Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-9382-16.04.2021-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ոստիկանության մասին» 2001 թվականի ապրիլի 16-ի ՀՕ-177 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածում «ոստիկանությունը» բառից հետո լրացնել «ներքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի ենթակայությամբ գործող» բառերը:

Հոդված 2. Օրենքի 3.1-րդ հոդվածի 2-րդ մասում «վարչապետը» փոխարինել «ներքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի (այսուհետ՝ Լիազոր մարմին) ղեկավարը» բառերով:

Հոդված 3. Օրենքի ամբողջ տեքստում՝

1) «Կառավարությունը» բառերը փոխարինել «Լիազոր մարմնի ղեկավարը» բառերով, բացառությամբ 9-րդ հոդվածի 4-րդ եւ 15-րդ հոդվածի 2-րդ մասերի, 16-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի եւ 40.1-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի.

2) «վարչապետը» բառերը փոխարինել «Լիազոր մարմնի ղեկավարը», բացառությամբ Օրենքի 3.1-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 9-րդ հոդվածի 3-րդ մասի.

3) «ոստիկանության պետի» բառերը փոխարինել «Լիազոր մարմնի ղեկավարի» բառերով, բացառությամբ Օրենքի 22-րդ հոդվածի:

Հոդված 4. Օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ մասը՝

1) «երեք ժամվա ընթացքում» բառերը փոխարինել «անհապաղ» բառով.

2) «գտնվելու վայրի մասին» բառերից հետո լրացնել «, բացառությամբ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված դեպքերի, կարգի եւ ժամկետների:» բառերը:

Հոդված 5. Օրենքի 6-րդ հոդվածի վերնագրում եւ 1-ին մասում «ոստիկանության ուսումնական հաստատությունների» բառերը փոխարինել «Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունների» բառերով:

Հոդված 6. Օրենքի 9-րդ հոդվածը՝

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Ոստիկանության համակարգը բաղկացած է ոստիկանությունից եւ ոստիկանության ենթակայության տակ գտնվող պետական ոչ առեւտրային կազմակերպություններից:».

2) 2-րդ մասում «՝ Երեւան քաղաքի եւ մարզային վարչություններից եւ դրանց ենթակա բաժիններից» բառերը փոխարինել «տարածքային ստորաբաժանումներից» բառերով.

3) 3-րդ մասում «Ոստիկանության պետը» բառերից հետո լրացնել «, Լիազոր մարմնի ղեկավարի համաձայնությամբ,» բառերը:

Հոդված 7. Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի բ) ենթակետը եւ 4-6-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 8. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասը՝

1) 1-ին կետից «առեւտրի» բառը հանել.

2) 2-րդ կետից «, ինչպես նաեւ արդյունաբերական կիրառման պայթուցիկ նյութերի» բառերը հանել:

Հոդված 9. Օրենքի 18-րդ հոդվածը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 10. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի 5-րդ պարբերությունում «այդ մասին» բառերից հետո լրացնել «անհապաղ, սակայն ոչ ուշ քան» բառերը:

Հոդված 11. Օրենքի 22-րդ հոդվածը՝

1) 1-ին մասի 5-րդ կետում «այլ պետության» բառերից առաջ «արտաքսելու կամ» բառերը փոխարինել «Դատարանի որոշման հիման վրա Լիազոր մարմնի հանձնարարությամբ արտաքսելու կամ իրավասու մարմնի դիմումի հիման վրա» բառերը.

2) 1-ին մասի 7-րդ կետի 3-րդ պարբերությունում «ճանապարհային ոստիկանության» բառերից հետո լրացնել «կամ պարեկային ծառայության» բառերը.

3) 8-րդ մասի վերջում լրացնել հետեւյալ նախադասությունները.

«Շարժական տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցները ենթադրյալ հանցանքի կատարման համար հետախուզման մեջ գտնվող անձին նմանության առկայությունն ստուգելու նպատակով կարող են ունենալ դրանց տեսադաշտում հայտնված անձանց դեմքի նույնականացման հնարավորություն: Ենթադրյալ հանցանքի կատարման համար հետախուզման մեջ գտնվող անձի հետ նմանության առկայությունը տեխնիկական միջոցներով իրականացվում է տեխնիկական միջոցների տեսադաշտում հայտնված անձի պատկերն իրական ժամանակում, ինքնաշխատ եղանակով հետախուզման մեջ գտնվող անձանց շտեմարանում առկա տվյալների հետ համադրման միջոցով: Նույնականացման դեպքում տեխնիկական միջոցը տեղեկացնում է ոստիկանության ծառայողին: Սույն մասով նախատեսված դեպքում տեխնիկական միջոցների տեսադաշտում հայտնված անձանց պատկերը չի ամրագրվում, չի պահպանվում կամ այլ կերպ չի մշակվում:»

Հոդված 12. Օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում «փոխարինող անձի» բառերից հետո լրացնել «կամ պարեկային ծառայության պետի» բառերը:

Հոդված 13. Օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետում եւ 31-րդ հոդվածի 2-րդ մասի ա) կետում «ռետինե» բառը հանել:

Հոդված 14. Օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի 3-րդ պարբերությունում «տեղյակ է պահում» բառերից հետո լրացնել «Լիազոր մարմնի ղեկավարին եւ» բառերը:

Հոդված 15. Օրենքի 40.1-րդ հոդվածի 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 16. Եզրափակիչ եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Հանրապետության նախագահի՝ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար նշանակելու մասին հրամանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից, բացառությամբ սույն օրենքի 7-րդ եւ 15-րդ հոդվածների:

2. Սույն օրենքի 7-րդ եւ 15-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության պաշտոնների անվանացանկը հաստատելու օրվան հաջորդող տասներորդ օրը:

3. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելն ընդունված իրավական ակտերը շարունակում են գործել մինչեւ դրանք ընդունած մարմնի կամ վերադաս մարմնի կողմից ուժը կորցրած ճանաչելը կամ նոր իրավական ակտերն ընդունվելը:

4. Վարչապետը սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում հաստատում է Ոստիկանության կանոնադրությունն ու աշխատողների քանակը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն