Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-905-22.03.2021-ՏՀ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-233-Ն օրենքի (այսուհետ օրենք) 4-րդ հոդվածի՝

2. 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

«ավտոտրանսպորտային միջոցի անձնակազմ՝ ավտովարորդ, կամ ավտոտրանսպորտային միջոցի երկրորդ ավտովարորդ, կամ ավտովարորդի օգնական, որն ուղեկցում է ավտովարորդին՝ որոշակի մանեւրների ժամանակ նրան աջակցելու եւ սովորաբար տրանսպորտային գործողություններին արդյունավետ մասնակցելու համար.

ավտովարորդ՝ ավտոտրանսպորտային միջոցը վարող անձ.

վարելու ժամանակահատված՝ հանգստի կամ ընդմիջման ժամերից հետո մինչեւ հաջորդ ընդմիջման կամ հանգստի ժամը ավտովարորդի ավտոտրանսպորտային միջոցը վարելու կուտակված ժամերը.

շաբաթ՝ երկուշաբթի՝ ժամը 00.00-ից մինչեւ կիրակի՝ ժամը 24.00-ն ընկած ժամանակահատված.

հանգստի ժամանակահատված՝ ցանկացած չընդհատված ժամանակահատված, որի ընթացքում ավտովարորդը կարող է ազատ տնօրինել իր ժամանակը:»

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի՝

1. 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«3. Հայաստանի Հանրապետությունում միջպետական ուղեւորափոխադրումներ իրականացնող միկրոավտոբուսները եւ ավտոբուսները, ինչպես նաեւ թույլատրելի առավելագույն 3,5 տոննա քաշը գերազանցող, ներառյալ՝ կցորդի կամ կիսակցորդի բեռնափոխադրումներ իրականացնող ավտոտրանսպորտային միջոցները պետք է կահավորված լինեն թվային տախոգրաֆով, բացառությամբ՝

1) «Միջազգային ավտոճանապարհային փոխադրումներ կատարող տրանսպորտային միջոցների անձնակազմի աշխատանքի մասին» համաձայնագրի կողմ չհանդիսացող պետություններում հաշվառված տրանսպորտային միջոցների,

2) միջպետական կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնող ավտոտրանսպորտային միջոցների, եթե երթուղու երկարությունը չի գերազանցում 50 կիլոմետրը,

3) 40 կմ/ժ առավելագույն թույլատրելի արագությունը չգերազանցող ավտոտրանսպորտային միջոցների,

4) զինված ծառայությունների, քաղաքացիական պաշտպանության, հրշեջ ծառայությունների եւ հասարակական կարգի պահպանման համար պատասխանատու ուժերի կողմից կամ նրանց հսկողությամբ օգտագործվող ավտոտրանսպորտային միջոցների,

5) 10-ից 17 նստատեղ (ներառյալ ավտովարորդի նստատեղ ունեցող ավտոտրանսպորտային միջոցների, որոնք օգտագործվում են բացառապես ոչ առեւտրային նպատակներով ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնելու համար,

6) ոչ առեւտրային նպատակներով մարդասիրական օգնության համար օգտագործվող ավտոտրանսպորտային միջոցների, որոնք օգտագործվում են արտակարգ իրավիճակների դեպքում կամ փրկարարական աշխատանքներ իրականացնելիս.

7) մասնագիտացված վթարային եւ բժշկական նպատակներով օգտագործվող մասնագիտացված ավտոտրանսպորտային միջոցների.

8) ավտոտրանսպորտային միջոցների, որոնք տեխնիկական զարգացման, վերանորոգման կամ պահպանման նպատակներով ենթարկվում են ավտոճանապարհային փորձարկումների, ինչպես նաեւ նորաստեղծ կամ վերակառուցված ավտոտրանսպորտային միջոցների, որոնք դեռեւս չեն հանձնվել շահագործման,

9) ոչ առեւտրային ապրանքների փոխադրման համար օգտագործվող ավտոտրանսպորտային միջոցների կամ համակցված ավտոտրանսպորտային միջոցների, որոնց թույլատրելի առավելագույն զանգվածը չի գերազանցում 7,5 տոննան,

10) պատմական նշանակություն ունեցող ավտոտրանսպորտային միջոցների, որոնք օգտագործվում են ոչ առեւտրային նպատակներով ուղեւորափոխադրումների եւ բեռնափոխադրումների համար,

11) կոյուղու, ջրհեղեղից պաշտպանության, ջրի, գազի եւ էլեկտրականության հետ կապված ծառայությունների, մայրուղիների պահպանման եւ հսկողության, աղբի հավաքման եւ վերացման, հեռագրային եւ հեռախոսային ծառայությունների, փոստային իրերի փոխադրման, ռադիոյի ու հեռուստատեսության հեռարձակման եւ ռադիոյի ու հեռուստատեսության հաղորդիչների եւ ընդունիչների հայտնաբերման նպատակով օգտագործվող, ինչպես նաեւ կրկեսի եւ զվարճանքի պարագաներ փոխադրող տրանսպորտային միջոցների,

12) տրանսպորտային միջոցների, որոնք օգտագործվում են գյուղատնտեսությամբ կամ այլ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ընկերությունների կողմից իրենց անձնական ձեռնարկատիրական գործունեության նպատակներով բեռնափոխադրումների համար՝ ընկերության հիմնական վայրից 100 կմ շառավղի սահմաններում:»:

2. 3-րդ մասից հետո լրացնել նոր 4-րդ մաս հետեւյալ բովանդակությամբ.

«4. Թվային տախոգրաֆով կահավորված ավտոտրանսպորտային միջոցներ շահագործող կազմակերպությունները եւ ավտովարորդները պետք է ունենան համապատասխանաբար կազմակերպության եւ ավտովարորդի, իսկ ավտոտրանսպորտային միջոցներում տեղադրված թվային տախոգրաֆների ստուգաչափում իրականացնող արհեստանոցներն՝ արհեստանոցի քարտեր, որոնց ձեւերը եւ տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 3. Օրենքի 27-րդ հոդվածում լրացնել նոր 7-րդ եւ 8-րդ մասեր հետեւյալ բովանդակությամբ.

«7. Ավտոտրանսպորտային միջոցի անձնակազմի վարելու եւ հանգստի ժամանակահատվածները «Միջազգային ավտոճանապարհային փոխադրումներ կատարող տրանսպորտային միջոցների անձնակազմի աշխատանքի մասին» համաձայնագրի պահանջներին համապատասխան պետք է՝

1) օրական վարելու ժամանակահատվածը չգերազանցի 9 ժամը: Օրական վարելու ժամերը կարող են տեւել մինչեւ 10 ժամ, բայց ոչ ավելի, քան շաբաթվա ընթացքում երկու անգամ,

2) միջին շաբաթական վարելու ժամանակահատվածը չի կարող գերազանցել 48 ժամը: Շաբաթվա առավելագույն վարելու ժամանակահատվածը կարող է երկարաձգվել մինչեւ 56 ժամ,

3) երկու հաջորդական շաբաթների ընթացքում կուտակված ընդհանուր վարելու ժամերը չպետք է գերազանցեն 90 ժամը,

4) չորսուկես ժամ վարելուց հետո ավտովարորդը պետք է ունենա առնվազն քառասունհինգ րոպեանոց ընդմիջում, եթե նա չի սկսում հանգստի ժամանակահատվածը: Ընդմիջումը կարող է բաժանվել առնվազն 15 րոպե եւ 30 րոպե ժամանակահատվածների, որից 15 րոպեանոց ընդմիջումը կիրառվում է առաջին չորսուկես ժամը վարելու ընթացքում, իսկ 30 րոպեն՝ չորսուկես ժամը վարելուց հետո,

5) յուրաքանչյուր քսանչորս ժամվա ընթացքում ավտովարորդը պետք է ունենա առնվազն 11 անընդմեջ ժամ ամենօրյա հանգիստ, որը կարող է կրճատվել մինչեւ առնվազն 9 անընդմեջ ժամի՝ մեկ շաբաթվա ընթացքում ոչ ավելի, քան երեք անգամ,

6) օրական հանգստի ժամանակահատվածը ընդմիջման հետ միասին կազմում է 12 ժամ, որը կարող է բաժանվել անընդմեջ 3 ժամ եւ 9 ժամ հանգստի ժամանակահատվածների,

7) ավտովարորդը ունի շաբաթական հանգստ առնվազն 45 ժամ տեւողությամբ: Շաբաթական հանգստի ժամանակահատվածը երկու հաջորդական շաբաթների դեպքում կարող է կրճատվել առնվազն 24 ժամ տեւողությամբ շաբաթական հանգստի այն դեպքում, եթե այն մինչեւ երրորդ շաբաթվա ավարտը փոխհատուցվելու է ոչ պակաս քան 9 ժամ օրական հանգստի ժամանակահատվածով,

8) ավտոտրանսպորտային միջոցը անձնակազմով վարելու դեպքում յուրաքանչյուր ավտովարորդ օրական կամ շաբաթական հանգստի ժամանակահատվածից հետո 30 ժամվա ընթացքում պետք է ունենա նոր՝ առնվազն ինը ժամ տեւողությամբ օրական հանգստի ժամանակահատված:

8. Տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կողմից տրանսպորտային միջոցներում թվային տախոգրաֆի կիրառման պահանջների տեսչական վերահսկողությունն իրականացվում է ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներին եւ կազմակերպություններում:»:

Հոդված 4. Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասը:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից մեկ տարի հետո: