Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-892-09.03.2021-ՏՏԳԲ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 2-ի հողային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 3-րդ հոդվածի 1-ին կետում «կառավարության սահմանած կարգով» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ մասով սահմանված դեպքերի» բառերը:

Հոդված 2. Օրենսգրքի 7-րդ հոդվածում՝

1. 8-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«8. Հողամասի սեփականատիրոջ նախաձեռնությամբ հողամասի նպատակային նշանակությունը սահմանված կարգով փոփոխելու դեպքում հողամասի սեփականատերը, ըստ գույքի գտնվելու վայրի, համայնքային բյուջե պետք է վճարի հողամասերի կադաստրային արժեքների՝ նպատակային նշանակության փոփոխման պահին առկա տարբերությունը, եթե հողամասի նպատակային նշանակության փոփոխումից հետո դրա կադաստրային արժեքն ավելի բարձր է, քան մինչեւ փոփոխումը:».

2. լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9-16-րդ մասերով.

«9. Սույն հոդվածի 8-րդ մասով նախատեսված վճարման պահանջը չի վերաբերում այն դեպքերին, երբ հողամասի նպատակային նշանակությունը փոփոխվում է ջերմոցային, անասնապահական, թռչնաբուծական, պտուղ-բանջարեղենի սառնարանային պահպանության, գյուղատնտեսական մթերքի վերամշակման տնտեսությունների եւ ձկնաբուծական արհեստական լճակների համար:

10. Հողամասի սեփականատիրոջ նախաձեռնությամբ հողամասի նպատակային նշանակությունը սույն հոդվածի 9-րդ մասում նշված տնտեսությունների կամ շինությունների համար փոփոխելուց եւ հողամասի նկատմամբ փոխված նպատակային նշանակությամբ իրավունքները պետական գրանցում ստանալուց հետո հողամասի սեփականատիրոջ նախաձեռնությամբ 10 տարվա ընթացում ՝

1) հողամասի կամ դրա մասի նպատակային կամ գործառնական  նշանակությունը սույն հոդվածի 9-րդ մասում չնախատեսված այլ տնտեսությունների կամ շինությունների կառուցման եւ սպասարկման համար փոփոխելու դեպքում հողամասի սեփականատերը, ըստ գույքի գտնվելու վայրի, համայնքային բյուջե պետք է վճարի փոփոխումից հետո դրա կադաստրային արժեքի եւ մինչեւ հողամասի նպատակային նշանակությունը սույն հոդվածի 9-րդ մասով նախատեսված տնտեսությունների եւ  շինությունների համար փոփոխելը հողամասի կադաստրային արժեքի առկա տարբերությունը.

2) հողամասում գտնվող շինությունները սույն հոդվածի 9-րդ մասում նշված տնտեսությունների կարիքների կամ վարման հետ չկապված օգտագործման թույլտվություն ստանալու դեպքում, եթե դրա արդյունքում չի փոխվում հողամասի նպատակային կամ գործառնական նշանակությունը, հողամասի սեփականատերը, ըստ գույքի գտնվելու վայրի, համայնքային բյուջե պետք է վճարի հողամասի կադաստրային արժեքի եւ մինչեւ սույն հոդվածի 9-րդ մասով նախատեսված տնտեսությունների եւ շինությունների համար փոփոխելը հողամասի կադաստրային արժեքի առկա տարբերությունը:

Սույն մասով սահմանված 10 տարվա ժամկետի սկիզբ է համարվում սույն հոդվածի 9-րդ մասով նախատեսված տնտեսությունների եւ շինությունների համար հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին տեղական ինքնակառավարման մարմնի որոշումն ուժի մեջ մտնելու օրը:

11. Սույն հոդվածի 10-րդ մասով նախատեսված կադաստրային արժեքների տարբերության վճարման պահանջը առաջանում է, եթե հողամասի նպատակային նշանակությունը ջերմոցային, անասնապահական, թռչնաբուծական, պտուղ-բանջարեղենի սառնարանային պահպանության, գյուղատնտեսական մթերք վերամշակող տնտեսությունների եւ ձկնաբուծական արհեստական լճակների համար փոփոխումից հետո դրա կադաստրային արժեքն ավելի բարձր է, քան մինչեւ փոփոխումը:

12. Սույն հոդվածի 11-րդ մասով սահմանված պահանջը չի կիրառվում այն դեպքերի նկատմամբ, երբ հողամասի սեփականատեր է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունը կամ Հայաստանի Հանրապետության համայնքը:

13. Սույն հոդվածի 8-րդ եւ 10-րդ մասերով նախատեսված դեպքերում իրավունքների պետական գրանցումը մերժվում է, եթե չի ներկայացվում հողամասերի կադաստրային արժեքների տարբերության վճարման անդորրագիրը:

14. Սույն հոդվածի 9-րդ մասով սահմանված դրույթները վերաբերում են նաեւ կառավարության սահմանած կարգով քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերում ինքնակամ կառույցներն օրինականացնելիս հողամասերի նպատակային նշանակությունը փոփոխելու դեպքերին:

15. Ջերմոցային, անասնապահական, թռչնաբուծական, պտուղ-բանջարեղենի սառնարանային պահպանության, գյուղատնտեսական մթերք վերամշակող տնտեսությունների, սպանդանոցների եւ ձկնաբուծական արհեստական լճակների կառուցման համար նախատեսվող հողամասի նպատակային նշանակությունը համարվում է փոփոխված պարզեցված կարգով՝ միայն սեփականատիրոջ հայտի համաձայն համայնքի ավագանու կողմից այդ հողամասի նպատակային նշանակությունը փոխելու եւ համայնքի ղեկավարի կողմից տվյալ հողամասի ճարտարապետահատակագծային առաջադրանքը տրամադրելու մասին սահմանված կարգով կայացված որոշումներն ուժի մեջ մտնելուց եւ հողամասի նկատմամբ փոխված նպատակային նշանակությամբ իրավունքները պետական գրանցում ստանալուց հետո, որն արտացոլվում է հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում եւ ամենամյա հողային հաշվեկշիռներում:

16. Սեփականության կամ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքների պետական գրանցում ստացած հողամասի նպատակային նշանակությունը համարվում է փոփոխված հողամասի նկատմամբ փոխված նպատակային նշանակությամբ իրավունքները պետական գրանցում ստանալու պահից, որն արտացոլվում է հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում եւ ամենամյա հողային հաշվեկշիռներում:»:

Հոդված 3. Օրենսգրքի 64-րդ հոդվածում՝

1) 9-րդ մասի՝

ա. «տվյալ» բառը փոխարինել «վճարման» բառով,

բ. հանել «, բացառությամբ սույն օրենսգրքի 64.1-ին հոդվածով սահմանված դեպքերի» բառերը,

գ. «պետությանը կամ համայնքին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետությանը կամ Հայաստանի Հանրապետության համայնքներին» բառերով.

2) 10-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«10. Սույն հոդվածի 8-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված հողամասերը սեփականության իրավունքով անհատույց ձեռք բերելուց հետո հողամասի գործառնական նշանակությունը բնակելի տան կառուցման եւ սպասարկման համար (այդ թվում՝ բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման համար) փոխելու դեպքում հողամասի սեփականատերը համապատասխան համայնքային բյուջե պետք է վճարի հողամասի գործառնական նշանակությունը փոխելու մասին տեղական ինքնակառավարման մարմնի որոշումն ուժի մեջ մտնելու պահին գործող հողամասի կադաստրային արժեքը:

Սույն կետով նախատեսված դեպքերում հողամասի գործառնական նշանակությունը փոխելը մերժվում է, եթե ձեռք բերողը չի ներկայացնում հողամասի գործառնական նշանակությունը փոխելու մասին տեղական ինքնակառավարման մարմնի որոշումն ուժի մեջ մտնելու պահին գործող հողամասի կադաստրային արժեքի վճարման անդորրագիրը:».

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 10.1-ին մասով.

«10.1. Սույն հոդվածի 8-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված հողամասերը սեփականության իրավունքով անհատույց ձեռք բերելուց հետո շինության նպատակային նշանակությունը բնակելի նշանակության փոխելու դեպքում հողամասի սեփականատերը համապատասխան համայնքային բյուջե պետք է վճարի շինության նպատակային նշանակությունը փոխելու մասին տեղական ինքնակառավարման մարմնի որոշումն ուժի մեջ մտնելու պահին գործող հողամասի կադաստրային արժեքը:

Սույն կետով նախատեսված դեպքերում հողամասի գործառնական նշանակությունը փոխելը մերժվում է, եթե ձեռք բերողը չի ներկայացնում շինության նպատակային նշանակությունը փոխելու մասին տեղական ինքնակառավարման մարմնի որոշումն ուժի մեջ մտնելու պահին գործող հողամասի կադաստրային արժեքի վճարման անդորրագիրը:».

4) 12-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Սույն կետով սահմանված կարգով հողամասի կադաստրային արժեքի վճարումը շինության նպատակային նշանակությունը փոխելու դեպքում հողամասի սեփականատիրոջը ազատում է սույն հոդվածի 10.1-ին կետով սահմանված կադաստրային արժեքի վճարումից՝ անկախ այդ արժեքի փոփոխությունից:»:

Հոդված 4. Օրենսգրքի 66-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասից հանել 2-րդ պարբերությունը.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Սույն օրենսգրքի իմաստով հողամասի (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերի) կադաստրային արժեք է համարվում «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հաշվարկված անշարժ գույքի հարկով հարկման նպատակով հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը:

Գյուղատնտեսական նշանակության հողերի կադաստրային արժեքները հաստատում է կառավարությունը:»:

Հոդված 5. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետում լրացվող 10-րդ մասի դրույթները տարածվում են նաեւ այն հողամասերի նկատմամբ, որոնց նպատակային նշանակությունը 2013 թվականի նոյեմբերի 30-ից մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը ընկած ժամանակահատվածում սեփականատիրոջ նախաձեռնությամբ սահմանված կարգով փոփոխման ժամանակ չի վճարվել հողամասերի կադաստրային արժեքների՝ նպատակային նշանակության փոփոխման պահին առկա տարբերությունը, եթե հողամասի նպատակային նշանակության փոփոխումից հետո դրա կադաստրային արժեքն ավելի բարձր էր, քան մինչեւ փոփոխումը, եւ հողամասի նպատակային նշանակությունը փոփոխումից հետո այդ ժամանակահատվածում կրկին չի փոփոխվել այլ նպատակային նշանակության:

3. Սահմանել, որ մինչեւ 2022 թվականի հունվարի 1-ը Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 9-րդ, 10-րդ եւ 12-րդ մասերով սահմանված դեպքերում հողամասի կադաստրային արժեքի վճարման համար հիմք են հանդիսանում Կառավարության սահմանած չափերը:

4. Սույն հոդվածի 3-րդ մասի  դրույթը տարածվում եւ նաեւ 2021 թվականի հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը

«ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ներկայացումը պայմանավորված է Տարածքային զարգացման եւ շրջակա միջավայրի նախարարական կոմիտեի 2020 թվականի հուլիսի 7-ի նիստի N ԿԱ/131-2020 արձանագրության 1-ին կետի 2-րդ ենթակետի կատարումն ապահովելու հանգամանքով:

1.1. Նախագծի 1-ին հոդվածով հստակեցվում է հողամասի նպատակային նշանակության փոփոխման կարգի հետ կապված պահանջները:

1.2. Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է քաղաքացիների կամ իրավաբանական անձանց սեփականությունը հանդիսացող հողամասերի նպատակային նշանակությունը սեփականատիրոջ նախաձեռնությամբ ջերմոցային, անասնապահական, թռչնաբուծական, պտուղ-բանջարեղենի սառնարանային պահպանության, գյուղատնտեսական մթերք վերամշակող տնտեսությունների եւ ձկնաբուծական արհեստական լճակների համար փոփոխելուց եւ հողամասի նկատմամբ փոխված նպատակային նշանակությամբ իրավունքները պետական գրանցում ստանալուց հետո այդ հողամասի կամ դրա մասի նպատակային կամ գործառնական նշանակությունը սեփականատիրոջ նախաձեռնությամբ սահմանված կարգով այլ տնտեսությունների կամ շինությունների կառուցման եւ սպասարկման համար 10 տարվա ընթացքում փոփոխելու դեպքում փոփոխումից հետո դրա կադաստրային արժեքի եւ մինչեւ հողամասի նպատակային նշանակությունը ջերմոցային, անասնապահական, թռչնաբուծական, պտուղ-բանջարեղենի սառնարանային պահպանության, գյուղատնտեսական մթերք վերամշակող տնտեսությունների եւ ձկնաբուծական արհեստական լճակների համար փոփոխելը ունեցած հողամասի կադաստրային արժեքի առկա տարբերության համայնքային բյուջե մուծելու նոր պահանջով:

1.3. Նախագծի 1-ին, 3-րդ.4-րդ եւ 5-րդ հոդվածներով առաջարկվող փոփոխություններով որոշակիություն է սահմանվում կապված հողամասի նպատակային նշանակության փոփոխման կարգի, «կադաստրային գին» եւ «կադաստրային արժեք» հասկացությունների, կառավարությունը կողմից հողերի կադաստրային արժեքների հաստատման վերաբերյալ

2. Առկա իրավիճակը

Գործող օրենքով՝ քաղաքացիների կամ իրավաբանական անձանց սեփականությունը հանդիսացող հողամասերի նպատակային նշանակությունը սեփականատիրոջ նախաձեռնությամբ ջերմոցային, անասնապահական, թռչնաբուծական, պտուղ-բանջարեղենի սառնարանային պահպանության, գյուղատնտեսական մթերք վերամշակող տնտեսությունների եւ ձկնաբուծական արհեստական լճակների համար օգտագործվող (նախատեսվող) հողամասերի փոփոխելու դեպքում, հողամասի սեփականատերը, կադաստրային արժեքի տարբերությունը չի վճարում եւ առկա չէ հետագայում հողամասը այլ շինությունների կամ տնտեսությունների համար օգտագործելու դեպքում կադաստրային արժեքի տարբերության վճարման պահանջ: Նշված հանգամանքը հողամասի սեփականատիրոջը հնարավորություն է տալիս հողամասի նպատակային նշանակությունը առանց կադաստրային արժեքների տարբերության վճարման փոփոխելուց հետո, որոշ ժամանակ անց, այդ թվում՝ առանց որեւէ շինության կառուցման կամ առանց նշված տնտեսությունները վարելու), կրկին դիմել հողամասի նպատակային նշանակության փոփոխման համար եւ փոփոխելուց հետո հողամասը չօգտագործել ջերմոցային, անասնապահական, թռչնաբուծական, պտուղ-բանջարեղենի սառնարանային պահպանության, գյուղատնտեսական մթերք վերամշակող տնտեսությունների եւ ձկնաբուծական արհեստական լճակների համար, այսինք՝ այն նպատակով, որի համար օրենքով նախատեսված է կադաստրային արժեքների տարբերության վճարման հետ կապված արտոնությունը:

Առաջարկվող փոփոխություններով՝ նախատեսվում է կադաստրային արժեքի տարբերության վճարման պայման սահմանել այն դեպքերի համար, երբ առանց հողամասի կադաստրային արժեքների տարբերության վճարման հողամասի նպատակային նշանակությունը փոխելուց հետո հողամասի սեփականատիրոջ նախաձեռնությամբ նախատեսվում է կրկին փոխել հողամասի նպատակային նշանակությունը կամ շինությունները, առանց դրանց նպատակային նշանակության փոփոխման, թույտվությամբ օգտագործել նշված տնտեսությունների կարիքների կամ վարման հետ չկապված (օրինակ՝ որպես արհեստանոց, տարբեր տիպի արտադրամաս, սպանդանոց, ավտոպարկ եւ այլն):

Նախատեսվում է սահմանել իրավունքի պետական գրանցման մերժման հիմք հողամասի կադաստրային արժեքների վճարի տարբերության վճարված չլինելու դեպքերի համար, ինչպես նաեւ հստակեցվում եւ սահմանվում է քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերում ինքնակամ կառույցներն օրինականացնելիս հողամասերի նպատակային նշանակության փոխելու դեպքում կադաստրային արժեքների տարբերության վճարման հետ կապված հարաբերությունները:

Նախատեսվում է կադաստրային արժեքների տարբերությունների վճարման առաջացման դեպքում փոփոխված նպատակային նշանակության պետական գրանցման իրականացում կադաստրային արժեքների տարբերության անդորրագրի հիման վրա:

3. Կարգավորման նպատակները, ակնկալվող արդյունքը

Նախագծով կարգավորվում է հողամասի նպատակային նշանակության փոփոխման ժամանակ հողամասի կադաստրային արժեքների տարբերությունների վճարման հետ կապված հարաբերությունները:

4. Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը

Նախագիծը մշակվել է Կադաստրի կոմիտեի կողմից:

5. Նորմատիվ բնույթի հիմնավորվածությունը

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջ:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն