Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-914-29.03.2021,30.04.2021-ԱՍ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Օտարերկրացիների մասին» 2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-47-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի՝

1) 7-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«աշխատանքի թույլտվություն՝ միասնական էլեկտրոնային հարթակում միգրացիայի բնագավառում լիազորված պետական մարմնի կողմից մուտքագրվող էլեկտրոնային հաստատում, որը թույլ է տալիս օտարերկրացուն ձեռք բերել ժամանակավոր կացության կարգավիճակ եւ աշխատել Հայաստանի Հանրապետությունում:»:

2) 14-րդ պարբերությունից հետո լրացնել 15-րդ պարբերություն հետեւյալ խմբագրությամբ.

«միասնական էլեկտրոնային հարթակ՝ սույն օրենքի 22.1-րդ հոդվածով նախատեսված էլեկտրոնային հարթակ, որի կիրառմամբ տրամադրվում է աշխատանքի թույլտվություն, դրա միջոցով մուտքագրվում կամ վերբեռնվում են աշխատանքի թույլտվություն ստացող եւ աշխատանքի թույլտվությունից ազատված օտարերկրացի աշխատողների վերաբերյալ սույն օրենքով եւ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով տեղեկություններ, ինչպես նաեւ որի միջոցով իրականացվում է պետական մարմինների, գործատուների եւ օտարերկրացիների միջեւ հաղորդակցությունը:»:

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածը լրացնել 3-րդ, 4-րդ եւ 5-րդ մասերով` հետեւյալ բովանդակությամբ.

«3. Սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի «ժէ» կետով նախատեսված կատեգորիայի օտարերկրացին Հայաստանի Հանրապետությունում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետից ավելին գտնվելու մտադրության դեպքում պարտավոր է մինչեւ նշված ժամկետի ավարտը դիմել միգրացիայի բնագավառում լիազորված պետական մարմին՝ իր եւ իր ընտանիքի անդամների՝ Հայաստանի Հանրապետությունում բնակության օրինականությունը հավաստող տեղեկանք ստանալու համար:

4. Սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի «ժը» կետով սահմանված օտարերկրացուն իրավասու մարմնի ներկայացմամբ միգրացիայի բնագավառում լիազորված պետական մարմինը տրամադրում է բնակության օրինականությունը հավաստող տեղեկանք, եթե այդ անձը չունի Հայաստանի Հանրապետությունում կացության այլ կարգավիճակ:

5. Սույն հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերով սահմանված տեղեկանքի ձեւը, այն ստանալու համար պահանջվող փաստաթղթերի ցանկը, տրամադրման կարգը եւ ժամկետները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածի՝

1) 2-րդ մասի երկրորդ պարբերությունում «հարուցելու համար» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ միգրացիայի բնագավառում լիազորված պետական մարմնին:» բառերը,

2) 6-րդ մասի երկրորդ պարբերությունում «արտաքին գործերի բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը» բառերից հետո լրացնել «, միգրացիայի բնագավառում լիազորված պետական մարմինը» բառերը,

3) 6-րդ մասի 3-րդ պարբերությունում «սահմանային հսկողություն իրականացնող լիազոր մարմինը,» բառերից հետո լրացնել «միգրացիայի բնագավառում լիազորված պետական մարմինը» բառերը:

Հոդված 4. Օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասի «գ» կետը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 5. Օրենքի 15-րդ հոդվածի՝

1) 1-ին մասի «բ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«բ) սույն օրենքի համաձայն՝ աշխատանքի թույլտվությունը, իսկ սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի ե)-թ), ժբ), ժե)-ժզ), ի)-իա) կետերով նախատեսված կատեգորիայի օտարերկրացիների համար՝ աշխատանքի թույլտվություն ստանալու բացառությունների ցանկին համապատասխանելու վերաբերյալ եզրակացությունը, կամ»

2) 1-ին մասի «գ» կետում «ունեցող» բառից հետո լրացնել «, սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի «ժէ» կետով կամ 7-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքով Հայաստանի Հանրապետությունում գտնվող» բառերը:

Հոդված 6. Օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասում «ժամկետում» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով կացության կարգավիճակի տրամադրման դեպքերի:» բառերը:

Հոդված 7. Օրենքի 21-րդ հոդված՝

1) 1-ին մասը լրացնել «ե » կետով հետեւյալ խմբագրությամբ.

«ե ) Եթե մինչեւ ժամանակավոր կացության կարգավիճակի ժամկետի ավարտը օտարերկրացու հետ լուծվել է աշխատանքային (ծառայությունների մատուցման) պայմանագիրը, եւ նա չի կնքել նոր պայմանագիր:»:

2) 4-րդ մասից հետո լրացնել 5-րդ մաս հետեւյալ խմբագրությամբ.

«5. Սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով տրամադրված ժամանակավոր կացության կարգավիճակն անվավեր է ճանաչվում միգրացիայի բնագավառում լիազորված պետական մարմնի որոշման հիման վրա:»:

Հոդված 8. Օրենքի 22-րդ հոդվածի՝

1) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Հայաստանի Հանրապետության գործատուն իրավունք ունի օտարերկրացու հետ կնքել աշխատանքային (ծառայությունների մատուցման) պայմանագիր սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով տրամադրված ժամանակավոր կացության կարգավիճակի քարտի, իսկ 23-րդ հոդվածի 1-ին մասի «ժէ» եւ «իա» կետերում նշված օտարերկրացիների հետ՝ հանրային ծառայությունների համարանիշի առկայության դեպքում, բացառությամբ այն դեպքերի, երբ օտարերկրացու համար չի պահանջվում ունենալ կացության կարգավիճակ կամ ստանալ հանրային ծառայությունների համարանիշ:»,

2) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Սույն օրենքի 22.1-րդ հոդվածի 1-ին մասում նշված հայտը լրացվելու դեպքում թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար դիմելու սահմանված ժամկետը պետք է լինի նվազագույնը 15 աշխատանքային օր, որը թույլ կտա աշխատանքի եւ զբաղվածության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմնին ուսումնասիրելու Հայաստանի Հանրապետության աշխատաշուկայի պահանջները եւ հնարավորության դեպքում գործատուին միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով առաջարկել համալրելու աշխատատեղը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներով, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգին համապատասխան:»,

3) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Սույն օրենքի 23-րդ հոդվածում նշված օտարերկրացիներին աշխատանքի ընդունելիս չի գործում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներով թափուր աշխատատեղը համալրելու պահանջը, բացառությամբ եթե այդ աշխատանքի համար պահանջվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, եւ այդ անձանց աշխատանքի ընդունելիս կիրառելի չեն սույն հոդվածի 3-րդ մասով պահանջները:»,

4) լրացնել 5-րդ մաս հետեւյալ բովանդակությամբ.

«5. Օտարերկրացին սույն օրենքով նախատեսված փաստաթղթերը (ժամանակավոր կացության կարգավիճակի քարտը կամ հանրային ծառայությունների համարանիշը) ստանում է միգրացիայի բնագավառում լիազորված պետական մարմնից անձամբ:»:

Հոդված 9. Օրենքը լրացնել 22.1 հոդվածով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 22.1. Միասնական էլեկտրոնային հարթակը եւ այդ հարթակով օտարերկրացի աշխատողների ընտրությունը

1. Օտարերկրացի աշխատող ներգրավելու համար գործատուն լրացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված հայտ միգրացիայի բնագավառում լիազորված պետական մարմնի կողմից վարվող միասնական էլեկտրոնային հարթակում:

2. Միասնական էլեկտրոնային հարթակի տեխնիկական նկարագիրը եւ վարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Սույն հոդվածի 1-մասով նախատեսված հայտերի նվազագույն պահանջները, միասնական էլեկտրոնային հարթակում հայտերի լրացման եւ ներկայացման կարգը, միասնական էլեկտրոնային հարթակով օտարերկրացի աշխատողների ընտրության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 10. Օրենքի 23-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 23. Աշխատանքի թույլտվություն ստանալու բացառությունները

1. Առանց աշխատանքի թույլտվության Հայաստանի Հանրապետությունում կարող են աշխատել`

ա) Հայաստանի Հանրապետության մշտական եւ հատուկ կացության կարգավիճակ ունեցողները.

բ) սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «ա», «գ», «դ» եւ «զ» կետերով նախատեսված հիմքերով Հայաստանի Հանրապետության ժամանակավոր կացության կարգավիճակ ունեցողները` կացության ժամկետը չգերազանցող ժամանակահատվածով.

գ) Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների եւ հյուպատոսական հիմնարկների, միջազգային կազմակերպությունների եւ դրանց ներկայացուցչությունների աշխատակիցների ընտանիքի անդամները` փոխադարձության սկզբունքի հիման վրա.

դ) կինեմատոգրաֆիայի, թատրոնի, համերգային շրջագայությունների նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանող կատարողները արտիստները եւ այդ միջոցառումների համար պատասխանատու վարչական եւ տեխնիկական սպասարման անձնակազմը՝ Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմունքներով գտնվելու ժամկետում.

ե) կանոնադրությամբ կեսից ավելին ձայնի իրավունք տվող օտարերկրյա կապիտալի մասնակցությամբ Հայաստանի Հանրապետությունում գտնվող առեւտրային կազմակերպությունների հիմնադիրները եւ գործադիր մարմնի ղեկավարները՝ տվյալ կազմակերություններում աշխատելու նպատակով.

զ) օտարերկրյա պետության առեւտրային կազմակերպությունների աշխատակիցները՝ Հայաստանի Հանրապետությունում տեղակայված այդ կազմակերպությունների ներկայացուցչություններում աշխատելու նպատակով.

է) օտարերկրյա առեւտրային կազմակերպության կողմից իր մասնաճյուղ կամ ներկայացուցչություն առաքվող կամ օտարերկրյա առեւտրային կազմակերպություններից գնված մեքենաները, սարքավորումները, հաստոցները տեղադրելու, վերանորոգելու եւ դրանք շահագործելու համար աշխատողներին որակավորելու նպատակով ժամանող օտարերկրյա մասնագետները՝ Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմունքներով գտնվելու ժամկետում.

ը) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի հիման վրա ժամանող մասնագետները կամ այլ անձինք.

թ) Հայաստանի Հանրապետությունում գործող ուսումնական հաստատություններում դասավանդելու, գիտական աշխատանք կատարելու (գիտահետազոտական եւ գիտատեխնիակական գործունեություն իրականացնելու) նպատակով հրավիրված օտարերկրացի դասախոսները, ուսուցիչները, գիտամանկավարժական գործունեություն իրականացնող այլ անձինք, ինչպես նաեւ այդ ուսումնական հաստատությունների ղեկավար կազմում ընդգրկված վարչակառավարչական գործառույթներ իրականացնող օտարերկրացիները.

ժ) լրատվական գործունեություն իրականացնող օտարերկրյա կազմակերպությունների հավատարմագրված ներկայացուցիչները՝ Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմունքներով գտնվելու ժամկետում.

ժա) Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցող, փախստականի կարգավիճակ ունեցող եւ ՀՀ-ում ապաստան ստացած օտարերկրյա քաղաքացիներն ու քաղաքացիություն չունեցող անձինք` կացության ժամկետը չգերազանցող ժամանակահատվածով.

ժբ) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափանիշներին համապատասխանող բարձր որակավորում ունեցող օտարերկրացիները.

ժգ) տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների, դժբախտ պատահարների, հրդեհների եւ արտակարգ բնույթ կրող այլ դեպքերի կանխարգելման կամ դրանց հետեւանքների վերացմանն ուղղված աշխատանքներին մասնակցելու նպատակող ժամանած անձիք՝ այդ աշխատանքներում մասնակցելու ամբողջ ժամանակահատվածի ընթացքում՝ Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմունքներով գտնվելու ժամկետում.

ժդ) համատեղ քննվող գործերով հանցագործությունների բացահայտմանն ուղղված աշխատանքներում ներգրավելու նպատակով ժամանած մասնագետները Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմունքներով գտնվելու ժամկետում.

ժե) օտարերկրացի այն մարզիկները, որոնք ունեն պրոֆեսիոնալ կարգավիճակ եւ միաժամանակ կնքում են մարզական գործունեության մասին պայմանագիր, այդ թվում` աշխատանքային պայմանագիր գործատուի հետ.

ժզ) oրենքով սահմանված կարգով զոհի կամ հատուկ կատեգորիայի զոհի կարգավիճակ ունեցող անձինք եւ հատուկ կատեգորիայի զոհի օրինական ներկայացուցիչը.

ժէ) Հայաստանի Հանրապետության համապատասխան միջազգային պայմանագրերի ուժով աշխատանքի թույլտվություն ստանալու պահանջից ազատված օտարերկրացիները.

ժը) օտարերկրացի դատապարտյալները կամ կալանավորված անձինք, ինչպես նաեւ պրոբացիայի շահառու հանդիսացող օտարերկրացիները.

ի) Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատություններում սովորող օտարերերկրացի ուսանողները կրթությունն ավարտելուց հետո 1 տարվա ընթացքում, ինչպես նաեւ համապատասխան միջազգային պայմանագրերի հիման վրա արձակուրդների ժամանակ աշխատանքային փոխանակումների շրջանակներում աշխատանք կատարող ուսանողները.

իա) ազգությամբ հայ այն օտարերկրացիները, որոնց մշտական բնակության օտարերկրյա պետությունում ստեղծվել է այնպիսի արտակարգ իրավիճակ, որը սպառնում է այդ անձանց քաղաքացիների կյանքին կամ առողջությանը, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված օտարերկրացիների հետ գործատուները աշխատանքային (ծառայությունների մատուցման) պայմանագիր են կնքում միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ընթացակարգով:

3. Աշխատանքի թույլտվություն ստանալու բացառությունների ցանկին համապատասխանելու վերաբերյալ եզրակացությունը, ըստ իրավասությունների շրջանակի, տրամադրում է Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան լիազորված պետական մարմինը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով:»:

Հոդված 11. Օրենքի 24-րդ հոդվածի շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 24. Աշխատանքային գործունեության հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակ տալը եւ ժամանակավոր կացության քարտի գործողության ժամկետի երկարաձգումը

1. Սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով կացության կարգավիճակ տալու կամ մերժելու մասին որոշում կայացնում է միգրացիայի բնագավառում լիազորված պետական մարմինը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված ժամկետում:

2. Օտարերկրացու հետ աշխատանքային (ծառայությունների մատուցման) պայմանագիրը լուծվելու դեպքում օտարերկրացին կարող է Հայաստանի Հանրապետությունում այլ գործատուի հետ կնքել աշխատանքային (ծառայությունների մատուցման) պայմանագիր Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված կարգով:

3. Սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով տրամադրված ժամանակավոր կացության քարտի գործողության ժամկետը երկարաձգում է միգրացիայի բնագավառում լիազորված պետական մարմինը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

4. Աշխատանքի թույլտվության մեջ նշվում են այն աշխատանքը, որը պետք է կատարի օտարերկրացին, եւ այն գործատուն, որի մոտ նա անցնում է աշխատանքի: Աշխատանքի թույլտվություն ստացած օտարերկրացուն ժամանակավոր կացության կարգավիճակ տրվում կամ դրա ժամկետը երկարաձգվում է աշխատանքի թույլտվության մեջ նշված ժամկետով:

Հոդված 12. Օրենքի 25-րդ հոդվածի «ա» կետում «աշխատանքը» բառից հետո լրացնել «, ներառյալ այն դեպքերը, եթե աշխատատեղը հնարավոր է համալրել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներով»:

Հոդված 13. Օրենքի 26-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 14. Օրենքի 27-րդ հոդվածի՝

1) 1-ին մասում «աշխատանքի թույլտվության վավերականության ժամկետով» բառերը փոխարինել «սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով տրամադրված կացության կարգավիճակի ժամկետը չգերազանցող ժամկետով:»:

2) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել,

3) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Օտարերկրացու հետ աշխատանքային (ծառայությունների մատուցման) պայմանագիրը կնքելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում գործատուն դրա էլեկտրոնային տարբերակը, բացառությամբ առեւտրային գաղտնիք համարվող տեղեկությունների, մուտքագրում է միասնական էլեկտրոնային հարթակ՝ հաշվառման համար: Աշխատանքային (ծառայությունների մատուցման) պայմանագրի եւ դրանում կատարվող փոփոխությունների վերաբերյալ վիճակագրական ամփոփ տեղեկությունները միգրացիայի բնագավառում լիազորված պետական մարմինը պարբերաբար տեղադրում է իր պաշտոնական ինտերնետային կայքէջում:»:

Հոդված 15. Օրենքի 28-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 28. Աշխատանքային գործունեության հիմքով տրամադրված ժամանակավոր կացության կարգավիճակն ուժը կորցրած ճանաչելը.

1. Միգրացիայի բնագավառում լիազորված պետական մարմինն ուժը կորցրած է ճանաչում սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով տրամադրված ժամանակավոր կացության կարգավիճակը եթե՝

ա) սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալու պահից 15 աշխատանքային օրվա ընթացքում օտարերկրացու հետ չի կնքվել աշխատանքային (ծառայությունների մատուցման) պայմանագիր.

բ) օտարերկրացու կողմից ներկայացված դիմումի հիման վրա.

գ) օտարերկրացին դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտվել է ազատազրկման կամ սույն օրենքով սահմանված կարգով արտաքսվել է Հայաստանի Հանրապետությունից:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակն ուժը կորցրած ճանաչելու դեպքում միգրացիայի բնագավառում լիազորված պետական մարմինը միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով ծանուցում է օտարերկրացուն եւ վերջինիս գործատուին որոշման կայացման պահից 1 աշխատանքային օրվա ընթացքում:»:

Հոդված 16. Օրենքի 29-րդ հոդվածի՝

1) 1-ին մասում «գործատուին տրամադրվել է աշխատանքի թույլտվություն» բառերը փոխարինել «օտարերկրացուն սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով տրամադրվել է ժամանակավոր կացության կարգավիճակ» բառերով,

2) 2-րդ մասը շարադրել հետեւյալ բովանդակությամբ.

«2. Միգրացիայի բնագավառում լիազորված պետական մարմինն անվճար խորհրդատվություն է տրամադրում գործատուներին եւ օտարերկրացիներին միասնական էլեկտրոնային հարթակը կիրառելու վերաբերյալ:»:

Հոդված 17. Օրենքի 29.1-րդ հոդվածի՝

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ բովանդակությամբ.

«1. Սույն օրենքով սահմանված աշխատանքի թույլտվության եւ դրա հիման վրա ժամանակավոր կացության կարգավիճակի տրամադրումը կանոնակարգող նորմերի իրականացման նկատմամբ պետական հսկողություն եւ վերահսկողություն իրականացնող մարմինները, ըստ իրավասությունների շրջանակի, որոշվում են սույն օրենքով:».

2) 2-րդ մասում «ոստիկանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմին» բառերը փոխարինել «ոստիկանության եւ միգրացիայի բնագավառներում կառավարության լիազորված պետական մարմիններով» բառերով:

Հոդված 18. Օրենքը լրացնել 29.2 հոդվածով հետեւյալ բովանդակությամբ

«Հոդված 29.2. Օտարերկրացու մահվան դեպքում հուղարկավորության կազմակերպումը

Աշխատանքային (ծառայությունների մատուցման) պայմանագրի գործողության ժամանակահատվածում աշխատանքային պարտականությունների կատարմամբ պայմանավորված, ինչպես նաեւ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով օտարերկրացու մահվան դեպքում գործատուն հոգում է նրա դին ծագման պետություն տեղափոխելու հետ կապված ծախսերը: Տեղափոխման անհնարինության դեպքում հուղարկավորումը կատարվում է Հայաստանի Հանրապետությունում օտարերկրացու ընտանիքի անդամների գրավոր համաձայնությամբ: Հուղարկավորության կազմակերպումը ստանձնողներ չլինելու դեպքում հուղարկավորությունը կատարվում է «Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստան Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածով սահմանված կարգով:

Հոդված 19. Օրենքի 30-րդ հոդվածի՝

1) «դ» կետի «21-րդ հոդվածում» բառերը փոխարինել «21-րդ հոդվածի ա)-դ) կետերում» բառերով.

2) «դ» կետից հետո լրացնել «ե» կետ՝ հետեւյալ բովանդակությամբ. «ե) սույն օրենքի 28-րդ հոդվածում սահմանված հիմքով տրամադրված ժամանակավոր կացության կարգավիճակն ուժը կորցրած է ճանաչվել կամ լրացել է սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետով սահմանված հիմքով տրամադրված ժամանակավոր կացության կարգավիճակի ժամկետը:»:

3) Լրացնել 3-րդ մաս՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Սույն հոդվածի 1-ին մասի «ե» կետում նշված կետի դեպքում օտարերկրացին պարտավոր է 15 աշխատանքային օրվա ընթացքում կամավոր հեռանալ Հանայաստանի Հանրապետության տարածքից, իսկ այդ ընթացքում Հայաստանի Հանրապետությունում գտնվելու համար նրա նկատմամբ չի կարող կիրառվել վարչական պատասխանատվության միջոց:»:

Հոդված 20. Օրենքը լրացնել 42.1 հոդվածով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 42.1. Միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով օտարերկացիների եւ գործատուների վերաբերյալ հավաքագրվող անձնական տվյալների պաշտպանությունը

1. Սույն օրենքի հիման վրա օտարերկրացուն աշխատանքի թույլտվություն, կացության կարգավիճակ, օրինական բնակությունը հաստատող տեղեկանք կամ աշխատանքի թույլտվություն ստանալու բացառությունների ցանկին համապատասխանելու վերաբերյալ եզրակացություն տրամադրելու նպատակով միասնական էլեկտրոնային հարթակ մուտքագրվում են օտարերկրացու անձը հաստատող փաստաթղթի տվյալները (փաստաթղթի տեսաներածված պատճենը, անհրաժեշտության դեպքում՝ նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությունը), լուսանկար, գործատուի կողմից ներկայացվող որակավորման կամ կրթական պահանջին համապատասխանությունը հաստատող փաստաթղթերը, աշխատանքային ինքնակենսագրությունը, հանրային ծառայությունների համարանիշը (առկայության դեպքում), հասցեն, էլեկտրոնային փոստի հասցեն, հետախոսահամարը: Բնակության նպատակով օտարերկրացու հետ Հայաստանի Հանրապետության տեղափոխվող ընտանիքի անդամների դեպքում սույն կետում նշված տեղեկությունները մուտագրվում են նաեւ օտարերկրացու ընտանիքի անդամների համար:

2. Միասնական էլեկտրոնային հարթակով գործատուն հայտ ներկայացնելիս մուտքագրում է գործատուի անվանումը, կազմակերպաիրավական տեսակը, հարկ վճարողի հաշվառման համարը կամ հանրային ծառայությունների համարանիշը, հասցեն, էլեկտրոնային փոստի հասցեն, հետախոսահամարը, գործատուի անունից դիմողի անունը, ազգանունը, նույնականացման քարտի տվյալները եւ պաշտոնը, համալրվող թափուր պաշտոնի նկարագիրը, աշխատավարձի չափը, աշխատանքի այլ պայմանները:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով օտարերկրացու վերաբերյալ կարող են պահանջվել լրացուցիչ տեղեկություններ, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված գործառույթներն իրականացնելիս պետական լիազոր մարմի մոտ առաջանում է առերեւույթ ողջամիտ կասկած կամ ենթադրություն, որ ի հայտ են եկել կամ կարող են ի հայտ գալ օտարերկրացուն կացության կարգավիճակ տրամադրելը մերժելու, կարգավիճակն անվավեր կամ ուժը կորցրած ճանաչելու, արտաքսելու կամ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու անհնարինության հիմքեր:

4. Միասնական էլեկտրոնային հարթակով հավաքագրված անձնական տվյալները հավաքագրվում եւ մշակվում են միգրացիայի բնագավառում լիազորված պետական մարմնի կողմից:

5. Միգրացիայի բնագավառում լիազորված պետական մարմինը, ըստ իրավասությունների շրջանակի, ապահովում է օտարերկրացու եւ գործատուի վերաբերյալ տվյալների հասանելիություն այլ լիազոր մարմինների, այդ թվում՝ ազգային անվտանգության, ոստիկանության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի, արտաքին գործերի բնագավառների լիազորված պետական մարմիններին սույն օրենքով իրենց վերապահված գործառույթներն իրականացնելու նպատակով:

6. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված ժամկետներում օտարերկրացու աշխատանքային գործունեությունը թույլատրելու գործընթացում իր անմիջական գործառույթներին իրականացնելուց հետո միգրացիայի բնագավառում լիազորված պետական մարմինն արգելափակում է պետական մարմինների հասանելիությունն օտարերկրացու կամ նրա գործատուի վերաբերյալ տեղեկություններին:

7. Օտարերկրացու վերաբերյալ տեղեկությունը, ներառյալ օրենքով գաղտնիք համարվող տեղեկությունները, փոխանակվում են պետական մարմինների միջեւ միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով:

8. Արգելվում է օտարերկրացու կամ նրա գործատուի վերաբերյալ տեղեկություններն օգտագործել, հավաքագրել, պահպանել այլ նպատակներով, քան անհրաժեշտ է լիազորված պետական մարմնին սույն օրենքով նախատեսված իր գործառույթներն իրականացնելու համար:»:

Հոդված 21. Անցումային եւ եզրափակիչ դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից: Օրենքն ընդունվելուց հետո կառավարությունը հաստատում է օրենքով նախատեսված ենթաօրենսդրական ակտերը: Այս դրույթը ուժի մեջ է մտնում օրենքի հրապարակմանը հաջորդող օրվանից: Կառավարության կողմից հաստատված ենթաօրենսդրական ակտերը ուժի մեջ են մտնում 2022 թվականի հունվարի 1-ից;

2. Միասնական էլեկտրոնային հարթակը գործարկվում է 2022 թվականի հունվարի 1-ից: Մինչեւ մասնական էլեկտրոնային հարթակի գործարկումը աշխատանքի թույլտվության եւ ժամանակավոր կացության կարգավիճակները շարունակում են տրվել «Օտարերկրացիների մասին» մինչեւ 2022թվականի հունվարի 1-ի գործող խմբագրությամբ օրենքով եւ դրա հիման վրա ընդունված ենթաօրենսդրական ակտերով սահմանված կարգով:

3. Գործատուները պարտավոր են «Օտարերկրացիների մասին» օրենքի 22.1-րդ հոդվածում նախատեսված միասնական էլեկտրոնային հարթակում լրացնել համապատասխան հայտ իրենց մոտ մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը աշխատանքային (ծառայությունների մատուցման) պայմանագրի հիման վրա աշխատող օտարերկրացիների առկայության մասին մինչեւ 2021 թվականի սեպտեմբերի 1-ը, բացառությամբ այն օտարերկրացիների, որոնց համար ժամանակավոր կացության կարգավիճակ չի պահանջվում:

4. Մինչեւ «Օտարերկրացիների մասին» օրենքով նախատեսված միասնական էլեկտրոնային հարթակի ստեղծումը ներկայացված աշխատանքի թույլտվության դիմումները, որոնց վերաբերյալ որոշում չի ընդունվել, ըստ վարչական ենթակայության իրավասու մարմինների կողմից ուղարկվում են միգրացիայի բնագավառում լիազորված պետական մարմին սույն օրենքով սահմանված կարգով ընթացք տալու համար:

5. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դիմումները ստանալու դեպքում միգրացիայի բնագավառում լիազորված պետական մարմինն իրավասու է օտարերկրացուց պահանջել սույն օրենքով եւ դրա հիման վրա ընդունված ենթաօրենսդրական ակտերով պահանջվող, սակայն չներկայացված փաստաթղթերը, որոնք ամբողջությամբ ստանալու պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում ըստ համապատասխան կատեգորիայի օտարերկրացի աշխատողների, օտարերկրացուն տրամադրում է համապատասխան ժամանակվոր կացության քարտ, եթե առկա չեն «Օտարերկրացիների մասին» օրենքով սահմանված' կացության կարգավիճակ տալը մերժելու հիմքերը:   

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ


1. Անհրաժեշտությունը

Սույն օրենքի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների աշխատանքի ընդունելու համար միասնական էլեկտրոնային հարթակի ստեղծմամբ, ինչի արդյունքում գործատուները օտարերկրյա աշխատողներին աշխատանքի են ընդունելու եւ աշխատանքի թույլտվությունը ստանալու են միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով: Բացառություններ են նախատեսված միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի թույլտվությունից ազատված օտարերկրացիների եւ աշխատանքի թույլտվությունից բացառություն հանդիսացող օտարերկրացիների համար, որոնց մասին տվյալները եւս մուտքագրվելու են միասնական էլեկտրոնային հարթակ: Այս գործընթացը թույլ է տալու ունենալու հստակ վիճակագրություն Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի անցած օտարերկրացիների մասին, ավելի արդյունավետ կերպով վերահսկելու գործատուների կողմից օտարերկրացիներին աշխատանքի ընդունելու գործընթացը: Միաժամանակ փոփոխվել է «աշխատանքի թույլտվություն» հասկացությունը, որն իրենից ներկայացնելու է լիազոր պետական մարմնի կողմից տրվող էլեկտրոնային թույլտվություն, ինչի հիման վրա օտարերկրացին ստանալու է ժամանակավոր կացության կարգավիճակ: Ժամանակավոր կացության կարգավիճակ են ստանալու նաեւ աշխատանքի թույլտվություն ստանալու բացառություն կազմող օտարերկրացիները: Ժամանակավոր կացության կարգավիճակ չեն ստանալու ԵԱՏՄ քաղաքացիները, որոնք ստանալու են միայն բնակության օրինականությունը հաստատող տեղեկանք, եթե նախատեսում են Հայաստանի Հանրապետությունում գտնվել եւ աշխատել 180-ը գերազանցող ժամանակահատվածով: Այդուհանդերձ, ԵԱՏՄ քաղաքացիներն իրենց ընտրությամբ եւս կարող են ստանալ ժամանակավոր կացության կարգավիճակ, եթե ունեն նման ցանկություն: Աշխատանքի թույլտվության, դրանից բացառությունների եւ միջազգային պայմանագրով Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի թույլտվությունից ազատված քաղաքացիներին տրամադրվող փաստաթղթերը տրամադրելու եւ մերժելու իրավասությունը վերապահվում է միգրացիայի բնագավառում լիազորված պետական մարմնին:

Բացի այդ, ընդլայնվելու է եւ որոշակի փոփոխության է ենթարկվելու աշխատանքի թույլտվությունից ազատված օտարերկրացիների ցանկը: Ընդ որում, որոշ դեպքերում օատարերկրացիները կարող են աշխատել նաեւ միայն մուտքի վիզայի հիման վրա, օրինակ՝ մինչեւ 21 օր Հայաստանի Հանրապետությունում գտնվելու դեպքում համերգային, մշակութային իրադարձությունները սպասարկելու տեխնիկական անձնակազմը, կատարողները եւ այլն:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

Օտարերկրացիների աշխատանքային ոլորտում ներկայումս առկա է հետեւյալ իրավիճակը`

Մի շարք միջազգային (Աշխատանքի Միջազգային Կազմակերպության, ՄԱԿ-ի միգրացիոն գործակալության) եւ տեղական կազմակերպությունների կողմից ինչպես նաեւ ՀՀ միգրացիոն ծառայության կողմից վեր են հանվել հետեւյալ խնդիրները,

ա. բացակայում է օտարերկյա քաղաքացիների աշխատանքային թույլտվություն տալու եւ հաշվառելու միասնական համակարգը.

բ. հստակ չեն օտարերկրացի աշխատողի եւ գործատուի ստուգման չափանիշները եւ գործընթացները

գ. հստակ չեն աշխատանքի թույլտվության հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակ ստացած օտարերկրյա քաղաքացու ընտանիքի անդամների հետ կապված իրավահարաբերությունները,

դ. տարընթերցման տեղիք է տալիս օտարերկրյա քաղաքացուն աշխատելու թույտվություն տալու, մերժելու հիմքերը, կամ անվտանգության ստուգման հետ կապված խնդիրներ:

ե. օտարերկրացու աշխատանքային իրավունքների պաշտպանության հետ կապված հարաբերությունները, աշխատանքի վայրում նրա մահվան դեպքում ծախսերի բաշխման եւ այլ խնդիրների լուծման եղանակները ընդհանրապես բացակայում են:

3.Կարգավորման նպատակը եւ բնույթը

Նախագածի նպատակն է

Գործող օրենքը եւ ենթօրենսդրական ակտերը համապատախանեցնել միջպետական պայմանգրերին:

սահմանել աշխատողների ընտրության միասնական էլեկտրոնային հարթակ ներդնելու եւ գործարկելու հիմնական դրույթները, եւ դրա հետ կապված,հստակեցնել միգրացիայի բնագավառում լիազորված պետական մարմնի իրավասությունները եւ գործառույթները:

Փոխել աշխատանքի թույլտվություն հասկացությունը, պարզեցնել եւ

տեղափոխել էլեկտրոնային հարթակ՝ աշխատանքի թույլտվություն տրամադրելու ձեւը եւ կարգը:

Նախագծով նախատեսվում են հետեւյալ հիմնական փոփոխությունները՝

Ներդրվել է աշխատողների ընտրության միասնական էլեկտրոնային հարթակ, որը հնարավորություն է տալիս մի քանի պետական մարմինների միաժամանակյա հասանելիություն ապահովել, ունենալ վիճակագրություն, թույլ չտալ աշխատանքային իրավունքների ոտնահարումներ, չարաշահումներ, վերահսկել աշխատաշուկան:

Փոխվել է աշխատանքի թույլտվություն հասկացությունը, որը դառձել է էլեկտրոնային հարթակում տրվող հաստատաում, որի հիմքով օտարերկրացին ստանում է ժամանակավոր կացության կարգավիճակ:

Սահմանվել է նոր պարզեցված ընթացակարգ՝ օտարերկրացուն Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի թույլտվության հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակ տրամադրելու, հաշվառելու, աշխատանքային պայմանագիր կնքելու հետ կապված, գործող՝ աշխատանի թույլտվությունը գործատուին տրամադրելու փոխարեն:

Կարգավորվել են օտարերացու կողմից աշխատանքի թույտվության հիմքով կացության կարգավիճակ ստանալու դեպքում՝ նրա ընտանիքի անդամների հետ կապված իրավահարաբերությունները եւ երաշխիքները:

Կարգավորվել են օտարերկրացու աշխատանքային իրավունքների պաշտպանության հետ կապված իրավահաբերությունները:

Կարգավորվել են օտարերկրացու անձնական տվյալների պաշտպանության հետ կապված դրույթներ:

Միաժամանակ, կարգավորվել եւ փոփոխվել են տարբեր տարընթերցման տեղիք տվող հոդվածներ, հստակեցվել միասնական էլէկտրոնային հարթակում աշխատանքային թույտվություն տրամադրելու հարցում պետական լիազոր մարմնի գործառույթները, ինչպես նաեւ դրա հետ կապված Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից մշակվող ենթաօրենսդրական ակտերի ընդունման անհրաժեշտությունը՝ օրենքի կիրարկման եւ իրավահարաբերությունների հստակեցման մասով:

4.Ակնկալվող արդյունքը

Նախագծերի փաթեթով ակնկալվում է ապահովել մեկ միասնական էլեկտրոնային հաշվառման համակարգ ներդնելը, պետության լիազորությունների հստակեցումը, գործատուի կողմից օտարերկրացի աշխատող ընտրելու հստակ համակարգի ներդնումը եւ օտարերկրյա աշխատողի աշխատանքային իրավունքների պաշտպանությունը եւ բարելավումը:

Ինչպես նաեւ պետական մարմինների լիազորությունների հստակեցումը՝ կապված միասնական հարթակում ունեցած հասանալեության եւ ոլորտային գործառույթների հետ:

Հարակից օրենքներ

1. ՀՀ Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը

Նախագծով նախատեսվում է լրացուցիչ պարտավորություն գործատուների համար՝ մասնավորապես օտարերկրացի աշխատողի ընտրության, աշխատանքային պայմանագիր կնքելու եւ աշխատանքային հարաբերությունները դադարեցնելու ամբողջ գործընթացը գործատուն պարտավոր է իրականացնել միայն միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով::

Հետեւաբար, անհրաժեշտություն է առաջանում համապատասխան պարտավորությունների չկատարման համար սահմանել վարչական պատասխանատվություն եւ կատարել համապատասխան փոփոխություններ Հայաստանի Հանրապետության Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում: /Ներկայացվել է կից նախագծով/

2. ՀՀ աշխատանքային օրենագրքում փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը

Նախագծով նախատեսվում է աշխատանքի թույլտվության հիմքով օտարերկրացուն ժամանակավոր կացության կարգավիճակ շնորհելու, այն ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու հիմքերը, ինչպես նաեւ այն դեպքերը, երբ գործատուն պարտավոր է լուծել աշխատանքային պայմանգիրը կամ իրավունք չունի այն կնքելու օտարերկրացի աշխատողի հետ, եթե առկա են աշխատանքի թույլտվության հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակի հետ կապված խնդիրներ:

Հետեւաբար անհրաժեշտություն է առաջացել ՀՀ աշխատանքային օրենգրքում կատարել համապատասխան փոփոխություններ, մասնավորապես լրացնել օտարերկրացի աշխատողի հետ աշխատանքային պայմանգրի լուծման հիմքերը եւ ծանուցան ժամկետները: /Ներկայացվել է կից նախագծով/

3. ՀՀ պետական տուրքի մասին օրենքում փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը

Նախագծով հանվել է աշխատանքի թույլտվությունը, որպես առանձին փաստաթղթի տեսակ, հետեւաբար հանվել է դրա համար նախատեսված պետական տուրքը:

Հետեւաբար անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություն կատարել Պետական տուրքի մասին ՀՀ օրենքում:/Ներկայացվել է կից նախագծով/

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի եւ հարակից օրենքների նախագծերի ընդունման դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում նախատեսվում է եկամուտների նվազեցում՝ պայմանավորված աշխատանքի թույլտվության համար գանձվող պետական տուրքն ուժը կորցրած ճանաչելով:

Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ
Ամփոփաթերթ