Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-025-17.09.2021-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի սեպտեմբերի 25-ի ՀՕ-232 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 37-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ա. մասնակցել ժողովին՝ վերջինիս իրավասությանը պատկանող բոլոր հարցերի նկատմամբ ձայնի իրավունքով՝ բացառությամբ սույն օրենքի 64-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքի.»:

Հոդված 2. Օրենքի 64-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Որոշումը գործարքը կնքելու մասին, որում առկա է շահագրգռվածությունը, ընդունվում է ժողովի կողմից, եթե՝

ա) գործարքով վճարման ենթակա գումարը կամ գործարքի առարկա հանդիսացող գույքի՝ սույն օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկված շուկայական արժեքը հավասար է Ընկերության ակտիվների արժեքի առնվազն 10 տոկոսին.

բ) գործարքը եւ/կամ մի շարք փոխկապակցված գործարքներ կնքվում են Ընկերության քվեարկող բաժնետոմսերի կամ քվեարկող բաժնետոմսերի փոխարկվող Ընկերության այլ արժեթղթերի տեղաբաշխման նպատակով, եւ որոնց քանակն ավելի է Ընկերության՝ արդեն տեղաբաշխված քվեարկող բաժնետոմսերի քանակի 2 տոկոսից:

Շահագրգռվածություն ունեցող բաժնետերն իրավունք չունի ներկա գտնվել գործարքը կնքելու մասին որոշման քննարկմանը կամ քվեարկությանը, իսկ վերջինիս պատկանող բաժնետոմսերը հաշվի չեն առնվում ժողովի քվորումի հաշվարկման ժամանակ: Գործարքը կնքելու մասին որոշումն ընդունվում է քվեարկող բաժնետոմսերի սեփականատեր եւ գործարքի կատարման մեջ շահագրգռվածություն չունեցող բաժնետերերի ձայների մեծամասնությամբ:

Ընկերության կանոնադրությամբ սույն մասով նախատեսված որոշման ընդունման համար կարող է սահմանվել ձայների առավել մեծ քանակ:».

2) 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5. Եթե խորհրդի բոլոր անդամները շահագրգիռ անձինք են ճանաչվել, ապա գործարքը կնքելու մասին որոշումն ընդունում է ժողովը սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված կարգով:»:

Հոդված 3. Օրենքի 71-րդ հոդվածի 2-րդ մասում «Հիսունից ավելի բաժնետեր (քվեարկող բաժնետոմսերի սեփականատեր) ունեցող» բառերը փոխարինել «բաց» բառով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Անհրաժեշտությունը

Սույն օրենքի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության գործարար միջավայրի բարելավմանն ուղղված ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների շարունակականության ապահովման, մասնավորապես՝ ՀՀ կառավարության 27.02.2020թ. թիվ 246-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 6-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված փոքր բաժնետերերի շահերի պաշտպանությանն ուղղված միջոցառման իրականացման անհրաժեշտությամբ:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

Փոքր բաժնետերերի պաշտպանության ոլորտում ներկայումս առկա է հետեւյալ իրավիճակը՝

ա) գործարքով վճարման ենթակա գումարը կամ գործարքի առարկա հանդիսացող գույքի շուկայական արժեքը հավասար է ընկերության ակտիվների արժեքի առնվազն 10 տոկոսին,

բ) գործարքը եւ/կամ մի շարք փոխկապակցված գործարքներ կնքվում են ընկերության քվեարկող բաժնետոմսերի կամ քվեարկող բաժնետոմսերի փոխարկվող ընկերության այլ արժեթղթերի տեղաբաշխման նպատակով, եւ որոնց քանակն ավելի է ընկերության՝ արդեն տեղաբաշխված քվեարկող բաժնետոմսերի քանակի 2 տոկոսից կամ

գ) խորհրդի բոլոր անդամները շահագրգիռ անձինք են ճանաչվել,

որոշումներն ընդունվում են ժողովի կողմից քվեարկող բաժնետոմսերի սեփականատեր եւ գործարքի կատարման մեջ շահագրգռվածություն չունեցող բաժնետերերի ձայների մեծամասնությամբ, սակայն հստակեցված չէ շահագրգռվածություն ունեցող բաժնետիրոջ ներգրավվածության աստիճանը նման որոշումների ընդունման գործընթացում մասնավորապես՝ վերջինիս՝ որոշումների վերաբերյալ քննարկումներին մասնակցության կամ քվեարկությանը ներկայության թույլատրելիությունը:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Փոքր բաժնետերերի պաշտպանությանն ուղղված կարգավորումների կատարելագործում:

4. Կարգավորման նպատակը եւ բնույթը

Համաշխարհային բանկի «Գործարարություն» զեկույցում «Փոքր բաժնետերերի պաշտպանություն» ցուցիչը գնահատվում է հետեւյալ 2 բաղադրիչներով.

Առաջին բաղադրիչը չափվում է «տեղեկատվության բացահայտում», «տնօրենների պատասխանատվություն» եւ «բաժնետերերի կողմից դատական հայցերի ներկայացում» ենթացուցիչների գնահատականների հանրագումարով եւ գնահատում է փոքր բաժնետերերի պաշտպանության մակարդակը շահագրգռվածության առկայությամբ գործարքներում: Առաջին բաղադրիչի 3 ենթացուցիչների ընդհանուր գնահատականը տրվում է 0-30 միջակայքում, Հայաստանն այս բաղադրիչով ունի 21 միավոր:

Երկրորդ բաղադրիչը, որը «բաժնետերերի իրավունքներ», «սեփականություն եւ վերահսկողություն» եւ «կորպորատիվ թափանցիկություն» ենթացուցիչների գնահատականների հանրագումարն է, գնահատում է բաժնետերերի իրավունքները ցուցակված բաժնետիրական ընկերություններում: Այն գնահատում է բաժնետերերի իրավունքները խոշոր կորպորատիվ որոշումներում, կառավարման երաշխիքները, որոնք բաժնետերերին պաշտպանում են խորհրդի անհարկի վերահսկողությունից եւ միջամտությունից, եւ կորպորատիվ թափանցիկությունը: Այս բաղադրիչի 3 ենթացուցիչների ընդհանուր գնահատականը տրվում է 0-20 միջակայքում, Հայաստանն այս բաղադրիչով ունի 0 միավոր:

Երկրորդ բաղադրիչի 0 միավորը պայմանավորված է «Գործարարություն 2020» զեկույցի մեթոդաբանության փոփոխությամբ, համաձայն որի, եթե երկիրը չունի բորսայում բաժնետոմսեր ցուցակած առնվազն 10 առանց պետական մասնակցության ընկերություն, ապա չի ստանում որեւէ միավոր՝ անկախ իր ունեցած իրավական կարգավորումներից: Այդ իսկ պատճառով Հայաստանի «բաժնետերերի իրավունքներ», «սեփականություն եւ վերահսկողություն» ու «կորպորատիվ թափանցիկություն» ենթացուցիչները գնահատվել են 0 միավոր:

Ներկայումս բորսայում արդեն շրջանառվում են 10 մասնավոր ընկերության բաժնետոմսեր, ինչի վերաբերյալ ՀՀ կառավարությունը 2019-2020թթ. ընթացքում զեկույցում ՀՀ դիրքի բարելավմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ տվյալներ ներկայացնելիս տեղեկացրել է Համաշխարհային բանկի գնահատող թիմին եւ վերջինիս կողմից ներկայացված նախնական տվյալներով նշված հանգամանքը հաշվի է առնվել որպես բարեփոխում:

Հետեւաբար «Գործարարություն 2021» զեկույցում «բաժնետերերի իրավունքներ» ենթացուցիչը կգնահատվի 5 միավոր, «սեփականություն եւ վերահսկողություն» ենթացուցիչը՝ 4, իսկ «կորպորատիվ թափանցիկություն» ենթացուցիչը՝ 5 միավոր, եւ Երկրորդ բաղադրիչի մասով Հայաստանը կունենա 14 միավոր՝ 0-ի փոխարեն:

Բացի այդ, ըստ զեկույցի գնահատող թիմի կողմից ներկայացված նախնական տվյալների, ՀՀ կառավարության կողմից 2017-2019թթ. ընթացքում իրականացված միջոցառումների արդյունքում 2 միավորով բարելավում է արձանագրվել «սեփականություն եւ հսկողություն» ենթացուցչում, ինչը եւս հաշվի է առնվելու «Գործարարություն 2021» զեկույցում: Արդյունքում՝ Երկրորդ բաղադրիչի մասով Հայաստանը կունենա 16 միավոր, «Փոքր բաժնետերերի պաշտպանություն» ցուցիչի ընդհանուր միավորները (Առաջին եւ Երկրորդ բաղադրիչների հանրագումարը) կդառնան հնարավոր 50-ից 37, իսկ «Փոքր բաժնետերերի պաշտպանություն» ցուցչի հեռավորությունը լավագույն արդյունքից ցուցանիշը (ինչը ենթադրում է, որ բիզնեսով զբաղվելու համար կատարյալ կարգավորումներ ունենալու դեպքում երկիրը կարող է ունենալ 100 միավոր, իսկ վատագույն դեպքում՝ 0) կդառնա 74՝ նախկին 42-ի փոխարեն:

Սույն Նախագիծը մշակվել է «Փոքր բաժնետերերի պաշտպանություն» ցուցչի մասով զեկույցում Հայաստանի դիրքի բարելավման շարունակականությունն ապահովելու նպատակով:

Մասնավորապես՝ Նախագծով սահմանվում է, որ.

Նախագիծն ընդունվելու եւ ՀԲ գնահատող թիմի կողմից որպես բարեփոխում ճանաչվելու դեպքում Առաջին բաղադրիչի «տեղեկատվության բացահայտում» ենթացուցչի մասով Հայաստանը կունենա 9 միավոր ներկայիս 7-ի փոխարեն, Երկրորդ բաղադրիչի «կորպորատիվ թափանցիկություն» ենթացուցչի մասով՝ 6 միավոր ներկայիս 5-ի փոխարեն: Արդյունքում «Գործարարություն 2022» զեկույցում «Փոքր բաժնետերերի պաշտպանություն» ցուցչի ընդհանուր միավորները (Առաջին եւ Երկրորդ բաղադրիչների հանրագումարը) կդառնան հնարավոր 50-ից 40, իսկ «Փոքր բաժնետերերի պաշտպանություն» ցուցչի հեռավորությունը լավագույն արդյունքից ցուցանիշը կդառնա 80 «Գործարարություն 2021» զեկույցի ակնկալվող 74-ի փոխարեն:

Վերոնշյալ թվային գնահատականների հաշվարկման համար հիմք է ընդունված Համաշխարհային բանկի doingbusiness.org կայքում զետեղված «DB2020-DTF calculator» ծրագիրը (https://www.doingbusiness.org/en/data/doing-business-score):

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից:

6. Ակնկալվող արդյունքը

Նախագծով ակնկալվում է ապահովել փոքր բաժնետերերի շահերի պաշտպանությունը եւ դրա արդյունքում՝ Համաշխարհային բանկի «Գործարարություն» զեկույցի «փոքր բաժնետերերի շահերի պաշտպանություն» ցուցչի մասով արձանագրել Հայաստանի դիրքի առաջընթաց:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն