Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-666-08.08.2005-ՍԱ,ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ 1.

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

1. Սույն օրենքը կարգավորում է ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության իրականացմանն առնչվող հարաբերությունները, սահմանում է՝

1) ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության հասկացությունը եւ իրավական երաշխիքները.

2) ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության շրջանակներում ապահովագրական հատուցման (այսուհետ` ապահովագրական նպաստներ) իրավունք ձեռք բերելու պայմանները.

3) ապահովագրական նպաստների տեսակները, դրանց հաշվարկման, նշանակման եւ վճարման պայմանները:

2. Սույն օրենքը չի կարգավորում արտադրությունում դժբախտ դեպքերի կամ մասնագիտական հիվանդությունների հետեւանքով ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրությանն առնչվող հարաբերությունները:

3. Սույն օրենքի դրույթները չեն տարածվում զինծառայողների վրա:

Հոդված 2. Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության մասին օրենսդրությունը

Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, սույն օրենքով, «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, այլ օրենքներով եւ այլ իրավական ակտերով:

Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

Հոդված 3. Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր  սոցիալական ապահովագրության հասկացությունը

Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրությունը բնակչության սոցիալական պաշտպանության համակարգի բաղկացուցիչ մասը կազմող պարտադիր սոցիալական ապահովագրության առանձին պետական ծրագիր է, որը սույն օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով, ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության ենթակա անձանց ապահովում է ապահովագրական նպաստներով:

Հոդված 4. Ապահովագրական նպաստների ֆինանսավորման աղբյուրները

Սույն օրենքով սահմանված ապահովագրական նպաստները վճարվում են օրենքով սահմանված կարգով կատարվող պարտադիր սոցիալական ապահովագրության վճարումների հաշվին` Հայաստանի Հանրապետության պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեում առանձնացված միջոցներից:

Եթե գործատուն օրենքով սահմանված կարգով ազատված է պարտադիր սոցիալական ապահովագրության վճարումներ կատարելու պարտավորությունից, ապա սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված ապահովագրական նպաստները վճարվում են գործատուի միջոցների հաշվին:
 

ԳԼՈՒԽ 2.

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՆՊԱՍՏԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ

Հոդված 5. Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության ենթակա եւ ապահովագրական նպաստի իրավունք ունեցող անձինք

Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության ենթակա են.

1) գործատուների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող ֆիզիկական անձինք (այսուհետ` վարձու աշխատողներ).

2) անհատ ձեռնարկատերերը, նոտարները (այսուհետ` ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձինք):

Անձն ապահովագրական նպաստի իրավունք ունի սույն օրենքով սահմանված պայմանների բավա՟րարման եւ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարումներ կատարած լինելու դեպքում:

Սույն օրենքով սահմանված ապահովագրական նպաստները տրվում են, եթե դրանց ստանալու իրավունքն առաջացել է աշխատանքի ժամանակաշրջանում (ներառյալ փորձաշրջանը):

Հոդված 6. Օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի ապահովագրական նպաստի իրավունքը

Օտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը սույն օրենքով սահմանված ապահովագրական նպաստի իրավունք ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացուն հավասար` այդ անձի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած` կենսաթոշակային սոցիալական ապահովագրություն իրականացնող լիազոր մարմնին (այսուհետ՝ լիազոր մարմին)` կամավոր սոցիալական վճարումներ կատարելու պարտավորություն ստանձնելու մասին դիմումի առկայության եւ օրենքով սահմանված կարգով սոցիալական վճարումներ կատարած լինելու դեպքում:

ԳԼՈՒԽ 3.

ՎԱՐՁՈՒ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԸ

Հոդված 7. Վարձու աշխատողներին տրվող ապահովագրական նպաստները

Վարձու աշխատողներին տրվում են հետեւյալ տեսակի ապահովագրական նպաստները.

1) հիվանդության (վնասվածքի) պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում տրվող նպաստ (այսուհետ` հիվանդության նպաստ).

2) պրոթեզավորման պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում տրվող նպաստ (այսուհետ` պրոթեզավորման նպաստ).

3) առողջարանային բուժման անհրաժեշտության պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում տրվող նպաստ (այսուհետ` առողջարանային բուժման նպաստ).

4) հղիության ու ծննդաբերության պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում տրվող նպաստ (այսուհետ` հղիության ու ծննդաբերության նպաստ).

5) ընտանիքի անդամի հիվանդության (վնասվածքի) պատճառով առաջացած խնամքի անհրաժեշտության դեպքում տրվող նպաստ (այսուհետ` ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստ):

Հոդված 8. Վարձու աշխատողներին տրվող հիվանդության նպաստը

Վարձու աշխատողին հիվանդության նպաստ տրվում է հիվանդության (վնասվածքի) ամբողջ ժամանակաշրջանի համար` աշխատունակությունը կորցնելու օրվանից մինչեւ դրա վերականգնումը կամ բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամության խմբի սահմանումը կամ հաշմանդամության խմբի վերանայումը:

Տեւական հիվանդները բժշկասոցիալական փորձաքննության են ուղարկվում անաշխատունակությունը սկսելու օրից 3 ամսից ոչ ուշ: Եթե բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի եզրակացության համաձայն վարձու աշխատողը հաշմանդամ չի ճանաչվում, բայց շարունակում է դեռեւս մնալ անաշխատունակ, ապա նրա` հիվանդության նպաստ ստանալու իրավունքը կարող է շարունակվել, բայց ոչ ավելի, քան մինչեւ 3 ամիս ժամկետով կամ` մինչեւ օրենքով սահմանված կարգով աշխատանքից ազատվելը:

Հոդված 9. Վարձու աշխատողներին տրվող պրոթեզավորման նպաստը

Վարձու աշխատողին պրոթեզավորման նպաստ տրվում է հիվանդանոցային բուժական հաստատությունում (ստացիոնարում) գտնվելու ամբողջ ժամանակաշրջանի համար:

Հոդված 10. Վարձու աշխատողներին տրվող առողջարանային բուժման նպաստը

Առողջարանային բուժման նպաստը տրվում է հիվանդանոցային բուժական հաստատությունից (ստացիոնարից) անմիջապես առողջարան լիաբուժման ուղարկված վարձու աշխատողին, ինչպես նաեւ տուբերկուլյոզային առողջարան մեկնած վարձու աշխատողին` առողջարանում գտնվելու ամբողջ ժամանակաշրջանի համար:

Առողջարանային բուժման նպաստի իրավունք տվող հիվանդությունների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 11. Վարձու աշխատողներին տրվող հղիության ու ծննդաբերության նպաստը

1. Վարձու աշխատողներին հղիության ու ծննդաբերության նպաստ տրվում է՝

ա) 140 օր տեւողությամբ արձակուրդի ժամանակաշրջանի համար (հղիության՝ 70 օրացուցային օր, ծննդաբերության` 70 օրացուցային օր),

բ) 155 օր տեւողությամբ արձակուրդի ժամանակաշրջանի համար (հղիության՝ 70 օրացուցային օր, ծննդաբերության՝ 85 օրացուցային օր)` բարդ ծննդաբերության դեպքում,

գ) 180 օր տեւողությամբ արձակուրդի ժամանակաշրջանի համար (հղիության՝ 70 օրացուցային օր, ծննդաբերության՝ 110 օրացուցային օր)` միաժամանակ մեկից ավելի երեխաներ ծննդաբերելու դեպքում:

Նորածին որդեգրած կամ նորածնի խնամակալ նշանակված վարձու աշխատողին հղիության ու ծննդաբերության նպաստ վճարվում է միայն ծննդաբերության արձակուրդի ժամանակաշրջանի համար, որդեգրելու կամ խնամակալ նշանակվելու օրվանից մինչեւ նորածնի 70 օրական դառնալը (երկու եւ ավելի նորածին որդեգրած կամ խնամակալ նշանակված անձին` մինչեւ 110 օրական դառնալը):

2. Հղիության եւ ծննդաբերության արձակուրդում գտնվելու ժամանակաշրջանում ժամկետից շուտ կամ ուշ ծննդաբերելու դեպքում սույն հոդվածի առաջին մասով սահմանված հղիության եւ ծննդաբերության արձակուրդի ընդհանուր օրերի թիվը եւ դրանց համար վճարվող հղիության ու ծննդաբերության նպաստի չափը մնում են անփոփոխ:

3. Հղիության 154 օրից հետո վաղաժամ ծննդաբերելու եւ հղիության արձակուրդում չգտնվելու դեպքում նպաստը տրվում է միայն ծննդաբերության արձակուրդի ժամանակաշրջանի համար:

4. Հղիության արհեստական (այդ թվում` բժշկական եւ սոցիալական ցուցումներով)  կամ ինքնաբեր ընդհատման դեպքերում տրվում է հիվանդության նպաստ` ժամանակավոր անաշխատունակության ամբողջ ժամանակաշրջանի համար` սույն օրենքով սահմանված կարգով:

Հոդված 12. Վարձու աշխատողներին տրվող ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստը

1. Վարձու աշխատողին ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստ է  տրվում`

ա) տնային (ամբուլատոր) պայմաններում ընտանիքի հիվանդ չափահաս անդամի խնամքի անհրաժեշտության դեպքում` 7 օրացուցային օրից ոչ ավելի.

բ) տնային (ամբուլատոր) պայմաններում հիվանդ երեխայի խնամքի անհրաժեշտության դեպքում` 24 օրացուցային օրից ոչ ավելի, իսկ վարակիչ հիվանդությունների պատճառով երեխայի խնամքի անհրաժեշտության դեպքում` 28 օրացուցային օրից ոչ ավելի.

գ) հիվանդանոցային բուժական հաստատությունում (ստացիոնարում) գտնվող հիվանդ երեխայի խնամքն իրականացնելու դեպքում` հիվանդանոցում գտնվելու ամբողջ ժամանակաշրջանի համար.

դ) մինչեւ 18 տարեկան` անհատական խնամքի կարիք ունեցող կամ հաշմանդամ երեխայի առողջարանային բուժման ընթացքում նրա խնամքն իրականացնելու դեպքում` երեխայի առողջարանային բուժման ամբողջ ժամանակաշրջանի համար, բայց ուղեգրում նշված ժամանակաշրջանից ոչ ավելի: Ընդ որում, նպաստ է տրվում օրացուցային տարում մեկ անգամ:

2. Մինչեւ 3 տարեկան երեխայի կամ մինչեւ 18 տարեկան հաշմանդամ երեխայի խնամքի համար, եթե մայրը (խնամակալը, հոգաբարձուն) հիվանդության կամ ընտանիքի մյուս հիվանդ անդամի հետ հիվանդանոցային բուժական հաստատությունում (ստացիոնարում) գտնվելու պատճառով ի վիճակի չէ երեխայի խնամքն իրականացնել, ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստ տրվում է երեխայի խնամքն իրականացնող վարձու աշխատողին, երեխայի մոր (խնամակալի, հոգաբարձուի) հիվանդության կամ նրա հիվանդանոցային բուժական հաստատությունում (ստացիոնարում) գտնվելու ամբողջ ժամանակաշրջանի համար:

Հոդված 13. Ապահովագրական նպաստի տրամադրումը չվճարվող արձակուրդում կամ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող վարձու աշխատողներին

Չվճարվող արձակուրդում կամ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակաշրջանում առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում ապահովագրական նպաստ չի տրվում, բացառությամբ հղիության եւ ծննդաբերության նպաստի: Եթե անաշխատունակությունը շարունակվում է նաեւ արձակուրդի ավարտից հետո, ապա ապահովագրական նպաստը տրվում է այն օրվանից, երբ աշխատողը պետք է անցներ աշխատանքի:

Չվճարվող արձակուրդում կամ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակաշրջանում վարձու աշխատողներին հղիության եւ ծննդաբերության նպաստը տրվում է ընդհանուր հիմունքներով` հղիության եւ ծննդաբերության բոլոր օրերի համար:

Հոդված 14. Ապահովագրական նպաստի տրամադրումը աշխատանքից ազատման օրինականության մասին վեճի ժամանակաշրջանում

Աշխատանքից ազատման օրինականության մասին վեճի ժամանակաշրջանում վարձու աշխատողի ժամանակավոր անաշխատունակության դեպքում ապահովագրական նպաստ տրվում է գործատուի նախաձեռնությամբ վարձու աշխատողին աշխատանքում վերականգնման մասին որոշման կամ աշխատանքում վերականգնման մասին դատարանի վճռի  օրինական ուժի մեջ մտնելու օրվանից ` ժամանակավոր անաշխատունակության օրերի համար:

Հոդված 15. Ապահովագրական նպաստի տրամադրումը վարձու աշխատողին ամենամյա արձակուրդի ընթացքում առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում

1. Ամենամյա արձակուրդի ընթացքում ժամանակավոր անաշխատունակություն առաջանալիս վարձու աշխատողին ապահովագրական նպաստ, բացառությամբ ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստի, տրվում է ժամանակավոր անաշխատունակության նպաստբոլոր օրերի համար:

Հոդված 16. Ապահովագրական նպաստի տրամադրումը գործատուի հետ որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր  կնքած վարձու աշխատողներին

Որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրով վարձու աշխատողներին ժամանակավոր անաշխատունակության դեպքերում ապահովագրական նպաստ տրվում է սույն օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում, բայց ոչ ավելի, քան աշխատանքային պայմանագրի ժամկետի ավարտը:

Որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրով վարձու աշխատողներին ապահովագրական նպաստ տրվում է, եթե նրանք վերջին մեկ տարվա ընթացքում մինչեւ ժամանակավոր անաշխատունակության ծագելը աշխատել են 3 ամսից ոչ պակաս կամ վերջին 2 տարվա ընթացքում` 10 ամսից ոչ պակաս:

Որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրով վարձու աշխատողներին ապահովագրական նպաստի տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

ԳԼՈՒԽ 4.

ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆԱԲԱՐ ԻՐԵՆՑ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ ԱՊԱՀՈՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԸ

Հոդված 17. Ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց տրվող ապահովագրական նպաստները

Ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց տրվում են հետեւյալ տեսակի ապահովագրական նպաստները.

1) հիվանդության նպաստ.

2) պրոթեզավորման նպաստ.

3) հղիության ու ծննդաբերության նպաստ.

4) ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստ:

Հոդված 18. Ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց տրվող հիվանդության նպաստը

Ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց հիվանդության նպաստ տրվում է միայն հիվանդանոցային բուժական հաստատությունում (ստացիոնարում) բուժման ամբողջ ժամանակաշրջանի համար, բայց մեկ օրացուցային տարվա ընթացքում 60 օրացուցային օրից ոչ ավելի:

Հոդված 19. Ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց տրվող պրոթեզավորման նպաստը

Ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց պրոթեզավորման նպաստ տրվում է հիվանդանոցային բուժական հաստատությունում (ստացիոնարում) գտնվելու ամբողջ ժամանակաշրջանի համար:

Հոդված 20. Ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց տրվող հղիության ու ծննդաբերության նպաստը

Ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց հղիության ու ծննդաբերության նպաստ տրվում է սույն օրենքի 11-րդ հոդվածի համաձայն:

Հոդված 21. Ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց տրվող ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստը

Ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստը տրվում է սույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «գ» եւ «դ» կետերի համաձայն:

ԳԼՈՒԽ 5.

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Հոդված 22. Ապահովագրական նպաստները հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին աշխատավարձը (եկամուտը)

1. Ապահովագրական նպաստները հաշվարկվում են վարձու աշխատողի կամ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի միջին ամսական աշխատավարձից (եկամտից):

2. Վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը (եկամուտը) հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակության դեպքին նախորդած 3 օրացուցային ամիսներին տվյալ աշխատողի համար հաշվարկված աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցներից եւ դրանց հավասարեցված եկամուտներից, որոնցից օրենքով սահմանված կարգով կատարվել են պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ:

Եթե ապահովագրական դեպքին նախորդող եռամսյա ժամանակաշրջանում վարձու աշխատողը սույն հոդվածի 2-րդ մասի առաջին պարբերությամբ սահմանված որեւէ եկամուտ չի ունեցել, ապա որպես միջին ամսական աշխատավարձ (եկամուտ) հիմք է ընդունվում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի 13-ապատիկը:

Եթե ապահովագրական դեպքին նախորդող` տվյալ գործատուի մոտ աշխատանքի ժամանակաշրջանը պակաս է 3 օրացուցային ամիսներից, ապա միջին ամսական աշխատավարձը (եկամուտը) հաշվարկվում է փաստացի աշխատած ամիսների (օրերի) համար հաշվարկված եկամտից:

3. Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի միջին ամսական աշխատավարձը (եկամուտը) հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակության դեպքին նախորդող տարվա համար տարեկան եկամուտների մասին հայտարարագրով ներկայացված` տվյալ անձի համար օրենքով սահմանված կարգով սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտ հանդիսացող եկամտից:

Եթե ապահովագրական դեպքին նախորդող տարում ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձը սույն հոդվածի 3-րդ մասի առաջին պարբերությամբ սահմանված որեւէ եկամուտ չի ունեցել, ապա որպես միջին ամսական աշխատավարձ (եկամուտ) հիմք է ընդունվում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի 13-ապատիկը:

4. Ապահովագրական նպաստի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձի (եկամտի) հաշվարկման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 23. Հղիության ու ծննդաբերության նպաստի հաշվարկումը

Հղիության ու ծննդաբերության նպաստը հաշվարկելիս հիմք ընդունվող միջին աշխատավարձը վերցվում է 100 տոկոսի չափով` անկախ ապահովագրական ստաժի տեւողությունից:

Հղիության ու ծննդաբերության նպաստը հաշվարկելու համար միջին աշխատավարձը բաժանվում է 30,4-ի (մեկ ամսվա միջին օրերի) վրա եւ բազմապատկվում ժամանակավոր անաշխատունակության օրացուցային օրերի թվով:

Հոդված 24. Հիվանդության, պրոթեզավորման, առողջարանային բուժման եւ ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստների հաշվարկումը

1. Հիվանդության, պրոթեզավորման, առողջարանային բուժման եւ ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստները հաշվարկելիս հիմք ընդունվող միջին աշխատավարձը վերցվում է 100 տոկոսի չափով, եթե այն չի գերազանցում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի 100-ապատիկը, իսկ 100-ապատիկի չափը գերազանցելու դեպքում` 100.000-ին գումարած 100.000-ը գերազանցող գումարի 30 տոկոսը:

2. Սույն հոդվածի 1-ին մասին համապատասխան հաշվարկված միջին աշխատավարձը վերցվում է 100 տոկոսի չափով այն աշխատողների համար, ովքեր ունեն 8 եւ ավելի տարվա ապահովագրական (աշխատանքային) ստաժ, իսկ 80 տոկոսի չափով այն աշխատողների համար, ովքեր ունեն մինչեւ 8 տարվա ապահովագրական (աշխատանքային) ստաժ:

3. Սույն հոդվածի 1-ին մասին համապատասխան հաշվարկված միջին աշխատավարձը` անկախ ապահովագրական ստաժից, վերցվում է 100 տոկոսի չափով այն աշխատողների համար, ովքեր`

ա) իրենց խնամքի տակ ունեն 18 տարին չլրացած հաշմանդամ երեխա կամ երեք եւ ավելի երեխա.

բ) առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող 18-ից 23 տարեկան անձինք են.

գ) Հայաստանի Հանրապետության պաշտպանության համար մարտական գործողությունների մասնակիցներ են կամ Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարը վերացնելու ընթացքում հաշմանդամ են դարձել:

4. Հիվանդության, պրոթեզավորման, առողջարանային բուժման եւ ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստները հաշվարկելու համար սույն հոդվածի 2?րդ եւ 3-րդ մասերին համապատասխան հաշվարկված միջին աշխատավարձը բաժանվում է 30,4-ի (մեկ ամսվա միջին օրերի) վրա եւ բազմապատկվում ժամանակավոր անաշխատունակության օրացուցային օրերի թվով:

5. Ապահովագրական նպաստ հաշվարկելիս ապահովագրական (աշխատանքային) ստաժում հաշվառվող աշխատանքային գործունեության տեսակները, դրանց հաշվառման կարգն ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 25. Քրեակատարողական հիմնարկում գտնվող ազատազրկված դատապարտյալին տրվող ապահովագրական նպաստի հաշվարկումը եւ վճարումը

Քրեակատարողական հիմնարկում գտնվող ազատազրկված դատապարտյալին ապահովագրական նպաստի հաշվարկման եւ վճարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
 

ԳԼՈՒԽ 6.

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՆՊԱՍՏԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄԸ, ՆՇԱՆԱԿՈՒՄԸ ԵՎ ՎՃԱՐՈՒՄԸ

Հոդված 26. Ապահովագրական նպաստի հաշվարկումը, նշանակումը եւ վճարումը

1. Վարձու աշխատողների ապահովագրական նպաստի հաշվարկումը, նշանակումը եւ վճարումն իրականացնում է գործատուն: Ապահովագրական նպաստը վճարվում է դրա նշանակումից հետո առաջիկա աշխատավարձի վճարման համար օրենսդրությամբ սահմանված ժամկետներում:

Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարումներ կատարելուց օրենքով սահմանված կարգով ազատված գործատուների կողմից վարձու աշխատողներին ապահովագրական նպաստները վճարելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2. Ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց ապահովագրական նպաստը հաշվարկում, նշանակում եւ վճարում է լիազոր մարմինը` իր տարածքային կենտրոնների միջոցով (այսուհետ՝ տարածքային կենտրոն):

Տարածքային կենտրոնը ապահովագրական նպաստը վճարում է անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո` մեկամսյա ժամկետում:

3. Ժամանակավոր անաշխատունակության բոլոր դեպքերի համար գործատուն վարձու աշխատողներին ապահովագրական նպաստը վճարում է տվյալ ամսվա համար հաշվարկված պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների հաշվին:

Եթե տվյալ ամսվա համար հաշվարկված պարտադիր սոցիալական ապահովագրության վճարները բավարար չեն, ապա գործատուն ապահովագրական նպաստը վճարում է իր միջոցներից, որը փոխհատուցում է լիազոր մարմինը գործատուի կողմից պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների վերաբերյալ եռամսյակային հաշվետվության հետ մեկտեղ հարկային մարմին ներկայացված համապատասխան տեղեկանքի հիման վրա՝ հարկային մարմնի կողմից հաստատված տեղեկանքը լիազոր մարմին ներկայացնելուց հետո մեկամսյա ժամկետում:

Գործատուի` վարձու աշխատողների ապահովագրական նպաստների վճարմանն ուղղված միջոցները փոխհատուցելու կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

4. Գործատուի վերակազմակերպման դեպքում վարձու աշխատողներին ապահովագրական նպաստ նշանակում եւ վճարում է նրա իրավահաջորդը, իսկ լուծարման դեպքում` տարածքային կենտրոնը:

5. Ապահովագրական նպաստ չի տրվում`

ա) այն անձանց, ում ժամանակավոր անաշխատունակությունն առաջացել է նրանց կողմից հանցագործություն կամ այլ հակաիրավական արարք կատարելիս ստացած վնասվածքների հետեւանքով.

բ) առանց աշխատանքից ազատման կալանքի տակ գտնվելու ժամկետի համար.

գ) բժշկի սահմանած բուժման ռեժիմն առանց հարգելի պատճառի խախտած օրերի համար:

6. Ապահովագրական նպաստը նշանակվում է, եթե դրա համար պահանջվող փաստաթղթերը ներկայացվել են աշխատունակության վերականգնման, հղիության եւ ծննդաբերության արձակուրդի (ժամանակաշրջանի) ավարտման կամ  հաշմանդամության խումբ սահմանելու օրվանից սկսած վեցամսյա ժամկետում:

Ապահովագրական նպաստի հաշվարկման, նշանակման եւ վճարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 27. Ապահովագրական նպաստի նշանակման համար անհրաժեշտ փաստաթղթերը

Ապահովագրական նպաստի նշանակման համար հիմք է հանդիսանում բժշկական հաստատության կողմից տրվող ժամանակավոր անաշխատունակության թերթիկը, որի ձեւը, լրացման ու տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Առողջարանային բուժման նպաստի, մինչեւ 18 տարեկան` անհատական խնամքի կարիք ունեցող երեխային կամ հաշմանդամ երեխային առողջարանում խնամելու դեպքում ապահովագրական նպաստի նշանակման եւ վճարման համար, բացի ժամանակավոր անաշխատունակության թերթիկից, ներկայացվում է նաեւ առողջարանային բուժման ուղեգրի պատճենը:

Համատեղությամբ աշխատելու դեպքում վարձու աշխատողին ապահովագրական նպաստ նշանակելու համար հիմնական աշխատավայրի գործատուի համար հիմք է հանդիսանում ժամանակավոր անաշխատունակության թերթիկը, իսկ մյուս գործատուի (գործատուների) համար` հիմնական աշխատավայրի գործատուի հաշվապահության կողմից կնքված` ժամանակավոր անաշխատունակության թերթիկի պատճենը:

Օտարերկրյա պետության բժշկական հաստատության կողմից տրված ժամանակավոր անաշխատունակության թերթիկը հիմք է հանդիսանում ապահովագրական նպաստի նշանակման համար` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

Հոդված 28. Ապահովագրական նպաստ ստացողի մահվան պատճառով չստացված ապահովագրական նպաստը վճարելը

Աշխատողին հասանելիք եւ նրա մահվան պատճառով չստացված ապահովագրական նպաստի գումարը վճարվում է մահացողի ընտանիքի անդամին՝ դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերը աշխատողի մահվանից հետո վեցամսյա ժամկետում ներկայացնելու դեպքում:

Չստացված ապահովագրական նպաստը վճարելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը եւ դրանք ներկայացնելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 29. Պակաս վճարված ապահովագրական նպաստի վճարումը, ավելի վճարված ապահովագրական նպաստի գումարի հետպահումը

1. Սխալ հաշվարկելու հետեւանքով պակաս վճարված ապահովագրական նպաստի գումարի վճարումը կատարվում է առանց ժամկետի սահմանափակման: Ընդ որում, վարձու աշխատողներին պակաս վճարված ապահովագրական նպաստի գումարը գործատուն վճարում է իր միջոցներից:

2. Ավելի վճարված ապահովագրական նպաստի գումարի հետպահումները կատարվում են, եթե ապահովագրական նպաստը նշանակվել եւ վճարվել է թվաբանական սխալի կամ ապահովագրական նպաստը ստացողի կողմից սխալ տեղեկություններով փաստաթղթեր ներկայացնելու հետեւանքով` գործատուի կամ տարածքային կենտրոնի որոշմամբ:

Ավելի վճարված գումարը հետ է պահվում ամբողջությամբ: Հետպահումը կատարվում է ապահովագրական նպաստի հաջորդ վճարումներից կամ աշխատավարձից, ընդ որում, հետպահվող գումարի չափը յուրաքանչյուր անգամ չի կարող գերազանցել վճարվող ապահովագրական նպաստի կամ աշխատավարձի 20 տոկոսը:

3. Եթե ապահովագրական նպաստը նշանակվել եւ վճարվել է թվաբանական սխալով, ապա ավելի վճարված ապահովագրական նպաստի գումարի հետպահումները կարող են կատարվել, եթե ապահովագրական նպաստի նշանակման օրվանից չի անցել 3 ամսից ավելի, իսկ սխալ տեղեկություններով փաստաթղթեր ներկայացնելու հետեւանքով ավելի վճարված ապահովա՟գրա՟կան նպաստի գումարի հետպահումները կատարվում են առանց ժամկետի սահմանափակման:

4. Եթե ապահովագրկան նպաստ ստացող անձն ազատվել է աշխատանքից կամ օրենսդրությամբ սահմանված կարգով դադարեցրել է իր գործունեությունը, ապա ավելի վճարված նպաստի գումարը բռնագանձվում է դատական կարգով, սույն հոդվածի 3-րդ մասում սահմանված ժամկետներում:

ԳԼՈՒԽ 7.

ԼԻԱԶՈՐՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒ՟ԹՅՈՒՆԸ, ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 30. Լիազորված պետական մարմինների իրավասությունները

1. Հարկային մարմինը պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների ճշտությանն ուղղված դեպքերում օրենքով սահմանված կարգով իրականացվող ստուգումների ժամանակ հսկողություն է իրականացնում գործատուների կողմից վարձու աշխատողներին ապահովագրական նպաստների վճարման ճշտության նկատմամբ:

2. Լիազոր մարմինը`

1) սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկում, նշանակում եւ վճարում է ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց ապահովագրական նպաստները,

2) գործատուի կողմից վարձու աշխատողներին ապահովագրական նպաստների վճարման միջոցների անբավարարության դեպքում, գործատուի ներկայացրած տեղեկանքի հիման վրա, փոխհատուցում է գործատուի` վարձու աշխատողների ապահովագրական նպաստների վճարմանն ուղղված միջոցները,

3) իր լիազորությունների շրջանակում գործատուներից, կազմակերպություններից եւ ֆիզիկական անձանցից պահանջում է ապահովագրական նպաստ նշանակելու եւ վճարելու համար անհրաժեշտ փաստաթղթեր, օրենսդրությամբ սահմանված կարգով քննարկում է ապահովագրական նպաստներին վերաբերող բողոքները,

4) օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառում է ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության ենթակա անձանց եւ նրանց վճարվող ապահովագրական նպաստներին վերաբերող տվյալները,

5) իրականացնում է իր  լիազորություններից բխող այլ գործառույթներ:

Հոդված 31. Ապահովագրական նպաստներին վերաբերող որոշումների բողոքարկումը

Տարածքային կենտրոնի՝ ապահովագրական նպաստներին վերաբերող որոշումները կարող են բողոքարկվել վերադասության կամ դատական կարգով:

Գործատուի` ապահովագրական նպաստներին վերաբերող որոշումները կարող են բողոքարկվել դատական կարգով:

Հոդված 32. Պատասխանատվությունը սույն օրենքի խախտման դեպքում

Սույն օրենքը խախտող պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում  Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Հոդված 33. Օրենքի կիրառմանը վերաբերող գերատեսչական նորմատիվ ակտերը

Սույն օրենքի կիրառմանը վերաբերող գերատեսչական նորմատիվ ակտերը համատեղ ընդունում են լիազոր մարմինը, կենսաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի եւ հարկային մարմնի հետ:

ԳԼՈՒԽ 8.

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 34. Անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

2. Մինչեւ արտադրությունում դժբախտ դեպքերից կամ մասնագիտական հիվանդություններից պարտադիր սոցիալական ապահովագության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը վարձու աշխատողների` արտադրությունում դժբախտ դեպքերից կամ մասնագիտական հիվանդության հետեւանքով առաջացած ժամանակավոր անաշխատունակության նպաստների նշանակումն ու հաշվարկումը կատարվում են սույն օրենքի 22-23-րդ հոդվածներով սահմանված կարգով` անկախ ապահովագրական (աշխատանքային) ստաժի տեւողությունից` ապահովագրական նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին աշխատավարձը հաշվառելով 100 տոկոսի չափով, իսկ վճարումը կատարվում է գործատուի միջոցներից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության մասին», «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի

Հայաստանի Հանրապետության կառավարության 2004թ. դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. գործունեության միջոցառումների ծրագիրը եւ գերակա խնդիրները հաստատելու մասին» N 1922-Ն որոշման Հավելված N1-ի 96-րդ կետով նախատեսված է ներկայացված օրենքի նախագծի ընդունումը: Այն բխում է նաեւ ՀՀ կառավարության 2004 թվականի հունվարի 22 N 100-Ն որոշումից (կետ 157) եւ ՀՀ կառավարության 2004 թվականի փետրվարի 5?ի ««Այն իրավական ակտերի ցանկը հատատելու մասին, որոնցով նախատեսված հարաբերությունները «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն պետք է կարգավորվեն օրենքով» թիվ 253-Ն որոշումից (կետեր 7 եւ 28):

Այսօր սոցիալական ապահովագրության նպաստների հաշվարկման,  նշանակման եւ վճարման հետ կապված իրավահարաբերությունները կարգավորվում են ՀՀ կառավարության 1992թ. նոյեմբերի 18-ի թիվ 584 եւ 1993թ. մարտի 10-ի թիվ 95 որոշումներով հաստատված կանոնադրություններով:

Փաստորեն բնակչության սոցիալական պաշտպանության համակարգի բաղկացուցիչ մասը կազմող պարտադիր սոցիալական ապահովագրության առանձին պետական ծրագրերը, այդ թվում` ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության ենթակա անձանց ապահովագրական նպաստների տրամադրումը առայժմ կանոնակարգվում է վերը նշված իրավական ակտերով, որոնք առաջացնում են մի շարք խնդիրներ.
 

Վերոհիշյալ հիմնախնդիրները հանգեցնում են նաեւ նրան, որ քաղաքացին ամբողջական պատկերացում չունի իր իրավունքների մասին` սոցիալական ապահովագրության նպաստների ոլորտում:

Ոլորտի` օրենքով կարգավորելու անհրաժեշտությունը բխում է նաեւ  «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածից, համաձայն որի` միայն օրենքով կարող են սահմանվել ֆիզիկական անձանց իրավունքների իրականացման պայմաններն ու կարգը: Պետք է նաեւ հաշվի առնել այն հանգամանքը, որ ՀՀ կառավարության ընդունած` «Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի» շրջանակներում լուրջ վերափոխումների կարիք ունեն նաեւ ոլորտը կարգավորող դրույթները, ինչն անհրաժեշտ է նաեւ նոր Աշխատանքային օրենսգրքի համատեքստում:

Հաշվի առնելով վերը նշվածը մշակվել է ներկայացված օրենքի նախագիծը, որով սահմանվում են`

1) ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության հասկացությունը եւ իրավական երաշխիքները.

2) ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության շրջանակներում ապահովագրական հատուցման` ապահովագրական նպաստների, իրավունք տվող պայմանները.

3) ապահովագրական նպաստների տեսակները, դրանց հաշվարկման, նշանակման եւ վճարման կարգը:

«Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման դեպքում անհրաժեշտ կլինի փոփոխություններ կատարել.

1. ՀՀ աշխատանքային օրենսգրքում,

2. «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքում,