Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-952-27.04.2021-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի թիվ ՀՕ-528-Ն քրեական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 84-րդ հոդվածի 8-րդ մասի երկրորդ նախադասությունում «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի» բառերից հետո լրացնել «, ընտրական հանձնաժողովի անդամի» բառերը:

Հոդված 2. Օրենսգրքի 149-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում «վեց ամսից մեկ տարի ժամկետով՝» բառերը փոխարինել «առավելագույնը երեք տարի ժամկետով՝» բառերով,

2) 2-րդ մասը լրացնել նոր՝ 7-րդ կետով.

«7) հանգեցրել են ընտրական տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելուն՝»:

Հոդված 3. Օրենսգրքի 149.1-ին հոդվածում՝

1) վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 149.1. Նախընտրական քարոզարշավին մասնակցելուն կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուն կամ նախընտրական քարոզարշավին մասնակցելուց կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ նախընտրական քարոզարշավին մասնակցելուն կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուն խոչընդոտելը »,

2) 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«1. Նախընտրական քարոզարշավին մասնակցելուն կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուն կամ նախընտրական քարոզարշավին մասնակցելուց կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ նախընտրական քարոզարշավին մասնակցելուն կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուն որեւէ եղանակով խոչընդոտելը՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի յոթհարյուրապատիկից հազարապատիկի չափով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ մեկից երեք տարի ժամկետով:»:

Հոդված 4. Օրենսգիրքը լրացնել նոր՝ 149.2-րդ հոդվածով.

«Հոդված 149.2. Տեղամասային կենտրոնում կամ դրա մուտքի մոտ բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը

«1. Տեղամասային կենտրոնում կամ դրա մուտքի մոտ բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Նույն արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ կազմակերպված խմբի կողմից՝

պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ մեկից երեք տարի ժամկետով կամ առանց դրա:»:

Հոդված 5. Օրենսգրքի 154.2-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասում «պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհազարհինգհարյուրապատիկից երեքհազարապատիկի չափով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ երեքից հինգ տարի ժամկետով:» բառերը փոխարինել «պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով:» բառերով,

2) 3-րդ մասում «հինգ» բառը փոխարինել «վեց» բառով,

3) 5-րդ մասում «ծառայություններ մատուցելը (խոստանալը) կամ» բառերից հետո լրացնել «որեւէ այլ անձի կողմից» բառերը, իսկ «պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով» բառերը փոխարինել «պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից երեքհազարապատիկի չափով կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ՝ երկուսից չորս տարի ժամկետով» բառերով,

4) լրացնել նոր՝ 5.1 մաս.

«5.1. Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված արարքը,

1) որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ կազմակերպված խմբի կողմից,

2) որը կատարվել է երկու կամ ավելի անձի նկատմամբ՝

3) որի դեպքում անհատույց կամ արտոնյալ պայմաններով տրված (խոստացված) դրամը կամ տրված (խոստացված) սննդամթերքի, արժեթղթերի, ապրանքների կամ մատուցված (խոստացված) ծառայության արժեքը գերազանցել է նվազագույն աշխատավարձի տասնապատիկը՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով:»:

Հոդված 6. Օրենսգիրքը լրացնել նոր 154.10-րդ հոդվածով.

«Հոդված 154.10. Ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) կամ թեկնածուի վերաբերյալ կեղծ տեղեկություններ հրապարակելը

1. Ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) կամ թեկնածուի վերաբերյալ տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների միջոցով նույնականացման ոչ ենթակա աղբյուրի միջոցով վարկանիշը էապես վնասելու նպատակով կեղծ տեղեկություններ հրապարակելը, որը կատարվել է՝

1) շահադիտական նպատակներով,

2) մի խումբ անձանց կողմից՝ նախնական համաձայնությամբ

3) վարչական ռեսուրսի օգտագործմամբ,

4) երկու կամ ավելի նույնականացման ոչ ենթակա աղբյուրի միջոցով՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երկուհազարապատիկի չափով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հազարհինգյուրապատիկից երեքհազարապատիկի չափով:

3. Սույն հոդվածով նույնականացման ոչ ենթակա աղբյուր է համարվում համացանցում գրանցված դոմեյն, հոսթինգ ունեցող կայքը կամ համացանցային կայքի կամ հավելվածի օգտահաշիվը կամ ալիքը կամ էջը, որը տնօրինողի նույնականացման տվյալները թաքցված են օգտագործողից (ընթերցողից):»:

Հոդված 7. Օրենսգրքի 161.6-րդ հոդվածի 2-րդ մասում «կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով,» բառերը փոխարինել «կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով» բառերով:

Հոդված 8. Օրենսգրքի 163-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 163. Հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը, հավաքին մասնակցելուն հարկադրելը կամ հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը

1. Հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով կամ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը վեց ամիս ժամկետով:

2. Հավաքին մասնակցելուն հարկադրելը կամ հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով կամ ազատազրկմամբ՝ վեց ամսից մեկ տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

1) բռնություն գործադրելով կամ այն գործադրելու սպառնալիքով,

2) երկու կամ ավելի անձանց նկատմամբ,

3) նախընտրական քարոզարշավի ժամանակահատվածում՝

պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

4. Սույն հոդվածի 1-ին, 2-րդ կամ 3-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողի կողմից իր ծառայողական ենթակայության կամ վերահսկողության ներքո գտնվող հանրային ծառայողի կամ պայմանագրային հիմունքներով աշխատող այլ անձի նկատմամբ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից հինգ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ մեկից երեք տարի ժամկետով:»:

Հոդված 9. Օրենսգրքի 314.1-ին հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 314.1. Պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն կամ պահպանելուն խոչընդոտող տեղեկությունը իրավասու մարմնին չհայտնելը կամ թաքցնելը

Պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն կամ պահպանելուն խոչընդոտող՝ իր այլ երկրի քաղաքացիություն ունենալու մասին տեղեկությունը սահմանված կարգով իրավասու մարմնին չհայտնելը կամ նման տեղեկությունը թաքցնելը՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից հինգ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:»:

Հոդված 10. Եզրափակիչ մաս

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1. Ընթացիկ իրավիճակը եւ նախագծերի ընդունման անհրաժեշտությունը

ՀՀ քրեական օրենսգրքի 149 հոդվածը քրեական պատասխանատվություն է նախատեսում ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու դեպքերի համար, սակայն, այն թերի է: Նախկինում տեղի ունեցած ընտրությունների ժամանակ բազմաթիվ դեպքեր են եղել, երբ մի խումբ անձինք միտումնավոր խոչընդոտել են ընտրական գործընթացը, ինչի արդյունքում տվյալ տեղամասում քվեարկության արդյունքները անվավեր են ճանաչվել, սակայն, այն անձինք, ովքեր խոչընդոտել էին ընտրական գործընթացը, ՀՀ քրեական օրենսգրքի գործող կարգավորումների թերի լինելու պատճառով պատասխանատվության չեն ենթարկվել:

ՀՀ քրեական օրենսգրքի 149.1.-ին հոդվածի ներկայիս խմբագրությամբ քրեական պատասխանատվություն է նախատեսված միայն քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելու համար: Իսկ քարոզչությունը խոչընդոտելու համար փաստացի որեւէ պատասխանատվություն նախատեսված չէ:

Տեղամասային կենտրոնում կամ տեղամասի մուտքի մոտ բռնություն գործադրելու կամ դրա սպառնալիքի համար ներկայումս պատասխանատվություն է նախատեսված միայն այն դեպքերի համար, երբ ինքը՝ միջադեպը անմիջական կապ ունի ընտրական գործընթացի հետ, այսինքն՝ բռնության ենթարկվողը հանձնաժողովի անդամ է, վստահված անձ, դիտորդ կամ լրագրող: Իսկ այն դեպքերում, երբ ուղղակի տեղամասի այցելուներն են իրար միջեւ տեղամասում կռիվ հրահրում, փաստացի կարող են անպատիժ մնալ, չնայած, որ այդ ամենի արդյունքում ընտրությունների բնականոն գործընթացը արդեն իսկ խոչընդոտվել է: Ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) կամ թեկնածուի վերաբերյալ կեղծ տեղեկություններ հրապարակելը ՀՀ քրեական օրենսգրքի ներկա կարգավորումներով որեւէ պատասխանատվություն չի ենթարում, ինչը կուսակցություններին եւ թեկնածուներին դարձնում է անպաշտպան մեդիա ահաբեկչության առջեւ:

ՀՀ քրեական օրենսգրքի ներկա կարգավորումներով հավաքներին մասնակցելուն կամ մասնակցելուց հրաժարվելուն հարկադրելը քրեական պատասխանատվություն է ենթադրում միայն այն դեպքերում, երբ այդ գործողությունը կատարվել է բռնությամբ կամ բռնության սպառնալիքով, իսկ մնացած դեպքերում անձին կարող են հարկադրել հավաքին մասնակցել կամ հրաժարվել հավաքին մասնակցելուց եւ մնալ անպատիժ:

Պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռքբերելուն խոչընդոտող տեղեկությունն իրավասու մարմնին չհայտնելը ներկայումս եւս քրեորեն պատժելի է, սակայն, ձեւակերպումները հստակ չեն եւ հնարավորություն են տալիս նման չարամտություն ունեցող անձանց խուսափել պատասխանատվությունից:

Քվեարկության նախորդ օրը եւ բուն քվեարկության օրը քարոզչություն կատարելը արգելված է «Ընտրական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքով, սակայն, այդ պահանջը խախտելու համար որեւէ պատասխանատվություն նախատեսված չէ: Պատասխանատվություն նախատեսված չէ նաեւ քարոզչություն կատարելու իրավունք չունեցող անձի կողմից քարոզչություն կատարելու դեպքերի համար:

2. Առաջարկվող կարգավորումների բնույթը

ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածում առաջարկվում է պատասխանատվություն նախատեսել բոլոր այն դեպքերի համար, երբ ընտրական գործընթացի խոչընդոտման արդյունքում տեղամասում քվեարկության արդյունքները անվավեր են ճանաչվում: Նախագծով առաջարկվում է նախընտրական քարոզչության խոչընդոտման, տեղամասային կենտրոնում կամ տեղամասի մուտքի մոտ բռնություն գործադրելու կամ դրա սպառնալիքի համար եւս նախատեսել քրեական պատասխանատվություն: Առաջարկվում է ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) կամ թեկնածուի վերաբերյալ կեղծ տեղեկություններ հրապարակելու համար եւս սահմանել քրեական պատասխանատվություն, երբ այդ գործողությունը կատարվել է շահադտական նպատակներով, մի խումբ անձանց կողմից կամ կազմակերպված խմբի կողմից: Այսինքն, անհատի կողմից կեղծ տեղեկություն հրապարակելը այս կարգավորման տիրույթից դուրս է: Հստակեցվում է նաեւ պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռքբերելուն խոչընդոտող տեղեկությունն իրավասու մարմնին չհայտնելու դեպքում քրեական պատասխանատվություն ենթադրող դրույթը: Նույն նպատակով լրացում է նախատեսվում նաեւ «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով առաջարկվում է վարչական տույժ նախատեսել քվեարկության նախորդ օրը եւ բուն քվեարկության օրը քարոզչություն կատարելու, քարոզչություն կատարելու իրավունք չունեցող անձի կողմից քարոզչություն կատարելու դեպքերի համար:

3.Ակնկալվող արդյունքները

Նախագծերի ընդունումը կնպաստի ընտրական գործընթացների օրինականության բարձրացմանը: Նոր կարգավորումների շնորհիվ Հայաստանի Հանրապետությունում անցկացվող ընտրությունները կդառնան ավելի ազատ, արդար եւ մրցակցային:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


«27» ապրիլի 2021թ.
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Հարգելի՛ պարոն Միրզոյան,

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով՝ օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ ««Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն՝ գրությանը կցվում են՝

1) օրենքի նախագծերը.

2) օրենքի նախագծերի ընդունման հիմնավորումը.

3) գործող օրենքներում փոփոխվող եւ լրացվող հոդվածների վերաբերյալ տեղեկանքները:

Խնդրում եմ օրենքի նախագծերը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:


Հարգանքով՝
ՀՀ ԱԺ պատգամավոր
Վահագն Հովակիմյան