Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-10111-29.07.2021-ԳԿ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Նախնական մասնագիտական (արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթության մասին» 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-164-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած տեղերի քանակին համապատասխան ուսման վճարի փոխհատուցում (լրիվ կամ մասնակի(զեղչ)) նպաստի ձեւով տրվում է`

1) մրցույթի արդյունքներով արհեստագործական կամ միջին մասնագիտական կրթական ծրագրով ուսումնական հաստատություն ընդունված, ուսումնական տարվա արդյունքներով բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին,

2) օրենքներով նախատեսված սոցիալական խմբերին,

3) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով եւ չափով, ըստ առաջադիմության, ընտանիքների անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող ուսանողներին, սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների ուսանողներին, մարտական գործողություններին մասնակցած ուսանողներին, երկու եւ ավելի անչափահաս երեխա ունեցող ուսանողներին, պետության համար առաջնահերթություն եւ կարեւորություն ներկայացնող մասնագիտություններով նպատակային ուսուցմամբ ընդունված ուսանողներին:»:

Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը «ուսման վարձը փոխհատուցելու» բառերից հետո լրացնել «(լրիվ կամ մասնակի(զեղչ))» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հոդված 4. Սույն օրենքի 1-ին հոդվածում Օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետում սահմանված ըստ առաջադիմության պահանջը չի տարածվում մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը պետության կողմից նպաստի ձեւով ուսման վճարի փոխհատուցում (լրիվ կամ մասնակի(զեղչ)) ստացած ուսանողների վրա: