Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-934-15.04.2021-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-9-Ն սահմանադրական օրենքի 120-րդ հոդվածի 1-ին մասում՝

1. «անդամները» բառից հետո ավելացնել «պարտադիր կերպով պետք է  մոտենան Ազգային ժողովի ամբիոնին եւ բանավոր» բառերը,

2. «պատասխանում են» բառը փոխարինել «պատասխանեն» բառով:

3. «հարցերին» բառից հետո ավելացնել «կամ բանավոր ներկայացնեն հիմնավորում՝ պատգամավորների բանավոր հարցերին բանավոր չպատասխանելու պատճառների մասին» բառերը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
  

  
1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 120-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված է, որ  «Կանոնակարգի 36-րդ հոդվածի 1-ին մասում նշված ժամկետներում գումարվող յուրաքանչյուր հերթական նիստերի չորեքշաբթի օրվա վերջին հիմնական նիստում Կառավարության անդամները պատասխանում են պատգամավորների բանավոր հարցերին»: Սակայն գործնականում Կառավարության անդամները, գտնվելով ԱԺ նիստերի դահլիճում, երբեմն բանավոր չեն պատասխանում պատգամավորների բանավոր հարցերին՝ փոխարենը նիստը վարողի միջոցով առաջարկելով հարցը ներկայացնել գրավոր: Ընդ որում, Կառավարության անդամները շատ հաճախ նույնիսկ չեն ներկայացնում հիմնավորում՝ պատգամավորների ներկայացրած բանավոր հարցերին բանավոր չպատասխանելու պատճառների վերաբերյալ: Արդյունքում խորհրդարանական վերահսկողության իրականացման արդյունավետության տեսանկյունից խնդիր է առաջանում, քանզի «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով սահմանված՝ Կառավարության անդամներին բանավոր հարցերով դիմելու եւ բանավոր պատասխան ստանալու միջոցով են նաեւ պատգամավորները իրականացնում խորհրդարանական վերահսկողություն Կառավարության նկատմամբ: Ավելին,  հասարակության շրջանում հետաքրքրություն ունեցող թեմաների վերաբերյալ պատգամավորների հնչեցրած հարցերին ակնկալվում է ստանալ բանավոր պատասխան կամ բանավոր ներկայացված հիմնավորում՝ հարցերին բանավոր չպատասխանելու պատճառների մասին, քանզի Կառավարության անդամներին գրավոր հարցեր ուղղելու հնարավորություն ԱԺ կանոնակարգն արդեն իսկ սահմանում է:

2. Առաջարկվող լուծումները.

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 120-րդ հոդվածի 1-ին մասի «անդամները» բառից հետո ավելացնել « պարտադիր կերպով պետք է  մոտենան Ազգային ժողովի ամբիոնին եւ բանավոր» բառերը, «պատասխանում են» բառը փոխարինել «պատասխանեն» բառով, «հարցերին» բառից հետո ավելացնել «կամ բանավոր ներկայացնեն հիմնավորում՝ պատգամավորների բանավոր հարցերին բանավոր չպատասխանելու պատճառների մասին» բառերը:

3. Նախագծի ընդունման նպատակը եւ ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ նպատակ ունենք սահմանել պարտադիր պահանջ Կառավարության անդամների համար՝ ԱԺ – Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պարտադիր մոտենալ ԱԺ ամբիոնին եւ բանավոր պատասխանել պատգամավորների հարցերին կամ բանավոր ներկայացնել հիմնավորում՝ պատգամավորների հարցերին բանավոր չպատասխանելու պատճառների մասին: Արդյունքում ակնկալվում է մեծացնել խորհրդարանական վերահսկողության իրականացման արդյունավետությունը:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

ՊԱՐՈՆ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Հարգելի՛ պարոն Միրզոյան,

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային Ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն՝ սույն գրությանը կցվում են.

1) oրենքի նախագիծը (հիմնական զեկուցող՝ Սոֆիա Հովսեփյան),

2) oրենքի նախագծի ընդունման հիմնավորումը,

3) գործող օրենքի փոփոխվող հոդվածի վերաբերյալ տեղեկանքը:

Խնդրում ենք օրենքի նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
 

Հարգանքով՝
 
ԱԺ պատգամավորներ՝
Սոֆիա Հովսեփյան
Թագուհի Թովմասյան
Գոռ Գեւորգյան