Armenian ARMSCII Armenian
Կ-8602-09.02.2021,17.03.2021-ԱՍ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 47.28-րդ հոդվածով.

«Հոդված 47.28. Անձի ֆունկցիոնալության գնահատման կարգը խախտելը

1. Անձի ֆունկցիոնալության գնահատման կարգը խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչեւ երեսնապատիկի չափով:»:

Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 157.16-րդ հոդվածով.

«Հոդված 157.16. Բնակավայրերի նախագծման ու կառուցապատման, բնակելի, հասարակական արտադրական նշանակության շենքերի եւ շինությունների, տրանսպորտային համակարգերի նախագծման, շինարարության եւ վերակառուցման դեպքում հաշմանդամություն ունեցող անձանց մատչելիության նորմերը չպահպանելը

1. Բնակավայրերի նախագծման ու կառուցապատման, բնակելի, հասարակական արտադրական նշանակության շենքերի եւ շինությունների, տրանսպորտային համակարգերի նախագծման, շինարարության եւ վերակառուցման (հանրային նշանակության շենքերի եւ շինությունների դեպքում՝ նաեւ հիմնանորոգման) դեպքում հաշմանդամություն ունեցող անձանց մատչելիության նորմերը չպահպանելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհիսնապատիկից երեքհարյուրհիսնապատիկի չափով:

2. Տուգանքի նշանակումից հետո՝ մեկ տարվա ընթացքում, սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը կամ չվերացնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով:»:

Հոդված 3. Օրենսգրքի 230-րդ հոդվածը «47.27-րդ,» բառից հետո լրացնել «47.28-րդ,» բառով:

Հոդված 4. Օրենսգրքի 244.11-րդ հոդվածի 1-ին մասը «157.1-157.14-րդ» բառերից հետո լրացնել «եւ 157.16-րդ» բառերով, 2-րդ մասի 1-ին կետը «հարյուրապատիկից բարձր չափով,» բառերից հետո՝ «157.16-րդ հոդվածով նախատեսված դեպքում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով,» բառերով, 2-րդ մասի 2-րդ կետը «հարյուրապատիկի չափով,» բառերից հետո՝ «157.16-րդ հոդվածով նախատեսված դեպքում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհիսնապատիկի չափով,» բառերով:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ 1-ին եւ 3-րդ հոդվածների, որոնք ուժի մեջ են մտնում 2021 թվականի սեպտեմբերի 1-ից: