Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-639-27.06.2005-ՍԱ,ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀՀ ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի կարգավորման ոլորտը

Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի եւ Ազգային ժողովի նախկին պատգամավորների, պատգամավորական լիազորությունների իրականացման ժամանակամիջոցում աշխատունակության լրիվ կամ մասնակի կորստյան, իսկ կերակրողին կորցնելու դեպքում՝ նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակային ապահովության հետ կապված հարաբերությունները:

Հոդված 2. Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի եւ Ազգային ժողովի նախկին պատգամավորների կենսաթոշակային ապահովության մասին օրենսդրությունը

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի եւ Ազգային ժողովի նախկին պատգամավորների կենսաթոշակային ապահովության մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, Աշխատանքային օրենսգրքից, «ՀՀ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրուքաչափերի մասին» ՀՀ օրենքից, «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքից եւ այլ իրավական ակտերից:

Հոդված 3. Օրենքի գործողությունը

Սույն օրենքի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի առաջին եւ հետագա գումարումների նախկին պատգամավորների, պատգամավորական լիազորությունների իրականացման ժամանակամիջոցում աշխատունակությունը լրիվ կամ մասնակի կորցրած, իսկ կերակրողին կորցնելու դեպքում՝ նրանց ընտանիքների անդամների վրա:

ԳԼՈՒԽ 2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԵՎ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

Հոդված 4. Կենսաթոշակի տեսակները

Սույն Օրենքով սահմանվում են կենսաթոշակի հետեւյալ տեսակները`

ա) ծառայողական,

բ) հաշմանդամության,

գ) կերակրողին կորցնելու դեպքում:

Հոդված 5. Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի եւ Ազգային ժողովի նախկին պատգամավորի ծառայողական կենսաթոշակը

Ծառայողական կենսաթոշակը պետական կենսաթոշակ է, կազմում է պատգամավորի պաշտոնային դրույքաչափի 75 տոկոսը, որը սույն օրենքին համապատասխան նշանակվում է Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի եւ Ազգային Ժողովի նախկին պատգամավորին:

Հոդված 6. Ծառայողական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող անձինք

Սույն օրենքով սահմանված կարգով կենսաթոշակային ապահովության ենթակա են Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները.

ա) ովքեր հանդիսացել են Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի կամ Ազգային ժողովի թեկուզեւ մեկ գումարման պատգամավոր,

բ) ովքեր առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ են դարձել Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի կամ Ազգային ժողովի պատգամավորության ժամանակամիջոցում,

գ) պատգամավորական լիազորությոնների իրականացման ժամանակամիջոցում զոհված (մահացած) պատգամավորի ընտանիքի անչափահաս եւ (կամ) անգործունակ ճանաչված անդամները:

Պատգամավորական լիազորությունների իրականացման ժամանակամիջոցում ծառայողական կենսաթոշակ չի վճարվում:

Հոդված 7. Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի կամ Ազգային ժողովի նախկին պատգամավորին կենսաթոշակ նշանակելու պայմանները եւ կենսաթոշակի չափերը

1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմնաված կենսաթոշակային տարիքի հասած Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի կամ Ազգային Ժողովի նախկին պատգամավորին ծառայողական կենսաթոշակ նշանակվում է, եթե նրա լիազորություններն այդ ընթացքում վաղաժամկետ չեն դադարեցվել եւ եթե տղամարդիկ ունեն 25, իսկ կանայք՝ 20 տարվա աշխատանքային ստաժ:

2. Աշխատանքային ստաժը հաշվարկվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

3. Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի կամ Ազգային ժողովի նախկին պատգամավորի ծառայողական կենսաթոշակի նկատմամբ սահմանվում է ամենամյա հավելավճար՝ կենսաթոշակի նշանակման պահին պատգամավորների ստացած պաշտոնային դրույքաչափի 75 տոկոսի եւ պետական կենսաթոշակի տարբերության չափով, որը վճարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին:

4. Պատգամավորի պաշտոնային դրույքաչափի բարձրացման դեպքում սույն օրենքով սահմանված կենսաթոշակների չափերը ենթակա են վերահաշվարկման ՀՀ կառավարության սահմանված կարգով:

Հոդված 8. Հաշմանդամության կենսաթոշակ նշանակելու պայմանները եւ կենսաթոշակի չափերը

1. Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի կամ Ազգային ժողովի նախկին պատգամավորին հաշմանդամության կենսաթոշակ նշանակվում է պատգամավորական լիազորությունների իրականացման ժամանակամիջոցում նրա աշխատունակության լրիվ կամ մասնակի կորստյան դեպքում:

Սույն օրենքի իմաստով աշխատունակության լրիվ կամ մասնակի կորուստ է համարվում առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամությունը:

2. Հաշմանդամությունը վրա հասնելու ժամանակը եւ հաշմանդամության խումբը որոշվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

3. Հաշմանդամության կենսաթոշակի հաշվարկումն իրականացվում է՝ ելնելով պատգամավորի պաշտոնային դրույքաչափից հետեւյալ կարգով՝

ա) առաջին խմբի հաշմանդամ պատգամավորին՝ նրա պաշտոնային դրույքաչափի 70 տոկոսի չափով,

բ) երկրորդ խմբի հաշմանդամ պատգամավորին՝ նրա պաշտոնային դրույքաչափի 50 տոկոսի չափով:

Հոդված 9. Կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ նշանակելու պայմանները եւ կենսաթոշակի չափերը

Կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ նշանակվում է զոհված (մահացած) պատգամավորի ընտանիքի անչափահաս եւ (կամ) անգործունակ ճանաչված անդամներին՝ կենսաթոշակի նշանակման պահին պատգամավորի պաշտոնային դրույքաչափի 50 տոկոսի չափով:

Հոդված 10. Անցումային դրույթներ

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2006թ. հունվարի 1-ից:

Սույն օրենքի գործողությունն սկսվում է օրենքն ուժի մեջ մտնելու պահից:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Արտասահմանյան (Ֆրանսիա, Ավստրիա Բուլղարիա, էստոնիա եւ այլն), ինչպես նաեւ ԱՊՀ անդամ բոլոր պետությունների օրենսդրության ուսումնասիրությունը վկայում է, որ ամենուր գործում են Ազգային ժողովի նախկին պատգամավորների ընդհանուր սոցիալական ապահովությանը նվիրված օրենքներ, որոնց համաձայն նախկին պատգամավորներին կենսաթոշակային տարիքի հասնելու, պատգամավորական լիազորությունների իրականացման ընթացքում հաշմանդամ դառնալու, իսկ կերակրողին կորցնելու դեպքում՝ նրանց ընտանիքի անչափահաս կամ անգործունակ անդամներին համապատասխանաբար նշանակվում են ծառայողական, հաշմանդամության կամ կերակրողին կորցնելու կապակցությամբ հավելավճար՝ պետական կենսաթոշակի եւ պատգամավորների ստացած պաշտոնային դրույքաչափի 100-75 տոկոսի չափով:

Բացի նշվածից, հիշյալ օրենքներով ներկա եւ նախկին պատգամավորերին ու նրանց ընտանիքի անդամներին տրվում են նաեւ մի շարք այլ արտոնություններ:

Նկատի ունենալով, որ ՀՀ-ում նման օրենքներ ընդունված չեն, ինչպես նաեւ այն, որ Հանրապետության այսօրվա տնտեսական վիճակը հնարավորություն չի ընձեռում պատգամավորների համար սահմանել նաեւ այլ արտոնություններ, նախ՝ սույն օրենքում կարգավորվում է միայն կենսաթոշակային ապահովության հարցը, երկրորդ՝ դատավորների կենսաթոշակային ապահովության մասին օրենքի սկզբունքի ընդօրինակմամբ, որպես կենսաթոշակային ապահովման առավելագույն չափ վերցված է պետական կենսաթոշակի եւ պատգամավորների պաշտոնային դրույքաչափի 75, իսկ կերակրողին կորցնելու դեպքում՝ 50 տոկոսի տարբերությունը, երրորդ՝ կենսաթոշակային ապահովման ենթակա են համարվում միմիայն ՀՀ քաղաքացի հանդիսացող պատգամավորները կամ նրանց ընտանիքների անդամները: Բացի այդ, նախատեսվում է սույն օրենքի գործողությունն սկսել օրենքն ուժի մեջ մտնելու պահից, այսինքն՝ վճարումներն սկսել 2006թ. հունվարի 1-ից: Գործող պատգամավորներին, ինչպես նաեւ լիազորությունները դադարելուց հետո մահացած (զոհված) պատգամավորների ընտանիքներին ծառայողական կամ կերակրողին կորցնելու կապակցությամբ կենսաթոշակների վճարում չի նախատեսվում:

Կոնկրետ հաշվարկներով (կցվում են ցուցակները) սույն օրենքի համաձայն կենսաթոշակներ են վճարվելու կենսաթոշակային տարիքի հասած կամ պատգամավորական լիազորությունների կատարման ընթացքում մահացած (զոհված) 88 պատգամավորների կամ նրանց ընտանիքի անդամների, որը նախնական հաշվարկներով տարեկան կազմում է շուրջ 145-150 միլիոն դրամ: