Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-074-26.10.2021-ԱՍ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-243-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 35-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին պարբերությունը «մասին» բառից հետո լրացնել «, բացառությամբ այն դեպքերի, երբ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի տեղեկատվության համաձայն՝ կենսաթոշակառուն (անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի դեպքում՝ կենսաթոշակառուի օրինական ներկայացուցիչը) սույն պարբերությունում նշված ժամկետը լրանալու օրվա դրությամբ գտնվում է Հայաստանի Հանրապետությունում:»:

Հոդված 2. Օրենքի 41-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը 1-ին պարբերությունը «դեպքում» բառից հետո լրացնել «, բացառությամբ այն դեպքերի, երբ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի տեղեկատվության համաձայն՝ կենսաթոշակառուն (անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի դեպքում՝ կենսաթոշակառուի օրինական ներկայացուցիչը) 35-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված ժամկետը լրանալու օրվա դրությամբ գտնվում է Հայաստանի Հանրապետությունում:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Ներկայացվող նախագծի նպատակը կենսաթոշակառուների եւ տարեց բնակչության սոցիալական պաշտպանվածության մակարդակի շարունակական բարելավումն է, ինչպես նաեւ ավելորդ վարչարարության նվազեցումը:

2. Առկա իրավիճակը եւ խնդիրները.

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ կենսաթոշակը անկանխիկ եղանակով ստացող կենսաթոշակառուն պարտավոր է տարեկան առնվազն մեկ անգամ ներկայանալ բանկ կամ Ազգային օպերատորին եւ հայտարարություն ստորագրել ՀՀ-ում գտնվելու մասին: Հայտարարությունը չստորագրելու դեպքում կենսաթոշակ վճարելը դադարեցվում է:

Վերը նշված դրույթի նպատակը հստակ է. ճշտել կենսաթոշակառուի՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու հանգամանքը: Սակայն այդ դրույթի կիրառումը խնդիրներ է առաջացնում կենսաթոշակառուների համար՝ նրանց ծանրաբեռնելով որոշակի պարտականություններով:

Ընդ որում, հարկ է նկատի ունենալ, որ Հայաստանի Հանրապետությունում ներդրված է Սահմանային Էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգը (ՍԷԿՏ համակարգ), որտեղ ներառված տեղեկատվությունը հնարավորություն է տալիս պարզել անձի կողմից սահմանահատում իրականացնելու փաստը:

Ավելին, համաձայն գործող օրենսդրության՝ ՍԷԿՏ համակարգի տեղեկատվությունը հասանելի են նաեւ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը (այսինքն՝ արդեն իսկ այդ տեղեկատվությունը կիրառվում է անձին կենսաթոշակ նշանակելիս եւ վճարելիս):

Հաշվի առնելով վերը նշվածը՝ առաջարկվում է ընդունել ներկայացված նախագծերը:

3. Առաջարկվող լուծումները

Ներկայացված նախագծով առաջարկվում է սահմանել, որ օրենքի 35-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված հայտարարությունը չներկայացնելու դեպքում կենսաթոշակ վճարելը չի դադարեցվում, եթե, համաձայն ՍԷԿՏ համակարգի, հայտարարությունը ներկայացնելու ժամկետը լրանալու օրվա դրությամբ կենսաթոշակառուն գտնվում է Հայաստանի Հանրապետությունում:

4. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագիծն ընդունվելու դեպքում Կենսաթոշակառուն կձերբազատվի որոշակի պարտականություններ կատարելու պարտականությունից, իսկ պետությունը իր խնդիրը կլուծի համապատասխան տեղեկատվության կիրառության միջոցով:

Ավելին, քաղաքացիների նկատմամբ վարչարարության նվազեցումը եւ վարչարարություն իրականացնող մարմինների միջեւ փոխօգնության կազմակերպումը բխում է ՀՀ նորմատիվ-իրավական ակտերից, մասնավորապես՝«Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Վարչական մարմինները պարտավոր են փոխադարձ օգնություն (այսուհետ՝ փոխօգնություն) տրամադրել միմյանց՝ իրենց լիազորություններն իրականացնելու համար:»

Նույն օրենքի 16-րդ հոդվածի համաձայն՝ «Եթե փոխօգնությունը կարող են տրամադրել մեկից ավելի վարչական մարմիններ, ապա հայցող վարչական մարմինը փոխօգնություն տրամադրելու համար պետք է դիմի այն վարչական մարմին (հայցվող վարչական մարմին), որն իր կարծիքով առավել արդյունավետ եւ սեղմ ժամկետում կտրամադրի անհրաժեշտ փոխօգնությունը:»

Հետեւաբար ՍԵԿՏ համակարգի եւ վարչական մարմինների փոխօգնության արդյունավետ կազմակերպման դեպքում հնարավոր է էապես բարելավել թե՛ սույն գործերով վարչարարությունը, թե՛ լուծել առկա խնդիրները:

Բացի վերոգրյալը, գործող իրավակարգավորումները՝«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ պարբերության համաձայն՝ «Կենսաթոշակը անկանխիկ եղանակով ստացող կենսաթոշակառուի՝ Հայաստանի Հանրապետությունում լինելը բանկի կամ Ազգային օպերատորի կողմից կարող է հաստատվել նաեւ առանց կենսաթոշակառուի բանկ կամ Ազգային օպերատորին ներկայանալու՝ Կառավարության սահմանած կարգով:», այսինքն օրենսդրական մակարդակով սահմանված է արդեն իսկ նման հնարավորության առկայություն, որի կարգավորման դեպքերը, սակայն, կարգավորում են ՀՀ կառավարության որոշմամբ, մինչդեռ խնդրո առարկա հանդիսացող իրավակարգավորումների իմպերատիվ կանոնակարգման դեպքում առհասարակ կբացառվի ավելորդ վարչարարությունը, ինչն էլ կբացառի քաղաքացիների համար իրենց կենսաթոշակը ստանալու ընթացքում առաջացող խնդիրների առաջացումը:

Վերը նշված մոտեցումները համահունչ են նաեւ ՀՀ ԱԺ հավանությանն արժանացած՝ կառավարության ծրագրից:

Մասնավորապես, Ծրագրի՝ «4.6 ԱՇԽԱՏԱՆՔ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ» բաժնի համաձայն՝ «Կենսաթոշակառուներին եւ նպաստառուներին մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, ինչպես նաեւ կենսաթոշակների եւ նպաստների նշանակման, վճարման գործընթացները լավարկելու նպատակով կատարելագործվելու է օրենսդրությունը, ընդլայնվելու է առցանց մատուցվող ծառայությունների շրջանակը՝ ի հաշիվ տեղեկատվական համակարգեր ներառող տվյալների ստացման որակական եւ քանակական բարելավման:»:


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

ՊԱՐՈՆ ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ


Հարգելի պարոն Սիմոնյան:,


Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի եւ 65-րդ հոդվածի 1-ին մասի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում «Պետական կենսաթոշակների մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական նպաստների մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:

Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն գրությանը կցվում են՝

ա) նախագիծը (հիմնական զեկուցող՝ Աղվան Վարդանյան),

բ) նախագծի ընդունման հիմնավորումը,

գ) գործող օրենքում փոփոխվող հոդվածի մասին տեղեկանքը,

Խնդրում եմ օրենքի ներկայացված նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:



Հարգանքով՝   ԱՂՎԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ