Armenian ARMSCII Armenian
Կ-006-17.08.2021-ՏՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 4-րդ հոդվածի 1-ին մասի 48-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«48) ծառայության մատուցում՝ մեկ անձի կողմից մեկ այլ անձի օգտին գործողության իրականացում՝ որեւէ ձեւով կատարվող հատուցմամբ (այդ թվում՝ մասնակի հատուցմամբ կամ դրամաշնորհների կամ սուբսիդիաների ձեւով հատուցմամբ) կամ անհատույց: Սույն կետի կիրառության իմաստով՝ ծառայության մատուցում է համարվում նաեւ՝

ա. համատեղ գործունեության մասնակցի կողմից, որպես համատեղ գործունեության մեջ կատարվող ներդրում, համատեղ գործունեության հաշվետու մասնակցին ծառայության մատուցումը, եթե այդ ծառայությունը մատուցվում է մինչեւ հաշվետու մասնակցի կողմից Օրենսգրքի 32-րդ հոդվածով սահմանված հայտարարության ներկայացումը,

բ. էլեկտրոնային եղանակով ծառայությունների մատուցումը (այսուհետ՝ էլեկտրոնային ծառայություն)՝ տեղեկատվական եւ հեռահաղորդակցական ցանցի (էլեկտրակապի) միջոցով ծառայությունների մատուցումը, այդ թվում՝ համացանցի (ինտերնետի) միջոցով, որի մատուցումն անհնար է առանց տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման: Էլեկտրոնային ծառայությունների ցանկը սահմանում է Կառավարությունը, որը հրապարակվում է հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում.»:

Հոդված 2. Օրենսգրքի 16-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին կետով.

«2.1) Հայաստանի Հանրապետության տարածքում անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձի եւ Օրենսգրքի 288-րդ հոդվածի 9.1-ին մասով սահմանված կարգով հարկային մարմնում հաշվառված՝ Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության միջեւ կատարվող էլեկտրոնային ծառայությունների մատուցման գործարքների դեպքում ձեւավորվող հարկման բազաները որոշվում են էլեկտրոնային ծառայության մատուցման պահը համարվող օրվա դրությամբ՝ ելնելով այդ օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձեւավորված միջին փոխարժեքից.»:

Հոդված 3. Օրենսգրքի 39-րդ հոդվածում՝

1) 1-ին եւ 2-րդ մասերի առաջին պարբերության «ծառայության մատուցման» բառերը փոխարինել «ծառայության, բացառությամբ էլեկտրոնային ծառայության, մատուցման» բառերով.

2) 2-րդ մասի 2-րդ կետի «1-ին մասի» բառերը փոխարինել «1-ին եւ 2.1-ին մասերի» բառերով.

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

«2.1. Էլեկտրոնային ծառայությունների մատուցման վայրը համարվում է՝

1) Հայաստանի Հանրապետությունը, եթե էլեկտրոնային ծառայությունն ստանում է կազմակերպությունը, որի գտնվելու վայրը, Օրենսգրքի 4-րդ գլխի համաձայն, համարվում է Հայաստանի Հանրապետությունը, կամ անհատ ձեռնարկատերը կամ նոտարը, որի բնակության վայրը, Օրենսգրքի 4-րդ գլխի համաձայն, համարվում է Հայաստանի Հանրապետությունը.

2) Հայաստանի Հանրապետությունը, եթե էլեկտրոնային ծառայությունն ստանում է Հայաստանի Հանրապետությունում ոչ ռեզիդենտ կազմակերպության մշտական հաստատությունը (մասնաճյուղը, ներկայացուցչությունը), այդ թվում՝ այն դեպքերում, երբ էլեկտրոնային ծառայություններն ուղղակիորեն ստանում է ոչ ռեզիդենտ կազմակերպությունը, սակայն դրանց օգտագործումը (սպառումը) փաստացի կատարվում է դրանց մշտական հաստատության (մասնաճյուղի, ներկայացուցչության) կողմից.

3) Հայաստանի Հանրապետությունը, եթե էլեկտրոնային ծառայությունն ստանում է ոչ ռեզիդենտ կազմակերպությունը, որի գործադիր մարմնի մշտական գտնվելու վայրը (կառավարման վայրը) գտնվում է Հայաստանի Հանրապետությունում, եւ այդ կազմակերպությունը Հայաստանի Հանրապետությունում փաստացի իրականացնում է ձեռնարկատիրական գործունեություն, ինչպես նաեւ ստանում ծառայություններ.

4) անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձի կողմից էլեկտրոնային ծառայություն ստանալու դեպքում տվյալ պետությունը, եթե բավարարվում է հետեւյալ պայմաններից որեւէ մեկը.

ա. էլեկտրոնային ծառայություն ստացող ֆիզիկական անձի բնակության վայրը գտնվում է տվյալ պետությունում,

բ. բանկի գտնվելու վայրը, որում բացված է հաշիվը, որն օգտագործվում է էլեկտրոնային ծառայություն ստացող ֆիզիկական անձի կողմից այդ ծառայությունների դիմաց վճարումներ կատարելու համար, կամ էլեկտրոնային փողերով հաշվարկների իրականացման համակարգի օպերատորի գտնվելու վայրը, որի միջոցով էլեկտրոնային ծառայություն ստացող ֆիզիկական անձը վճարում է էլեկտրոնային ծառայությունների համար, գտնվում է տվյալ պետության տարածքում,

գ. էլեկտրոնային ծառայությունների ստացման նպատակով ֆիզիկական անձի օգտագործած ցանցային հասցեն գրանցված է տվյալ պետությունում (վերաբերում է համապատասխան հասցեի տարածքին),

դ. հեռախոսահամարի երկրի միջազգային ծածկագիրը, որն օգտագործում է ֆիզիկական անձը ծառայություններ ստանալու համար կամ նշվում է դրանց դիմաց վճարումների ժամանակ, տրված է տվյալ պետության կողմից:

Այն դեպքերում, երբ անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին մատուցվող էլեկտրոնային ծառայությունների մասով սույն կետին համապատասխան ծառայության մատուցման վայր են համարվում Հայաստանի Հանրապետությունը եւ այլ պետությունը, ծառայությունների մատուցման վայրը համարվում է Հայաստանի Հանրապետությունը, եթե Հայաստանի Հանրապետությունում միաժամանակ առկա են սույն կետի «ա»-«դ» ենթակետերով սահմանված ավելի մեծ թվով պայմաններ, քան այլ պետությունում, իսկ սույն կետի «ա»-«դ» ենթակետերով սահմանված հավասար թվով պայմանների միաժամանակյա առկայության դեպքում ծառայություն մատուցողը էլեկտրոնային ծառայության մատուցման վայրը որոշում է ինքնուրույն:».

4) 4-րդ մասի 1-ին կետի «ծառայությունների» բառը փոխարինել «ծառայությունների, բացառությամբ էլեկտրոնային ծառայությունների,» բառերով, իսկ 2-րդ կետի «ծառայությունը համարվում է» բառերը՝ «ծառայությունը, բացառությամբ էլեկտրոնային ծառայության, համարվում է» բառերով:

Հոդված 4. Օրենսգրքի 40-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանադակությամբ 2.1-ին մասով.

«2.1. Օրենսգրքի 288-րդ հոդվածի 9.1-ին մասով սահմանված կարգով հարկային մարմնում հաշվառված՝ Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին էլեկտրոնային ծառայությունների մատուցման պահ է համարվում մատուցված էլեկտրոնային ծառայության դիմաց վճարումը եւ (կամ) մասնակի վճարումը կատարելու օրը ներառող եռամսյակի վերջին օրը՝ վճարմանը եւ (կամ) մասնակի վճարմանը համապատասխան:»:

Հոդված 5. Օրենսգրքի 69-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը «ամիսը» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերի» բառերով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ մասով.

«2. Օրենսգրքի 288-րդ հոդվածի 9.1-ին մասով սահմանված կարգով հարկային մարմնում հաշվառված՝ Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից ԱԱՀ-ի հաշվարկման եւ վճարման համար հաշվետու ժամանակաշրջան է համարվում յուրաքանչյուր հաշվետու եռամսյակը:»:

Հոդված 6. Օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետը «հարկ վճարող» բառերից հետո լրացնել «, կամ եթե Օրենսգրքի 288-րդ հոդվածի 9.1-ին մասով սահմանված կարգով հարկային մարմնում հաշվառված՝ Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունը մատուցում է էլեկտրոնային ծառայություններ անհատ ձեռնարկատեր կամ  նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին» բառերով:

Հոդված 7. Օրենսգրքի 75-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասը «իրականացնելու դեպքում» բառերից հետո լրացնել «, բացառությամբ անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին էլեկտրոնային ծառայության մատուցման դեպքի,» բառերով, իսկ նույն մասի «թղթային եղանակով հարկային մարմնի՝ Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանն սպասարկող ստորաբաժանում է ներկայացնում» բառերը փոխարինել «ներկայացնում է» բառերով.

2) 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերության 5-րդ կետով սահմանված դեպքում անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին էլեկտրոնային ծառայության մատուցման մասով Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունը մինչեւ հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին է ներկայացնում ԱԱՀ-ի հաշվարկ՝ հարկային մարմնի սահմանած ձեւին եւ լրացման կարգին համապատասխան:»:

Հոդված 8. Օրենսգրքի 78-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասը «սահմանված դեպքերում» բառերից հետո լրացնել «, բացառությամբ անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին էլեկտրոնային ծառայության մատուցման դեպքի,» բառերով.

2) 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերության 5-րդ կետով սահմանված դեպքում անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին էլեկտրոնային ծառայության մատուցման մասով Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունն ԱԱՀ-ի գումարները վճարում է պետական բյուջե մինչեւ հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ՝ որպես հարկային մարմնին վճարվող գումարներ, Կառավարության սահմանած կարգով:»:

Հոդված 9. Օրենսգրքի 288-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9.1-ին մասով.

«9.1. Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետության անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին էլեկտրոնային ծառայության մատուցման դեպքում ոչ ռեզիդենտ կազմակերպությունը հարկային մարմնում հաշվառվում է Կառավարության սահմանած կարգով: Հարկային մարմնում հաշվառված՝ էլեկտրոնային ծառայություն մատուցող՝ Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունների ցանկը հրապարակվում է հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում:»:

Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից: Սույն օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 9-րդ հոդվածի դրույթների կիրարկումն ապահովող որոշումները Կառավարությունը սահմանում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում: