Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-10112-29.07.2021-ԳԿ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Կրթության մասին» 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-297 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ՝

«Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած տեղերի քանակին համապատասխան ուսման վճարի փոխհատուցում (լրիվ կամ մասնակի(զեղչ)) նպաստի ձեւով տրվում է մրցույթի արդյունքներով նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական եւ բարձրագույն  ուսումնական հաստատություն ընդունված, ուսումնական տարվա արդյունքներով բարձր առաջադիմություն ունեցող  սովորողներին, օրենքներով նախատեսված սոցիալական խմբերին,  ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով եւ չափով, ըստ առաջադիմության, ընտանիքների անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող ուսանողներին, սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների ուսանողներին, մարտական գործողություններին մասնակցած ուսանողներին, սահմանված կարգով առկա ուսուցմամբ արհեստագործական կամ միջին մասնագիտական կրթական ծրագրով կամ բակալավրի կամ ինտեգրացված կրթական ծրագրով ընդունված երկու եւ ավելի անչափահաս երեխա ունեցող ուսանողներին, պետության համար առաջնահերթություն եւ կարեւորություն ներկայացնող մասնագիտություններով նպատակային ուսուցմամբ ընդունված ուսանողներին:»:

Հոդված 2.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հոդված 3. Սույն օրենքի 1-ին հոդվածում սահմանված ըստ առաջադիմության պահանջը չի տարածվում մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը պետության կողմից նպաստի ձեւով ուսման վճարի փոխհատուցում (լրիվ կամ մասնակի(զեղչ)) ստացած ուսանողների վրա:
 


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Անհրաժեշտությունը.

«Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Կրթության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորումներով, ինչպես նաեւ բխում է կրթության բնագավառում պետական քաղաքականության նպատակներից:

2. Ընթացիկ իրավիճակը եւ կարգավորման նպատակը.

ՀՀ կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի N 1183-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն ՀՀ կառավարությունը յուրաքանչյուր տարի ՀՀ տվյալ տարվա պետական բյուջեով բարձրագույն ուսումնական հաստատությունների համար նախատեսված միջոցների սահմաններում, ըստ բուհերի եւ մասնագիտությունների, բաշխում է պետության կողմից տրվող ուսանողական նպաստների քանակը՝ «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի /այսուհետ՝ օրենք/ 6-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան, ըստ որի՝ ուսման վճարի փոխհատուցում նպաստի ձեւով տրվում է մրցույթի արդյունքներով բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունված, ուսումնական տարվա արդյունքներով բարձր առաջադիմություն ունեցող, սոցիալապես անապահով, ինչպես նաեւ նպատակային ուսուցմամբ ուսանողներին, այդ թվում՝ սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի ուսանողներին` անկախ ուսումնառության համակարգից (անվճար, վճարովի), Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած տեղերի քանակին եւ կարգին համապատասխան:

Հիշյալ օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով հստակ նշված է այն անձանց շրջանակը, որոնց ուսման վճարի փոխհատուցումը տրվում է նպաստի ձեւով, մինչդեռ բարձրագույն կրթության բնագավառում պետական քաղաքականությունը միտված է փոխհատուցում ստացող օրենքով նախատեսված անձանց շրջանակը, պետության կողմից ուսանողների ֆինանսական աջակցության հասցեականությունը, նպատակայնությունը եւ ծավալները ընդլայնելուն, բարձրագույն կրթության հասանելիության եւ մատչելիության, բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների լայն ընդգրկվածության ապահովմանը:

 «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ ենթակետի համաձայն՝ բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունն է՝ ֆինանսական միջոցների տրամադրման կարգի հաստատումը, ներառյալ՝ ուսման վարձը փոխհատուցելու, կրթաթոշակ սահմանելու, ուսումնական վարկ ստանալու, կրթական հիմնադրամներին ֆինանսավորելու կարգերը:

Ըստ Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ ենթակետով սահմանված սկզբունքի՝ պետությունն ապահովում է բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության զարգացում հետեւյալ ձեւերով. «պետության պահանջներին համապատասխան` բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններին եւ դրանցում սովորողներին ֆինանսական աջակցության ապահովում.»: Այս սկզբունքից ելնելով՝ նախատեսվում է սովորողների այլ առանձին խմբերի ներառումը պետության կողմից ուսման վարձի փոխհատուցում ստացող խմբերի շարքում:

Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասում նշված սկզբունքները հիմք են հանդիսացել նաեւ Կառավարության 2019 թվականի փետրվարի 8-ի N 65-Ա որոշմամբ հավանության արժանացած Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրում ներառելու դրույթներ, որոնցով նախատեսվում է, որ բարձրագույն կրթության ոլորտում բարեփոխումները միտված են լինելու բարձրագույն կրթության ֆինանսավորման աստիճանական ավելացմանը, ֆինանսավորման ծավալների ընդլայնմանը՝ զուգընթաց վերանայելով ուսումնական հաստատություններին տրամադրվող ֆինանսական միջոցների սկզբունքները, ֆինանսական աջակցության հասցեականությունը, նպատակայնությունը, եւ միաժամանակ համապատասխան ֆինանսական միջոցներ արտացոլել պետական բյուջեի 2020-2022 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրում:

Բացի օրենքով սահմանված շրջանակից, սովորողների այլ խմբերի ուսման վարձի փոխհատուցում հատկացնելը անհրաժեշտություն է դարձել հատկապես երկրում հայտարարված արտակարգ դրության սահմանափակումների պայմաններում եւ ռազմական դրությամբ պայմանավորված:

Պետության կողմից ֆինանսական աջակցություն տրամադրվելու  համար օրենքում թվարկել են սովորողների այլ առանձին խմբեր՝ մարտական գործողությունների մասնակից կամ երկու եւ ավելի անչափահաս երեխա ունեցող սովորողներ:

Վերջին տարիներին ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին համապատասխան միջոցներ են տրամադրվել Հայաստանի Երիտասարդական հիմնադրամին /այս հիմնադրամը դատական կարգով լուծարվել է/, որի արդյունքում ուսման վարձի փոխհատուցում են ստացել վերոնշյալ խմբերը՝ երկու եւ ավելի երեխա ունեցող, ինչպես նաեւ ապրիլյան քառօրյային մասնակից սովորողները:

Այս առումով անհրաժեշտ է նկատի ունենալ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները, որոնց համաձայն՝ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը պետք է համապատասխանեն օրենքներին: Ըստ ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի՝ Սահմանադրության եւ օրենքների հիման վրա եւ դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: Լիազորող նորմերը պետք է համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքին:

 Նույնը վերաբերում է նաեւ «Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին» օրենքի 3-րդ կետով ամրագրված դրույթներին (ուսման վճարի փոխհատուցում նպաստի ձեւով տրվում է մրցույթի արդյունքներով արհեստագործական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատություն ընդունված, ուսումնական տարվա արդյունքներով բարձր առաջադիմություն ունեցող, սոցիալապես անապահով, ինչպես նաեւ սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի ուսանողներին` Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած տեղերի քանակին եւ կարգին համապատասխան) եւ ՀՀ կառավարության 2013 թվականի նոյեմբերի 28-ի N 1330-Ն որոշմամբ հատատված Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ (կամ) միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ եւ պետական կրթաթոշակ տրամադրելու մասին կարգին?

«Կրթության մասին» օրենքի 6-րդ՝ «Կրթական իրավունքի պետական երաշխիքները» վերտառությամբ հոդվածը եւս լրացվում է նույնաբովանդակ կարգավորումներով:

Ելնելով վերոգրյալից՝ համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ կատարելով «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին», «Նախնական մասնագիտական (արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթության մասին», «Կրթության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքներում, իրավական հիմք, լիազորող նորմ ապահովելով՝ հնարավորություն կառաջանա Կառավարության որոշմամբ սահմանելու բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր, ինչպես նաեւ նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ (կամ) միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում սովորողների առանձին խմբեր, որոնք կարող են օգտվել պետության կողմից տրամադրվող նպաստից՝ լրիվ կամ մասնակի: Նախագծերով առաջարկվող փոփոխությունների արդյունքում Կառավարության կողմից կսահմանվեն համապատասխան կարգեր, որոնցով կկարգավորվեն  ընտանիքների անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող ուսանողներին, սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների ուսանողներին, մարտական գործողություններին մասնակցած ուսանողներին, սահմանված կարգով առկա ուսուցմամբ բակալավրի կամ ինտեգրացված կրթական ծրագրով ընդունված երկու եւ ավելի անչափահաս երեխա ունեցող ուսանողներին տրվող նպաստների չափերը՝ ինչպես նաեւ կամրագրվեն  առաջադիմության շեմեր (բուհերում՝ ՄՈԳ), ըստ որոնց կնախատեսվեն համապատասխան փոխհատուցման չափերը՝ նպատակ ունենալով խրախուսել եւ կարեւորել նաեւ սովորողների առաջադիմությունը, ապահովել կրթության որակը:

3. Ակնկալվող արդյունքը

Օրենքի նախագծի ընդունմամբ, ներկայացված փոփոխությունների եւ լրացումների արդյունքում Կառավարությանը կվերապահվի լիազորություն սահմանելու պետության կողմից ֆինանսական աջակցություն ստացող ուսանողների որոշակի այլ խմբեր, կապահովվի բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական, նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ (կամ) միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում ընդգրկված խմբերի մեծացումը, սոցիալական տարբեր խմբերի համար հավասար մատչելիության բարձրացումը:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ  ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Կրթության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի մասով կլինեն էական ավելացումներ, որոնց գնահատականը կցվում է :


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն