Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-10032-29.06.2021-ՏՏԳԲ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-207-Ն օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ ենթակետից հանել «մարզպետների աշխատակազմերի,» բառերը:

Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-րդ մասով.

«3.1. Մարզպետների աշխատակազմերի համար սույն հոդվածի 1-ին մասի 1-3-րդ եւ 6-7-րդ կետերով նախատեսված լիազորություններն իրականացնում է վարչապետը, իսկ սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ եւ 5-րդ մասերով նախատեսված լիազորությունները՝ տարածքային կառավարման ոլորտը համակարգող փոխվարչապետը:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Տարածքային կառավարման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի եւ հարակից օրենքների նախագծերի ընդունումը պայմանավորված է հետեւյալ հանգամանքով.

Նախագծերի ընդունման նպատակն է բարձրացնել մարզպետների եւ մարզպետների աշխատակազմերի գործունեության արդյունավետությունը՝ սահմանելով վերջիններիս հաշվետվողականությունը նաեւ վարչապետի հանձնարարությամբ ոլորտը համակարգով փոխվարչապետին: Մասնավորապես,

1. «Տարածքային կառավարման մասին» օրենքում նախատեսվում է սահմանել դրույթներ, որոնց համաձայն կտարանջատվեն տարածքային կառավարման ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող եւ իրականացնող մարմնի եւ վարչապետի հանձնարարությամբ ոլորտը համակարգող փոխվարչապետի լիազորությունները: Մասնավորապես, փոխվարչապետը մարզպետների գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով համակարգելու է մարզպետների ընթացիկ գործունեությունը, ինչպես նաեւ պետական կառավարման համակարգի այլ մարմինների հետ վերջիններիս աշխատանքները, քննարկելու եւ համադրելու է տարածքների համաչափ զարգացումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով եւ այլ միջոցներով նախատեսվող ծրագրերը, իրավական հսկողություն է իրականացնելու մարզպետների ընդունած որոշումների նկատմամբ եւ անհրաժեշտության դեպքում դրանք ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնելու վարչապետին, իրականացնելու է մարզպետի աշխատակազմի գործունեության վերահսկողությունը, լսելու է մարզպետի աշխատակազմի գործունեության մասին հաշվետվությունները, քննելու է գործունեության ստուգման արդյունքները: Մարզպետներին հնարավորություն է ընձեռնվելու նաեւ անմիջապես ոլորտը համակարգով փոխվարչապետի միջոցով Կառավարության եւ վարչապետի քննարկմանը ներկայացնել իրենց իրավասությանը վերապահված հարցերը, անմիջապես ոլորտը համակարգով փոխվարչապետին ներկայացնել առաջարկություններ տարածքային համաչափ զարգացմանն ուղղված պետական քաղաքականության իրականացման ուղղությամբ, ընթացիկ հաշվետվություն ներկայացնեն ոլորտը համակարգով փոխվարչապետին, պարտավորվելու են նաեւ պարտադիր քննության առնել ոլորտը համակարգով փոխվարչապետի կողմից մարզպետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների եւ դրանց ղեկավարների աշխատանքի վերաբերյալ առաջարկությունները եւ սահմանված ժամկետում տեղեկացնել ձեռնարկված միջոցների մասին:

Միաժամանակ Կառավարության 2009 թվականի մայիսի 21-ի թիվ 562-Ն որոշմամբ սահմանված Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման կարգը, Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչները, ինչպես նաեւ դրանց հիման վրա ձեւավորվող կողմնորոշիչ միավորներով գնահատելը արդիական չեն. գործող չափորոշիչները չեն բնութագրում ՀՀ մարզերի 2017-2025 թվականների զարգացման ռազմավարությունների կատարման ուղղությամբ իրականացվող աշխատանքները:

Ուստի, ելնելով վերոգրյալից, անհրաժեշտություն է առաջացել ուժը կորցրած ճանաչել նաեւ մարզպետների գործունեության գնահատման աշխատանքների իրականացման եւ գնահատման արդյունքների ներկայացման վերաբերյալ «Տարածքային կառավարման մասին» օրենքի համապատասխան դրույթները:

2. «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում նախատեսվում է փոխվարչապետին վերապահել լիազորություն վարչապետի հանձնարարությամբ ինչպես իր համակարգման ոլորտի շրջանակներում, այնպես էլ այդ շրջանակներից դուրս հարցերի վերաբերյալ հանձնարարականներ տալ մարզպետներին:

3. «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ եւ 5-րդ կետերի եւ 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ վարչապետը իրականացնում է մարզպետի աշխատակազմի գործունեության վերահսկողությունը եւ լսում է մարզպետի աշխատակազմի գործունեության մասին հաշվետվությունները, քննում է գործունեության ստուգման արդյունքները: «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքում նախատեսվող փոփոխության համաձայն՝ վերը նշված լիազորությունները վարչապետի հանձնարարությամբ կվերապահվի ոլորտը համակարգով փոխվարչապետին:

Նշված փոփոխությունների արդյունքում կբարձրացվի մարզպետների հաշվետվողականությունը եւ վերջիններիս աշխատակազմերի գործունեության արդյունավետությունը:

Միաժամանակ հայտնում ենք, որ «Տարածքային կառավարման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի եւ հարակից օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի եւ եկամուտների ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ

ՊԱՏԳԱՄԱՎՈՐ




29 հունիսի 2021թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Միրզոյան.


Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասով, «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 1-ին մասով, 2-րդ մասով, ինչպես նաեւ 67-րդ հոդվածի 1-ին մասով՝ օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում «Տարածքային կառավարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին»,«Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Ազգային ժողովի աշխատակարգի վերաբերյալ 25-րդ կետի համաձայն՝ սույն գրությանը կցվում են.

1. Օրենքի նախագծերը,

2. Օրենքի նախագծերի ընդունման հիմնավորումը,

3. Գործող օրենքների փոփոխվող եւ լրացվող հոդվածների վերաբերյալ տեղեկանքները:

Նախագծի հիմնական զեկուցողն է Գեւորգ Պապոյանը:

Խնդրում եմ ներկայացված օրենքի նախագծերի փաթեթը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:


Հարգանքով՝
Ազգային ժողովի պատգամավորներ
Գեւորգ Պապոյան
Լիլիթ Ստեփանյան