Armenian ARMSCII Armenian
Կ-929-09.04.2021-ՊԱ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿԱՄ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ, ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔԻՑ ԿԱՄ ԶՈՐԱՀԱՎԱՔԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ԽՈՒՍԱՓԱԾ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՄԱՆԵՐՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նպատակ ունենալով հնարավորություն ընձեռել Հայաստանի Հանրապետության տնտեսական, սոցիալական, հոգեւոր, մշակութային ոլորտներում զարգացման համար սեփական ավանդը ներդնելու,

հիմքում ունենալով հետպատերազմյան հետեւանքները հնարավորինս մեղմելու եւ դրանով իսկ Հայաստանի Հանրապետության կայուն զարգացումն ապահովելու տեսլականը,

առաջնորդվելով մարդասիրության եւ համերաշխության սկզբունքներով՝

Ազգային ժողովը հայտարարում է համաներում:


ԳԼՈՒԽ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ


Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

1. Սույն օրենքը կարգավորում է սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ 27 տարին լրացած շարքային եւ 35 տարին լրացած պահեստազորի սպայական կազմերի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից խուսափած եւ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին կամ 3-րդ մասով սահմանված՝ ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից խուսափելու հանցանք կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ այդ հանցանքը կատարելու համար դատապարտված արական սեռի քաղաքացիների (այսուհետ՝ անձանց) նկատմամբ համաներում հայտարարելու հետ կապված հարաբերությունները: Սույն օրենքը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ այդ հանցանքը կատարելու համար դատապարտված անձանց նկատմամբ կիրառվում է միայն այն դեպքում, երբ նույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը կատարվել է ռազմական դրության ժամանակ:

ԳԼՈՒԽ 2

ՀԱՄԱՆԵՐՈՒՄ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԸ

Հոդված 2. Համաներում կիրառելու շրջանակները

1. Համաներում հայտարարելով՝ քրեական գործի հարուցումը մերժել, հարուցված քրեական գործի վարույթը կարճել, ինչպես նաեւ չիրականացնել քրեական հետապնդում կամ դադարեցնել քրեական հետապնդումն այն անձանց նկատմամբ, որոնք կարող են մեղադրվել կամ մեղադրվում են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին կամ 3-րդ մասով:

2. Սույն հոդվածի 1-ին մասը կիրառվում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 6-րդ մասի դրույթների պահպանմամբ:

3. Համաներում հայտարարելով՝ պատժից ազատել այն անձանց`

1) որոնք դատապարտվել են ազատությունից զրկելու հետ կապված պատժի.

2) որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, կամ պատժի կրումը հետաձգվել է.

3) որոնք դատապարտվել են ազատությունից զրկելու հետ չկապված պատժի:

4. Համաներում հայտարարելով՝ դադարեցնել պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատված անձանց նկատմամբ իրականացվող վերահսկողությունը:

5. Համաներումը չկիրառել`

1) մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը հետախուզման մեջ գտնվող անձանց նկատմամբ, բացառությամբ այն անձանց, որոնք 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ անձամբ կամովին կներկայանան քրեական հետապնդման մարմիններ, իսկ եթե գործը դատարանի վարույթում է` դատարան.

2) այն անձանց նկատմամբ, որոնց դեպքում վերջին տասը տարվա ընթացքում`

ա. նշանակված պատժաչափը կրճատվել է Հանրապետության նախագահի` ներում շնորհելու մասին հրամանագրի կամ համաներում հայտարարելու մասին օրենքի կամ Ազգային ժողովի համաներման ակտի հիման վրա, եւ որոնք դրանից հետո կարող են մեղադրվել կամ մեղադրվում են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին կամ 3-րդ մասով կամ դատապարտվել են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին կամ 3-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու համար, կամ

բ. պատիժը կրելուց ազատել են Հանրապետության նախագահի` ներում շնորհելու մասին հրամանագրի կամ համաներում հայտարարելու մասին օրենքի կամ Ազգային ժողովի համաներման ակտի հիման վրա, եւ որոնք դրանից հետո կարող են մեղադրվել կամ մեղադրվում են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին կամ 3-րդ մասով կամ դատապարտվել են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին կամ 3-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու համար, կամ

գ. քրեական հետապնդում չի իրականացվել, կամ քրեական հետապնդումը դադարեցվել է համաներում հայտարարելու մասին օրենքի կամ Ազգային ժողովի համաներման ակտի հիման վրա, եւ որոնք դրանից հետո կարող են մեղադրվել կամ մեղադրվում են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին կամ 3-րդ մասով կամ դատապարտվել են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին կամ 3-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու համար.

3) այն անձանց նկատմամբ, որոնք Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին կամ 3-րդ մասով նախատեսված հանցանքը կատարել են մեկ այլ գործով նշանակված՝ պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքով սահմանված փորձաշրջանի ընթացքում:

ԳԼՈՒԽ 3

ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ


Հոդված 3. Օրենքի ուժի մեջ մտնելը

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Հոդված 4. Օրենքի գործողությունը եւ կիրառման ապահովումը

1. Համաներման կիրառման դեպքում դատվածության մարման հարցը լուծվում է օրենքով սահմանված կարգով:

2. Ազատազրկման վայրերում ալկոհոլամոլությունից կամ թմրամոլությունից հարկադիր բուժվող անձանց նկատմամբ համաներումը կիրառվում է բուժման համապատասխան կուրսն անցնելուց հետո:

3. Սույն օրենքի կատարումը վերապահել՝

1) առաջին ատյանի ընդհանուր իրավասության եւ վերաքննիչ քրեական դատարաններին`

ա. այն անձանց նկատմամբ, որոնց վերաբերյալ գործերը առաջին ատյանի ընդհանուր իրավասության կամ վերաքննիչ քրեական դատարանում են, սակայն մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը չեն քննվել, կամ այն անձանց նկատմամբ, որոնց վերաբերյալ գործերը քննվել են, բայց դատավճիռներն օրինական ուժի մեջ չեն մտել,

բ. այն անձանց նկատմամբ, որոնց հանդեպ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, կամ պատժի կրումը հետաձգվել է: Նշված անձանց նկատմամբ սույն օրենքի կիրառման հարցը լուծում է դատարանը` դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի միջնորդության հիման վրա.

2) վերաքննիչ քրեական դատարանին` Հայաստանի Հանրապետության դատարանների կողմից դատապարտված այն անձանց նկատմամբ, որոնք պատիժը կրում են Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս.

3) Վճռաբեկ դատարանին՝ այն անձանց նկատմամբ, որոնց վերաբերյալ գործերով վճռաբեկ բողոքներն ընդունվել են Վճռաբեկ դատարանի վարույթ.

4) քրեական հետապնդման մարմիններին` այն անձանց նկատմամբ, որոնց վերաբերյալ գործերը կամ նյութերը քննում են նշված մարմինները.

5) արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների պետերին` այն անձանց նկատմամբ, որոնք պատիժը կրում են քրեակատարողական հիմնարկներում.

6) արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայությանը՝ այն անձանց նկատմամբ, որոնք`

ա. դատապարտվել են ազատությունից զրկելու հետ չկապված պատժի,

բ. պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվել են, եւ նրանց վարքագծի նկատմամբ իրականացվում է վերահսկողություն:

4. Հետաքննության եւ նախաքննության մարմինների, արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների պետերի, արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության՝ համաներում կիրառելու վերաբերյալ ընդունած որոշումների օրինականության նկատմամբ հսկողությունն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:

5. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված մարմինները համաներման ակտը պետք է կիրառեն սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, բացառությամբ սույն օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետով նախատեսված դեպքերի:

6. Օրինական ուժի մեջ մտած դատական ակտի առկայության դեպքում համաներման կիրառման համար դատապարտյալի համաձայնությունը չի պահանջվում: