Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-090-12.11.2021-ԱՍ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» 2021 թվականի մայիսի 5-ի ՀՕ-194-Ն օրենքի (այսուհետ՝ «Օրենք») 10-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի «ներառման» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ աջակցող միջոցների տրամադրման ցուցումների» բառերը:

Հոդված 2.  Օրենքի  23-րդ  հոդվածը  լրացնել  հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.

«3.1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մինչեւ 2023 թվականի փետրվարի 1-ը.

1) բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինը՝ Միասնական սոցիալական ծառայությունը, օրենսդրությամբ սահմանված կարգով՝

ա. անձին ճանաչում է հաշմանդամություն ունեցող անձ, սահմանում է հաշմանդամության խումբը (1-ին, 2-րդ եւ 3-րդ խումբ), հաշմանդամություն ունեցող երեխայի կարգավիճակը, որոշում է հաշմանդամության պատճառական կապը, ժամկետը.

բ. մշակում եւ հաստատում է հաշմանդամություն ունեցող անձի վերականգնողական անհատական ծրագիրը (ՎԱԾ).

գ. բժշկասոցիալական փորձաքննություն անցնող անձանց անհրաժեշտության դեպքում ուղեգիր է տրամադրում լրացուցիչ հետազոտություններ իրականացնելու համար.

դ. որոշում է անձի մասնագիտական աշխատունակության կորստի աստիճանը աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության կամ առողջությանը հասցված այլ վնասի դեպքում, թույլատրում են երկարաձգել ժամանակավոր անաշխատունակության թերթիկի ժամկետը.

ե. աշխատանքային խեղումների եւ մասնագիտական հիվանդությունների դեպքերում գործատուներից ստանում է անհրաժեշտ տվյալներ համապատասխան անձանց աշխատանքի բնույթի եւ պայմանների վերաբերյալ.

զ. որոշում է տուժած անձանց մահվան պատճառական կապը արտադրական խեղման, մասնագիտական հիվանդության, ռազմաճակատում գտնվելու, զինվորական ծառայության եւ այլ հանգամանքների հետ.

է. մասնակցում է բժշկասոցիալական փորձաքննություն անցած անձանց հաշվառման տեղեկատվական համակարգի վարմանը.

ը. իրականացնում է այլ լիազորություններ:

2) բժշկասոցիալական փորձաքննությամբ հաշմանդամության պատճառական կապը սահմանվում է հաշմանդամություն առաջացնող ախտաբանական վիճակի եւ այդ ախտաբանական վիճակի առաջացման պատճառի (անմիջական կապ կամ հետեւանք) վերաբերյալ փաստաթղթերում եղած տվյալների հիման վրա:

3) Հաշմանդամության պատճառ կարող են լինել՝

ա. մանկուց (մինչեւ 18 տարին լրանալը) ձեռք բերած հիվանդությունը.

բ. ընդհանուր հիվանդությունը.

գ. աշխատանքային վնասվածքը.

դ. մասնագիտական հիվանդությունը.

ե. բնական, տեխնածին եւ այլ աղետները, ինչպես նաեւ դրանց վերացման աշխատանքների ժամանակ ձեռք բերած հիվանդությունը կամ ստացած վնասվածքը.

զ. զինվորական ծառայության ընթացքում ձեռք բերած հիվանդությունը կամ ստացած վնասվածքը.

է. զինվորական պարտականությունները կատարելու հետեւանքով ձեռք բերած հիվանդությունը կամ ստացած վնասվածքը.

ը. Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների ժամանակ ձեռք բերած հիվանդությունը կամ ստացած վնասվածքը.

թ. Հայրենական մեծ պատերազմի եւ այլ պետություններում մարտական գործողությունների (խաղաղապահ առաքելությունների, զորավարժությունների) ժամանակ ձեռք բերած հիվանդությունը կամ ստացած վնասվածքը.

ժ. պահեստազորի վարժական հավաքներին մասնակցելու ժամանակ ձեռք բերած հիվանդությունը կամ ստացած վնասվածքը.

ի. հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետեւանքով ձեռք բերած հիվանդությունը կամ ստացած վնասվածքը.

լ. Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի եւ այլ ճառագայթային աղետների հետեւանքների վերացման աշխատանքների ժամանակ ձեռք բերած հիվանդությունը կամ ստացած վնասվածքը.

խ. օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքեր:

4) Միասնական սոցիալական ծառայության իրավասու ստորաբաժանումն անձին հաշմանդամ է ճանաչում սույն հոդվածին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված բժշկասոցիալական փորձաքննության իրականացման, վերականգնողական անհատական ծրագրերի կազմման ու իրականացման կարգին եւ բժշկասոցիալական փորձաքննության չափորոշիչներին համապատասխան:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: