Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-890-09.03.2021-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 5-ի վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 114-րդ հոդվածի 6-րդ մասում «եզրափակիչ մասը» բառերից հետո լրացնել «՝բացառությամբ սույն օրենսգրքի 18-րդ գլխով նախատեսված գործերով կայացված դատական ակտերի» բառերը:

Հոդված 2. Օրենսգրքի 18-րդ գլուխը շարադրել նոր խմբագրությամբ.

«Գ Լ ՈՒ Խ  18.

ԳՐԱՎՈՐ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ


Հոդված 116. Գրավոր ընթացակարգի իրականացման կարգը

1.  Վարչական դատարանում գործի գրավոր ընթացակարգով քննությունն իրականացվում է սույն օրենսգրքով նախատեսված գործի քննության ընդհանուր կանոնների համաձայն՝ այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են սույն գլխի դրույթներով:

Հոդված 117. Գրավոր ընթացակարգով քննվող գործերը

1.  Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 123.3-րդ հոդվածով, 123.5-րդ հոդվածի 1-2-րդ մասերով, 123.6-րդ, 124-րդ, 124.3-րդ, 124.4-րդ եւ 124.7-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննությունն իրականացվում է գրավոր ընթացակարգով:

2. Դատավարության մասնակիցների համաձայնության դեպքում վարչական դատարանը կարող է գրավոր ընթացակարգով քննել նաեւ այլ գործեր:

3. Գործը չի կարող քննվել գրավոր ընթացակարգով, եթե՝

1) առկա է դատավարության մասնակիցներին, վկաներին, փորձագետին հարցաքննելու, փորձաքննություն նշանակելու, ապացույցը զննելու կամ դատական հանձնարարություններ տալու անհրաժեշտություն.

2) դատարանը վարույթ է ընդունել հակընդդեմ հայց.

3) առկա է ոչ պատշաճ պատասխանողին փոխարինելու կամ գործի քննությանն այլ անձանց ներգրավելու անհրաժեշտություն.

4) անհրաժեշտ է ձեռնարկել սույն օրենսգրքի 5-րդ հոդվածով նախատեսված գործողություններ, որոնք դատարանի գնահատմամբ չեն կարող իրականացվել գրավոր ընթացակարգով:

Հոդված 118. Գրավոր ընթացակարգ կիրառելու վերաբերյալ վարչական դատարանի որոշումը

1. Վարչական դատարանը գործը գրավոր ընթացակարգով քննելու հարցը լուծում է հայցադիմումը վարույթ ընդունելու որոշմամբ, իսկ սույն օրենսգրքի 117-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում գրավոր ընթացակարգը կարող է կիրառվել նաեւ մինչեւ գործով դատաքննություն նշանակելը առանձին ակտի ձեւով կայացված որոշմամբ:

2. Գրավոր ընթացակարգ կիրառելու վերաբերյալ վարչական դատարանի որոշման մեջ նշվում է գործն ըստ էության լուծող դատական ակտի հրապարակման օրը:

3. Գրավոր ընթացակարգ կիրառելու վերաբերյալ վարչական դատարանի որոշման հետ մեկտեղ դատավարության մասնակցին ուղարկվում է գրավոր պարզաբանում՝ վարչական դատարանի որոշումը ստանալուց հետո կատարման ենթակա գործողությունների՝ այդ թվում վարչական վարույթի բոլոր նյութերը ներկայացնելու, դրանց կատարման ժամկետների եւ չկատարելու հետեւանքների մասին:

Հոդված 118.1. Գրավոր ընթացակարգ կիրառելու վերաբերյալ վարչական դատարանի որոշումն ստանալուց հետո դատավարության մասնակիցների կողմից կատարվող գործողությունները

1. Դատավարության մասնակիցների միջնորդությունները, ինչպես նաեւ նրանց պահանջների եւ առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցները կարող են ներկայացվել գրավոր ընթացակարգ կիրառելու վերաբերյալ վարչական դատարանի որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում:

2. Գրավոր ընթացակարգի շրջանակներում հակընդդեմ հայց կարող է ներկայացվել գրավոր ընթացակարգ կիրառելու մասին վարչական դատարանի որոշումն ստանալու օրվանից երկշաբաթյա ժամկետում:

3. Գրավոր ընթացակարգի շրջանակներում հայցի հիմքը եւ (կամ) առարկան փոփոխելու միջնորդություն կարող է ներկայացվել գրավոր ընթացակարգ կիրառելու մասին վարչական դատարանի որոշումն ստանալու օրվանից երկշաբաթյա ժամկետում:

4. Ելնելով գործի առանձնահատկություններից՝ դատավարության մասնակցի միջնորդությամբ սույն հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված ժամկետները կարող են երկարաձգվել դատարանի որոշմամբ:

Հոդված 118.2. Գործը գրավոր ընթացակարգով քննելու կարգը եւ ժամկետները

1. Գործի քննությունը գրավոր ընթացակարգով իրականացվում է առանց դատական նիստ հրավիրելու, բացառությամբ այն դեպքերի, երբ՝

1) վարչական դատարանը եկել է եզրահանգման, որ անհրաժեշտ է դատավարության մասնակիցներից ստանալ բանավոր պարզաբանումներ գործի լուծման համար նշանակություն ունեցող վկայակոչված հանգամանքների եւ գործում առկա ապացույցների վերաբերյալ.

2) հայցվորը հրաժարվել է պահանջից.

3) կողմերը կնքել են հաշտության համաձայնություն:

2. Վարչական դատարանը գրավոր ընթացակարգով գործի քննության արդյունքում գործն ըստ էության լուծող դատական ակտը կայացնում եւ հրապարակում է գրավոր ընթացակարգ կիրառելու վերաբերյալ որոշում կայացնելու օրվանից չորս ամսվա ընթացքում: Ելնելով գործի առանձնահատկություններից՝ նշված ժամկետը կարող է երկարաձգվել եւս մեկ անգամ` մինչեւ չորս ամիս ժամկետով:

3. Վարչական դատարանը գրավոր ընթացակարգով գործի քննության ընթացքում կարող է փոփոխել դատական ակտի հրապարակման օրը՝ պահպանելով սույն հոդվածի 2-րդ մասի պահանջը?

Հոդված 118.3. Գրավոր ընթացակարգով գործի քննությունը դադարեցնելը

1. Եթե սույն օրենսգրքի 117-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված հանգամանքներն առկա են գրավոր ընթացակարգ կիրառելու վերաբերյալ վարչական դատարանի որոշումը կայացնելուց հետո, բայց ոչ ուշ, քան մինչեւ գործն ըստ էության լուծող դատական ակտ հրապարակելը, վարչական դատարանը որոշում է կայացնում գործն ընդհանուր կանոններով քննելու մասին եւ, անհրաժեշտության դեպքում, սույն օրենսգրքի 89-րդ հոդվածով սահմանված կարգով հրավիրում է նախնական դատական նիստ:

Հոդված 118.4. Գրավոր ընթացակարգով քննվող գործով գործն ըստ էության լուծող դատական ակտը եւ դրա բողոքարկումը

1. Գրավոր ընթացակարգով գործի քննության արդյունքում կայացված վճիռը, ինչպես նաեւ գործի վարույթը կարճելու մասին որոշումն օրինական ուժի մեջ են մտնում այն հրապարակելու օրվանից տասնհինգ օր հետո, եթե դրա դեմ վերաքննիչ բողոք չի բերվում:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դատական ակտերը հրապարակվում են դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով:

Հոդված 3. Օրենսգրքի 126-րդ հոդվածի երկրորդ 5-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«6. Վարչական դատարանի վճիռը կայացրած դատավորը կնքում է վճռի յուրաքանչյուր էջըեւ ստորագրում է վճռի եզրափակիչ մասը:»:

Հոդված 4. Օրենսգիրքը լրացնել նոր 142.1-րդ հոդվածով.

«142.1. Վերաքննիչ բողոքի քննությունը գրավոր ընթացակարգով

1. Սույն օրենսգրքի 18-րդ գլխով նախատեսված կարգով կայացված դատական ակտերի վերանայման դեպքում Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքի քննության ցանկացած փուլում կարող է որոշում կայացել վերաքննիչ բողոքը գրավոր ընթացակարգով քննելու մասին:

2. Վերաքննիչ բողոքի քննությունը գրավոր ընթացակարգով իրականացվում է առանց դատական նիստ հրավիրելու:

3. Վերաքննիչ բողոքը գրավոր ընթացակարգով քննելու վերաբերյալ որոշում կայացվելու դեպքում դատավարության մասնակիցները տեղեկացվում են միայն բողոքի քննության արդյունքով կայացվելիք դատական ակտի հրապարակման օրվա մասին:

4. Գրավոր ընթացակարգով վերաքննիչ բողոքի քննության ընթացքում զեկուցող դատավորը կազմում է վերաքննիչ դատարանի որոշման նախագիծը, որը գործի նյութերի հետ տրամադրվում է վերաքննիչ դատարանի կազմի մյուս դատավորներին:

5. Դատական կազմում ընդգրկված դատավորները կարող են որոշման նախագծի վերաբերյալ ներկայացնել դիտողություններ եւ առաջարկություններ, որոնց հիման վրա զեկուցող դատավորը լրամշակում է որոշման նախագիծը:

6. Վերաքննիչ դատարանի որոշման նախագծի վերաբերյալ դատական կազմում ընդգրկված դատավորների կողմից դիտողություններ եւ առաջարկություններ չներկայացվելու կամ դրանց հիման վրա նախագիծը լրամշակելուց հետո կամ ներկայացված դիտողությունները եւ առաջարկությունները չընդունելու դեպքում զեկուցողն այն ներկայացնում է քվեարկության:

7. Եթե քվեարկության արդյունքով զեկուցողի ներկայացրած նախագիծը չի ընդունվում, ապա տվյալ գործով որոշման նոր նախագիծը կազմում է դեմ քվեարկած դատավորների կազմից եւ նրանց կողմից որոշված դատավորը:»:

Հոդված 5. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը վարչական եւ Վարչական վերաքննիչ դատարանի վարույթում գտնվող գործերի նկատմամբ սույն օրենքով նախատեսված գրավոր ընթացակարգի կանոնները չեն կիրառվում:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Լրամշակված հիմնավորում

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում  փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն