Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-670-16.08.2005-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԵՎ ԷԼԵԿՏՐԱՍՊԱՌՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Էլեկտրաէներգետիկական համակարգում եւ էլեկտրասպառման ոլորտում տեխնիկական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 14-ի օրենքի (այսուհետ՝ Օրենք) վենագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Էներգետիկայի բնագավառում եւ էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության մասին»

Հոդված 2. Օրենքի 1-ին հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքով՝

ա) կարգավորվում են Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում էլեկտրական եւ ջերմային էներգիայի արտադրության, էլեկտրական էներգիայի կերպափոխման, էլեկտրական, ջերմային էներգիայի ու բնական գազի հաղորդման (փոխադրման) եւ բաշխման, էներգետիկական ցանցերի շահագործման եւ սպասարկման գործունեություն իրականացնող (լիցենզավորված ու չլիցենզավորված) անձանց, տեխնոլոգիական եւ կենցաղային նպատակներով էլեկտրական, ջերմային էներգիա եւ բնական գազ սպառողների (այսուհետ՝ սպառողներ) մոտ տեխնիկական ստուգումների կազմակերպման եւ անցկացման հետ կապված հարաբերությունները, ինչպես նաեւ ստուգումների միջոցով իրականացվող պետական տեխնիկական վերահսկողության խնդիրներն ու շրջանակները,

բ) սահմանվում են էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց ու սպառողների, ինչպես նաեւ էներգետիկայի բնագավառում եւ էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի լիազորությունները:»

Հոդված 3. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 4-րդ, 5-րդ եւ 6-րդ պարբերությունների,6-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետի եւ 2-րդ մասի, 7-րդ, 8-րդ եւ 9-րդ հոդվածների մեջ «էլեկտրատեղակայանք», «էլեկտրատեղակայանքը», «էլեկտրատեղակայանքի», «Էլեկտրատեղակայանքներ», «էլեկտրատեղակայանքների», «էլեկտրատեղակայանքներում»բառերը փոխարինել համապատասխանաբար «էներգատեղակայանք», «էներգատեղակայանքը», «էներգատեղակայանքի», «էներգատեղակայանքներ», «էներգատեղակայանքների», «էներգատեղակայանքներում» բառերով:

Հոդված 4. Օրենքի 2-րդ հոդվածի՝

ա) 2-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«պետական տեխնիկական վերահսկողություն՝ տեխնիկական ստուգումների միջոցով լիազոր մարմնի կողմից իրականացվող գործընթաց, որն ուղղված է էներգատեղակայանքների գործարկման ժամանակ, ինչպես նաեւ շահագործման, սպասարկմանընթացքում եւ տեղի ունեցած պատահարների դեպքում տեխնիկական կանոնակարգերի նորմերի պահանջների խախտումների հայտնաբերմանն ու դրանց վերացմանը.»,

բ) 3-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«էներգատեղակայանքներ՝ տեխնիկական կանոնակարգերով սահմանված էլեկտրական մեքենաների, սարքերի, խողովակաշարերի, էլեկտրահաղորդման գծերի, ենթակայանների, գազային, ջերմային կարգավորիչ ու բաշխիչ հանգույցների եւ այլ սարքավորումների համախումբ, որոնք նախատեսված են էլեկտրական եւ ջերմային էներգիայի արտադրության, էլեկտրական էներգիայի կերպափոխման, էլեկտրական, ջերմային էներգիայի ու բնական գազի հաղորդման (փոխադրման), բաշխման եւ սպառման համար.»:

Հոդված 5. Օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ պարբերության, 3-րդ հոդվածի, 6-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետի, 7-րդ հոդվածի 1-ին մասի, 8-րդ հոդվածի վերնագրի, 8-րդ հոդվածի 1-ին,2-րդեւ 3-րդ մասերի, 9-րդ հոդվածի 1-ին մասի մեջ «էլեկտրաէներգետիկական համակարգում» բառերը փոխարինել «էներգետիկայի բնագավառում» բառերով:

Հոդված 6. Օրենքի 4-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 4. Էներգետիկայի բնագավառում եւ էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության պետական քաղաքականության խնդիրները

Էներգետիկայի բնագավառում եւ էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության պետական քաղաքականության խնդիրներն են`

ա) մարդկանց կյանքի, գույքի եւ շրջակա միջավայրի՝ տեխնիկական կանոնակարգերով եւ օրենսդրական այլ ակտերով սահմանված անվտանգության նորմերի պահպանման ապահովումը,

բ) էներգետիկայի բնագավառի մեջ մտնող համակարգերի հուսալիության եւ անվտանգության ապահովումը:»

Հոդված 7. Օրենքի 5-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 5. Պետական տեխնիկական վերահսկողություն իրականացնող մարմինը

Էներգետիկայի բնագավառում եւ էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը (այսուհետ՝ լիազոր մարմին)՝ օրենքով սահմանված իր իրավասության շրջանակներում:»

Հոդված 8. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի՝

1.ա) կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ա) էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց եւ սպառողների էներգատեղակայանքներում կատարում է տեխնիկական ստուգումներ, բայց ոչ հաճախ, քան տարին մեկ անգամ.

- էլեկտրաէներգետիկական համակարգում՝ 110 կՎ եւ բարձր լարման, գազամատակարարման համակարգում՝ գազի միջին եւ բարձր ճնշման էներգատեղակայանքներում, համակարգերի հուսալիության եւ անվտանգության չափանիշների պահպանման նպատակով,

- որոշակի դեպքերում, մինչեւ 110 կՎ լարման էլեկտրաէներգետիկական, 5.8 ՄՎտ դրվածքային հզորությունից բարձր ջերմամատակարարման, ինչպես նաեւ գազի ցածր ճնշման գազամատակարարման համակարգերում, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ,»

2.գ) կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«գ) տեխնիկական ստուգումների հիման վրա, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով տալիս է 6 կՎ եւ բարձր լարման էլեկտրաէներգետիկական, 5.8 ՄՎտ դրվածքային հզորությունից բարձր ջերմային, ինչպես նաեւ միջին ու բարձր ճնշման գազամատակարարման համակարգերի նոր կառուցվող եւ վերակառուցվող էներգատեղակայանքների գործարկման եզրակացություններ՝ թույլատրելով դրանց գործարկումը.»:

Հոդված 9. Օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ պարբերությունում եւ 8-րդ հոդվածի 1-ին մասում «տեխնիկական վերահսկողության» բառերից առաջ լրացնել «պետական» բառը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Էլեկտրաէներգետիկական համակարգում եւ էլեկտրասպառման ոլորտում տեխնիկական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ

«Էլեկտրաէներգետիկական համակարգում եւ էլեկտրասպառման ոլորտում տեխնիկական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կարգավորում է միայն էլեկտրաէներգետիկական համակարգում գործունեություն իրականացնող անձանց եւ սպառողների, ինչպես նաեւ պետական տեխնիկական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնի փոխհարաբերությունները:

Էներգետիկայի բնագավառի մյուս՝ գազամատակարարման եւ ջերմամատակարարման համակարգերում նշված փոխհարաբերությունները չեն կարգավորվում: Չկան օրենքով ամրագրված պետական տեխնիկական վերահսկողություն իրականացնողՀՀ կառավարության լիազորած կառավարման մարմիններ, որոնց վերապահված լինի նշված համակարգերում անվտանգության տեխնիկայի պահանջների կատարման, տեխնիկական կանոնակարգերով սահմանված նորմերի՝ մարդկանց կյանքի, գույքի եւ շրջակա միջավայրի պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացման իրավասությունը:

Հանրապետությունում գազամատակարարման համակարգերի վերականգնման եւ կառուցման աշխատանքների մեծ ծավալները անհրաժեշտություն են դարձնում կատարված աշխատանքների, համակարգի շահագործման եւ սպասարկման նկատմամբ պետական հսկողության իրականացումը:

Նշված հարցերի օրենսդրորեն կարգավորումը կնպաստի համակարգի անվտանգ եւ հուսալի շահագործմանը, պատահարների կանխարգելմանը: