Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-975-14.05.2021-ԱՀ-013/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՌՆԱԶԱՎԹՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԴԵՕԿՈՒՊԱՑԻԱՅԻ ԵՎ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Թուրքիայի ուղղակի աջակցությամբ եւ ահաբեկչական խմբավորումների ներգրավմամբ Արցախի դեմ իրականացված լիամասշտաբ ռազմական ագրեսիայի եւ 44 օր տեւած մարտական գործողությունների արդյունքում տարածաշրջանում ստեղծված նոր ռազմաքաղաքական իրողությունների պայմաններում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը՝

ԱՐՁԱՆԱԳՐՈՒՄ Է, ՈՐ


ՀԻՄՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՎ ԱՅՍ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, ՈՐ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է

- 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթուղթը Արցախյան հիմնահարցի լուծում չէ, այլ՝ զինադադարի ռեժիմի պահպանման եւ Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների խախտմամբ Արցախին պարտադրված հերթական պատերազմի արդյունքում ստորագրված հրադադարի հայտարարություն: Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորումը շարունակելու է մնալ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական առաջնահերթությունը՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հիման վրա: Հայաստանի Հանրապետությունը պաշտպանելու է Արցախի Հանրապետության համար ընդունելի տարբերակով հիմնահարցի լուծումը՝ բացառելով Արցախի որեւէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում,  երաշխավորելով Արցախի անվտանգության անհրաժեշտ մակարդակի ապահովումը, Արցախի հետ Հայաստանի հուսալի եւ անվտանգ ցամաքային կապը: Հայաստանը շարունակելու է մնալ Արցախի անվտանգության երաշխավորը՝ միաժամանակ կարեւորելով եւ գնահատելով Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության դերն ու նշանակությունը տարածաշրջանում անվտանգության եւ կայունության ապահովման գործում,

- Արցախի Հանրապետությանը Ադրբեջանի Հանրապետության պարտադրած պատերազմի արդյունքում Արցախի Հանրապետության տարածքների բռնազավթումը (օկուպացիա) որեւէ ազդեցություն չի կարող ունենալ Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման ապագա բանակցությունների ընթացքում Արցախի Հանրապետության վերջնական կարգավիճակի եւ սահմանների որոշման գործընթացի վրա,

- Ադրբեջանի Հանրապետության կողմից բռնազավթված` Արցախի Հանրապետության շրջանների դեօկուպացիան Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնման, Արցախյան հակամարտության խաղաղ եւ համապարփակ կարգավորման ուղղությամբ առաջանցիկ քայլերի իրականացման, հայկական պատմամշակութային եւ կրոնական ժառանգության պահպանման, բռնի, ինչպես նաեւ ներքին տեղահանված անձանց եւ փախստականների՝ իրենց բնակավայրեր վերադարձի ապահովման հրամայական է:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՌՆԱԶԱՎԹՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԴԵՕԿՈՒՊԱՑԻԱՅԻ ԵՎ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ


Ընթացիկ իրավիճակը եւ նախագծի ընդունման անհրաժեշտությունը:

2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի ուղղակի աջակցությամբ եւ ահաբեկչական խմբավորումների ներգրավմամբ, Արցախի դեմ սանձազերծված լիամասշտաբ ռազմական ագրեսիայի ու 44 օր տեւած մարտական գործողությունների արդյունքում, Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությամբ տարածաշրջանում ստեղծվել է նոր ռազմաքաղաքական իրավիճակ:

ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների հիմքում դրված, ինչպես նաեւ Հելսինկյան եզրափակիչ ակտում, ՄԱԿ-ի Կանոնադրությամբ ամրագրված՝ ուժի գործադրումից կամ դրա սպառնալիքից ձեռնպահ մնալու հիմնարար սկզբունքի, վեճերի խաղաղ կարգավորման վերաբերյալ դրույթների խախտմամբ, պատերազմական հանցագործությունների իրականացմամբ Ադրբեջանը կարողացել է հասնել Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության մաս կազմող շրջանների բռնակցմանը:

Արցախին պարտադրված պատերազմի արդյունքում ձեւավորված նոր ռազմաքաղաքական իրողությունների պայմաններում ՀՀ օրենսդիր մարմնի քաղաքական դիրքորոշման արտահայտումը դարձել է անհրաժեշտություն՝ արձանագրելու Հայաստանի խորհրդարանի մոտեցումները՝

Ի դեպ, Արցախի Հանրապետության Ազգային ժողովն արդեն ընդունել է հայտարարություն "Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված Արցախի Հանրապետության տարածքների իրավական կարգավիճակի մասին" եւ արտահայտել տարածաշրջանային կայունության ապահովման եւ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով 1992-2020թթ. ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցություններին որպես հակամարտության կողմ տարբեր ձեւաչափերով մասնակցություն ունեցած Արցախի Հանրապետության օրենսդիր մարմնի քաղաքական դիրքորոշումը: Արցախի Հանրապետության Ազգային ժողովը հայտարարել է, որ Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված Արցախի Հանրապետության տարածքները համարվում են բռնազավթված (օկուպացված) Ադրբեջանի Հանրապետության կողմից, Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի իրականացրած ագրեսիան եւ նշված տարածքների բռնազավթումը որեւէ իրավական ազդեցություն չեն կարող ունենալ ապագա բանակցությունների ընթացքում Արցախի Հանրապետության կարգավիճակի ու սահմանների որոշման գործընթացում:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք:

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Թագուհի Թովմասյանի, Աննա Գրիգորյանի եւ Սոֆիա Հովսեփյանի կողմից:

Նախագծի աշխատանքային եւ վերջնական տարբերակներն ուղարկվել են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն, որտեղից ստացվել են բանավոր առաջարկներ, որոնք ընդունվել են:

Նախագծի մշակմանը մասնագիտական աջակցություն է ցուցաբերել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը՝ ի դեմս նախարար
Դ. Բաբայանի:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված է եղել նաեւ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի "Արդարություն" խմբակցության անդամ Դավիթ Գալստյանը:

Նախագծի ընդունման նպատակները եւ ակնկալվող արդյունքը:

Նախագծի ընդունման նպատակն է խորհրդարանական երկրի Ազգային ժողովի հայտարարությամբ՝

-  Արձանագրել Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի ուղղակի աջակցությամբ եւ ահաբեկչական խմբավորումների ներգրավմամբ, Արցախի դեմ սանձազերծված լիամասշտաբ ռազմական ագրեսիայի եւ 44 օր տեւած մարտական գործողությունների արդյունքում Ադրբեջանի Հանրապետության կողմից բռնակցված՝ Արցախի Հանրապետության տարածքների դեօկուպացիայի անհրաժեշտության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության խորհրդարանի քաղաքական դիրքորոշումը տարածաշրջանում ստեղծված նոր ռազմաքաղաքական իրողությունների պայմաններում,

-  Հստակեցնել եւ ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի դիրքորոշումը Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում՝ ազգերի ինքնորոշման իրավունքի հիման վրա, այդ թվում նաեւ՝ Արցախի Հանրապետության հետագա կարգավիճակի եւ սահմանների որոշման հարցերում:

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման, այդ թվում նաեւ՝ Արցախի հետագա կարգավիճակի եւ սահմանների որոշման վերաբերյալ առաջիկա բանակցություններում հասնել հայկական կողմի բանակցային դիրքերի ամրապնդմանը:


 

Գրություն