Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-993-08.06.2021-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 37-րդ հոդվածի 4-րդ պարբերությունում «ստուգումներ»  բառից հետո լրացնել կամ «դիտարկումներ» բառով, իսկ «ստուգմամբ» բառից հետո լրացնել «կամ դիտարկմամբ»բառերով:

Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել նոր 44.3–րդ հոդվածով՝ հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 44.3. Արտադրական կանեփի օրինական շրջանառության վերաբերյալ սահմանված նորմերը խախտելը

1. Արտադրական կանեփի արտադրությամբ, արտահանմամբ, ներմուծմամբ կամ մեծածախ առեւտրով զբաղվելու լիցենզիա ունեցող անձի կողմից լիցենզավորման պահանջները խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկից մինչեւ տասհազարապատիկի չափով:

2. Արտադրական կանեփի արտադրության լիցենզիա ունեցող անձի կողմից իր արտադրանքը արտադրական կանեփի արտահանման, ներմուծման կամ մեծածախ առեւտրի լիցենզիա չունեցող անձի փոխանցելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասհազարապատիկի չափով:

3. Արտադրական կանեփի արտադրությամբ, արտահանմամբ, ներմուծմամբ կամ մեծածախ առեւտրով զբաղվող անձի կողմից քվոտայով նախատեսված սահմանափակումների խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանհազարապատիկի չափով:

4. Արտադրական կանեփի օրինական շրջանառության նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կողմից տրված կարգադրագրի պահանջները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի տասհազարապատիկի չափով:

5. Արտադրական կանեփի օրինական շրջանառության նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի աշխատանքներին խոչընդոտելը կամ օրինական պահանջները չկատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի քսանհազարապատիկի չափով:»

Հոդված 3. Օրենսգրքի 244.7 հոդվածի 1-ին մասում «Սույն օրենսգրքի» բառերից հետո լրացնել «44.3-րդ հոդվածով,» բառերով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1.  Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը

2021 թվականի հունիսի 3-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվեց «Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքը, որով սահմանվում են արտադրական կանեփի արտադրությամբ, ներմուծմամբ, արտահանմամբ եւ մեծածախ առեւտրով զբաղվելու համար պահանջվող նորմերը, ինչպես նաեւ այդ նորմերի պահպանման նկատմամբ վերահսկողությունը եւ վերահսկողության առանձնահատկությունները:

2. Առկա իրավիճակը

«Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքով սահմանվում են արտադրական կանեփի օրինական շրջանառության համար նորմերը, որոնց խախտման համար տնտեսավարողների նկատմամբ կկիրառվեն պատասխանատվության միջոցներ, ուստի անհրաժեշտություն է առաջանում կատարել համապատասխան լրացումներ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում՝ սահմանելով «Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքով սահմանված պահանջների կատարման համար պատասխանատվության միջոցներ:

Նախատեսվում է նաեւ լրացում կատարել «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքում՝ սահմանելով, որ արտադրական կանեփի օրինական շրջանառության նկատմամբ անցկացվող ստուգումներն իրականացվում են առանց նախնական ծանուցման՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործունեության ոլորտը նոր է եւ այդ ոլորտի նկատմամբ վերահսկողության փորձարկված մեխանիզմներ դեռեւս առկա չեն, ինչպես նաեւ ոլորտի առանձնահատկությունից բխող այլ օբյեկտիվ ռիսկեր:

3. Կարգավորման նպատակը

Կարգավորման նպատակն է ապահովել արտադրական կանեփի օրինական շրջանառության նկատմամբ պատշաճ վերահսկողությունը՝ սահմանելով օրենքի պահանջների խախտման համար պատասխանատվության միջոցներ, ինչպես նաեւ  սահմանել, որ արտադրական կանեփի օրինական շրջանառության նկատմամբ անցկացվող ստուգումն իրականացվում է առանց ծանուցման:

4. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել «Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքով սահմանված արտադրական կանեփի օրինական շրջանառության նկատմամբ պատշաճ  վերահսկողություն՝ օրենքի պահանջների խախտման դեպքում կիրառելով պատասխանատվության միջոցներ:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի կողմից:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ  ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն