Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-936-16.04.2021-ԳԿ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-297-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.11-րդ եւ 1.12-րդ կետերով.

«1.11) ուսուցման ազգային ռեեստր՝ ուսումնական ծրագրերի ու ոչ ֆորմալ եւ ինֆորմալ ուսուցման արդյունքների գնահատման ու ճանաչման գործընթաց իրականացնողների եւ մասնակիցների տվյալների ազգային շտեմարան, որը ձեւավորվում է մասնագիտացված ու գնահատված ուսուցումներ իրականացնելու, ոլորտի շահառուների համագործակցության հնարավորություններն ընդլայնելու, արդյունավետությունը բարձրացնելու, ինչպես նաեւ ծառայությունների մասին տեղեկատվությունը թափանցիկ եւ մատչելի դարձնելու նպատակով.

1.12) ոչ ֆորմալ եւ ինֆորմալ ուսուցման արդյունքների գնահատումը եւ ճանաչումը՝ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից անձի կարողությունների եւ սահմանված որոշակի չափանիշների համապատասխանության փաստը հավաստելու գործընթաց է: Անձի փաստացի կարողությունները նրա նվաճած ուսումնառության արդյունքները եւ (կամ) որոշակի գիտելիքները, կարողությունները, ընկալումներն ու հմտություններն են՝ անկախ դրանք ձեռք բերելու եղանակից, իսկ համեմատելի չափանիշները որոշակի մասնագիտական չափորոշչի ուսումնառության արդյունքները, զբաղմունքի նկարագիրը կամ որոշակի կարողությանը ներկայացվող պահանջներ են.»:

Հոդված 2. Օրենքի 26-րդ հոդվածը՝

1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-րդ, 3.2-րդ, 3.3-րդ, 3.4-րդ եւ 3.5-րդ մասերով.

«3.1. Լրացուցիչ կրթություն (ուսուցում) կարող է իրականացնել ցանկացած իրավաբանական եւ (կամ) ֆիզիկական անձ, որը կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով գրանցվել է ուսուցման ազգային ռեեստրում: Մասնագիտական ուսումնական հաստատություններն իրենց հավատարմագրված մասնագիտությունների շրջանակներում կարող են ուսուցման ազգային ռեեստրում գրանցվել առանց նախապայմանների:

3.2. Ուսուցման ազգային ռեեստրում գրանցված իրավաբանական եւ ֆիզիկական անձանց կողմից իրականացվող լրացուցիչ կրթական ծրագիրը երաշխավորում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը՝ սույն հոդվածի 3.3-րդ մասով ընտրված կազմակերպության անկախ փորձագետների մասնագիտական եզրակացության հիման վրա:

3.3. Լրացուցիչ կրթական ծրագրերի կազմակերպման եւ իրականացման գործընթացը համակարգում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով ընտրված կազմակերպությունը: Ուսուցման գործընթացը կազմակերպելու նպատակով կազմակերպությունն իրականացնում է՝

1) պատվիրատուի եւ (կամ) մասնակցի կարիքի գնահատում, պատվերի հստակեցում.

2) իրականացնող կազմակերպության (եւ կամ անհատի) ընտրություն.

3) լրացուցիչ կրթական ծրագրի փորձաքննություն.

4) մշտադիտարկում:

3.4. Սույն հոդվածի 3.2-րդ մասով սահմանված հիմքերով իրականացված լրացուցիչ կրթական ծրագրի այն մասնակցին (ունկնդրին), որը ձեռք է բերել մոդուլային ծրագրով սահմանված ուսումնառության արդյունքները, շնորհվում է պետական նմուշի միանական փաստաթուղթ՝ վկայական եւ ներդիր, իսկ ոչ ֆորմալ եւ ինֆորմալ ուսուցման արդյունքների գնահատում եւ ճանաչում անցած անձին՝ հավաստագիր եւ ներդիր:

Վկայականի եւ հավաստագրի ներդիրները համարվում են տվյալ փաստաթղթի անբաժանելի մասը եւ առանց վկայականի կամ հավաստագրի վավեր չէ:

3.5. Լրացուցիչ ուսումնառության վկայականի, վկայականի ներդիրի կամ հավաստագրի, հավաստագրի ներդիրի պատվիրման, բաշխման, լրացման, հաշվառման եւ պահպանման կարգը սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:»,

2) 5-րդ մասում «միասնական նմուշի փաստաթուղթը» բառերից հետո շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«(վկայականը եւ ներդիրը, հավաստագիրը եւ ներդիրը)»:

Հոդված 4. Օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 6.1-րդ կետի «կարգը» բառից հետո շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ներառյալ պետական նմուշի վկայականի եւ դրա ներդիրի ձեւը.»,

2) 6.2-րդ կետի «կարգը» բառից հետո շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ներառյալ պետական նմուշի հավաստագրի եւ դրա ներդիրի ձեւը.»:

Հոդված 5. Օրենքի 37-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9.1-րդ, 9.2-րդ, 9.3-րդ, 9.4-րդ, 9.5-րդ, 9.6-րդ եւ 9.7-րդ մասերով.

9.1) սահմանում է ոչ ֆորմալ եւ ինֆորմալ ուսուցման արդյունքների գնահատման եւ ճանաչման ենթակա մասնագիտությունների ցանկը եւ դրանց ներդման ժամանակացույցը՝ ըստ որակավորման աստիճանների.

9.2) սահմանում է սույն օրենքի 36-րդ հոդվածի 6.1-րդ եւ 6.2-րդ կետերով սահմանված կարգերի գործարկումը համակարգող, կազմակերպող ու օժանդակող կազմակերպության ընտրության կարգը եւ ըստ սահմանված պահանջների ընտրում համապատասխան կազմակերպությունը, որը հանդես է գալիս սոցիալական գործընկերների անունից (պետություն, գործատուներ եւ արհմիություններ).

9.3) հաստատում է ուսուցման ազգային ռեեստրի վարման կարգը եւ ստեղծում ուսուցման ազգային ռեեստրը՝ ընտրված համակարգող կազմակերպության հետ պայմանագրային պատվիրակման հիման վրա.

9.4) սահմանում է լրացուցիչ ուսումնառության վկայականի, վկայականի ներդիրի կամ հավաստագրի, հավաստագրի ներդիրի պատվիրման, բաշխման, լրացման, հաշվառման եւ պահպանման կարգը.

9.5) երաշխավորում է լրացուցիչ կրթության մոդուլային ծրագրերը.

9.6) հաստատում է ոչ ֆորմալ եւ ինֆորմալ ուսուցման արդյունքների գնահատում եւ ճանաչում անցկացնող գնահատողների ցանկը, որը ձեւավորվում է ուսուցման ազգային ռեեստրում գրանցված մասնագետների եւ փորձագետների տվյալներից.

9.7) հաստատում է ոչ ֆորմալ եւ ինֆորմալ ուսուցման արդյունքների գնահատում եւ ճանաչում անցած անձանց ցանկը եւ վավերացնում տրամադրվող հավաստագիրն ու ներդիրը.

9.8) սահմանում եւ հաստատում է ոչ ֆորմալ եւ ինֆորմալ ուսուցման արդյունքների գնահատման հիմքերը, գնահատման կենտրոններին ներկայացվող պահանջները եւ կողմերի իրավահարաբերություններն ապահովող պայմանագրի հիմնական պայմանները.»:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Անհրաժեշտությունը.

«Կրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի ընդունումը բխում է Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորումներից, համաձայն որի «Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր:»

«Կրթության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1.1-1.7-րդ կետերի, 6-րդ հոդվածի 2.1-րդ մասի եւ 26-րդ հոդվածներով օրենքում ամրագրվել է, ոչ ֆորմալ եւ ինֆորմալ կրթության ոլորտը կանոնակարգելու, լրացուցիչ կրթական ծրագրերը (վերապատրաստումները, մասնագիտական ուսուցման դասընթացները, կարճաժամկետ ուսուցումները) կազմակերպելու եւ դրա արդյունքները պետության կողմից ճանաչելու, վկայագրելու հիմքերը:

Ի կատարումն «Կրթության մասին» օրենքի 6-րդ հոդվածի պահանջի՝ ՀՀ կառավարության 2015թ. սեպտեմբերի 10-ին N1062-Ն որոշումով հաստատվել է «Լրացուցիչ կրթական ծրագրերի կազմակերպման եւ իրականացման կարգը» եւ «Ոչ ֆորմալ եւ ինֆորմալ ուսուցման արդյունքների գնահատման եւ ճանաչման կարգը»: Նշված փաստաթղթով կրթության ոլորտի պետական կառավարման լիազորված մարմնին պատվիրակվել է նաեւ սահմանել մի շարք նորմատիվ ակտեր եւ ապահովել համապատասխան գործառույթներ:

2. Խնդիրները եւ կարգավորման նպատակը.

Մինչ սահմանադրական նորմի ուժի մեջ մտնելը որոշ փաստաթղթեր ընդունվել են, իսկ այնպիսին ինչպիսին է օրինակ «Լրացուցիչ ուսումնառության վկայականի, վկայականի ներդիրի կամ հավաստագրի, հավաստագրի ներդիրի պատվիրման, բաշխման, լրացման, հաշվառման եւ պահպանման կարգը» չի կարող հաստատվել առանց օրենսդրական լիազորող նորմի:

Ավելին, եթե ներկայումս անհրաժեշտություն առաջանա փոփոխություն կամ լրացում կատարելու արդեն ընդունված կարգերում եւ ընթացակարգերում, ապա նախարարությունը դա չի կարող ընդունել, քանի որ համաձայն սահմանադրության անցումային դրույթների, մինչ պատվիրակող նորը օրենքով սահմանելը ընդունված ակտերում փոփոխություն չի կարող կատարվել:

Նշվածից պարզ է դառնում, որ Հայաստանը ունենալով ոչ ֆորմալ կրթության եւ դրա արդյունքերի ճանաչման քաղաքականությունը, չի կարող ապահովել ամբողջական գործընթաց առանց ԿԳՄՍ նախարարության կողմից համապատասխան կարգեր ընդունելու լիազորող նորմերը:

Լրացուցիչ կրթական ծրագրերի միջոցով ոչ ֆորմալ կրթության համակարգման, ճանաչման ու պաշտոնական վկայագրման գործընթացը Հայաստանում ներդրվել է որպեսԵՄ-ՀՀ գործընկերության եւ աջակցության ծրագրի նախապայման, ինչպես նաեւ համարվում է ՄԱԿ-ի «Փոխակերպենք մեր երկիրը. Մինչեւ 2030 թվականը կայուն զարգացման օրակարգը» եւ «Կրթություն 2030. Դեպի ներառական եւ արդարացի որակյալ կրթություն ու կրթություն ողջ կյանքի ընթացքում բոլորի համար» Ինչհոնի հռչակագրի հիմնարար պարտավորություններից մեկը:

3. Ակնկալվող արդյունքը.

Օրենսդրական նախաձեռնությամբ հնարավոր կլինի կարգավորել օրենսդրական ճգնաժամը, ամրապնդել լրացուցիչ կրթական ծրագրերի կազմակերպման եւ իրականացման գործընթացներն ու Հայաստանում առավել արդյունավետ իրականացնել ոչ ֆորմալ եւ ինֆորմալ ուսուցման արդյունքների գնահատման, ճանաչման ու վկայագրման (հավաստագրման) ոլորտում ներդրված պետական քաղաքականությունը, ապահովել ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումը:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ

ՊԱՏԳԱՄԱՎՈՐ

14 ապրիլի 2021թ.

Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ
ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Հարգարժան պարոն Միրզոյան,

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածների՝ օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն՝ գրությանը կցվում են՝

ա) նախագիծը (հիմնական զեկուցող՝ Հովհաննես Հովհաննիսյան),

բ) նախագծի ընդունման հիմնավորումը,

գ) գործող օրենքում փոփոխվող հոդվածի մասին տեղեկանքը:

Խնդրում եմ օրենքի նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:


Հարգանքով՝
Հովհաննես Հովհաննիսյան (023)
Մխիթար Հայրապետյան (049)