Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-881-26.02.2021-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.   Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 126-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝

1) «ա.» ենթակետում «հացահատիկաոլոռային» բառը փոխարինել «հատիկաընդեղենային» բառով,

2) «ժ.» ենթակետում «անասնաբուծության» բառը փոխարինել «տավարաբուծության» բառով,

3) «ժդ.» ենթակետում «ձիաբուծության» բառից հետո լրացնել «գոմեշաբուծության» բառը,

4) «ժե.» ենթակետում «եղջերվաբուծության» բառից հետո լրացնել «ջայլամաբուծության» բառը:

Հոդված  2.   Օրենսգրքի 109-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի  «բ.» ենթակետում «նպատակային դրամական միջոցների,» բառերից հետո լրացնել «ինչպես նաեւ օտարերկրյա պետությունների, միջազգային, միջպետական (միջկառավարական) կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող ծրագրերի շրջանակներում «Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» ՀՀ օրենքի համաձայն ստեղծված գյուղատնտեսական կոոպերատիվի կողմից ստացած նպատակային դրամական միջոցների,» բառերը:

Հոդված  3. Օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ կետ.

«3) գյուղատնտեսական արտադրանք արտադրող է համարվում նաեւ «Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» եւ «Սպառողական կոոպերացիայի մասին» ՀՀ օրենքների համաձայն ստեղծված գյուղատնտեսական կոոպերատիվը կամ սպառողական կոոպերատիվը՝ իր անդամների (մասնակիցների) կողմից արտադրված գյուղատնտեսական արտադրանքի իրացումից ստացվող եկամտի մասով:»:

Հոդված  4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից եւ կիրառվում է 2021 թվականի հունվարի 1-ից ծագած (ծագող) հարաբերությունների նկատմամբ:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ
 


 


1.  Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).

Նախագծի նպատակը գյուղատնտեսական եւ սպառողական կոոպերատիվների գործունեության հարկային միջավայրի շարունակական բարելավումն է:

2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները.

Ներկայումս ՀՀ հարկային օրենսգրքով (այսուհետ՝ Օրենսգիրք)՝

1)  սահմանված է, որ հարկման նպատակով գյուղատնտեսական արտադրանք արտադրող են համարվում եւ, հետեւաբար, շահութահարկից ազատվում են միայն գյուղատնտեսական արտադրանքի անմիջական արտադրողները: Նման կարգավորման պայմաններում իրենց անդամների կողմից արտադրված գյուղատնտեսական ապրանքն իրացնելու դեպքում գյուղատնտեսական կոոպերատիվները կամ սպառողական կոոպերատիվները չեն համարվում գյուղատնտեսական ապրանք արտադրողներ եւ չեն օգտվում շահութահարկից ազատման արտոնությունից,

2)  սահմանված կարգավորումների համաձայն՝ օտարերկրյա պետությունների, միջազգային, միջպետական (միջկառավարական) կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող ծրագրերի շրջանակներում գյուղատնտեսական կոոպերատիվներին անհատույց տրամադրված նպատակային դրամական միջոցները կոոպերատիվների մոտ շահութահարկով հարկման նպատակով եկամուտ են համարվում այդ դրամական միջոցների ստացման հաշվետու տարվա ընթացքում: Նշյալ կարգավորման արդյունքում ստացված նպատակային միջոցները հաճախ դառնում են շահութահարկով հարկման ենթակա գումարներ, ինչի արդյունքում նվազում է այդ գումարների արդյունավետ եւ նպատակային օգտագործման (ծախսման) հնարավորությունը:

3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.

Նախագծով առաջարկվում է՝

1) սահմանել, որ շահութահարկով հարկման նպատակով գյուղատնտեսական արտադրանք արտադրող են համարվում եւ մինչեւ 2024 թվականի դեկտեմբերի 31-ը շահութահարկից ազատվում են նաեւ գյուղատնտեսական կոոպերատիվները եւ սպառողական կոոպերատիվները՝ իրենց անդամների (մասնակիցների) կողմից արտադրված գյուղատնտեսական արտադրանքի իրացումից ստացվող եկամտի մասով,

2) բացառել օտարերկրյա պետությունների, միջազգային, միջպետական (միջկառավարական) կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող ծրագրերի շրջանակներում գյուղատնտեսական կոոպերատիվի կողմից ստացած նպատակային դրամական միջոցները շահութահարկով ծանրաբեռելու հնարավորությունը՝ սահմանելով, որ այդ դրամական միջոցները շահութահարկով հարկման նպատակով եկամուտ են համարվում այն հարկային տարում, երբ այդ դրամական միջոցները կամ այդ դրամական միջոցներով ձեռք բերված, կառուցված, ստեղծված կամ մշակված ակտիվները ճանաչվում են որպես ծախս,

3)  որոշակիորեն վերանայել ՀՀ հարկային օրենսգրքի 126-րդ հոդվածով սահմանված գյուղատնտեսական ապրանքների ցանկը՝ դրանում ներառելով մի քանի նոր ապրանքատեսակներ:

4. Կարգավորման առարկան.

Նախագծի կարգավորման առարկան գյուղատնտեսական կոոպերատիվների կամ սպառողական կոոպերատիվների շահութահարկով հարկման որոշ կարգավորումներն են:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:

6. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է էականորեն բարելավել գյուղատնտեսական եւ սպառողական կոոպերատիվների գործունեության հարկային միջավայրը՝ նախադրյալներ ապահովելով վերջիններիս ստեղծման եւ զարգացման համար:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունմամբ կարող են նվազել պետական բյուջեի ընթացիկ եկամուտները, իսկ ծախսերի ավելացում չի ակնկալվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի նամակ