը:

5. Կառուցված շենքը կամ կառուցված շենքում անշարժ գույքը սեփականության իրավունքով փոխանցելու ակտում նշվում են՝

1) կառուցվող անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագրով փոխանցման ենթակա անշարժ գույքի մասին սույն օրենսգրքի 566-րդ հոդվածին համապատասխան տեղեկություններ,

2) կառուցվող անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագրով փոխանցման ենթակա անշարժ գույքի գնի, կատարված կանխավճարային վճարումների եւ առկայության դեպքում՝ գնի չվճարված մասի վճարման պայմանների մասին,

3) բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի դեպքում՝ կառուցված շենքը կառուցապատողի հաշվին շահագործման հանձնելու ժամկետի մասին:

6. Կառուցված շենքը կամ կառուցված շենքում անշարժ գույքը սեփականության իրավունքով փոխանցելու ակտը ենթակա է նոտարական վավերացման, դրանից ծագող իրավունքը՝ պետական գրանցման: Կառուցված շենքը, շինությունը՝ կառուցվող անշարժ գույք գնելու իրավունք ունեցող անձին սեփականության իրավունքով փոխանցված է համարվում անշարժ գույքը սեփականության իրավունքով փոխանցելու ակտի պետական գրանցման պահից:

7. Անշարժ գույքը սեփականության իրավունքով փոխանցելու ակտի վրա տարածվում են սույն օրենսգրքի 209-րդ հոդվածով սահմանված դրույթները:

8. Կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերում ապագա բնակարանը կամ ոչ բնակելի տարածքը կառուցվող անշարժ գույք գնելու իրավունքով ծանրաբեռնման առանձնահատկությունները սահմանված են սույն օրենսգրքի 224-րդ հոդվածով:»:

Հոդված 3. Օրենսգրքի 224-րդ հոդվածի՝

1) 4-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«4. Կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերում բնակարան կամ ոչ բնակելի տարածք ձեռք բերելիս սեփականության իրավունքով ձեռք է բերվում հողամասի համապատասխան բաժնային մասը:»,

2) 7-րդ մասը ուժը կորցրած ճանաչել,

3) 8-րդ մասից հանել առաջին նախադասությունը:

Հոդված 4. Օրենսգրքի 260-րդ հոդվածից հանել «կառուցվող» բառից հետո գրված «բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքից» բառերը:

Հոդված 5. Օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«2. Հողամասի նկատմամբ ընդհանուր սեփականության դեպքում հիփոթեք կարող է սահմանվել քաղաքացուն կամ իրավաբանական անձին պատկանող այն հողամասի նկատմամբ, որը

1) բնեղենով առանձնացված է ընդհանուր սեփականության ներքո գտնվող հողամասից՝ որպես առանձին գույք, եւ դրա նկատմամբ իրավունքները գրանցված են գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքով սահմանված կարգով, կամ՝

2) հանդիսանում է ընդհանուր բաժնային սեփականություն, որի դեպքում հիփոթեքը տարածվում է գրավատուին սեփականության իրավունքով պատկանող եւ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքով սահմանված կարգով գրանցված հողամասի սեփականության իրավունքում բաժնի վրա:»:

Հոդված 6. Օրենսգրքի 268-րդ հոդվածի՝

1) 3-րդ եւ 4-րդ մասերից հանել «կառուցվող» բառերից հետո գրված «բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքից» բառերը:

2) 3-րդ մասից հանել «կառուցվող» բառից հետո գրված «շենքում» բառը:

Հոդված 7. Օրենսգրքի 270-րդ հոդվածի՝

1) վերնագիրը՝ «բազմաբնակարան» բառից հետո լրացնել «կամ ստորաբաժանված» բառերով, «շենքերի բնակարանների» բառերից հետո լրացնել «կամ ոչ բնակելի տարածքների» բառերով:

2) 1-ին եւ 2-րդ մասերը՝ «շենքի բնակարանի» բառերից առաջ լրացնել «կամ ստորաբաժանված» բառերով,

3) 1-ին եւ 2-րդ մասերը՝ «բնակարանի» բառերից հետո լրացնել «կամ ոչ բնակելի տարածքի» բառերով,

4) 1-ին մասից հանել «հողամասի եւ» բառերից հետո գրված «բազմաբնակարան» բառը,

5) 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված շենք, շինությունների շինարարության ավարտի ակտի ձեւակերպման եւ պետական գրանցման պահից հիփոթեքի իրավունքը տարածվում է սեփականության իրավունքով ձեռք բերված բնակարանի կամ ոչ բնակելի տարածքի եւ բաժնային ընդհանուր սեփականության իրավունքում համապատասխան հողամասի եւ բաժնի մասի վրա:»:

Հոդված 8. Օրենսգրքի 570.1-ին հոդվածի՝

1) 1-ին եւ 6-րդ մասերում «անշարժ գույք գնելու» բառերից առաջ գրված «բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքից» բառերը հանել,

2) 1-ին մասում «ձեռք բերվող անշարժ գույքի» բառերից հետո գրված «տարածքը» բառը հանել,

3) 4-րդ մասի երկրորդ պարբերությունը, 5-րդ, 7-րդ եւ 8-րդ մասերը՝ «շենքի» բառերից հետո լրացնել «, շինության» կետադրական նշաններով եւ բառերով,

4) 7-րդ եւ 8-րդ մասերում «Կառուցվող» բաերից հետո գրված «բազմաբնակարան կամ ստորաբաժանված» բառերը հանել,

5) 9-րդ մասը՝ «Անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագրով» բառերից առաջ լրացնել «Կառուցվող» բառով:

Հոդված 9. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող քսաներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ «ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում եւ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին նախագծերի ընդունումը պայմանավորված է օրենսդրական կարգավորումներում առկա անորոշություններն ու հակասությունները վերացնելու եւ կառուցապատման ոլորտի տնտեսվարողների համար առաջացած խոչընդոտները վերացնելու անհրաժեշտությամբ:

1.1 Կարգավորման ենթակա հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները

Ներկայումս գործող օրենսդրական կարգավորումները հնարավորություն են տալիս անշարժ գույք գնող մեր համաքաղաքացիներին մինչեւ ավարտական ակտ ստանալը, դեռ կառուցման փուլում, գնման իրավունքի պայմանագիր կնքել եւ հիպոթեկային վարկ ստանալով՝ դիմելով նաեւ եկամտային հարկի փոխհատուցման արտոնության համար:

Մասնավորապես, Քաղաքացիական օրենսգրքով, սեփականատերեր չհամարվող անձինք, ի թիվս այլ իրավունքների, կարող են ունենալ կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունք:

Խնդիրն այն է, որ օրենքում նշված «կառուցվող շենքից» ձեւակերպումը ինքնաբերաբար այս մեխանիզմից դուրս է թողնում բնակելի թաղամասերից բնակելու տուն գնելու գործարքները:

Մեզ են դիմել մի խումբ կառուցապատողներ, որոնք ցանկանում են մարզերում բնակելի կառուցապատում իրականացնել, կառուցել բնակելի թաղամասեր՝ նշելով, որ այս կարգավորումը անհավասար պայմաններ է ստեղծում բազմաբնակարան շենք եւ բնակելի տուն կառուցողների միջեւ եւ խոչընդոտում է իրենց ծրագրերին:

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Հաշվի առնելով վերը նշվածը՝ առաջարկում ենք ՀՀ քաղաքացիական օրենսգրքում «կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքից անշարժ գույք» ձեւակերպումը փոխարինել ավելի պարզ՝ «կառուցվող անշարժ գույք» ձեւակերպմամբ, ինչը հնարավորություն կտա սեփականատերեր չհամարվող անձանց անշարժ գույք գնելու իրավունք ունենալ ոչ միայն կառուցվող բազմաբնակարան շենքից բնակարան գնելու, այլ կառուցվող բնակելի թաղամասից բնակելի տուն գնելու դեպքում:

Համապատասխան փոփոխություն է կատարվել նաեւ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում:

2. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Բազմաբնակարան շենքերի եւ բնակելի տների հետ կապված գործարքներին վերաբերող օրենսդրական կարգավորումների ներդաշնակեցում, մարզերում բնակելի թաղամասերի կառուցապատման խթանում:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ ԱԺ պատգամավորներ Բաբկեն Թունյանի, Նարեկ Զեյնալյանի եւ Լուսինե Բադալյանի կողմից:



Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ




ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

ՊԱՐՈՆ ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ

Հարգելի՛ պարոն Սիմոնյան

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածով եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին» եւ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենսգրքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:

ՀՀ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն` սույն գրությանը կցվում են.

1. օրենքների նախագծերը,

2. օրենքների նախագծերի ընդունման հիմնավորումը,

3. գործող օրենքների փոփոխվող հոդվածների վերաբերյալ տեղեկանքները:

Նախագծի հիմնական զեկուցող` ՀՀ ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյան:

Խնդրում եմ օրենքների նախագծերի փաթեթը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:


ՀԱՐԳԱՆՔՈՎ`

ԲԱԲԿԵՆ ԹՈՒՆՅԱՆ
ՆԱՐԵԿ ԶԵՅԼԱՆՅԱՆ
ԼՈՒՍԻՆԵ ԲԱԴԱԼՅԱՆ